Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2009-11.12.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.06/4(244) Հոդ.36
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.01.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007030

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 39-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 08-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածի 1-ին մասը.

Հրամայում եմ`

1. Հաստատել «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգը (համաձայն հավելվածի):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի հունվարի 17-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 08-Մ հրամանը:

3. Նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան) սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

ՀՀ կրթության և գիտության
նախարար`
L. Մկրտչյան


 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2007 թ. հունվարի 29-ի
N 39-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետերին համապատասխան:

2. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցի աշակերտների համար էքստեռն փոխադրական քննություններ, ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:

(2-րդ կետը փոփ. 31.10.08 N 1008-Ն)

2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

3. Հանրակրթական դպրոցի աշակերտների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում է` ելնելով աշակերտի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման փաստացի մակարդակից:

4. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են բացառապես դպրոցների այն աշակերտների համար, ովքեր նախորդ դասարաններում ունեցել են գերազանց առաջադիմություն և ցուցաբերել են հատուկ օժտվածություն որևէ առարկայից: 

5. Հանրակրթական դպրոցում տվյալ ուսումնական տարվա 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար, էքստեռն փոխադրական քննություններ չի կազմակերպվում:

(5-րդ կետը խմբ. 31.10.08 N 1008-Ն) 

6. Աշակերտների համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով`

ա) Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 10-ը, իսկ առաջին և 10-րդ դասարանների աշակերտների համար՝ մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով:

բ) Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 20-ը, իսկ առաջին և 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 15-ը, դիմումը քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում:

Մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում երաշխավորելու ու նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ:

Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին (եռօրյա ժամկետում) ներկայացվում է նախարարություն և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

գ) Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 30-ը, իսկ առաջին և 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 30-ը:

Դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված աշակերտները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), կենտրոնացված կարգով հանձնում են փոխադրական քննություններ Երևան քաղաքում:

1-4-րդ դասարաններ - գիտելիքների ստուգում (հ. լեզու, մաթեմատիկա):

5-8-րդ դասարաններ - քննություն (հ. լեզու, մաթեմատիկա):

10-րդ դասարան - քննություն (հ. լեզու, մաթեմատիկա):

Քննություններն անց են կացվում նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: 

Հանձնաժողովը նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարարը (այսուհետ` նախարարը):

Քննություններն անց են կացվում կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմված քննական առաջադրանքներով, ընտրված դպրոցում և հաստատված ժամանակացույցով.

1-ին և 10-րդ դասարաններում` տվյալ ուսումնական տարվա հունվարի 20-25-ը ժամանակահատվածում,

2-7-րդ դասարաններում տվյալ ուսումնական տարվա հունիսի 20-25-ը ժամանակահատվածում:

դ) Տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած բոլոր առարկաների քննությունները (գիտելիքների ստուգումը) անց է կացվում տվյալ դպրոցում` դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:

1-ին և 10-րդ դասարաններում տվյալ ուսումնական տարվա հունվարի 26-ից փետրվարի 15-ը ժամանակահատվածում:

2-7-րդ դասարաններում տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 15-30-ը ժամանակահատվածում:

Կենտրոնացված փոխադրական քննություններ անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում աշակերտը իրավունք է ստանում մասնակցելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննություններին:

ե) 1-ին և 10-րդ դասարանցիները փոխադրական քննությունները (գիտելիքների ստուգումը) հանձնում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից: 2-7-րդ դասարանի աշակերտները` հաջորդ դասարանի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից:

զ) Հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, օտար լեզու առարկաների քննությունները անց են կացվում գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:

է) Դպրոցում կազմակերպվող փոխադրական քննություններին մասնակցում է մարզային (Երևան քաղաքի) կրթության վարչության ներկայացուցիչը.

ը) 2009-2010 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում կասեցնել էքստեռն փոխադրական քննությունները:

(6-րդ կետը փոփ. 31.10.08 N 1008-Ն, լրաց. 26.11.09 N 949-Ն)

7. Փոխադրական բոլոր քննություններից միայն «լավ» և «գերազանց» գնահատականներ ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:

8. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա աշակերտին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և եռօրյա ժամկետում տեղեկացնում նախարարությանը և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությանը:

9. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված աշակերտների գնահատականները համարվում են կիսամյակային (տարեկան) ամփոփիչ գնահատականներ:

3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

10. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան:

(10-րդ կետը փոփ. 31.10.08 N 1008-Ն)

11. Էքստեռն ավարտական քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով հիմնական և միջնակարգ կրթության ավարտական վկայական (ատեստատ) ստանալ հանրակրթության համակարգից առնվազն մեկ տարի դուրս մնացած և ինքնակրթությամբ զբաղված անձինք:

(11-րդ կետը խմբ. 31.10.08 N 1008-Ն)

12. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են ՀՀ մարզկենտրոններում (Երևան քաղաքում), էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված դպրոցներում: Դպրոցները ընտրվում են նախարարության կողմից, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունների ներկայացմամբ:

13. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են նախարարության թույլտվությամբ, համապատասխան դպրոցում:

14. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները մինչև տվյալ ուսումնական տարվա մայիսի 5-ը ներառյալ դիմում են մարզկենտրոններում էքստեռն քննություններ ընդունելու իրավունք վերապահված դպրոցների տնօրեններին: Դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) հիմնական կրթության վկայական ստանալու համար.

- անձը հաստատող փաստաթուղթ,

- տեղեկանք նախնական կրթության մասին,

բ) միջնակարգ կրթության վկայական ստանալու համար.

- հիմնական կրթության վկայական (բնօրինակը),

- անձը հաստատող փաստաթուղթ:

Դիմորդների ցուցակները և ներկայացված փաստաթղթերը մինչև մայիսի 10-ը ներկայացվում են նախարարություն, փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:

(14-րդ կետը փոփ. 31.10.08 N 1008-Ն)

15. Էքստեռն քննություններն անցկացվում են մայիսի 20-ից հունիսի 20-ը` ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցերի:

Այն քննությունները, որոնք համընկնում են հանրակրթական հաստատությունների ավարտական և պետական ավարտական քննությունների հետ, անցկացվում են ավարտական և պետական ավարտական քննությունների միասնական քննական օրերին` ՀՀ կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով: Մնացած առարկաների քննական տոմսերը, առաջադրանքները առարկայական ծրագրերին համապատասխան, կազմում են դպրոցի համապատասխան մեթոդմիավորումները:

(15-րդ կետը փոփ., խմբ. 31.10.08 N 1008-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 31.10.08 N 1008-Ն)

17. Նախորդ տարում էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած դրսեկների ստացած քննական դրական գնահատականները պահպանվում են և նրանք քննություններ են հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություններ չեն հանձնել կամ ստացել են քննական անբավարար գնահատականներ:

18. Քննությունների հանձնաժողովները կազմում են դպրոցների տնօրենները հետևյալ սկզբունքով.

ա) ութերորդ դասարանի համար՝ նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,

բ) տասներորդ դասարանի համար՝ նախագահ և հանձնաժողովի երեք անդամ,

գ) յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում առնվազն մեկ անդամ ընդգրկվում է մարզի այլ դպրոցներից, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչության ներկայացմամբ:

19. Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացողներին քննությունները կազմակերպող դպրոցը սահմանված կարգով տալիս է հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական վկայական (կամ ատեստատ)` «Էքստեռն» նշումով (նշումը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում) :

(19-րդ կետը փոփ., լրաց. 31.10.08 N 1008-Ն)

20. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:

21. Էքստեռն կարգով ավարտողներին տրված ավարտական վկայականները գրանցվում են վկայականների և ատեստատների բաշխման մատյաններում` «էքստեռն» նշումով:

22. Գրանցման մատյանը, քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոցում:

4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

23. 2006-2007 ուստարում 1-ին և 9-րդ դասարանների աշակերտների համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.

ա) մինչև տվյալ ուսումնական տարվա փետրվարի 20-ը աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով,

բ) մինչև տվյալ ուսումնական տարվա փետրվարի 25-ը դիմումը քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում: Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված աշակերտները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), կենտրոնացված կարգով հանձնում են փոխադրական քննություններ Երևան քաղաքում, փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը ժամանակահատվածում,

գ) տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած բոլոր առարկաների քննությունները (գիտելիքների ստուգումը) անց է կացվում տվյալ դպրոցում` դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` մարտի 2-ից մինչև մարտի 20-ը ժամանակահատվածում:

(հավելվածը փոփ., խմբ. 31.10.08 N 1008-Ն, լրաց. 26.11.09 N 949-Ն)