Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2010-29.07.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.15/9(186) Հոդ.63
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2005
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11205059


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

14 հունվարի 2005 թ.
ք. Երևան

N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության» կարգը՝ համաձայն հավելվածի:

Ոստիկանության
գեներալ-լեյտենանտ
 Հ. Հարությունյան

Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
 2005 թ. հունվարի 14-ի
 թիվ 1-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (այսուհետ՝ ՁՊՎ) հասարակական դիտորդների խումբը (այսուհետև՝ խումբ) ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:

2. Խմբի գործունեության նպատակներն են՝

ա) ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության նկատմամբ հասարակական վերահսկողությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը ՁՊՎ-ների հիմնախնդիրների մասին իրազեկելը,

բ) ՁՊՎ-ներում մարդու իրավունքների խախտման դեպքերի նախականխումը և բացահայտումը,

գ) ՁՊՎ-ներում իրավիճակի վերլուծության հիման վրա եզրակացությունների և առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և հասարակությանը,

դ) ՁՊՎ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության և այլ իրավական ակտերի ուսումնասիրումը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր նախապատրաստելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

3. Խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Հավակնորդը ներկայացնում է դիմում, անձնագրի պատճենը, ինքնակենսագրություն, առողջության մասին տեղեկանք, իրեն ներկայացնող կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրության պատճենը: Նախապատվությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում առնչվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակների իրականացմանը:

Խումբն իր կազմից ընտրում է նախագահ՝ մեկ տարի ժամկետով, անհրաժեշտության դեպքում նաև տեղակալ: Խմբի նախագահը (նրա բացակայությամբ՝ տեղակալը) ղեկավարում է խմբի գործունեությունը:

4. Խումբը բաղկացած է ոչ պակաս, քան յոթ և ոչ ավել, քան քսանմեկ հոգուց: Ընդ որում, յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն խմբում կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ:

5. Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշումն ընդունվում է խմբի անդամների երկու երրորդի համաձայնությամբ, որից հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանը:

(5-րդ կետը փոփ. 12.02.10 N 1-Ն)

6. Խմբի անդամ կարող է լինել 18 տարին լրացած, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

7. Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն ունեցող անձանց:

8. Խմբի անդամը պետք է դրսևորի իրեն որպես բարձր բարոյականություն ունեցող անձնավորություն:

9. Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով՝

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

դ) հանդիսանում է պետական ծառայող.

ե) հանդիսանում է փաստաբան.

զ) ընդգրկված է այլ դիտորդական խմբում:

(9-րդ կետը լրաց. 16.01.07 N 1-Ն)

10. Խումբը գործում է հասարակական հիմունքներով:

11. Խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և խմբի գործունեության էթիկայի կանոններով:

Խումբը համագործակցում է ՁՊՎ-ի վարչակազմի հետ: 

12. Խմբին առաջադրված խնդիրները լուծելու նպատակով խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել ՁՊՎ-ներ, հանդիպել ՁՊՎ-ում պահվող անձանց, ծանոթանալ ՁՊՎ-ների գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերին, ՁՊՎ-ում պահվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերի:

13. Խմբի անդամն ընդգրկվում է խմբի կազմում 3 տարի ժամկետով:

Խմբի անդամին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվում է անդամությունը հաստատող փաստաթուղթ, որը նա պետք է կրի հագուստի վրա ՁՊՎ-ում գտնվելու ողջ ընթացքում:

ՁՊՎ-ներում պետք է լինի խմբի անդամների ցուցակը:

(13-րդ կետը լրաց. 12.02.10 N 1-Ն)

14. Խմբի կողմից վերահսկողությունն իրականացվում է ՁՊՎ-ներ այցելություններ կատարելու հիման վրա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կամ նրա տեղակալին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու միջոցով:

Խումբը ներկայացնում է երկու տեսակի հաշվետվություններ՝ ընթացիկ և տարեկան, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տալիս է իր մեկնաբանությունները:

Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների խախտման, ինչպես նաև խմբի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու կոնկրետ դեպքեր: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են մեկ ամսվա ընթացքում:

Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել ՁՊՎ-ներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են 3 ամսվա ընթացքում:

ՁՊՎ-ներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեկնաբանությունների հետ միասին:

(14-րդ կետը լրաց. 12.02.10 N 1-Ն)

15. Լիարժեք վերահսկողություն իրականացնելու նպատակով խմբի անդամները տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է այցելեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր ՁՊՎ-ների ոչ պակաս, քան կեսը:

16. Խմբի անդամը ՁՊՎ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունը կատարվում է խմբի առնվազն երեք անդամների մասնակցությամբ:

Խմբի անդամը ՁՊՎ-ում պահվող անձի հետ, որպես կանոն, կարող է հանդիպել մեկուսի, իսկ խմբի անդամի ցանկությամբ՝ ՁՊՎ-ի վարչակազմի ներկայացուցչի մասնակցությամբ:

17. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերը, որպես կանոն, անցկացվում են դռնփակ, իսկ խմբի որոշմամբ՝ նաև դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Խմբի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգին:

18. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել՝

ա) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա տեղակալը

բ) խմբի նախագահը

գ) խմբի յուրաքանչյուր անդամը:

(18-րդ կետը լրաց. 12.02.10 N 1-Ն)

19. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին:

Որոշման ընդունման համար անհրաժեշտ է խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ՝ խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշման կայացման, խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքերում):

20. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը՝ հրապարակելով կամ արձանագրելով այն:

Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում են խմբի նիստի կողմից՝ խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ:

21. Խմբի անդամի լիազորությունները կասեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, եթե.

ա) խմբի անդամի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում.

բ) առկա է խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը՝ խմբի անդամի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ:

Խմբի անդամի լիազորությունները վերականգնվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, եթե վերացել են սույն կետի ա) ենթակետով նշված հանգամանքը, կամ առկա է խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը՝ խմբի անդամի լիազորությունները վերականգնելու մասին:

22. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, եթե.

ա) լրացել է խմբի անդամի լիազորությունների ժամկետը և խումբը իր անդամների երկու երրորդի միջնորդությամբ չի դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ևս երեք տարով նրա լիազորությունները երկարաձգելու մասին.

բ) առկա է խմբի անդամի դիմումն իր լիազորությունները դադարեցնելու մասին.

գ) առկա է խմբի անդամի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը խմբի անդամի լիազորությունները դադարեցնելու կամ մեկ այլ թեկնածուով փոխարինելու մասին.

դ) առկա են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հիմքերը.

ե) խախտել է սույն կարգով, կամ խմբի գործունեության էթիկայի կանոններով, կամ ՁՊՎ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված դրույթները.

զ) (ենթակետն ուժը կորցրել է 12.02.10 N 1-Ն)

(22-րդ կետը լրաց., փոփ. 12.02.10 N 1-Ն)