Գլխավոր տեղեկություն
Համար
N 380-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.05.2010-11.09.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հոդ.315
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.08.2005
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105342


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

9 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

 N 380-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)

Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի՝

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(հրամանը փոփ. 19.04.10 N 170-Ն)

 

Նախարար`

Հ. Հովեյան

 

 

Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2005 թ. օգոստոսի 9-ի
N 380-Ն հրամանի

(գլխագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի (այսուհետ՝ տնօրեն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) անցկացման կարգը և պայմանները:

(1-ին կետը փոփ. 19.04.10 N 170-Ն)

 2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի այն գործունակ, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին:

4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

գ) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

դ) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

ե) օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

զ) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

5. Տնօրենի ընտրության

1) պարտադիր պայմաններն են՝

ա) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.

բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտեր).

դ) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

2) լրացուցիչ պայմաններն են՝

ա) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

բ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

գ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

դ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

ե) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների՝ սույն կարգով նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից կարող է հաշվի առնել նաև այս կամ այն լրացուցիչ չափանիշը կամ նրանցից մի քանիսը միաժամանակ:

(5-րդ կետը փոփ. 19.04.10 N 170-Ն)

6. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ):

Սույն կարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն նախարարության աշխատակազմի ղեկավարն է:

(6-րդ կետը փոփ. 19.04.10 N 170-Ն)

7. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է նախարարության կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով):

8. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

9. Տնօրենի պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է նախարարությունը:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 10. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության միջոցներով:

11. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին նախարարության հայտարարության տեքստում պարտադիր է նշել՝

ա) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ.

բ) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ մրցույթի մասին հրապարակումից առնվազն 15 օր հետո.

գ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

դ) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

ե) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները).

զ) աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

3. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

12. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի աշխատակազմին ներկայացնում են՝

ա) դիմում,

բ) մեկ լուսանկար 3X4 չափի,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

զ) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),

է) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,

ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

թ) բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

ժ) տեղեկանք, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,

ժա) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ժբ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,

ժգ) տվյալ պետական կազմակերպության բարեփոխման ու զարգացման՝ իր կողմից մշակած հայեցակարգը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Աշխատակազմը սույն կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:

Սույն կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

13. Քաղաքացին իր հայեցողությամբ կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել հանձնաժողովին, որը այդ մասին կազմում է համապատասխան արձանագրություն:

14. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և նախարարության կողմից կնքված մատյան:

15. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ հրաժարվել մրցույթին մասնակցելուց՝ հետ ստանալով փաստաթղթերը:

16. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում նախարարին:

Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն կարգի 15-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է հանձնաժողովին:

17. Հանձնաժողովի նախագահը նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից ստանում է հանձնաժողովի կնիքը և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում՝ կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ վերևի ձախ մասում:

18. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում, քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե առկա է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում՝ հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն:

Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:

Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում՝ մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը հանձնաժողովն անմիջապես ուղարկում է նախարարին:

19. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

20. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, աշխատակազմի կողմից նախօրոք կազմված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ՝ բաղկացած 50 հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխան է:

Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում.

ա) «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 30%,

բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 30%,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «ՀՀ մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշում - 20%,

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք - 10%,

ե) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - 5%,

զ) տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր - 5%:

(20-րդ կետը փոփ. 19.04.10 N 170-Ն)


 4. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

21. Թեստավորումն անցկացվում է գրավոր կամ հնարավորության դեպքում՝ համակարգչով:

22. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում: 

23. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ:

Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

24. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

25. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն կարգի 17-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ՝ երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից՝ գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

26. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

27. Թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ է:

28. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

 29. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով մեկ (իր կարծիքով ճիշտ) պատասխանը:

Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

30. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

31. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Հակառակ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

32. Աշխատանքն ավարտելուց հետո, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնելով իր ազգանունը, անունը, հայրանունը՝ վերցնում է ամփոփաթերթը և դուրս գալիս սենյակից:

33. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե:

34. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար։

35. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում կատարում է պատասխանների ամփոփաթերթերի վրա:

 

5. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

36. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների և հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

37. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 20-րդ կետով նախատեսված՝ թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

38. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները։

39. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է հանձնաժողովի կնիքով:

40. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում՝ ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև՝ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքը:

41. Ստուգման աշխատանքներն ավարտվելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:

Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է տոկոսը, ինչը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

42. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանուն, անուն, հայրանունը: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում է կտրոնի համարը և արձանագրվում, որից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

43. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

44. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ սույն կարգի 43-րդ կետում նշված հրապարակումից հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

45. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

46. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

47. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

48. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն կարգի 44-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է նախարարին:

 

6. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

49. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:

50. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի փուլը մասնակցի հետ անց է կացվում նրա ներկայացրած հայեցակարգի, տվյալ կազմակերպության կանոնադրության սահմաններում՝ նպատակ ունենալով պարզել մասնակցի՝ հիմնադրույթներ մշակելու և կազմակերպություն ղեկավարելու գործնական կարողությունները:

51. Մասնակցին տրված հարցերը ճիշտ կամ սխալ գնահատվում են հանձնաժողովի հարց տվող անդամի կողմից:

Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխան։

52. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը արձանագրվում և ձայնագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, հանձնաժողովի համապատասխան (նշելով անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում՝ հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

53. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

54. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկը և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինեը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

55. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ուղարկում է նախարարին:

 

7. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

56. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը՝ անմիջապես:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են.

ա) տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթ.

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

գ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանուն, անուն, հայրանունը:

58. Սույն կարգի 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 2-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:

59. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետև՝ բողոք) քննության է առնում նախարարությունը:

Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն կարգի 67-րդ կետի «թ-ժդ, ժը, ժթ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է նախարարին:

Աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը, հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը նախարարությունը քննության է առնում նախարարության աշխատակազմում այն մուտքագրվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս քննարկմանը չեն մասնակցում նախարարության այն աշխատակիցները, ովքեր տվյալ մրցույթին մասնակցել են որպես հանձնաժողովի անդամներ:

Բողոքը քննության առնելիս նախարարությունը ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

գ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

8. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ 

 

 60. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 59-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում՝ համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը աշխատակազմը ներկայացնում է նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

61. Սույն կարգի 59-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում՝ սույն կարգի 60-րդ կետով նախատեսված կարգով եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև 59-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները):

62. Եզրակացության մեջ պետք է նշվեն՝

ա) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթ.

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը.

գ) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները.

դ) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

ե) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

63. Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

64. Եզրակացությանը կից եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում՝ ներկայացվում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

65. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո, ինչպես նաև սույն կարգի 18-րդ կետի 3-րդ, 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 2-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում:

66. Աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահը աշխատակազմին անմիջապես հանձնում է հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

67. Հանձնաժողովը հանձնման ակտով մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է հանձնաժողովի կնիքը, մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 12-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված (և) կամ ընդունված, հետևյալ փաստաթղթերը՝

ա) հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

բ) փաստաթղթերի քննարկման և դիմորդների և հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

գ) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու (և) կամ չթույլատրելու մասին որոշումը.

դ) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

ե) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

զ) հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

է) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

ը) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

թ) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

ժ) քվեարկության արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

ժա) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

ժբ) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

ժգ) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

ժդ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

ժե) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

ժզ) թեստավորման առաջադրանքների տետրերը.

ժէ) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

ժը) քվեաթերթիկները.

ժթ) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.

ի) այլ փաստաթղթեր:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կետի 1-ին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Սույն կարգի 16-րդ կետի 1-ին, 18-րդ կետի 3-րդ, 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 2-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում՝ մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն կրկնակի մրցույթ անցկացնելու մասին: Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

Եթե կրկնակի մրցույթը սույն կարգի համաձայն համարվում է չկայացած, կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ:Նոր մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

Մրցույթը հայտարարելուց հետո սույն կարգի 11-րդ կետի «բ» ենթակետով՝ նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել՝ այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ՝ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն:

(Հավելվածը փոփ. 19.04.10 N 170-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2013, N 137-Ն 19.04.2013, N 380-Ն
09.08.2010, N 484-Ն 11.09.2010, N 380-Ն
19.04.2010, N 170-Ն 27.05.2010, N 380-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան