Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2009-05.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.07.15/18(136) Հոդ.248
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.05.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.05.2020

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10207233

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 97-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածի բ) կետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝

1) Ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 1) կցվում է.

2) Հայրության որոշման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 2) կցվում է.

3) Ամուսնության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 3) կցվում է.

4) Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 4) կցվում է.

5) Որդեգրման (Դստերագրման) գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 5) կցվում է.

6) Մահվան գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 6) կցվում է.

7) Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ հրահանգչական ցուցումներ՝ համաձայն հավելված 7-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կանոնակարգելու մասին» թիվ 1270 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

Դ. Հարությունյան

 

Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2007 թվականի մայիսի 14-ի
N 97-Ն հրամանի

ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

1. Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմինը (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին):

Ծննդի ակտի գրանցման մեջ, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (վարչատարածքային միավորի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը), իսկ երեխայի բնակության վայրը՝ ծնողների (ծնողներից մեկի) մշտական բնակության վայրը:

Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ապա ծննդի պետական գրանցումն իրականացնում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ մարմինը: Այդ դեպքում, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը:

(Պարբերությունն ուժը կորցրել է 02.12.09 N 300-Ն)

Կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի մահվան պետական գրանցումն իրականացնում է երեխայի մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը, իսկ Երևան քաղաքում՝ ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինը։

(1-ին կետը փոփ. 02.12.09 N 300-Ն)

2. Երեխայի ծննդյան պետական գրանցման հիմքերն են՝

ա) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը.

բ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ.

գ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի (այսուհետ՝ բժիշկ) կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում.

դ) ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում և երեխայի կենդանության և առողջության մասին բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը.

ե) գտնված (ընկեցիկ) երեխային հայտնաբերելու մասին փաստաթուղթ՝ տրված ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը, հանգամանքները և երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ` տրված բժշկական կազմակերպության կողմից.

զ) բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ մահացած ծնված երեխայի պետական գրանցման դեպքում.

է) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված սահմանված ձևի փաստաթուղթը՝ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի և մահվան պետական գրանցման դեպքում.

ը) նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր, երեխային ծննդաբերած կնոջ համաձայնություն՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից՝ արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում և սաղմի ներպատվաստում կամ պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով ծնունդ գրանցելու դեպքերում։

3. Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնում տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո մեկ տարվա ընթացքում։ Մինչև 18 տարեկան երեխաների ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա։

Այն դեպքում, երբ ծննդի գրանցման մասին դիմումը ստացվել է երեխայի ծննդյան օրվանից մեկ տարի անց, բայց մինչև նրա 18 տարին լրանալը, ապա ծննդի գրանցումը կատարվում է միայն երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից` ծննդի վերականգնված գրանցումների մատյանում` ընդհանուր կարգով` որպես սկզբնական գրանցում, սակայն հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» (կրճատ ժ/բ տառերը) բառերը: Ընդ որում, դիմողը պետք է բժշկական տեղեկանք ներկայացնի երեխայի առողջության մասին և տեղեկանք` երեխայի ծնողի (ծնողների) բնակության վայրից:

18 տարեկանից բարձր անձանց ծննդի գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է քաղաքացու դիմումի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու կանոններով սահմանված կարգով:

Գտնված (ընկեցիկ), մահացած ծնված կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման կարգն ու պայմանները և ժամկետները սահմանված են «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներում։

Մահացած ծնված երեխայի մասին ՔԿԱԳ մարմին հայտարարությամբ կարող են դիմել նաև ծնողները, նրանցից մեկը կամ այլ անձինք և ՔԿԱԳ մարմինն իրավունք չունի մերժելու գրանցումը, եթե վերջիններս ներկայացնում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր։

Երեխայի, այդ թվում նաև մահացած ծնված և կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, ծննդյան գրանցման համար սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ երեխայի ծննդի գրանցումը մերժելու համար։

(3-րդ կետը լրաց. 02.12.09 N 300-Ն)

4. Ծննդյան ակտի գրանցման մեջ երեխայի անունը գրանցվում է ծնողների համաձայնությամբ, հայրանունը՝ հոր անվամբ։ Երեխայի ազգանունը գրանցվում է նրա ծնողների ազգանվամբ, իսկ եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխայի ազգանունը գրանցվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ։

Երեխայի ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծննդյան ակտի գրանցման մեջ երեխայի անունը և (կամ) ազգանունը (ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում) գրառվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա։

Երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա։ Երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ լրացվում են ծննդյան պետական գրանցման հիմք համարվող փաստաթղթերից մեկի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա։ Նույն կարգով գրանցվում են ծնողների մասին տեղեկությունները, եթե նրանք ամուսնալուծված են, ամուսնությունը դատարանի կողմից անվավեր է ճանաչվել կամ ամուսինը մահացել է և եթե ամուսնալուծության, ամուսնությունն անվավեր ճանաչելու կամ ամուսնու մահից մինչև երեխայի ծննդյան օրը անցել է 300 օրից ոչ ավելի ժամանակ։ Այդ դեպքում ՔԿԱԳ մարմին է ներկայացվում նաև հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության պետական գրանցումը կամ ամուսնությունը դադարելու ժամանակը հաստատող փաստաթղթեր։

Ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է ամուսնալուծության կամ մահվան գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, տեղը և ակտի գրանցման համարը կամ դատարանի անվանումն ու ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը:

Այն դեպքում, եթե ծնողների ամուսնությունը գրանցված է ծնունդը գրանցող ՔԿԱԳ մարմնում, ապա վերջինս կարող է չպահանջել ամուսնության վկայականը և երեխայի ծնունդը գրանցել ամուսնության ակտային գրանցման հիման վրա։

Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝

ա) հայրության որոշման հիման վրա, եթե հայրությունը որոշվում և գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ.

բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ։ Երեխայի հոր ազգանունը գրանցվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով։ Մոր ցանկությամբ երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները։

Ամուսնության մեջ գտնվող անձինք, որոնք նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր ունեն արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում և սաղմի ներպատվաստում կամ պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով երեխա ունենալու մասին ծննդի պետական գրանցման գրքում գրանցվում են որպես այդ մեթոդների կիրառմամբ ծնված երեխայի ծնողներ։ Այս դեպքում ծննդյան ակտի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում համապատասխան նշում է կատարվում համապատասխան նոտարական գրասենյակի անվան և պայմանագրի ժամանակի վերաբերյալ։

Գտնված (ընկեցիկ) երեխայի անվան, հայրանվան և ազգանվան մասին տեղեկությունները նրա ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են սույն ցուցումների 3-րդ կետի չորրորդ պարբերությամբ նշված մարմնի կամ կազմակերպության ցուցումով: Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում:

Ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարվում է գրանցում՝ «Երեխան գտնված է»։

Մահացած ծնված երեխայի ազգանունն ու հայրանունը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի անունը, ազգանունը և հայրանունը ծննդյան ակտի գրանցման մեջ նշվում է ծնողների (ծնողներից մեկի), բժշկական կազմակերպության գրավոր հայտարարության հիման վրա։ Բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում՝ այն բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բժշկի գրավոր հայտարարության հիման վրա, որը հաստատել է մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան փաստը։

Մահացած ծնված և կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ մոր վերաբերյալ տեղեկությունները լրացվում են բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա։ Ծնողների ամուսնությունը կամ հոր վերաբերյալ տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հայրանուն և հոր վերաբերյալ տեղեկություններ չեն լրացվում։ Ծննդյան ակտային գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշում է կատարվում այն մասին, որ երեխան մահացել է։

5. Ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդյան փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Այս դեպքում երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակն ու վայրը ծննդյան ակտային գրանցման մեջ լրացվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա։ Եթե ծնողների վերաբերյալ տեղեկությունները դատարանի վճռում նշված չեն, ապա այդ տեղեկությունները ծննդյան ակտային գրանցման մեջ չեն լրացվում։

6. Եթե երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքում նշված է մոր մինչամուսնական ազգանունը, իսկ անձնագրում (անձնագիրը փոխարինող փաստաթղթում)` ծննդի գրանցման պահին մոր կողմից ամուսնությունը գրանցելիս ստացած ազգանունը, ապա դիմողի կողմից պետք է պարտադիր կարգով ներկայացվի ամուսնության վկայականը, որը կհաստատի, որ տվյալ բժշկական տեղեկանքը տրված է այն կնոջը, որի անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը) ներկայացվել է ՔԿԱԳ մարմին:

Եթե ամուսնությունը գրանցելիս կնոջը տրվել է ամուսնու ազգանունը, սակայն նա անձնագիրը նոր ազգանունով չի փոխել և երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքում նույնպես մոր մինչամուսնական ազգանունն է նշված, ապա դիմողի կողմից պարտադիր կարգով պետք է ներկայացվի ամուսնության վկայականը: ՔԿԱԳ տվյալ մարմնում ծնողների ամուսնության գրանցման առկայության դեպքում ամուսնության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ծննդի գրանցման մեջ մոր ազգանունը նշվում է ըստ ամուսնության վկայականի (ամուսնության գրանցման), ընդ որում, ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություն» սյունակում կատարվում է հետևյալ գրանցումը՝ «Ներկայացված բժշկական տեղեկանքում նշված է մոր մինչամուսնական ազգանունը» կամ «Ներկայացված բժշկական տեղեկանքում և մոր անձնագրում նշված է նրա մինչամուսնական ազգանունը» և նշվում է մոր մինչամուսնական ազգանունը:

7. Եթե երեխան ծնվել է ոչ բժշկական հիմնարկում և ծննդաբերության ժամանակ առանց բժշկական օգնություն ցույց տալու, ծնունդը կարող է գրանցվել վկաների (վկայի) ցուցմունքների և երեխայի առողջության և կենդանության մասին բժշկական տեղեկանքի առկայության դեպքում: Այդպիսի դեպքերում ծննդյան փաստը հաստատվում է մեկ կամ երկու վկայի ստորագրությամբ` ծննդի գրանցման «Երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթեր» սյունակում նշելով վկայի ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը: Այդ տվյալները նշվում են վկայի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Վկայի ներկայանալն անհնարին լինելու դեպքում, տվյալ մորից երեխայի ծննդյան փաստի գրավոր հաստատման վերաբերյալ վկայի ստորագրության իսկությունը պետք է վավերացվի նոտարական կարգով, օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (երկարատև գործուղում և այլն) ստորագրությունը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության կողմից, զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից։

8. Եթե երեխան ծնվել է օդանավում մոր գտնվելու ժամանակ, ինչպես նաև գնացքում, ապա կապիտանը (գնացքի պետը) երկու վկայի ու բժշկի կամ բուժակի մասնակցությամբ (եթե գնացքում կամ օդանավում կա բժիշկ կամ բուժակ) կարող է ակտ կազմել երեխայի ծննդի մասին: Այդ ակտը ներկայացվում է ծնունդը գրանցող ՔԿԱԳ մարմնին` ծննդի մասին բժշկական տեղեկանքի փոխարեն:

9. Բացառիկ դեպքերում, երբ ծնողներից մեկի անձը հաստատող փաստաթուղթ չի կարող ներկայացվել (հայտնի չէ նրա գտնվելու վայրը, երկարատև գործուղում և այլն), ՔԿԱԳ մարմինն իրավունք չունի մերժել ծննդի գրանցումը: Ծնողի մասին տեղեկությունները, եթե նրա անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել, գրանցվում են ամուսնության վկայականի հիման վրա կամ ՔԿԱԳ տվյալ մարմնում ծնողների ամուսնության գրանցման առկայության դեպքում` այդ ակտի գրանցման հիման վրա: Այդ դեպքերում ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է՝ «Հոր (մոր) անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել, հոր (մոր) մասին տեղեկությունները լրացված են ամուսնության վկայականի (ամուսնության գրանցման) հիման վրա»: Ծնողի (ծնողների) բնակության վայրի, ինչպես նաև կրթության մասին տվյալները գրանցվում են դիմողի բանավոր հայտարարությամբ:

Երեխայի ծնունդը «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով նախատեսված դեպքերում գրանցելու ժամանակ երեխայի մայրը հարգելի պատճառով ՔԿԱԳ մարմին չներկայանալու դեպքում կարող է դիմողի միջոցով ՔԿԱԳ մարմին ներկայացնել իր կողմից տրված ծննդյան մասին դիմում՝ վավերացված սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարգով։ Երեխայի մոր դիմումը կարող է վավերացված լինել նաև բժշկական կազմակերպության (որտեղ գտնվում է մայրը) ղեկավարի ստորագրությամբ և կնիքով։

10. Եթե երեխան ծնվել է ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու օրվանից 300 օր անցնելուց հետո, ապա նախկին ամուսինը որպես երեխայի հայր կարող է գրանցվել միայն հայրության որոշման գրանցման հիման վրա:

11. Եթե երեխայի մայրը, որը գտնվում է գրանցված ամուսնության մեջ, երեխայի ծննդի գրանցման ժամանակ հայտարարում է, որ իր ամուսինը երեխայի հայրը չէ ու խնդրում է երեխայի ծննդի գրանցման մեջ նրան հայր չնշել, ապա նրա խնդրանքը կարող է բավարարվել միայն այդ մասին մոր և նրա ամուսնու գրավոր դիմումի առկայության դեպքում:

Տրված դիմումի մասին ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշում է կատարվում՝ «Երեխայի մայրը ամուսնության մեջ է գտնվում քաղաքացի (նշվում է ամուսնու անուն, ազգանունը) հետ, որը, համաձայն ամուսինների դիմումի, չի հանդիսանում երեխայի հայրը»: Ամուսինները ստորագրում են այդ սյունակում:

Եթե երեխայի մոր հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող քաղաքացին անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին այդպիսի դիմում տալու համար, ապա երեխայի հայր չլինելու փաստը հաստատող նրա դիմումը կարող է վավերացվել սույն հրահանգչական ցուցումների 7-րդ կետով սահմանված կարգով:

12. Երեխայի ծնունդը մեկ այլ անձի հայտարարությամբ գրանցելու դեպքում ամուսնության մեջ չգտնվող մոր կողմից սահմանված կարգով տրված գրավոր հայտարարության հիման վրա գրանցվում են հոր մասին տեղեկությունները:

13. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն հասել ամուսնական տարիքի, ապա երեխայի ծնունդը գրանցվում է ընդհանուր կարգով: Երեխայի ծննդի գրանցման վերաբերյալ անչափահաս ծնողների հոր կամ մոր (խնամակալների) համաձայնությունը չի պահանջվում:

14. Երեխային հայրանուն է շնորհվում հոր անունով կամ այն անձի անունով, որը գրանցված է որպես հայր:

15. Երկվորյակներ և ավելի երեխաներ ծնվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրի համար պետք է ներկայացվի ծննդի մասին բժշկական տեղեկանք, որի հիման վրա կատարվում են ծննդի առանձին գրանցումներ և տրվում են առանձին ծննդյան վկայականներ:

16. Այն դեպքերում, երբ երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի մայրը մահացել է կամ երեխային հանձնել է պետության լրիվ խնամքին և դաստիարակությանը, հրաժարվել է երեխային վերցնել ծննդատնից կամ անհայտ է նրա բնակության վայրը, իսկ հայրությունը չի որոշվել, երեխայի ծննդի գրանցումը կատարվում է բժշկական հիմնարկի վարչակազմի (որտեղ երեխայի ծննդյան ժամանակ գտնվել է մայրը) դիմումի հիման վրա կամ մանկական հիմնարկի վարչակազմի կամ այն անձի հայտարարության հիման վրա, որի խնամքի տակ գտնվում է երեխան: Մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքին համապատասխան։ Հոր վերաբերյալ տեղեկություններ չեն նշվում։

Երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում (երբ մոր վերաբերյալ տեղեկությունները բուժհիմնարկում տրվել են մոր կողմից՝ բանավոր հայտարարության հիման վրա), այդ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու համար բուժհիմնարկի վարչակազմը պետք է դիմի ոստիկանության համապատասխան բաժին։ Երբ ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում մոր վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնաբերվում և չեն հաստատվում, ապա երեխայի ծննդյան վերաբերյալ բժշկական տեղեկանքում չի նշվում երեխայի մոր անունը։ Այս դեպքում ՔԿԱԳ մարմնի կողմից երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ ծնողների վերաբերյալ տեղեկությունները չեն լրացվում։ Ոստիկանության համապատասխան բաժնի կողմից կատարված ստուգումների հիման վրա բուժհիմնարկին է տրամադրվում համապատասխան տեղեկանք՝ երեխայի մոր ինքնության վերաբերյալ (անուն, հայրանուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի համարը, ժամանակը, բնակության վայրը)։ Բուժհիմնարկը ոստիկանության բաժնից ստացված փաստաթղթի հիման վրա լրացնում է երեխայի ծննդյան վերաբերյալ բժշկական տեղեկանքը։ Մյուս դեպքերում երեխայի ծննդի ակտային գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է բուժհիմնարկի վարչակազմի (որտեղ ծնվել է երեխան) դիմումի, երեխայի ծննդյան վերաբերյալ բժշկական տեղեկանքի և ոստիկանության համապատասխան տեղեկանքի հիման վրա։ Այս դեպքում երեխայի ծննդյան ակտի գրանցման «Հոր մասին տեղեկությունների գրանցման հիմքը» բաժինը չի լրացվում։ Այդպիսի երեխայի ծննդի գրանցման մասին ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին:

17. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է՝ «Ծնողները (հայրը, մայրը) ծնողական իրավունքներից զրկված են դատարանի անվանումը, որոշման ժամանակը և համարը»:

Ծնողական իրավունքներից զրկված ծնողին երեխաների ծննդյան վկայականների կրկնօրինակներ չեն տրվում: Երկու ծնողի ծնողական իրավունքներից զրկված լինելու դեպքում երեխայի ծննդյան վկայականը կարող է տրվել երեխայի խնամակալին (հոգաբարձուին):

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ծնողական իրավունքների վերականգնման դեպքում ծննդի գրանցման մեջ նշում է կատարվում՝

«Ծնողների (հոր, մոր) ծնողական իրավունքները վերականգնվել են դատարանի անվանումը, որոշման ժամանակը և համարը»:

18. Դիմողի (դիմողների, կազմակերպության) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ։

19. Օտարերկրյա պետության քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց) երեխայի ծնունդը գրանցելիս դիմողի (դիմողների) անձը հաստատող փաստաթղթերը, օտարերկրյա պետության կողմից ծննդյան գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն սահմանված կարգով՝ հայերեն լեզվով, իսկ ծննդյան գրանցման և հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար որպես հիմք ներկայացվող փաստաթղթերը՝ նաև վավերացված օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

 

Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2007 թվականի մայիսի 14-ի
N 97-Ն հրամանի


ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Հայրության որոշման մասին երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ գրավոր դիմումը տրվում է նրանցից մեկի բնակության վայրի կամ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին), իսկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցման դեպքում՝ հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին։ Այն դեպքում, երբ համատեղ դիմում տալը դժվար է, երեխայի հոր և մոր կողմից ՔԿԱԳ մարմին կարող են տրվել առանձին դիմումներ։ Այս դեպքում դիմումի ընդունման պահը համարվում է վերջին դիմումի տրման ժամանակը։

2. Հայրության որոշման մասին երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ գրավոր դիմումի հետ միասին ՔԿԱԳ մարմին է (են) ներկայացվում դիմողի ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները։ Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումին կցվում է երեխայի ծննդյան վկայականը։ Եթե հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ, ապա մինչև հայրության ճանաչումը քաղաքացուն ծննդյան վկայական չի տրվում, իսկ ծննդյան ակտային գրանցումն այլ ՔԿԱԳ մարմնում գտնվելու դեպքում պահանջվում է ծննդյան ակտի գրանցման պատճենը։ Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (դրանում կան արդյոք այլ նշումներ՝ հայրության ճանաչման, չեղյալ հայտարարելու և այլն), որից հետո կատարվում է հայրության որոշման գրանցում։

3. Եթե ծնողներից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին՝ հայրության որոշման գրանցման համար (բնակության վայրի հեռավորության, բուժհիմնարկում մոր գտնվելու, զինվորական ծառայության, երկարատև գործուղման, օտարերկրյա պետությունում գտնվելու կապակցությամբ և այլն), ապա բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը ծնողն ուղարկում է հայրության որոշման գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին։ Այդպիսի դեպքերում, հայրության որոշման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է՝ երբ և ում կողմից է հաստատված դիմողի ստորագրությունը։

4. Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից մոր հղիության ընթացքում հայրության որոշման դիմում ստանալու դեպքերում քաղաքացիական կացության ակտի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է համատեղ (կամ առանձին) նախնական դիմումի տրման ժամանակը։ Հայրության որոշման գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից իրականացվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ, եթե մինչև երեխայի ծննդի պետական գրանցումը հոր կամ մոր կողմից հետ չի վերցվել նախկինում տրված դիմումը։ Ծնողի, ծնողներից մեկի կողմից հայրության ճանաչումից հրաժարվելու դեպքում ՔԿԱԳ մարմնում նշում է կատարվում՝ «Դիմումը կորցրել է իր ուժը», որը հաստատվում է դիմումից հրաժարված ծնողի (ծնողների) ստորագրությամբ կամ նրա (նրանց) գրավոր դիմումով։ Ծնողի (ծնողների) ՔԿԱԳ մարմին չներկայանալու դեպքում նրանց ստորագրությունը հաստատվում է սույն հրահանգչական ցուցումների 3-րդ կետով սահմանված կարգով։

Եթե երեխայի հոր կամ մոր բնակության վայրի փոխման պատճառով ծննդի և հայրության որոշման գրանցումները կատարվում են ՔԿԱԳ այլ տարածքային մարմնում, ապա այդ մարմնի հարցումով ՔԿԱԳ մարմինը, որտեղ պահվում է նախապես տրված դիմումը, այն ուղարկում է ըստ նշանակության։

5. Երեխայի ծննդյան պահին երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի համաձայն հայրության որոշման դեպքերում դիմումի հետ միասին ՔԿԱԳ մարմին ներկայացվում է՝

- դիմողի անձը հաստատող փաստաթղթերը.

- եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել՝ նրա ծննդյան վկայականը.

-  մոր մահվան կամ մորը մահացած ճանաչելու դեպքում՝ մահվան վկայականը կամ մորը մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

-  մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

-  մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության դեպքում՝ մորն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ ոստիկանության համապատասխան մարմինների կողմից տրված տեղեկանք՝ մոր վերջին հայտնի բնակության վայրից նրա բացակայության մասին.

- խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը:

Եթե խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի հայրությունը որոշելու համաձայնություն չի տալիս, ՔԿԱԳ մարմին անհրաժեշտ է ներկայացնել հայրության որոշման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։

Նշված դեպքերում, հայրության որոշման գրանցումից հետո, այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացվում է երեխայի խնամակալին (հոգաբարձուին), իսկ եթե խնամակալ (հոգաբարձու) չի նշանակված, ապա երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններին։

Հայրության որոշման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է մոր մահը, նրան անգործունակ ճանաչելը, ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը հաստատող՝ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի մասին։

6. Հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման գրանցման դեպքերում ՔԿԱԳ մարմին հայրության ճանաչման դիմումի հետ միասին ներկայացվում է՝

- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

-  լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիր՝ հաստատված օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով.

- դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

- երեխայի ծննդյան վկայականը։

Հայրության որոշման ակտային գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունները կամ տվյալները լրացվում են հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա։ Երեխայի ազգանունը գրանցվում է դիմողի (ծնողի) ցուցումով։ Այս հարցով ծնողների միջև վեճի առկայության դեպքում ազգանունը գրանցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով։

7. Հայրության որոշման գրանցումը այն անձանց նկատմամբ, ովքեր դիմում տալու օրը չափահաս են դարձել, կարող է կատարվել միայն նրանց համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։ Չափահաս անձանց նկատմամբ հայրության որոշման գրանցման դեպքերում ՔԿԱԳ մարմին հայրության ճանաչման դիմումի հետ միասին ներկայացվում է՝

- ծնողների անձը հաստատող փաստաթղթերը.

- չափահաս անձի անձը հաստատող փաստաթուղթը.

- չափահաս անձի ծննդյան վկայականը.

- չափահաս անձի համաձայնությունը, որը կարող է արտահայտված լինել այդ անձի առանձին դիմումում կամ ծնողների (հոր դիմումի) համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ։ Միաժամանակ, չափահասը գրավոր հայտնում է իր ազգանվան փոխման մասին՝ ցանկանում է կրել հոր ազգանունը, թե պահպանել մոր ազգանունը։

ՔԿԱԳ մարմին է ներկայացվում նաև ՀՀ օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ փաստաթղթեր։

 

Հայրության որոշման գրանցման վերաբերյալ ընդհանուր հարցեր

 

1. Ստանալով հայրության որոշման մասին դիմումը` ՔԿԱԳ մարմինը ստուգում է ծնողի, ծնողների (դիմողի) անձը հաստատող փաստաթուղթը (երը), դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

2. Հայրության որոշման մասին դիմումը լրացվում է հստակ և ընթեռնելի ձեռագրով, այն ստորագրվում է ՔԿԱԳ մարմնի աշխատողի ներկայությամբ, որը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերի հետ:

Հայրության որոշման մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի (ծնողների) անձը հաստատող փաստաթղթի (երի) լուսապատճենը (ները):

Յուրաքանչյուր դիմում` դրա ստացման օրը, պետք է գրանցվի ՔԿԱԳ մարմնի կողմից` հայրության ճանաչման դիմումների հաշվառման մատյանում:

3. Հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան և ազգանվան փոխումը կարող է կատարվել հաշվի առնելով նրա կարծիքը՝ գրավոր համաձայնությամբ։

4. Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, երեխայի հայրը ամուսնության մեջ է, թե ոչ: Այդ իսկ պատճառով հայրության որոշման գրանցման վերաբերյալ նրա կնոջ համաձայնությունը չի պահանջվում:

5. ՔԿԱԳ մարմինը հայրության որոշման մասին դիմում ընդունելիս, եթե երեխայի ծննդյան վկայականում որպես հայր նշված է որոշակի անձ, պարտավոր է երեխայի ծննդյան ակտի գրանցման հիման վրա ստուգել հոր մասին նախկինում նշված տեղեկությունների հիմքերը:

Եթե ծննդի ակտի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմնում, ապա նշված տեղեկությունները ճշտելու և դիմումին կցելու համար եռօրյա ժամկետում պետք է պահանջվի դրա պատճենը: Այդ դեպքում դիմումը ընդհանուր կարգով` նրա ստացման օրը գրանցվում է մատյանում, իսկ հայրության որոշման գրանցումը կատարվում է դիմողի (դիմողների) ներկայությամբ` ծննդի ակտի գրանցման պատճենը ստանալուց անմիջապես հետո: Ծննդի ակտի գրանցման պատճենը պահանջելու մասին հաղորդվում է ծնողներին  (դիմողին) և հաշվի առնելով դրա ստացման իրական հնարավորությունները` նշանակվում է հայրության որոշման գրանցման օրը:

Այն դեպքում, երբ երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ որպես հայր նշված է դիմող կնոջ ամուսինը կամ այլ անձ, հայրության որոշման գրանցումը ենթակա է մերժման, մինչև դատարանի կողմից կորոշվի երեխայի ծննդի ակտի գրանցումից հոր մասին տեղեկությունների հանման հարցը:

6. Չի թույլատրվում հայրության որոշման գրանցումը դատական կարգով անգործունակ ճանաչված անձի, ինչպես նաև այդ անձի խնամակալի դիմումով:

7. Եթե երեխայի ծննդի ակտի գրանցումը կորել է, ապա հայրության որոշման գրանցումը հնարավոր է միայն սահմանված կարգով դրա վերականգնումից հետո:

8. Ծննդի և հայրության որոշման միաժամանակյա գրանցման դեպքում ծննդի և հայրության որոշման մասին պարտադիր կարգով կատարվում են առանձին գրանցումներ: Այդ դեպքում ծննդի ակտի գրանցման մեջ երեխայի ազգանունը նշվում է մոր ազգանունով, իսկ նրա հայրանունը և հոր մասին տեղեկությունները` մոր դիմումի հիման վրա: Իսկ եթե ծնողները (հայրը) ցանկանում են, որպեսզի երեխան կրի հոր ազգանունը, ապա այդ տեղեկություններն ուղղվում են հայրության որոշման գրանցման հիման վրա:

9. Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը և անունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է հոր ցուցումով:

Հայրության որոշման մասին դիմումի մեջ պետք է նշված լինի այն մասին, թե ինչ ազգանուն պետք է կրի երեխան:

Այն դեպքում, երբ երեխայի հոր մասին տեղեկությունները մոր դիմումի հիման վրա է նախկինում նշվել նրա ծննդի ակտի գրանցման մեջ, բայց չի համապատասխանում այն անձի վերաբերյալ տեղեկություններին, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ մարմինը չի կարող մերժել հայրության որոշման գրանցումը և երեխայի հոր վերաբերյալ նոր տեղեկություններ մտցնելը։

10. Հայրության որոշման ակտի գրանցման մեջ մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի գրանցման կամ ծննդյան վկայականի հիման վրա, այդ թվում և այն դեպքում, երբ մայրը մինչև հայրության որոշման գրանցումը ամուսնացել է և ընդունել ամուսնու ազգանունը: Այդ դեպքում հայրության որոշման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում են ամուսնության գրանցման վայրը, ակտի գրանցման համարը, ժամանակը, ինչպես նաև երեխայի մոր այն ազգանունը, որն ամուսնության կապակցությամբ տրվել է նրան:

Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումում, որը տրվել է այն ժամանակ, երբ երեխայի մայրն ամուսնությունից հետո ընդունել է ամուսնու ազգանունը` մոր ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթին համապատասխան, իսկ փակագծերում գրվում է` «(Մոր մինչամուսնական ազգանունը)»:

11. Եթե երեխայի ծնողների ամուսնությունը գրանցվել է նրա ծնվելուց հետո, չի թույլատրվում երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնել՝ առանց հայրության որոշման գրանցման:

12. Հայրության որոշման գրանցման հիման վրա ՔԿԱԳ մարմինը նույն օրը տեղեկություններ է լրացնում երեխայի հոր մասին և դրա հետ կապված փոփոխություններ կատարում երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ` տալով ծննդյան նոր վկայական: Այս դեպքում ծննդյան նախկին վկայականը սահմանված կարգով չեղյալ է համարվում:

Եթե երեխայի ծննդի ակտի գրանցումը գտնվում է այլ վայրում, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից եռօրյա ժամկետում այդ գրանցման առաջին օրինակի գտնվելու վայր ծանուցագիր է ուղարկվում հայրության որոշման գրանցման կապակցությամբ գրանցման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու և ծննդյան նոր վկայական ուղարկելու համար:

Ստացված ծանուցագրի հիման վրա ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում համապատասխան ուղղումներ է կատարում ծննդի ակտի գրանցման մեջ և ուղարկում ծննդյան նոր վկայական: Միաժամանակ, նա ծանուցագիր է ուղարկում ծննդի ակտի գրանցման երկրորդ օրինակի մեջ նույն փոփոխությունները կատարելու համար:

13. Հայրության որոշման գրանցման կապակցությամբ զինապարտների կամ զորակոչիկների ազգանվան կամ հայրանվան փոխման դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատ, որտեղ զինապարտը կամ զորակոչիկը գտնվում է հաշվառման մեջ և վերջինիս բնակության վայրի ոստիկանության համապատասխան բաժին:

14. Անչափահաս երեխաների նկատմամբ հայրության որոշման գրանցման մասին հաղորդվում է երեխայի մոր բնակության վայրի բնակչության սոցիալական պաշտպանության մարմնին:

15. Հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում ՔԿԱԳ մարմնի կողմից հայրության որոշման գրանցումը չեղյալ է համարվում:

Հայրության որոշման գրանցման չեղյալ համարելու մասին եռօրյա ժամկետում հաղորդվում է երեխայի ծննդի ակտի գրանցման առաջին և երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմիններ, որոնք նույն ժամկետում համապատասխան նշում են կատարում ակտի գրանցման մեջ` վերականգնելով նախկին տեղեկությունները:

Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու դեպքում այն անձին, ով նախկինում գրանցվել է որպես երեխայի հայր, այդ երեխայի ծննդյան կրկնօրինակ վկայականներ և տեղեկանքներ չեն տրվում:

16. Հայրության որոշման գրանցման համար հիմք հանդիսացող օտար լեզվով փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթուղթ, դիմում և այլն) պետք է թարգմանված լինեն հայերեն լեզվով և վավերացված՝ օրենքով սահմանված կարգով։

17. Դիմողի (դիմողների) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ։

 

Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2007 թվականի մայիսի 14-ի
N 97-Ն հրամանի

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

1. Ամուսնության մասին համատեղ դիմումը` ամուսնացողների ընտրությամբ, տրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին):

Ամուսնության մասին համատեղ դիմումին կից պետք է ներկայացվեն նաև ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները ՔԿԱԳ մարմնում պահպանվում են դիմումի հետ միասին):

2. Դիմումն ընդունելիս ՔԿԱԳ մարմնի ղեկավարն ամուսնացողներին ծանոթացնում է ամուսնության գրանցման պայմաններին ու կարգին, նրանց պարզաբանում է իրենց իրավունքներն ու պարտականությունները` որպես ապագա ամուսիններ և ծնողներ։

Ամուսնացողները պարտադիր կարգով նախազգուշացվում են ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները թաքցնելու և ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար պատասխանատվության ենթարկվելու մասին:

Համատեղ երեխաներ ունեցող անձանց ամուսնանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը կարող է բացատրել հայրությունը որոշելու կարգը:

3. Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից, տրված իրավասու մարմինների կողմից։

4. Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն)։

5. Ամուսնանալ ցանկացող անձանց համաձայնությամբ ՔԿԱԳ մարմինը նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը, որի մասին նշում է կատարվում դիմումի վրա, ինչպես նաև դիմումների հաշվառման մատյանում:

6. Օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս ներկայացնում են անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն)՝ վավերացված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում՝ եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

7. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը (փաստաթղթերը) և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով՝ օրենքով սահմանված կարգով։

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա՝ ՔԿԱԳ մարմնում։

9. Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը: Զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք։

10. ՔԿԱԳ մարմիններում ամուսնության մասին դիմումի տրման օրը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որտեղ նշվում է ամուսնացողների ազգանունը, անունը և հայրանունը, դիմումն ընդունելու ու ամուսնությունը գրանցելու համար նշանակված ժամանակները, իսկ հետագայում նաև` ամուսնության գրանցման համարը և ժամանակը:

Եթե դիմում տալիս ամուսնացողների ներկայությունը ՔԿԱԳ տարածքային մարմնում որևէ պատճառով հնարավոր չէ (միմյանցից հեռու ապրելը, ծանր հիվանդությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելը և այլն), ապա դիմումը` ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմնի ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից։

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը ուղարկվում է ամուսնության գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին: Դիմումի ընդունման ժամանակը հաշվարկվում է ՔԿԱԳ մարմին դիմումը մուտքագրվելու օրվանից։

Ստանալով ամուսնության մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերը, դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

11. Ամուսնության պետական գրանցումը տեղի է ունենում ՔԿԱԳ մարմնում՝ ամուսինների համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո երեք ամսից ոչ ուշ:

Ամուսնության պետական գրանցման համար մեկամսյա ժամկետի ընթացքը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնության մասին դիմում տալու օրվանից և լրանում է հաջորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում։

Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ են համարվում՝

- ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.

- ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).

- ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

- ամուսնացող անձի ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը։

Սույն կետում նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան և հայրության ճանաչման վկայականներ և այլն):

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման դեպքում ամուսնության գրանցման ժամկետը կարող է կրճատվել նաև ամուսնացողների կամ նրանցից մեկի Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում:

Ամուսնության պետական գրանցման ժամկետը՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև առանձին դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությամբ:

(11-րդ կետը լրաց. 18.09.08 N 136-Ն)

12. Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին նրա կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխվում է: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա:

Եթե դիմողները չեն ներկայացել ՔԿԱԳ մարմին` ամուսնության դիմում տալու օրվանից հետո եռամսյա ժամկետում, ապա դիմողները լրացնում են ամուսնության մասին համատեղ նոր դիմում:

13. Ամուսնությունը գրանցվում է միայն ամուսնացող անձանց ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:

14. Առանձին դեպքերում ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում` ամուսնացող անձանց ներկայությամբ:

Վերոհիշյալ վայրերում ամուսնությունը գրանցելու մասին նշվում է ամուսնության գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում:

15. Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում)։

Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամանակ։ Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով (օրինակ՝ այրը՝ Պողոսյան, կինը՝ Ասատրյան, ընդհանուր ազգանունը՝ այրը՝ Պողոսյան-Ասատրյան, կինը՝ Պողոսյան-Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը։

Ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցն ամուսնացողներին տեղեկացնում է այն հետևանքների մասին, որոնք կառաջանան նրանց ազգանվան փոխման արդյունքում։

Ընդհանուր ազգանուն կրելու ամուսնացողների ցանկությունը պետք է արտահայտված լինի ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ՔԿԱԳ մարմինների կողմից ամուսնության գրանցման մասին կատարվում է համապատասխան նշումներ՝ նշվում է մյուս ամուսնու ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան ժամանակը, ամուսնության գրանցման համարը, վայրը և ժամանակը:

17. Այն դեպքում, երբ ամուսնանալ ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ նրանցից մեկը ամուսնության պետական գրանցման ժամանակ փոխում են (փոխում է) ազգանունը, ՔԿԱԳ մարմնի ղեկավարը նշում է կատարում նրանց (նրա) անձը հաստատող փաստաթղթում՝ «Անձնագիրը ենթակա է փոխանակման» և նշել վերջնաժամկետ՝ մինչև 15 օր։

18. Ամուսնության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հայտնում է զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված զինապարտը կամ զորակոչիկը:

19. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ամուսնության պայմանները խախտելու, ինչպես նաև առանց ընտանիք կազմելու մտադրության ամուսնություն (կեղծ ամուսնություն) գրանցելու դեպքում ամուսնությունն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը (քաղվածքը) ստանալու պահից ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում չեղյալ է համարում ամուսնության պետական գրանցումը՝ ակտի երեսի կողմի վերևի մասում նշելով «Գրանցումը չեղյալ է համարվել» բառերը, որը հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

Ամուսնության գրանցումը չեղյալ համարելու մասին «Նշումների համար» սյունակում նշվում է, թե որտեղ, երբ և որ դատարանի կողմից է կայացվել ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ: Այդ մասին հաղորդվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվին, որը նույն կարգով գրանցման երկրորդ օրինակը համարում է չեղյալ:

Դատարանի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում ամուսնության վկայականի կրկնօրինակ չի տրվում: Անհրաժեշտության դեպքում դատարանի և իրավասու այլ մարմինների հարցումներով նրանց ուղարկվում է անվավեր ճանաչված ակտի գրանցման պատճենը, նշելով ամուսնությունն անվավեր ճանաչված լինելու մասին:

20. ՔԿԱԳ մարմնում պահպանվող դիմողների կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակների լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ։

 

Հավելված N 4
ՀՀ արդարադատության նախարարի
2007 թվականի մայիսի 14-ի
N 97-Ն հրամանի

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

I. Ամուսնալուծության գրանցումը ամուսինների փոխադարձ համաձայնությամբ

 

1. Համատեղ ապրող ամուսիններն ամուսնալուծությունը գրանցում են իրենց բնակավայրի կամ ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին):

Առանձին ապրող ամուսինների ամուսնալուծությունը գրանցվում է նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնում:

(1-ին կետը լրաց. 02.12.09 N 300-Ն)

2. Ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:

Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

3. Ամուսնալուծության մասին դիմումում պետք է նշվեն ամուսնության ակտի գրառման տվյալները, ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անձը հաստատող փաստաթղթի տվյալները և օրենքով նախատեսված այլ տեղեկություններ: Դիմումի հետ միասին պետք է ներկայացվի նաև ամուսնության վկայականը: Եթե ամուսինները ՔԿԱԳ մարմին ամուսնության վկայական չեն ներկայացնում կորստյան պատճառով, ապա նրանցից նոր վկայական պահանջվում է միայն այն դեպքերում, երբ ամուսնության գրանցումը կատարված է այլ ՔԿԱԳ մարմնում։

Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:

4. Ամուսնալուծության գրանցումը և ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, երկու ամուսինների ներկայությամբ կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի` սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ:

Ամուսինների կողմից ամուսնալուծության վերաբերյալ դիմումները առանձին հայտարարություններով ձևակերպելու դեպքում սույն կետով նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին երկրորդ հայտարարությունը տալու օրվանից և լրանում է հաջորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

5. Եթե ամուսինները չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծությունը գրանցելու սահմանված օրը, իրենց խնդրանքով գրանցման ժամկետը փոխվում է: Նշված ժամկետում ամուսնալուծությունը չգրանցելու դեպքում ամուսնալուծվողները կարող են նորից ամուսնալուծության մասին դիմում տալ ՔԿԱԳ մարմին, որի դեպքում ամուսնալուծության գրանցման համար նորից նշանակվում է մեկամսյա ժամկետ:

6. Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծությունը գրանցելու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

Եթե ամուսիններից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` ոչ ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու, ոչ էլ ամուսնալուծությունը գրանցելու համար, ապա նա պետք է այդ մասին նշի ամուսնալուծության մասին դիմումում և տա իր գրավոր համաձայնությունը՝ առանց իրեն ներկայության գրանցելու ամուսնալուծությունը, իսկ իր վկայականը ստանալու համար ՔԿԱԳ մարմին կարող է դիմել նրա կողմից սահմանված կարգով լիազորագիր ունեցող անձը:

Այդ դեպքերում բացակայող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի սույն հրահանգչական ցուցումների 2-րդ կետով սահմանված կարգով:

Ամուսնալուծությունը գրանցելիս բացակայող և ամուսնալուծությունից հետո իր մինչամուսնական ազգանունը կրել ցանկացող ամուսինը պետք է այդ մասին նշի ամուսնալուծության մասին դիմումում:

 

II. Ամուսնալուծության գրանցումը ամուսիններից մեկի դիմումի հիման վրա

 

7. ՔԿԱԳ մարմիններում ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է այն դեպքերում, եթե ամուսիններից մեկը`

- դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

- դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

- դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

8. Անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը նույնպես իրավունք ունի ՔԿԱԳ մարմին դիմում տալու նրա ամուսնալուծության մասին, եթե ամուսիններից մեկն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

9. Ամուսնալուծությունն այն անձանց հետ, որոնք հանցագործություն կատարելու համար դատապարտվել են ազատազրկման ոչ պակաս, քան երեք տարի` կատարվում է ՔԿԱԳ մարմիններում՝ եթե դատապարտյալը պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում:

10. Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)` ամուսիններից մեկին անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին, ամուսիններից մեկին ոչ պակաս, քան երեք տարի ժամանակով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը), ինչպես նաև ամուսնության վկայականը: Այդպիսի վկայականի բացակայության դեպքում կիրառվում են սույն հրահանգչական ցուցումների 3-րդ կետով նախատեսված կանոնները: Անթույլատրելի է ընդունել այն դիմումները, որոնց անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի փոխարեն կցված են բժշկական տեղեկանքներ:

Դիմողը (եթե դրա մասին ինքը տեղյակ է) պետք է դիմումում նշի դատապարտված ամուսնու, անգործունակ ամուսնու խնամակալի բնակության վայրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալի բնակության վայրը:

11. Դիմում ընդունող ՔԿԱԳ մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստացված դիմումի մասին տեղեկացնում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվող ամուսնուն կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալին, ինչպես նաև անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալին կամ գույքի հավատարմագրային կառավարչին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Խնամակալության և հոգաբարձության մարմնին տեղյակ է պահվում ամուսնալուծության վերաբերյալ ստացված դիմումի, ամուսնալուծության պետական գրանցման ժամանակի և ամուսնալուծությունից հետո ընտրված ազգանվան մասին։

ՔԿԱԳ մարմինը դիմողին հայտնում է համապատասխան ծանուցում ուղարկելու, ինչպես նաև ծանուցման պատասխանը ստանալու համար նշանակված ժամկետի մասին: Պատասխանը ստանալու համար նշանակված ժամկետը հաշվի առնելով, դիմողին առաջարկվում է ներկայանալ ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծությունը գրանցելու համար:

Ծանուցագրով սահմանված ժամկետում դատապարտյալից կամ անգործունակ ամուսնու խնամակալից (խնամակալության և հոգաբարձության մարմնից), անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալից պատասխան չստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը դիմողի ներկայությամբ գրանցում է ամուսնալուծությունը:

12. Եթե ՔԿԱԳ մարմինը ստացել է երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտված ամուսնու հետ ամուսնալուծվելու մասին դիմում, ապա դիմումի ստացման մասին ծանուցումը դատապարտյալին ուղարկելու հետ մեկտեղ ՔԿԱԳ մարմինը պետք է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին խնդրի նշանակված ժամկետում հաստատել, որ դատապարտյալը ծանուցում ստանալու պահին իսկապես գտնվում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում, ինչպես նաև այն, որ նրան հանձնված է ՔԿԱԳ մարմնի ծանուցումը` ամուսնալուծության մասին ստացված դիմումի վերաբերյալ:

Դատապարտյալի քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվելու մասին պատասխանը նշանակված ժամկետում չստացվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը հետաձգվում է, իսկ քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմին ուղարկվում է հիշեցում:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ծանուցման հետ միասին ՔԿԱԳ մարմնի կողմից ուղարկվում է նաև ամուսնալուծության մասին դիմումի պատճենը։ Եթե դատապարտյալը ամուսնալուծության մասին ծանուցման և դիմումի ստացման դեպքում հայտնում է ցանկություն իր կողմից ամուսնալուծություն գրանցելու համար, ապա իր կամքն արտահայտելով ամուսնալուծության մասին դիմումում, ստորագրում է այն, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ։

13. Մինչև ամուսնալուծության գրանցումը քրեական պատիժն իրականացնող հիմնարկից ամուսնու ազատվելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնում տեղեկություն ստացվելու դեպքում` այդ մասին հաղորդվում է դիմողին, որի վերաբերյալ դիմումի վրա կատարվում է նշում: Այդ դեպքում ամուսնալուծությունը կատարվում է ընդհանուր կարգով, որը պարզաբանվում է դիմողին:

14. ՔԿԱԳ մարմինը պարզաբանում է ամուսնալուծվողներին, որ ամուսինն առանց կնոջ համաձայնության՝ նրա հղիության ընթացքում չի կարող ամուսնալուծության դիմում ներկայացնել։

15. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնուն՝ իր ցանկությամբ (իսկ անգործունակ ամուսնու նկատմամբ` նրա խնամակալի ցանկությամբ), տրվում է մինչամուսնական ազգանուն:

Եթե դատապարտված ամուսինը հայտնում է, որ ամուսնալուծությունից հետո նա ցանկանում է ստանալ ամուսնալուծության վկայական՝ նոր ամուսնություն կնքելու նպատակով, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից սահմանված կարգով ամուսնալուծություն գրանցելուց հետո դատապարտյալի ամուսնալուծության վկայականն ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ այն դատապարտյալին հանձնելու համար։

16. Եթե ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ամուսնալուծություն է գրանցվել անհայտ բացակայող ճանաչված ամուսնու հետ, ապա նրա ի հայտ գալու և նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում, այդ ամուսինը կարող է դիմել ՔԿԱԳ տարածքային մարմին` ամուսնալուծության վկայական ստանալու խնդրանքով։

 

III. Ամուսնալուծության գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա

 

17. Մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի և «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքի օրինական ուժի մեջ մտնելը (2005 թ. ապրիլի 19) ամուսնությունը դադարում է ամուսնալուծության մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում ամուսնալուծությունը գրանցելու պահից, այսինքն` ամուսնությունը դադարելու ժամանակը համարվում է ոչ թե ամուսնալուծության մասին դատարանի վճռի արձակման ժամանակը, այլ ամուսիններից թեկուզև մեկի կողմից ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության գրանցման ժամանակը:

18. Ամուսնալուծության գրանցում կարող է կատարվել անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից:

19. Ամուսնալուծության գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն, ամուսինների ընտրությամբ` նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնում:

ՔԿԱԳ մարմինն իրավունք չունի ամուսնալուծության գրանցումը մերժելու, եթե ամուսինը ամուսնալուծության գրանցման համար դիմել է ոչ թե իր բնակության վայրի, այլ մյուս ամուսնու բնակության վայրի ՔԿԱԳ մարմին:

Եթե ամուսնալուծության մասին դիմումը տրվում է ըստ մյուս ամուսնու բնակության վայրի, որը ամուսնալուծությունը դեռ չի գրանցել ՔԿԱԳ մարմնում, ապա դիմողը պետք է ներկայացնի մյուս ամուսնու բնակության վայրը հաստատող իրավասու մարմիններից տրված փաստաթուղթ: Իսկ եթե ամուսնալուծությունը ՔԿԱԳ տվյալ մարմնում արդեն իսկ գրանցված է եղել ամուսիններից մեկի կողմից, այդպիսի փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր չէ:

20. Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է դիմողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը):

21. Եթե ամուսնության ակտի գրանցումը գտնվում է ոչ ամուսնալուծության դիմումն ընդունած ՔԿԱԳ մարմնի արխիվում, ապա վերջինս հարցման միջոցով պահանջում է այն՝ ամուսնալուծության, ամուսնալուծությունն անվավեր ճանաչելու մասին նշումների առկայության փաստը ստուգելու համար։

Եթե ՔԿԱԳ մարմնին հայտնի է, որ մյուս ամուսինն արդեն գրանցել է ամուսնալուծությունը, ապա ստացված դիմումը վճռի պատճենի (քաղվածքի) հետ ՔԿԱԳ մարմնի կողմից ուղարկվում է ամուսնալուծության գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին` դրանում պակասող տեղեկությունները լրացնելու համար: Այդպիսի նյութեր ստացած ՔԿԱԳ մարմինը պարտավոր է եռօրյա ժամկետում լրացումներ կատարել ամուսնալուծության ակտային գրանցման մեջ և վկայականն ուղարկել դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ մարմին` դիմողին հանձնելու համար։

22. Ամուսնալուծության գրանցումը լրացնելուց հետո ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է ուղարկում ամուսնալուծության գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայր՝ նրանում պակասող համապատասխան տեղեկությունները լրացնելու համար։

23. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնու ցանկությամբ նրան տրվում է մինչամուսնական ազգանուն:

24. Եթե ամուսնալուծությունը գրանցվում է ամուսիններից մեկի դիմումով, ապա գրանցումը կատարելիս նրա մեջ լրացվում են այդ ամուսնուն վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Մյուս ամուսնու վերաբերյալ նշվում են միայն նրա ազգանունը` մինչ ամուսնալուծվելը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը:

 

IV. Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ ընդհանուր հարցեր

 

25. Ստանալով ամուսնալուծության մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է դիմողի (ների) անձը հաստատող փաստաթուղթը (երը), դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

26. Ամուսնալուծության մասին դիմումը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որում նշվում է դիմողի (դիմողների) ազգանունը, անունը, հայրանունը, դիմումն ընդունելու և ամուսնալուծության գրանցման համար նշանակված ժամանակը, իսկ հետագայում նաև նշվում է ամուսնալուծությունը գրանցելու ժամանակը և ակտի գրանցման համարը:

27. Եթե ամուսնալուծության մասին դիմումը տրվում է զինծառայողի ծառայության վայրի ՔԿԱԳ մարմին, ապա զինծառայողի բնակության վայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման կետը:

28. Առանց հաշվառման կամ ժամկետանց հաշվառմամբ ապրող քաղաքացիների ամուսնալուծության մասին դիմումները չեն քննարկվում՝ բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի:

Այն դեպքերում, երբ նախկին բնակավայրից ամուսնալուծվողներից մեկի հաշվառումից դուրս գրվելու պահից անցել է մեկուկես ամսից ոչ ավելի ժամանակ ՔԿԱԳ մարմինն ընդունում է դիմումը և սահմանված կարգով գրանցում ամուսնալուծությունը:

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից՝ տրված իրավասու մարմինների կողմից։

29. Ամուսնալուծության գրանցումը ամուսիններից մեկի դիմումի հիման վրա լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով չի թույլատրվում։

30. Ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով թույլատրվում է ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում։ Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունն ամուսիններից մեկի կողմից արդեն գրանցված է եղել, ապա այդ ակտի գրանցումը մյուս ամուսնու վերաբերյալ պակասող տեղեկություններով լրացնելը` բացառիկ (ծանր հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման մեջ գտնվելու, հեռավոր վայրերում բնակվելու պատճառով և այլն) դեպքերում, կարող է կատարվել ամուսնալուծության գրանցման վերաբերյալ մյուս ամուսնու օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրով և դիմումով` հաստատված սույն հրահանգչական ցուցումների 2-րդ կետով նախատեսված կարգով։

31. Ամուսնալուծության գրանցումը պետք է կատարվի ՔԿԱԳ միայն մի մարմնում: Յուրաքանչյուր ամուսնալուծության համար կազմվում է միայն մեկ ակտի գրանցում: Ամուսնալուծության գրանցումը կազմվում է դիմողի փաստաթղթերին լրիվ համապատասխան:

32. Այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ամուսինը ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը, ՔԿԱԳ մարմինը նրա անձը հաստատող փաստաթղթի առաջին էջում նշում է կատարում այն մասին, որ փաստաթուղթը ենթակա է փոխանակման` ազգանվան փոխման կապակցությամբ՝ նշելով վերջնաժամկետ 15 օր։ Այդ գրառումը վավերացվում է ՔԿԱԳ մարմնի համապատասխան դրոշմակով:

33. Ամուսնալուծության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխվելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

34. Ամուսնալուծությունը գրանցող ՔԿԱԳ մարմինը պետք է եռօրյա ժամկետում ամուսնալուծության մասին ծանուցում ուղարկի ամուսնության գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին:

Այդպիսի ծանուցում ստանալով, ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում ամուսնության գրանցման «Նշումների համար» սյունակում նշում է կատարում ամուսնալուծության մասին. երբ և որ ՔԿԱԳ մարմնի կողմից է գրանցվել ամուսնալուծությունը, ակտի գրանցման համարը: Միաժամանակ գրանցման առաջին էջի վերևի մասում պետք է նշել` «Ամուսնությունը լուծվել է»։

Այդպիսի նշում կատարելուց հետո ՔԿԱԳ մարմինն ամուսնալուծության մասին ծանուցում է ուղարկում ամուսնության գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին և որը նույն կարգով նշում է կատարում երկրորդ օրինակում:

35. Եթե ամուսնալուծության գրանցման մասին նշում կա ամուսնության գրանցման մեջ, ապա ՔԿԱԳ մարմինն իրավունք չունի ամուսնության կրկնակի վկայականներ տալու: Անհրաժեշտության դեպքում, մասնավորապես` նախկին ամուսնու կողմից իր մինչամուսնական ազգանունը հաստատելու համար, ՔԿԱԳ մարմինը` դիմողի խնդրանքով կարող է տեղեկանք տրամադրել, ինչը հաստատում է, որ տվյալ անձը գտնվել է ամուսնության մեջ, որը հետագայում լուծվել է:

36. Ամուսնալուծության մասին դատարանի վճիռը բեկանվելու դեպքում, եթե ամուսնալուծությունն արդեն գրանցվել է ՔԿԱԳ մարմնում, ամուսնալուծության գրանցումը կարող է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա չեղյալ համարվել: Գրանցումը չեղյալ համարվելու մասին նշում է կատարվում ամուսնալուծության գրանցման «Նշումների համար» սյունակում, ընդ որում, նշվում է, երբ և որ դատարանի կողմից է կայացվել վճիռը:

Միաժամանակ ամուսնալուծության գրանցման առաջին էջի վերևի մասում նշվում է` «Գրանցումը չեղյալ է համարվել»:

Ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու մասին առաջին օրինակի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը հայտնում է ակտի գրանցման երկրորդ օրինակի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմնին, որն այդ նույն կարգով նշում է կատարում ակտային գրանցման վրա:

Ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու դեպքում ամուսնության գրանցման ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրինակում նշումներ են կատարվում ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու մասին («Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում) նաև գրանցման առաջին էջի վերևի մասում:

37. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ՔԿԱԳ մարմինների կողմից ամուսնալուծության գրանցման մասին կատարվում է համապատասխան նշումներ:

38. Այն դեպքում, երբ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ դիմողը փոխել է ազգանունը, սակայն անձնագիրն այդ կապակցությամբ հետագայում չի փոխել, ապա ամուսնալուծությունը գրանցող ՔԿԱԳ մարմինը դիմողից գանձում է պետական տուրք՝ ազգանվան փոխման համար օրենքով սահմանված կարգով և չափով։ Ամուսնալուծության ակտի գրանցման մեջ դիմողի «Ազգանունը մինչև ամուսնալուծվելը» սյունակում նշվում է ամուսնության ակտի գրանցման «Ազգանունն ամուսնությունից հետո» սյունակում նշված ազգանվանը համապատասխան։ «Ազգանունն ամուսնալուծությունից հետո» սյունակում դիմողի ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթում նշված ազգանվանը համապատասխան։

39. Դիմողի (դիմողների) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ։

 

Հավելված N 5
ՀՀ արդարադատության նախարարի
2007 թվականի մայիսի 14-ի
N 97-Ն հրամանի

ՈՐԴԵԳՐՄԱՆ (ԴՍՏԵՐԱԳՐՄԱՆ) ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Որդեգրումը (դստերագրումը) (այսուհետ՝ որդեգրումը) ենթակա է պարտադիր գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին)` որդեգրման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա։

Որդեգրման պետական գրանցումն իրականացնում են որդեգրումը հաստատելու մասին վճիռ կայացրած դատարանի կամ որդեգրողների (որդեգրողի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը։

2. Մինչև «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը (2005 թ-ի ապրիլի 19-ը) որդեգրումը կատարվում էր խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման, իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա (այսուհետ՝ իրավասու մարմնի որոշմամբ)։

Եթե նախկինում որդեգրման գրանցումը չի կատարվել, ապա որդեգրման մասին իրավասու մարմնի որոշման պատճենն ստանալու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ՔԿԱԳ մարմինը նշում է կատարում ծննդյան ակտային գրանցման մեջ՝ «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշելով որոշումը կայացնող մարմնի անվանումը, որոշման համարը և ժամանակը։

3. Որդեգրումը գրանցելիս որդեգրման դիմումի հետ միասին որդեգրողը (ները) պետք է ներկայացնի (ներկայացնեն) որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումը, որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը, որդեգրողի (ների) անձը հաստատող փաստաթղթերը։

4. Ստանալով որդեգրման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը (երը), դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը, և դիմումը հաշվառում է որդեգրման դիմումների հաշվառման մատյանում։

5. Որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը, այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին՝ ակտային գրանցման պատճենը ստանալու համար։ Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կան արդյոք այլ նշումներ՝ որդեգրման, չեղյալ համարելու և այլն), որից հետո մեկօրյա ժամկետում կատարվում է որդեգրության գրանցում։

6. Որդեգրվող երեխայի ծննդի գրանցման կորստյան դեպքում որդեգրման իրավասու մարմնի որոշման հիման վրա որդեգրությունը կարող է գրանցվել միայն սահմանված կարգով ծննդի գրանցումը վերականգնելուց հետո:

Կորսված գրանցումը վերականգնելու մասին ՔԿԱԳ մարմին դիմում կարող են ներկայացնել երեխայի օրինական ներկայացուցիչները, ծնողը` եթե իրավասու մարմնի որոշմամբ երեխայի նկատմամբ պահպանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները:

7. ՔԿԱԳ մարմինը գրանցում է որդեգրումն անկախ այն ժամկետից, որն անցել է որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումն ընդունելուց հետո և անկախ այն տարիքից, որին հասել է որդեգրվողը որդեգրության գրանցման պահին:

8. Որդեգրման վկայականը ՔԿԱԳ մարմինը տալիս է ըստ որդեգրողների ցանկության: Եթե նրանք հրաժարվում են որդեգրման վկայականը ստանալուց, ապա որդեգրման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում համապատասխան նշում է կատարվում:

9. Որդեգրման պետական գրանցումը կազմվում է հետևյալ կարգով՝

ա) որդեգրման գրանցման 1-6-րդ սյունակներում որդեգրվողի վերաբերյալ տվյալները` «Մինչ որդեգրումը» հատվածում նշվում են երեխայի ծննդյան վկայականի և ակտի գրանցման հիման վրա, իսկ «Որդեգրումից հետո» հատվածում որդեգրման մասին իրավասու մարմնի որոշմանը ճիշտ համապատասխան.

բ) որդեգրման պետական գրանցման 7-11-րդ սյունակներում հոր և մոր վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են երեխայի ծննդյան վկայականի և ծննդյան ակտի հիման վրա:

Եթե երեխայի մայրը մինչև որդեգրման գրանցումն ամուսնացել է որդեգրողի հետ և ընդունել է նրա ազգանունը, ապա որդեգրման գրանցման 9-րդ սյունակում նշվում է մոր մինչամուսնական ազգանունը, իսկ որդեգրման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում` ամուսնության գրանցման տեղն ու ժամանակը, ակտի գրանցման համարը, ինչպես նաև մոր ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո.

գ) որդեգրման գրանցման 13-18-րդ սյունակներում որդեգրողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են որդեգրման մասին իրավասու մարմնի և որդեգրողների անձը և ամուսնությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա.

դ) եթե որդեգրվողի վերաբերյալ տեղեկությունները, որոնք նշված են որդեգրման մասին իրավասու մարմնի որոշման մեջ, չեն համապատասխանում նրա ծննդյան ակտի գրանցման մեջ եղած նույնպիսի տեղեկություններին կամ որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերում և ամուսնության վկայականում նշված տեղեկություններին, ապա որդեգրման գրանցումը հետաձգվում է։

ՔԿԱԳ մարմինն իր նախաձեռնությամբ հարցում է կատարում կամ առաջարկում է որդեգրողներին դիմել որդեգրման որոշում կայացրած իրավասու մարմին` ճշտելու որոշման մեջ եղած այդ տեղեկությունները.

ե) եթե որդեգրողը հանդիսանում է միայն տղամարդը (կինը), ապա համապատասխանաբար լրացվում է որդեգրման գրանցման մի կողմը (13-18-րդ սյունակները), երկրորդ կողմը մնում է չլրացված.

զ) որդեգրման գրանցման 20-րդ սյունակում («Գրանցվում են արդյոք որդեգրողները որպես երեխայի ծնողներ») որոշմանը համապատասխան նշվում է` «Այո» կամ «Ոչ»:

10. ՔԿԱԳ տարածքային մարմինը որդեգրման ակտի գրառման հիման վրա դիմումը ստանալուց մեկօրյա ժամկետում կատարում է համապատասխան փոփոխություններ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ, իսկ ծննդյան ակտի գրառման երկրորդ օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին հաղորդում ուղարկում որդեգրվածի ծննդի ակտի գրառման երկրորդ օրինակում նույնպիսի փոփոխություններ կատարելու մասին: Որդեգրողին (ներին) տրվում է որդեգրված երեխայի նոր ծննդյան վկայական:

11. Այն դեպքում, երբ ծննդի ակտային գրանցումը գտնվում է այլ վայրում, ապա այդ գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում որդեգրման գրանցման կապակցությամբ նրանում փոփոխություն կատարելու անհրաժեշտության և որդեգրողի ծննդյան նոր վկայական ուղարկելու մասին:

Ստանալով հաղորդումը ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում ծննդյան ակտի գրանցման մեջ անհրաժեշտ փոփոխություններ է կատարում և ուղարկում ծննդյան նոր վկայական` որդեգրողին (որդեգրողներին) հանձնելու համար: Ծննդյան ակտի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը միաժամանակ հաղորդում է ուղարկում ծննդի գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին՝ նույնպիսի փոփոխություններ կատարելու համար:

12. Որդեգրման գրանցմանը համապատասխան երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելիս (այսինքն` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը, ծննդյան ժամանակը, ծնողների մասին տեղեկությունները փոխելիս) որպես այդպիսի փոխման հիմք «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է որդեգրման ակտի գրանցումը (որդեգրման ակտային գրանցում կատարած ՔԿԱԳ մարմնի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը):

13. Որդեգրման գաղտնիքն ապահովելու համար որդեգրողի խնդրանքով մինչև մեկ տարեկան երեխա որդեգրելիս կարող են փոփոխվել որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը, բայց ոչ ավելի, քան մինչև երեք ամիս առաջ և մինչև երեք ամիս հետո ժամանակահատվածով։ Եթե երեխայի ծննդյան ժամանակը իրավասու մարմնի որոշմամբ փոփոխվել է մինչև երեք ամիս առաջ ժամանակահատվածով, ապա փոփոխվում է միայն երեխայի ծննդյան ժամանակը։ Իսկ եթե երեխայի ծննդյան ժամանակը իրավասու մարմնի որոշմամբ փոփոխվել է մինչև երեք ամիս հետո ժամանակահատվածով, ապա փոփոխվում է երեխայի ծննդյան ժամանակը և ծննդյան ակտի գրանցման ժամանակը։ Ծննդյան ակտի գրանցման ժամանակը փոփոխվում է և նշվում իրավասու մարմնի որոշման մեջ նշված երեխայի ծննդյան ժամանակին համապատասխան։ Եթե փոփոխված ծննդի ակտի գրանցման ժամանակը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ծննդի ակտի գրանցման ժամանակ նշվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։

14. Որդեգրման մասին իրավասու մարմնի որոշմամբ ծննդավայրը փոխելու դեպքում որդեգրման իրավասու մարմնի որոշման համապատասխան ծննդավայրի փոփոխության դեպքում ՔԿԱԳ մարմնում կազմվում է երեխայի ծննդի ակտային նոր գրանցում: Երեխայի ծննդի ակտի նոր գրանցման տվյալները և գրանցման վայրը ակտային գրանցման համարը և ժամանակը լրացվում է երեխայի ծննդի ակտի նախկին գրանցման մեջ՝ «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում։

Այդ կապակցությամբ որդեգրողները դիմում են որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմին, որը հաղորդում է ուղարկում ՔԿԱԳ այն մարմին, որտեղ իրավասու մարմնի որոշմանը համապատասխան պետք է կազմվի ծննդի ակտային նոր գրանցում:

Այդ գրանցումը կազմվում է ընթացիկ տարվա ծննդի վերականգնված ակտային գրանցման գրքում, իսկ 10-րդ սյունակում որպես նրա կազմման հիմք նշվում են` որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումը (իրավասու մարմնի անվանումը, որոշման համարը, ժամանակը), ինչպես նաև որդեգրման գրանցումը (որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմնի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը):

Ծննդի նոր կազմված ակտային գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է ծննդի ակտի նախկին գրանցման վայրի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը:

Ծննդի ակտի նոր գրանցումից հետո դիմողին տրվում է որդեգրվողի ծննդյան վկայական:

15. Որդեգրվողի նկատմամբ ծննդի նոր ակտային գրանցում կատարելուց հետո ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ինչպես ՔԿԱԳ այն մարմին, որտեղ գտնվում է որդեգրման ակտի գրանցման առաջին օրինակը, այնպես էլ ծննդի ակտային նախկին գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին:

16. Իրավասու մարմնի կողմից ի լրումն որդեգրման մասին ընդունած նախորդ որոշման, նոր լրացուցիչ որոշում ընդունելու դեպքում, ըստ որի օրենքին համապատասխան որդեգրողները պետք է գրվեն որպես որդեգրվողի ծնողներ կամ փոխվում են երեխայի վերաբերյալ տեղեկությունները և այլն, ՔԿԱԳ մարմինը որդեգրվողի որդեգրման և ծնունդների նախկինում կազմված ակտային գրանցումներում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Սույն կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ որդեգրումը գրանցվում է արդեն որդեգրման մասին լրացուցիչ որոշում ընդունելուց հետո:

17. Եթե որդեգրման մասին իրավասու մարմնի որոշման մեջ չի նշվում որդեգրվողի և ծնողների վերաբերյալ տեղեկությունների փոխման մասին, ՔԿԱԳ մարմինը կազմում է որդեգրման ակտի գրանցում և որդեգրողին (որդեգրողներին) տալիս որդեգրման վկայական: Ընդ որում, որդեգրվողի ծննդի ակտի գրանցման մեջ նշում է կատարվում որդեգրումը գրանցելու մասին: Այդ դեպքում ՔԿԱԳ մարմնում պահպանվում է որդեգրվող երեխայի ծննդյան վկայականի լուսապատճենը։

18. Այն դեպքում, երբ որդեգրման մասին իրավասու մարմնի որոշման մեջ չի նշվում այն մասին, որ որդեգրողները ծնունդների ակտային գրանցման գրքում պետք է գրանցվեն որպես որդեգրվողի ծնողներ, ՔԿԱԳ մարմինը ծննդյան կրկնակի վկայական տալիս նշում է նրա փաստացի ծնողներին: Ընդ որում, նշանակություն չունի փոխվել են արդյոք երեխայի ազգանունը՝ որդեգրողի ազգանվամբ և հայրանունը` որդեգրողի անվամբ: Այս դեպքում ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ՔԿԱԳ մարմին է ներկայացվում որդեգրումը հաստատող փաստաթուղթ։

19. Այն դեպքում, երբ հոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ նշված են Հայաստանի Հանրապետության «ՔԿԱ մասին» օրենքի 17 հոդվածով նախատեսված կարգով, ապա կին որդեգրողի դիմումի համաձայն, որը իրավասու մարմնի որոշմանը համապատասխան գրառվում է որպես երեխայի մայր, այդ տեղեկությունները ՔԿԱԳ մարմինը փոփոխում է, հոր ազգանունը գրվում է կին որդեգրողի ազգանվամբ, իսկ հոր անունը, հայրանունը` նրա ցուցումով: Այդ կապակցությամբ փոխվում կամ լրացվում է նաև երեխայի հայրանունը:

Երբ երեխայի նկատմամբ չեն պահպանվում նրա մոր գույքային և անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները կամ մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի գրանցման մեջ կատարվել են ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների 17-րդ կետով նախատեսված կարգով, այդ տեղեկությունները ՔԿԱԳ մարմինը կարող է փոխել տղամարդ որդեգրողի գրավոր դիմումի համաձայն, որը որդեգրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշմանը համապատասխան գրառվում է որպես երեխայի հայր: Այս դեպքերում մոր ազգանունը գրվում է տղամարդ որդեգրողի ազգանվամբ, իսկ նրա անունը, հայրանունը` տղամարդ որդեգրողի ցուցումով:

20. Նախազորակոչիկի որդեգրման կապակցությամբ նրա ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև ծննդավայրը փոխելու դեպքում՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր տեղյակ է պահում զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված նախազորակոչիկը և նրա հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան բաժին։

21. Որդեգրումն անվավեր ճանաչելը, ինչպես նաև որդեգրումը վերացնելը կատարվում է միայն դատական կարգով:

Որդեգրումն անվավեր ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը ՔԿԱԳ մարմնում ստացվելիս որդեգրման գրանցումը վերացվում է` վրան շեղակի գիծ քաշելով: Միաժամանակ որդեգրման գրանցման երեսի կողմի վրա վերին մասում նշվում է` «Գրանցումը չեղյալ է հայտարարված»:

Որդեգրման գրանցման երեսի կողմի վերին աջ մասում նշվում է` «Որդեգրումն անվավեր է ճանաչված դատարանի անվանումը, որոշման ժամանակը և համարը»:

Այդ գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

22. Որդեգրման գրանցումը վերացնելու մասին եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում այն ՔԿԱԳ մարմին, որտեղ գտնվում է երեխայի ծննդի գրանցման առաջին օրինակը, որը նույն ժամկետում գրանցման մեջ իրավասու մարմնի որոշմանը համապատասխան վերականգնում է երեխայի ծնողների վերաբերյալ, ինչպես նաև երեխայի մասին նախկինում եղած տեղեկությունները (նրա ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը), եթե դրանք փոխվել էին որդեգրման կապակցությամբ, իսկ որդեգրման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարում է սույն հրահանգչական ցուցումների 22-րդ կետի երկրորդ պարբերությունում նախատեսված նշումը:

Բացի այդ, որդեգրման գրանցումն անվավեր ճանաչելու մասին եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում երեխայի որդեգրման և ծնունդների գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, որը եռօրյա ժամկետում և նույն կարգով վերացնում է որդեգրման գրանցման երկրորդ օրինակը, ինչպես նաև համանման փոփոխություններ և նշումներ կատարում ծննդի գրանցման երկրորդ օրինակում:

23. Եթե որդեգրման որոշմանը համապատասխան փոխվել է որդեգրվողի ծննդավայրը, որի կապակցությամբ կազմվել է երեխայի ծննդի նոր գրանցում, ՔԿԱԳ այն մարմինը, որը չեղյալ է հայտարարել որդեգրման գրանցումը, եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ծննդի նոր կազմված գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին` այդ ակտի գրանցումը վերացնելու համար:

Այն վերացնելուց հետո ՔԿԱԳ այդ մարմինը եռօրյա ժամկետում ծանուցում է ուղարկում ծննդի նախկին գրանցման մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նրանցում նախկին տեղեկությունները վերականգնելու համար, ինչպես նաև ծննդի կրկնակի կազմված գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին` այդ ակտի գրանցումը վերացնելու համար:

24. Դատարանի կողմից որդեգրումը վերացնելու դեպքում ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում իրավասու մարմնի որոշման հիման վրա որդեգրման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշում է կատարում` «Որդեգրումը վերացված է», դատարանի անվանումը, որոշման ժամանակը և համարը:

ՔԿԱԳ մարմնի կողմից որդեգրման և ծննդյան ակտային գրանցումներում կատարված յուրաքանչյուր ուղղում, փոփոխություն կամ լրացում հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

25. Որդեգրման վերացման մասին եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում երեխայի ծննդի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, որտեղ նույն ժամկետում երեխայի ծննդի գրանցման մեջ իրավասու մարմնի որոշմանը համապատասխան վերականգնում է երեխայի ծնողների, ինչպես նաև իր` երեխայի մասին նախկինում եղած տեղեկությունները, եթե դրանք փոխվել են որդեգրման կապակցությամբ:

Այն դեպքում, երբ իրավասու մարմնի որոշման մեջ նշված է, որ պահպանվում են որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ժամանակը, վայրը, ապա այդ տեղեկությունները փոխման ենթակա չեն: Որդեգրման ակտի գրանցման մեջ կատարվում է սույն հրահանգչական ցուցումների 25-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված նշումը:

Բացի այդ, որդեգրումը վերացնելու մասին եռօրյա ժամկետում հաղորդվում է որդեգրման և ծննդյան ակտային գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին։ Եռօրյա ժամկետում այդ ակտերի գրանցումների երկրորդ օրինակներում կատարվում են համանման նշումներ:

26. Եթե որդեգրման որոշմանը համապատասխան փոխվել է որդեգրվողի ծննդավայրը, որի կապակցությամբ կատարվել է երեխայի ծննդի նոր ակտային գրանցում, ՔԿԱԳ մարմինը, ստանալով որդեգրումը վերացնելու մասին ծանուցումը, այդ մասին գրավոր հաղորդում է ուղարկում ծննդի ակտի նոր գրանցում կատարած՝ առաջին և երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմիններ։

27. Դատարանի կողմից որդեգրումն անվավեր ճանաչելու և այդ կապակցությամբ երեխայի հոր մասին նախկին տեղեկությունները վերականգնելու անհրաժեշտության դեպքում, եթե այդպիսիք նշված են եղել Հայաստանի Հանրապետության «ՔԿԱ մասին» օրենքի 17 հոդվածով նախատեսված կարգով, ՔԿԱԳ մարմինը երեխայի մորը նպաստ ստանալու համար տալիս է համապատասխան տեղեկանք՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ներկայացնելու համար:

28. Դիմողի (դիմողների) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ։

 

Հավելված N 6
ՀՀ արդարադատության նախարարի
2007 թվականի մայիսի 14-ի
N 97-Ն հրամանի

ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Մահվան պետական գրանցումն իրականացնում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերելու կամ մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմինը (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին)։

Երևան քաղաքում մահվան գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկում տարածքային բաժնում:

2. Մահվան պետական գրանցման համար հիմք է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝

ա) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.

բ) մահվան փաստը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

գ) անձին մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։

3. Մահվան մասին բժշկական տեղեկանքը պարունակում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ինչպես նաև մահվան վայրը, ժամանակը, մահվան պատճառը, տեղեկանքի տրման ժամանակը և այլն: Տեղեկանքը հաստատվում է բժշկական հիմնարկի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով:

4. Մահվան պետական գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար:

Եթե մահվան գրանցման մասին հայտարարություն տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև մեկ տարին լրանալը, ապա մահը գրանցվում է ընդհանուր կարգով` մահվան ընթացիկ գրանցման մատյանում:

5. Այն դեպքում, երբ մահվան պետական գրանցման մասին հայտարարություն ստացվել է մահվանից մեկ տարի անց, ապա մահվան գրանցումը կատարվում է մահվան ընթացիկ գրանցումների մատյանում` ընդհանուր կարգով` որպես սկզբնական գրանցում, սակայն հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» բառերը:

(5-րդ կետը փոփ. 02.12.09 N 300-Ն)

6. Ստանալով մահվան մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

7. Եթե մահը գրանցելիս հայտնի է դառնում մահացածի առանց խնամքի մնացած անչափահաս երեխաների մասին, ապա ՔԿԱԳ մարմինը նույն օրը այդ մասին հայտնում է երեխաների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

8. Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած ճանաչված անձանց մահը գրանցելիս, մահվան գրանցման մեջ որպես մահվան ժամանակ ցույց է տրվում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը, եթե մահվան ժամանակը դատարանի վճռով չի որոշված: Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է անձի մահվան փաստի որոշակի ժամանակը և որոշակի տեղը, ապա մահվան գրանցման մեջ նշվում է դատարանի վճռի մեջ ցույց տրված մահվան ժամանակը և տեղը:

Նշված դեպքերում մահվան գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է դատարանի անվանումը և նրա կայացրած վճռի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը:

9. Անհայտ (չճանաչված) անձանց մահը գրանցելիս մահվան գրանցման մեջ լրացվում են միայն գրանցման համար անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնք պարունակվում են մահվան մասին բժշկական հիմնարկի եզրակացության մեջ:

Եթե մահացածը հետագայում կճանաչվի, ապա նրա վերաբերյալ պակասող տեղեկությունները մահվան գրանցման մեջ լրացվում են իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

10. Քրեական պատիժն իրականացնող հիմնարկում մահացած անձանց մահվան գրանցումը կատարվում է մինչև կալանավորվելը նրանց վերջին բնակության վայրի, իսկ բնակության այդ վայրը պարզելն անհնարին լինելու դեպքում՝ քրեական պատիժն իրականացնող հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնում՝ այդ հիմնարկի վարչակազմի գրավոր ծանուցման հիման վրա:

11. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահվան գրանցումը կատարվում է ընդհանուր կարգով:

12. Մահացածի անձը հաստատող փաստաթուղթը մահը գրանցելիս ՔԿԱԳ մարմինը վերցնում է և առաջին էջի վրա նշում մահվան գրանցման համարը և ժամանակը:

Մահացած անձանց անձնագրերն ամիսը մեկ անգամ ցուցակով հանձնվում են ըստ վերջին բնակության վայրի ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին։ Եթե մահը գրանցելիս որպես մահացածի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվում  է զինվորական գրքույկը, ապա այն 15-օրյա ժամկետում հանձնվում է զինվորական կոմիսարիատին, որտեղ հաշվառման մեջ է գտնվել մահացածը:

Մահացածի ծննդյան վկայական ներկայացնելու դեպքում այն մեկամսյա ժամկետում ուղարկվում է փաստաթղթի տրման վայրի ՔԿԱԳ մարմին՝ սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմինների կողմից գրանցված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահվան դեպքում, նրանց անձը հաստատող փաստաթղթերը 15-օրյա ժամկետում ցուցակով ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության միջոցով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

13. Մահացածի անձը հաստատող փաստաթուղթը չհանձնելն արգելք չի հանդիսանում մահը գրանցելու համար: Մահացածի անձը հաստատող փաստաթուղթը չհանձնելու դեպքում ներկայացվում է տեղեկանք ոստիկանության անձնագրային բաժին, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պարագայում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

14. Զինապարտի կամ զորակոչիկի մահվան գրանցման դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

15. Սոցիալական ապահովության մարմիններ ներկայացնելու համար ՔԿԱԳ մարմինների կողմից տրվում է մահվան մասին տեղեկանք:

16. Դիմողի (կազմակերպության) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ։

17. Մահվան գրանցման համար, ներառյալ վկայական տալը, պետական տուրք օրենքով սահմանված չէ։

 

Հավելված N 7
ՀՀ արդարադատության նախարարի
2007 թվականի մայիսի 14-ի
N 97-Ն հրամանի

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայության, ինչպես նաև շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում է ՔԿԱԳ տարածքային մարմնի (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին) կողմից: Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու հիմքերը և դրանց մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացություն կազմելու դեպքերը սահմանված են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածներում։

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են`

ա) երեխայի որդեգրման (դստերագրման) կապակցությամբ, ինչպես նաև որդեգրողներին որպես որդեգրվածի ծնողներ գրանցելու դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը, ծննդավայրը փոխելիս.

- եթե երեխայի ծննդյան ժամանակը դատարանի որոշմամբ փոփոխվել է մինչև 3 ամիս առաջ ժամանակահատվածով, ապա ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում է նաև երեխայի ծննդյան ժամանակը, իսկ մինչև 3 ամիս հետո ժամանակահատվածով ծննդյան ժամանակի փոփոխման դեպքում նաև՝ ծննդի ակտի գրանցման ժամանակը.

- եթե երեխայի մայրը ամուսնության մեջ է գտնվում այն անձի հետ, որը որդեգրել (դստերագրել) է նրա երեխային և ընդունել է որդեգրողի ազգանունը, ապա երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ կատարվում է մոր ազգանվան ուղղում.

բ) ամուսնությունն անվավեր ճանաչելու կապակցությամբ՝ ամուսնու ազգանունը փոխելիս.

- անչափահաս երեխաների ծննդի ակտի գրանցման մեջ փոխվում է ծնողների ազգանունը կամ նրանցից մեկի ազգանունը.

գ) երեխայի անվան փոխման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մինչև 16 տարեկան երեխայի անունը և ազգանունը փոխելիս.

- անչափահաս երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ փոխվում է երեխայի անունը կամ ազգանունը.

դ) հայրության որոշումը գրանցելիս.

- հայրության որոշման գրանցման կապակցությամբ` երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ լրացվում են տեղեկություններ հոր վերաբերյալ, փոխվում է երեխայի հայրանունը և ծնողների ցանկությամբ փոխվում է նրա ազգանունը և անունը.

- եթե ծնողները ամուսնացել են երեխայի ծնվելուց հետո և ամուսնությունը գրանցելիս մայրն ընդունել է ամուսնու ազգանունը, ապա երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ կատարվում է մոր ազգանվան ուղղում.

ե) երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկություններ լրացնելու, փոփոխելու կամ հանելու մասին հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր դիմումը ստանալիս.

- լրացումներ կատարվում են այն ժամանակ, երբ երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ տեղեկություններ չկան երեխայի հոր մասին.

զ) որդեգրումը (դստերագրումը) վերացնելիս.

- որդեգրումը (դստերագրումը) վերացվելու դեպքում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա և դրան համապատասխան, փոփոխություններ են կատարվում որդեգրվածի (դստերագրվածի) ծննդի ակտի գրանցման մեջ.

է) ծննդի ակտի գրանցումից երեխայի հոր կամ մոր մասին տեղեկությունները հանելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Ծննդի ակտի գրանցումից երեխայի հոր կամ մոր վերաբերյալ տեղեկությունները հանելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, երեխայի ծննդի ակտի գրանցումից հանվում են համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխվում է երեխայի ազգանունը և հայրանունը.

ը) 16 տարեկանից բարձր անձանց ազգանունը, անունը, հայրանունը փոխելիս:

Ազգանունը, անունը, հայրանունը փոխելիս, փոփոխություններ են կատարվում հետևյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում`

- ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս` դիմողի ծննդի ակտի գրանցման մեջ.

- այն դեպքերում, երբ անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, որը ազգանվան փոխման ակտի գրանցման պահին լուծվել է, փոփոխություններ են կատարվում`

1) ծննդի, ամուսնության և ամուսնալուծության ակտերի գրանցումների մեջ, եթե ամուսնալուծությունից հետո ամուսինը մնացել է մինչամուսնական ազգանվամբ և փոխում է իր տոհմական (ծննդյամբ) ազգանունը.

2) ամուսնալուծության ակտի գրանցման մեջ, եթե ամուսնալուծությունից հետո անձը մնացել է մյուս ամուսնու ազգանվամբ կամ նախորդ ամուսնության ամուսնու ազգանվամբ.

- ամուսնալուծության կապակցությամբ ազգանունը մինչամուսնական ազգանվամբ փոխելիս` այդ թվում՝ ծննդյամբ իր ազգանունը փոխելիս` ամուսնալուծության ակտի գրանցման մեջ.

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե նա կրում է մյուս ամուսնու ազգանունը, այդ թվում՝ մինչամուսնական ազգանունը փոխելիս` ամուսնության ակտի գրանցման մեջ («Ազգանունը ամուսնությունից հետո» սյունակում).

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից մինչամուսնական ազգանունն ամուսնու ազգանունով փոխելիս` ամուսնության ակտի գրանցման մեջ («Ազգանունը ամուսնությունից հետո» սյունակում), իսկ եթե մինչամուսնական ազգանունը փոխվել է այլ ազգանվամբ (ոչ ամուսնու ազգանվամբ)` ծննդի ակտի գրանցման մեջ և ամուսնության ակտի գրանցման մեջ («Ազգանունը մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո» սյունակում).

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե այդ անձը ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է նախորդ ամուսնության ամուսնու ազգանվամբ` ամուսնության ակտի գրանցման մեջ («Ազգանունը ամուսնությունից հետո» սյունակում).

- անունը կամ հայրանունը փոխելիս` ծննդի ակտի գրանցման մեջ, ամուսնության մեջ գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև ամուսնության ակտի գրանցման մեջ, իսկ ամուսնալուծված անձանց նկատմամբ` նաև ամուսնալուծության ակտի գրանցման մեջ:

Եթե դիմողը գտնվում է ոչ առաջին ամուսնության մեջ, ապա ամուսնության ակտի նախորդ գրանցումներում, ինչպես նաև ամուսնալուծության ակտի գրանցումներում փոփոխություններ չեն կատարվում.

թ) ծնողների ազգանունները և հոր անունը փոխելու կապակցությամբ անչափահասի ազգանունը և հայրանունը փոխելիս երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ փոխվում են երեխայի ազգանունն ու հայրանունը։

Եթե ազգանունը փոխել է ծնողներից մեկը, ապա անչափահաս երեխաների ազգանունները փոխելու հարցը լուծվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

Նույնպիսի փոփոխություններ կատարվում են որդեգրված անչափահաս երեխաների ծնունդների ակտերի գրանցումներում, եթե որդեգրողները գրանցված են որպես որդեգրվածի ծնողներ, ինչպես նաև որդեգրման (դստերագրման) և հայրության որոշման ակտերի գրանցումներում:

Որպես որդեգրվածի ծնողներ չգրանցված որդեգրողների կողմից ազգանունները, անունները, հայրանունները փոխելիս, փոփոխություն է կատարվում միայն որդեգրման (դստերագրման) ակտի գրանցման մեջ.

ժ) քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ դատական կարգով անճշտություններ պարզելիս.

- քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ անճշտությունները պարզելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, փոփոխություններ են կատարվում դրանում նշված քաղաքացիական կացության ակտի (ակտերի) գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև համանման տեղեկություններ պարունակող անչափահաս երեխաների ծննդի ակտերի գրանցումներում.

ժա) ծննդյան ակտի գրանցման մեջ ծնողների վերաբերյալ տեղեկությունները փոխելու մասին չափահաս անձի դիմումը՝ ծնողների (ծնողներից մեկի) կողմից իրենց անվան փոխման դեպքում.

ժբ) մահացածի անձը ճանաչելու մասին նախաքննության կամ հետաքննության մարմնի կողմից սահմանված ձևով տրված փաստաթուղթը, եթե մահը գրանցված է որպես անհայտ անձի մահ.

- լրացվում են մահացածի մահվան ակտի գրանցման մեջ բացակայող տեղեկությունները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ժամանակը, բնակության վայրը և այլն.

ժբ.1) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումի հիման վրա.

- ամուսնության գրանցման պահին ծնողի, ծնողներից մեկի ազգանվան փոխման դեպքերում երեխայի (մինչև 18 տարեկան) ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում են ծնողների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, իսկ անհրաժեշտության դեպքերում նաև՝ երեխայի ազգանունը.

- եթե երեխայի, նրա ծնողի, ծնողներից մեկի օրենսդրությամբ սահմանված կարգով անվան, ազգանվան, հայրանվան փոխման կապակցությամբ երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ անմիջապես համապատասխան փոփոխություններ չեն կատարվել: Տվյալ դեպքում երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում են ծնողների (ծնողի) վերաբերյալ տեղեկությունները, երեխայի ազգանունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ հայրանունը.

ժբ.2) ծննդյան ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների (ծնողի) ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի, իսկ երեխայի դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա.

ժբ.3) տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումի հիման վրա, բացառությամբ՝ մահվան կամ որդեգրման.

- քաղաքացիական կացության ակտային գրանցումներում և անձը հաստատող փաստաթղթերում առանձին տառերի անհամապատասխանության դեպքերում ուղղումներ կատարվում են տվյալ անձի վերաբերյալ ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման և անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցումներում (օրինակ` Արփի-Արբի, Արայիկ-Արաիկ, Մկրտիչ-Մգրտիչ, Վարթան-Վարդան, Ավակ (Ավաք)-Ավագ, Մարիաննա-Մարիանա, Ջուլիետտա-Ջուլիետա, Թամար-Թամարա, Իվանի-Իվանովիչ-Իվանովնա և այլն), ինչպես նաև ծննդավայրի (օրինակ՝ Գավառ-Գավար, Ղափան-Խապան-Կապան, Ճամբարակ-Չամբարակ և այլն).

ժբ.4) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն անձի (ում վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտը) կամ նրա ծնողների անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը, բնակության վայրը, ծննդյան վայրը և այլն.

- եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն ծնողների անունը, ազգանունը, հայրանունը կամ ազգությունը՝ ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև որդեգրման (դստերագրման) և հայրության ճանաչման ակտի գրանցումներում.

ժբ.5) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են սխալ տեղեկություններ կամ քաղաքացիական կացության ակտի գրանցման պահին թույլ տրվել սխալներ (աղավաղումներ, տեղեկությունների կամ առանձին բառերի բացթողումներ).

ժբ.6) եթե երեխայի անունը քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված է թերի (փաղաքշական կամ փոքրացնող).

ժբ.7) սեռը փոխելու կապակցությամբ (հերմոֆրոդիտների) անունը և սեռը ուղղելու անհրաժեշտություն առաջանալիս.

- անունը և սեռը ուղղելիս՝ ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ գրանցումներում.

ժբ.8) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են երկու անուն, ազգանուն կամ հայրանուն.

ժգ) (ենթակետն ուժը կորցրել է  02.12.09 N 300-Ն)

ժդ) (ենթակետն ուժը կորցրել է  02.12.09 N 300-Ն)

ժե) (ենթակետն ուժը կորցրել է  02.12.09 N 300-Ն)

ժզ) (ենթակետն ուժը կորցրել է  02.12.09 N 300-Ն)

ժէ) (ենթակետն ուժը կորցրել է  02.12.09 N 300-Ն)

ժը) (ենթակետն ուժը կորցրել է  02.12.09 N 300-Ն)

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու վերաբերյալ եզրակացությունը ՔԿԱԳ մարմնի կողմից կազմվում է միայն սույն կարգի 3-րդ կետի ժբ.4, ժբ.5, ժբ.6, ժբ.7, ժբ.8 ենթակետերով նախատեսված դեպքերում։

(3-րդ կետը փոփ., լրաց. 02.12.09 N 300-Ն)

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ գրավոր դիմումները սահմանված ձևով տրվում են դիմողի բնակության վայրի կամ փոփոխվող, ուղղվող կամ լրացվող ակտի գրանցումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին:

Դիմումը պետք է շարադրվի ընթեռնելի, դրանում պետք է սպառիչ պատասխաններ տրվեն բոլոր հարցերին:

5. Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում անճշտությունը, հիմք է նման գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ուղղելու կամ փոփոխելու համար։

Դատարանի վճռի հետ միասին դիմողի կողմից ՔԿԱԳ մարմին է ներկայացվում դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, այն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, որի տրման հիմք հանդիսացող ակտային գրանցման մեջ անհրաժեշտ է փոփոխություն մտցնել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համանման տեղեկություններ պարունակող անչափահաս երեխաների ծննդյան վկայականները։

6. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոփոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ դիմումները կարող են տրվել այն անձանց կողմից, որոնց վերաբերյալ կազմված են եղել այդ գրանցումները կամ նրանց կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կողմից։

18 տարին չլրացած անձանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կարող են փոփոխվել, լրացվել և ուղղվել նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) հայտարարությունների հիման վրա։ Այդպիսի դիմումներով ՔԿԱԳ մարմիններին կարող են դիմել իրենք` 16 տարեկան դարձած անչափահասները, եթե նրանք օրենքով սահմանված կարգով ճանաչվել են գործունակ: 16 տարեկան դարձած անչափահասները ՔԿԱԳ մարմիններին կարող են դիմել նաև այն դեպքերում, երբ փոփոխությունները կատարվում են նրանց ծննդի ակտային գրանցումներում՝ ծնողի (ծնողների) վերաբերյալ տեղեկությունները փոփոխելու, լրացնելու և ուղղելու առնչությամբ։

Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոփոխվում, լրացվում և ուղղվում են նրանց խնամակալների դիմումների հիման վրա:

Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա:

7. Դիմումին կցվում են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականները, որոնք ենթակա են փոխանակման, և այն փաստաթղթերը, որոնք հաստատում են քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու հիմքերի առկայությունը, 2 լուսանկար` 3 x 4 չափի (ում վերաբերյալ կազմվում է գործը): Զինծառայողները ներկայացնում են տեղեկանք զինվորական մասից ծառայության մասին և անհրաժեշտության դեպքում` ծառայության վայրի զինվորական մասի փաստաթղթերն այն տեղեկություններով, որոնք առնչություն ունեն գրանցման փոփոխման, լրացման և ուղղման հետ:

Դիմումին կցվում է դիմողի ինքնակենսագրությունը` դրանում մանրամասն նշելով դիմողի վերաբերյալ տեղեկությունները:

Դիմողի կողմից փոփոխվող վկայականի կամ ՔԿԱԳ մարմնի կողմից պահանջվող այլ փաստաթղթերի չներկայացման դեպքում գործին կցվում է նաև դիմողի հայտարարություն-բացատրագիրը՝ փաստաթղթերը չներկայացնելու պատճառների մասին։

Դիմողի մշտական բնակության, այլ ոչ քաղաքացիական կացության ակտի գրանցման վայր դիմելու դեպքում ներկայացվում է նաև իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք` նրա մշտական բնակության վայրի մասին։

8. Դիմումի մեջ նշված փաստերը և իրենց հավաստի լինելու մեջ կասկած հարուցող փաստաթղթերում առկա գրանցումները ուսումնասիրվում են ՔԿԱԳ մարմնի կողմից` համապատասխան կազմակերպություններին հարցումներ ուղարկելու միջոցով:

9. Եթե փոփոխման, լրացման և ուղղման ենթակա քաղաքացիական կացության ակտի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ մեկ այլ մարմնում, դիմումն ընդունող ՔԿԱԳ մարմինը դիմումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում պահանջում է այդ գրանցման պատճենը:

ՔԿԱԳ մարմնում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվում (այսուհետ՝ հանրապետական արխիվ) քաղաքացիական կացության ակտերի գրանցումը չհայտնաբերելու դեպքերում (կորած, այրված և այլն), գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կարող է կատարվել միայն կորած գրանցումը վերականգնելուց հետո:

10. Այն անձանց կապակցությամբ, որոնց ծննդի ակտի գրանցման մեջ նշված են մի քանի անուն, ազգանուն և հայրանուն, ինչպես նաև այն փոփոխությունների, ուղղումների, լրացումների հետևանքով, որոնք կառաջացնեն անձը հաստատող փաստաթղթի փոփոխում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այլ դեպքերում, հարցում է կատարում դիմողի (ում վերաբերյալ անհրաժեշտ է ուղղումներ, փոփոխություններ, լրացումներ կատարել) բնակության վայրի ոստիկանության մարմին՝ անձի նկատմամբ հարուցված քրեական գործի, քրեական պատիժ կրելու և դատվածության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։

11. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին իր եզրակացության հետ միասին կազմում է գործ։

12. Քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կատարելը հաստատելու կամ մերժելու դեպքում, ՔԿԱԳ մարմնի եզրակացության մեջ հստակ նշվում են ուսումնասիրման (ստուգման) արդյունքները և դիմողի խնդրանքի մերժման կամ հաստատման հիմքերը։

13. ՔԿԱԳ մարմինը մերժում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարումը, եթե ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից կամ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու պահանջը հիմնավորված չէ, փաստաթղթերում առկա են տեղեկությունների անհամապատասխանություններ։

14. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոփոխելու, լրացնելու և ուղղելու կամ դրանք մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի (այսուհետ՝ ՔԿԱԳ գործակալություն) կողմից, ինչի մասին նշվում է եզրակացության վերին աջ անկյունում՝ «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:

ՔԿԱԳ գործակալությունը մերժում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների մեջ փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարման մասին ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը՝ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքերում կամ կարող է գործն ուղարկել լրացուցիչ ուսումնասիրության, եթե ՔԿԱԳ մարմնի կողմից կատարված ստուգումները և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն։

ՔԿԱԳ գործակալությունը կարող է մերժել կամ լրացուցիչ ուսումնասիրության համար վերադարձնել քաղաքացիական կացության ակտային գրանցումների մեջ փոփոխությունը, ուղղումը և լրացումը մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը, եթե սպառված չեն քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերման և լրացուցիչ ուսումնասիրության հնարավորությունները։

ՔԿԱԳ գործակալությունը կարող է մերժել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ փոփոխությունը, լրացումը և ուղղումը մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը, եթե ՔԿԱԳ մարմնի կողմից քաղաքացու (դիմողի) խնդրանքն անհիմն է մերժվել, եթե դիմողը ՔԿԱԳ մարմին է ներկայացրել իր խնդրանքը հիմնավորող բավարար փաստաթղթեր։

Այս դեպքում ՔԿԱԳ մարմինը ստանալով ՔԿԱԳ գործակալության կողմից մերժված եզրակացությունը՝ բավարարում է դիմողի խնդրանքը՝ սահմանված կարգով կատարելով համապատասխան փոփոխություն, լրացում և ուղղում։

Սույն կետի 2-րդ և 4-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում ՔԿԱԳ մարմին է ուղարկվում նաև ՔԿԱԳ գործակալության եզրակացությունը։

15. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացիական կացության ակտի գրանցումը փոփոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է 2 օրինակից: Եզրակացության առաջին օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, երկրորդ օրինակը մնում է այն կազմելու վայրի ՔԿԱԳ մարմնում, իսկ եզրակացության լուսապատճենը (լուսապատճենները) հաղորդման հետ միասին ուղարկվում է (են) կատարման համապատասխան քաղաքացիական կացության ակտի (ակտերի) գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին (մարմիններին)։

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետով և 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ՔԿԱԳ մարմնի կողմից և ՔԿԱԳ գործակալության կողմից դիմողի խնդրանքը մերժելու մասին ՔԿԱԳ մարմնի կողմից դիմողին տրվում է միայն գրավոր տեղեկանք մերժման (պատճառների) հիմքերի մասին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխման, լրացման և ուղղման վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի մերժումը կարող է բողոքարկվել դատարան: Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները և դիմումը պահվում են ՔԿԱԳ մարմնում, իսկ բնօրինակները վերադարձվում են:

Դիմողի խնդրանքը բավարարվելու դեպքում, նրա խնդրանքով կարող է տրվել տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ փոփոխման, լրացման կամ ուղղման վերաբերյալ։

16. Սույն ցուցումների 3-րդ կետի «ա», «դ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում հաղորդում ուղարկում է համապատասխան ակտը գրանցող ՔԿԱԳ մարմինը:

ՔԿԱԳ տարբեր տարածքային մարմիններում գտնվող մի քանի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում ծանուցագիրը, իսկ սույն ցուցումների 3-րդ կետի «ա», «բ», «գ», «ե», «զ», «է», «ժը» ենթակետերով նախատեսված դեպքերում` դատարանի համապատասխան որոշման կամ նախաքննության և հետաքննության մարմնի կողմից տրված փաստաթղթի, խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումների լուսապատճենները ուղարկվում են գրանցումների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին: Այլ մարմիններ ուղարկվող փաստաթղթերի լուսապատճենները պետք է վավերացված լինեն ՔԿԱԳ մարմնի պետի ստորագրությամբ և կնիքով:

17. Եզրակացությունը, որը ենթակա է առաքման ԱՊՀ անդամ պետություններ, կազմվում է ռուսերեն լեզվով: Այն դեպքում, երբ եզրակացությունը կազմված է ոչ ռուսերեն լեզվով, այն ուղարկվում է դրա ռուսերեն ոչ պաշտոնական թարգմանության հետ միասին:

Եզրակացությունն ուղարկվում է ՔԿԱԳ մարմնի կողմից համապատասխան իրավասու մարմնին հասցեագրված գրությանը կից։ Այդ փաստաթղթերին կցվում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություն, ուղղում և լրացում կատարելու վերաբերյալ հաղորդում՝ ռուսերեն լեզվով։ Իսկ անվան, հայրանվան, ազգանվան փոխման հետևանքով առաջացած փոփոխությունների դեպքում նաև անվան, հայրանվան, ազգանվան փոխման ակտի գրանցման պատճենը՝ ռուսերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ։

18. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են սկզբնական (վերականգնված) գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Քաղաքացիական կացության ակտի գրանցման նոր վկայականը տրվում է դիմողին կամ ուղարկվում նրա բնակության վայրի ՔԿԱԳ մարմին` նրան հանձնելու համար: Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում կատարված փոփոխությունների, լրացումների և ուղղումների մասին 7-օրյա ժամկետում հաղորդվում է հանրապետական արխիվին, որը եռօրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ, ուղղումներ և լրացումներ է կատարում քաղաքացիական կացության ակտի գրանցման երկրորդ օրինակում:

19. Որդեգրման գրանցման հետևանքով ՔԿԱԳ մարմնի կողմից զինապարտի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը փոփոխելու, ուղղելու կամ լրացնելու հաղորդումը 7-օրյա ժամկետում ուղարկվում է իր զինվորական հաշվառման վայրի կոմիսարիատին։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխության, ուղղման, լրացման հետևանքով անձը հաստատող փաստաթղթի փոխանակման անհրաժեշտության առաջացման դեպքերում և դատվածություն ունեցող անձանց վերաբերյալ 7-օրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում դիմողի (ում վերաբերյալ կատարվում է փոփոխություն, ուղղում, լրացում) զինվորական հաշվառման վայրի կոմիսարիատ և բնակության վայրի ոստիկանության մարմին:

20. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են դրանցում եղած տեղեկությունների վրա հորիզոնական գիծ քաշելու և գրանցումների համապատասխան սյունակներում նոր կամ լրացուցիչ տեղեկություններ լրացնելու միջոցով: Տեղեկությունների ջնջումը կատարվում է այնպես, որպեսզի ջնջված տեղեկությունները հնարավոր լինի կարդալ:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին և երկրորդ օրինակների վրա նշում է կատարվում փոփոխությունների, լրացումների և ուղղումների մասին. նշել ինչ փոփոխություն, լրացում, ուղղում է կատարվել գրանցման մեջ, փաստաթղթի անվանումը, նրա համարը, երբ և ում կողմից է տրված:

Քաղաքացիական կացության ակտի գրանցումներում կատարված փոփոխությունների, լրացումների և ուղղումների վերաբերյալ նշումը հաստատվում է այն կատարող ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

21. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիական կացության ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում գրանցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են ընդհանուր կարգով:

22. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածում սահմանված գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին դիմումների քննարկման ժամկետները սահմանված են օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետով։ Մյուս դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին դիմումների քննարկումը ՔԿԱԳ մարմնի կողմից պետք է ավարտվի դիմում ստանալու օրվան հաջորդող օրվանից 7-օրյա ժամկետում: Այլ ՔԿԱԳ մարմիններից ակտային գրանցումների պատճեններ ստանալու նպատակով կատարված հարցումների ստացման ժամկետները, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու նպատակով քաղաքացիական կացության ակտի կորած գրանցման վերականգնման անհրաժեշտության հանգամանքը ընդհատում են նշված ժամկետի ընթացքը:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան