«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10009462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2009 թ. |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2.2.5-014-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ քիմիական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններում աշխատողների անվտանգության և առողջության պահպանման սանիտարական կանոնները և նորմերը սահմանելու նպատակով,
Հրամայում եմ՝
Հաստատել «Քիմիական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների շահագործման, աշխատողների անվտանգության առողջության պահպանման» 2.2.5-014-09 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
Նախարար`
Հ. Քուշկյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 22-Ն հրամանի |
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
2.2.5-014-09
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են քիմիական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` քիմիական մաքրման կազմակերպություններ) աշխատողների անվտանգությանը և առողջության պահպանմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
2. Սույն Կանոնները տարածվում են քիմիական մաքրման կազմակերպությունների տեղակայման, նախագծման, շինարարության և շահագործման, ինչպես նաև քիմիական մաքրման տեխնոլոգիական գործընթացի, քիմիական մաքրում իրականացնող արտադրական սարքավորումների և քիմիական մաքրման նպատակով կիրառվող քիմիական նյութերի վրա:
2. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Քիմիական մաքրման կազմակերպությունների սանիտարապաշտպանական գոտին նախատեսվում է 50 մ:
4. Քիմիական մաքրման կազմակերպությունների իրերի ընդունման և բացթողման բաժինները (կետերը) կարող են տեղադրվել բնակելի և հասարակական շենքերում` բացառությամբ մանկական, դպրոցական և առողջապահական կազմակերպությունների: Բնակելի և հասարակական շենքերում տեղակայված իրերի ընդունման և բացթողման բաժինները (կետերը) ունենում են առանձին մուտք:
3. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Քիմիական մաքրման կազմակերպությունների արտադրական սենքերում ապահովվում է տեխնոլոգիական գործընթացի հոսքայնությունը` բացառելով ընդունվող (կեղտոտ) և հանձնվող (մաքուր) իրերի շփումը:
6. Քիմիական մաքրման կազմակերպություններում իրերի առաջնային տեսակավորման, կեղտաբծերի հեռացման, օրգանական լուծիչներով իրերի մաքրման, լվացող միջոցների լուծույթներով իրերի մշակման և խոնավ-ջերմային մշակման բաժինները առանձնացվում են:
7. Արտադրական սենքերի պատերի, առաստաղի և հատակի հարդարումը կատարվում է ոչ ադսորբցող (ոչ կլանող) նյութերով` քիմիական նյութերի կուտակումը բացառելու նպատակով: Հատակի երեսապատման նյութերը քիմիապես կայուն են և անջրաթափանց: Հատակը ունի թեքություն դեպի հատականցքը` խոնավ մաքրման ժամանակ առաջացող կեղտաջրերի հեռացման համար:
4. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Քիմիական մաքրման կազմակերպությունների արտադրական սենքերում իրականացվում է մեխանիկական ներհոս-արտաձիգ օդափոխանակություն:
9. Քիմիական մաքրման մեքենաները հերմետիկ են: Իրերի յուրաքանչյուր խմբաքանակի մաքրման գործընթացում քիմիական մաքրման մեքենաները աշխատում են չընդհատվող և փակ ցիկլով:
10. Քիմիական մաքրման մեքենաները լուծիչների գոլորշիների կլանման նպատակով ունեն ադսորբերներ (կլանիչներ):
11. Քիմիական մաքրման մեքենաները լուծիչների գոլորշիների մաքրման և վերականգնման համար ունեն զտիչներ և թորման սարքեր` լուծիչների կրկնակի օգտագործման նպատակով:
12. Կեղտաբծերի հանման և գոլորշու ներգործմամբ իրերի մաքրման աշխատասեղանները սարքավորվում են տեղային արտաձիգ օդափոխությամբ:
13. Չոր մաքրումից հետո իրերը տեղակայվում են առանձնացված տեղամասում` լուծույթների մնացորդային քանակությունների հեռացման նպատակով:
14. Քիմիական ռեակտիվների և պատրաստուկների պահեստներում իրականացվում է բնական օդափոխություն:
15. Քիմիական նյութերը տեղամասերում պահվում են տեղային արտաձիգ օդափոխությամբ սարքավորված պահարաններում:
5. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
16. Քիմիական մաքրման կազմակերպությունների սանիտարակենցաղային սենքի կառուցվածքը համապատասխանում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանի համաձայն ՀՀ տարածքում գործող ՍՆիՊ 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» շինարարական նորմերի և կանոնների պահանջներին:
17. Քիմիական մաքրման կազմակերպությունների աշխատողները ապահովվում են սանիտարա-կենցաղային հարմարություններով` սննդի ընդունման սենյակ, հանդերձարան, զուգարան: Վերջինիս կառուցվածքը և շահագործումը իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների:
6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
18. Քիմիական մաքրման կազմակերպությունների արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողները ենթակա են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 4.1.4 կետի:
19. Քիմիական մաքրման կազմակերպությունների իրերի ընդունման և հանձնման բաժինների (կետերի) աշխատողները ենթակա են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման:
20. Քիմիական մաքրման կազմակերպություններում չի թույլատրվում մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքը` համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշման:
21. Քիմիական մաքրման կազմակերպությունների աշխատողները ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 4.1.3 կետի` ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ հաստատված Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկին համապատասխան:
7. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
22. Քիմիական մաքրման կազմակերպությունների աշխատատեղերում ջեռուցմանը, օդափոխմանը, օդի լավորակմանը, լուսավորմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 3.2 և 3.3 կետերի պահանջների:
23. Միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի պահանջների:
8. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԻՆ
24. Քիմիական մաքրման կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը համապատասխանում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանի համաձայն ՀՀ տարածքում գործող ՍՆԻՊ 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», ՍՆԻՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի և կանոնների պահանջների:
25. Խմելու ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերի և և կանոնների պահանջների:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2022, N 31-Ն | 24.05.2022, N 22-Ն | |
21.02.2017, N 07-Ն | 25.03.2017, N 22-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|