«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2010 թ. |
N 113-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 981-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը։
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման
Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները։
1. Հայաստանի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն) հիմնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության` կազմակերպում և ապահովում են Հաստատություն կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` Խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:
2. Հաստատություններում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ենթակայության հաստատությունների Խորհուրդը կազմվում է 8 անդամից:
3. Նախարարության ենթակայության հաստատությունների Խորհրդի կազմը բաղկացած է 7 անդամից:
4. Խորհրդի անդամներին առաջադրում են.
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,
2) լիազորված մարմինը,
3) մանկավարժական խորհուրդը,
4) ծնողական խորհուրդը:
5. Մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն առաջադրում է Խորհրդի մեկ անդամ:
6. Նախարարության ենթակայության Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն առաջադրում է Խորհրդի 3 անդամ:
7. Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության Հաստատություններում մարզպետն առաջադրում է Խորհրդի 3 անդամ, որից մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:
8. Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատությունների Խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 3 անդամ:
9. Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ տվյալ Հաստատությունում առնվազն 3 տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեցող անդամներից ընտրում է Խորհրդի 2 անդամ:
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ստաժի պայմանը չի գործում 3 տարուց պակաս գործող Հաստատության Խորհրդի անդամ ընտրելիս:
11. Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Հաստատության Խորհրդի 2 անդամ:
12. Մասնագիտացված և հատուկ հանրակրթական հաստատությունների Խորհրդի կազմը ձևավորվում է համաձայն տվյալ տեսակի հաստատության կանոնադրության` խորհրդում ընդգրկելով լիազորված մարմնի ներկայացուցիչներին:
13. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
14. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերի պահանջներին:
15. Օրենքով սահմանված դեպքերում` Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:
16. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ Հաստատության Խորհրդի կազմում:
17. Լիազորված մարմինը հիմք ընդունելով Հատատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշումները, 10-օրյա ժամկետում, ըստ ենթակայության` հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:
18. Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ Խորհրդի անդամը:
19. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
1) ընտրությունը չկայանալու դեպքում եռօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն,
2) կրկնակի քվեարկությամբ ընտրությունը չկայանալու դեպքում` ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն:
Այս պայմանի անհնարինության դեպքում վիճակահանությամբ որոշվում է Խորհրդի նախագահը: Վիճակահանությանը մասնակցում են առավել ձայն ստացած թեկնածուները:
20. Խորհրդի նիստերը գումարվում են Հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, Հաստատության տնօրենի կամ Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: