Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2010-13.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.19/7(359).1 Հոդ.37
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.12.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 դեկտեմբերի 2009 թ. 
ք. Երևան

N 26-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ» N 2.6.3-004-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների սանիտարական կանոնները և նորմերը սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել`

1. «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների» N 2.6.3-004-09 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 28-ի «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 959 հրամանը:

 

Նախարար`

Հ. Քուշկյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 26-ի

N 26-Ն հրամանի

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ


ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ N 2.6.3-004-09

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են ռենտգենաբանական հետազոտությունների ընթացքում անձնակազմի և պացիենտների անվտանգության և առողջության պաշտպանության պահանջները:

2. Սույն Կանոնները տարածվում են ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ընդհանուր պրոֆիլի առողջապահական կազմակերպությունների ատամնաբուժական բաժինների ռենտգեն կաբինետների նախագծման, տեղակայման և շահագործման վրա:

3. Սույն Կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

II. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. Ստոմատոլոգիական ռենտգեն սարքավորում (այսուհետ` ռենտգեն սարք) - ստոմատոլոգիական պրակտիկայում օգտագործվող ախտորոշիչ ճառագայթիչ սարք,

5. Ռենտգեն կաբինետ - հատուկ կահավորված աշխատասենյակ կամ աշխատասենյակների համակցություն, որտեղ ռենտգենյան ճառագայթման օգտագործմամբ իրականացվում է ախտորոշում` համապատասխան լիցենզիայի առկայության պայմաններում,

6. Կառավարման սենյակ - ռենտգեն կաբինետի կազմում հատուկ կահավորված աշխատասենյակ, որտեղ տեղադրված է ռենտգենյան սարքի հեռակառավարման համակարգը,

7. Ռենտգեն կաբինետի պրոցեդուրային սենյակ - ռենտգեն կաբինետի կազմում հատուկ կահավորված աշխատասենյակ, ուր տեղադրված է ռենտգենյան ճառագայթիչը,

8. Ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) - ռենտգենաբանական հետազոտության մեթոդ` ստատիկ պատկերի լուսանկարը ստանալու համար,

9. Ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ - պացիենտին և/կամ անձնակազմի մարմնի կամ նրանց առանձին օրգանների չճառագայթահարվող մասի պաշտպանության համար նախատեսված միջոցներ,

10. Ճառագայթային պաշտպանության շարժական միջոցներ - ճառագայթապաշտպան շիրմաներ և վահաններ, որոնք նախատեսված են ամբողջ մարմինը կամ առանձին օրգանները ճառագայթահարումից պաշտպանելու համար,

11. Ճառագայթային պաշտպանության ստացիոնար միջոցներ - ռենտգենյան ճառագայթահարումից պաշտպանող շինարարական կառուցվածքներ, որոնք ռենտգեն կաբինետի անբաժան մասն են,

12. Ֆոտոլաբորատորիա - ռենտգեն կաբինետի կազմում կահավորված հատուկ սենյակ` ռենտգենյան թաղանթի ֆոտոքիմիական մշակման համար:

 

III. ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Ռենտգեն կաբինետի շահագործումը թույլատրվում է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 765 որոշմամբ սահմանված կարգով տրված տեղեկանքի, գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման, ինչպես նաև ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական գործունեություն իրականացնելու լիցենզիաների դեպքում:

14. Ռենտգեն կաբինետի աշխատատեղերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոների և նորմերի պահանջներին:

 

IV. ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Ռենտգեն կաբինետի տեղակայումը և ստացիոնար պաշտպանությունը պայմանավորված է ռենտգեն սարքի տեսակով և աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

16. Առանց ուժեղացնող էկրանի, սովորական զգայունությամբ թաղանթով ռենտգեն և պանորամային սարքերը տեղադրվում են առանձին սենքերում տեղակայված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կամ ընդհանուր պրոֆիլի առողջապահական կազմակերպությունների ատամնաբուժական բաժինների ռենտգեն կաբինետներում:

17. Պատկերի բարձր զգայունության ընդունիչով (առանց ֆոտոլաբորատորիայի) ռենտգեն սարքերը և պանտոմոգրաֆները, ինչպես նաև պատկերի թվային մշակումով (համակարգչով) ռենտգեն սարքերը, որոնց աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի գերազանցում 40մլ ամպեր/րոպե/շաբաթ, կարող են տեղադրվել բնակելի և հասարակական շենքերում տեղակայված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, բացի մանկական և դպրոցական կազմակերպությունների:

18. Ռենտգեն սարքերի դասակարգումը ըստ ֆիզիկատեխնիկական չափանիշների սահմանվում են համաձայն հավելված 1-ի:

19. Ռենտգեն կաբինետի պրոցեդուրային սենյակում մեկից ավելի ռենտգեն սարքերի տեղակայման դեպքում ղեկավարման համակարգում նախատեսվում է նույն ժամանակահատվածում միայն մեկ սարքի շահագործում:

20. Պրոցեդուրային սենյակում մեկից ավելի ռենտգեն սարքերի տեղակայման դեպքում յուրաքանչյուր սարքի համար նախատեսվում է լրացուցիչ 4 մ2 ոչ պակաս տարածք:

21. Ռենտգեն կաբինետը պետք է ունենա ճառագայթային պաշտպանության անհատական միջոցների հավաքածու:

22. Ռենտգեն կաբինետի ճառագայթային պաշտպանության անհատական միջոցների ցանկը սահմանվում է համաձայն հավելված 2-ի:

23. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ռենտգեն կաբինետի աշխատասենյակների կազմը և մակերեսները համապատասխանում են սույն Կանոնների պահանջներին։

24. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ռենտգեն կաբինետի աշխատասենյակների կազմին և մակերեսներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն հավելված 3-ի:

 

V. ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԻ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՅԻՆ ՍԵՆՅԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

25. Ռենտգեն կաբինետը սարքավորվում է արհեստական օդափոխանակության համակարգով` ներհոս-արտաձիգ, որը կարող է համակցվել կազմակերպության ընդհանուր օդափոխության համակարգին:

26. Ռենտգեն կաբինետի օդափոխությունը կատարվում է պրոցեդուրային սենյակի բարձրության 1/3 մակարդակում, ներհոսը` վերին, իսկ արտաձիգը` ստորին հատվածներում։

27. Պրոցեդուրային սենյակի հատակը պատրաստվում է խոնավ սանիտարական մշակման ենթակա էլեկտրամեկուսիչ նյութից (մանրատախտակ, փայտյա ներկված հատակ, լինոլեում և այլն)։

28. Պրոցեդուրային սենյակի դռան վերևում տեղադրվում է ռենտգեն սարքի գործարկման հետ միաժամանակ ավտոմատ կերպով միացվող սպիտակ-կարմիր գույնի «չմտնել» լուսային ազդանշանը։

29. Շենքի առաջին հարկում կամ բնակելի և հասարակական շենքերից` 30 մետրից պակաս հեռավորությամբ տեղադրվելու դեպքում, ռենտգեն կաբինետի պրոցեդուրային սենյակի պատուհանները պատվում են պաշտպանիչ շերտով։

30. Պրոցեդուրային սենյակի բարձրությունը նախատեսվում է 3 մետրից ոչ պակաս։

31. Ռենտգեն կաբինետում աշխատանքի ավարտից հետո ամեն օր կատարվում է պատերի և հատակի խոնավ մաքրում: Երկու շաբաթը մեկ անգամ նախատեսվում է հատակի և պատերի ախտահանում քացախաթթվի լուծույթով:

32. Պրոցեդուրային սենյակի աշխատանքային գոտու օդում սահմանվում է`

1) կապարի փոշու սահմանային թույլատրելի խտությունը` 0,0007 մգ/մ3,

2) օզոնի սահմանային թույլատրելի խտությունը` 0,01 մգ/մ3,

3) ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի խտությունը` 0,085 մգ/մ3:

 

VI. ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԻ ՖՈՏՈԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

33. Ֆոտոլաբորատորիայի շահագործման ժամանակ վնասակար գործոններ են հանդիսանում ռենտգեն թաղանթի ֆոտոքիմիական մշակման ընթացքում օգտագործվող քիմիական նյութերի գոլորշիները, որոնց սահմանային թույլատրելի խտությունները աշխատանքային գոտու օդում սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:

34. Ֆոտոլաբորատորիայում բացի ընդհանուր լուսավորումից իրականացվում է նաև տեղային լուսավորում` սարքավորված լուսազտիչով:

35. Լապտերի լուսազտիչներից լրացուցիչ ազդեցությունը ռենտգեն թաղանթի վրա 4 րոպե տևողության ընթացքում չպետք է գերազանցի 0.1-ը, ինչը ռենտգեն թաղանթի օպտիկական խտությունն է` ՕԴ (օպտիկալ դենսիթի):

36. Ֆոտոլաբորատորիան ապահովվում է մշտական հոսող ջրով:

 

VII. ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Ռենտգեն կաբինետի անձնակազմը ենթակա է պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 4.1.4 կետի:

38. Ռենտգեն կաբինետի անձնակազմը ենթակա է նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման:

39. Ռենտգեն կաբինետի անձնակազմը ենթարկվում է մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի` ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման 161-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

VIII. ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

40. Ռենտգեն կաբինետի աշխատատեղերում ջեռուցմանը, օդափոխմանը, օդի լավորակմանը, լուսավորմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի:

41. Միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի:

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 26-ի

N 26-Ն հրամանի

ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՖԻԶԻԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

Ռենտգեն սարքեր

Աշխատանքային ծանրաբեռնվածություն
 մլ. ա. րոպե/շաբաթ

Անոդային լարում, կՎ

1. Դենտալ սարք առանց ուժեղացնող էկրանի` սովորական ժապավենով աշխատող

200

70

2.Դենտալ սարք և պանտոմոգրաֆ պատկերի թվային ընդունիչով աշխատող, այդ թվում` վիզիոգրաֆ (առանց ֆոտոլաբորատորիայի)

40

70

3. Պանորամային սարք, պանտոմոգրաֆ

200

90

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 26-ի

N 26-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

 

ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

 

Պաշտպանության միջոցների անվանումը

Քանակը

1

Անձնակազմի համար`

Ճառագայթապաշտպան մեծ շիրմա (այլ միջոցների բացակայության դեպքում) 

1

2

Պացիենտների համար`

Գոգնոց ստոմատոլոգիական

1

3

Օձիք պաշտպանիչ

1

4

Սփռոց պաշտպանիչ (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության դեպքում)

1

 

 

Հավելված 3

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 26-ի

N 26-Ն հրամանի

ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Աշխատասենյակի անվանումը

Տարածքը, քմ (ոչ պակաս)

1. Ռենտգեն կաբինետ, որտեղ իրականացվում է ռենտգենոգրաֆիա սովորական թաղանթով առանց ուժեղացնող էկրանի`
պրոցեդուրային
ֆոտոլաբորատորիա
Կարող է բացակայել ձեռքի լուսարկման խցիկի կամ ավտոմատ լուսարկման սարքերի առկայության դեպքում:

 

8
6

2. Ռենտգեն կաբինետ, որտեղ իրականացվում է ռենտգենոգրաֆիա բարձր զգայունությամբ ժապավենով և/կամ պատկերի թվային ընդունիչով (մշակումով), այդ թվում` պանտոմոգրաֆով (առանց ֆոտոլաբորատորիայի)`

պրոցեդուրային

 


6

3. Ռենտգեն կաբինետ, որտեղ իրականացվում է պանորամային ռենտգենոգրաֆիա կամ պանորամային տոմոգրաֆիա` 

պրոցեդուրային

կառավարման սենյակ

Կարող է բացակայել աշխատանքային տեղի պաշտպանության միջոցներով

կոմպլեկտավորված ռենտգեն սարքերի դեպքում:

ֆոտոլաբորատորիա

Կարող է բացակայել պատկերի թվային մշակումով ռենտգեն սարքերի դեպքում:

 

8
6

8

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2021, N 38-Ն 19.05.2021, N 26-Ն
03.10.2020, N 29-Ն 13.10.2020, N 26-Ն
07.07.2015, N 41-Ն 13.08.2015, N 26-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան