«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10010045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2010 թ. ք. Երևան |
N 02-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 768-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 768-Ն հրամանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանին:
Նախարար՝
Հ. Քուշկյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի փետրվարի 5-ի N 02-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) ներքին գործավարության կազմակերպումն ու իրականացումը։
2. Աշխատակազմի ներքին գործավարությունը կազմակերպում է աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` քարտուղարություն) աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով:
3. Յուրաքանչյուր աշխատողի տրվում է համակարգից օգտվողի անուն` աշխատակազմի գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչության կողմից:
4. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին: Օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը)։
5. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար աշխատողին փոխարինող անձի վերաբերյալ տեղեկությունը (փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը) ներկայացվում է աշխատակազմի գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչություն:
6. Աշխատողի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:
7. Աշխատակազմի գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչությունը անհրաժեշտության դեպքում կարող է ձեռնարկել համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիքներ:
8. Եթե էլեկտրոնային տարբերակով ստացված փաստաթղթի վավերության հետ կապված կան անճշտություններ, ապա քարտուղարության պետը (չեղարկում է փաստաթուղթը) ուղարկող մարմնին տեղյակ է պահում տվյալ փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտության մասին:
9. Աշխատակազմի յուրաքանչյուր ստորաբաժանումում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
II. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
10. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`
1) գրություններ՝ այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի, կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր,
2) արձանագրային որոշում, խորհրդակցության արձանագրություն, քաղվածք արձանագրությունից,
3) դիմումներ` այդ թվում՝ առաջարկություններ, բողոքներ,
4) լիցենզիա և թույլտվություններ ստանալու հայտեր,
5) զեկուցագրեր, տեղեկանքներ:
11. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ քարտուղարության պատասխատու աշխատողը կից նյութերով գրանցում է համակարգում՝ նշելով համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: Աշխատակազմի մտից փաստաթղթի համարը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը, ուղարկող մարմնի պայմանանիշը:
12. Աշխատակազմ ստացված փաստաթղթի թղթային տարբերակի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է փաստաթղթի գրանցման մտից համարը և ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի համապատասխան մտից համարին:
13. Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվելուց, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնիքը դրվելուց և պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո միայն, փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է պատասխանատու պաշտոնատար անձին` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
14. Դիմումները, առաջարկությունները, բողոքները (այսուհետ` դիմում) կից նյութերով քարտուղարության պատասխանատու աշխատողը գրանցում է համակարգում՝ նշելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը:
15. «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողը: Այդ ծրարները չեն բացվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը։
16. Քարտուղարության պետը` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի, փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկում է հասցեատիրոջը:
17. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան աշխատակազմի որևէ ելից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան (առնչվող) դաշտում» այն կցվում է համապատասխան ելից փաստաթղթին։
18. Հասցեատերը փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկում է կատարողին (կատարող ստորաբաժանման ղեկավարին)` սահմանելով կատարման ժամկետ: Աշխատակազմի ստորաբաժանման գործունեության ոլորտի համակարգման պատասխանատու համարվող պաշտոնատար անձը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը (այսուհետ` համակարգող) փաստաթուղթը կարող է մակագրել միայն իր համակարգման ոլորտի ստորաբաժանմանը: Համակարգողի կողմից իր գործունեության համակարգման ոլորտում չգտնվող ստորաբաժանմանը հանձնարարական կարող է տրվել միայն աշխատակազմի ղեկավարի միջոցով:
19. Համակարգի միջոցով փաստաթղթի հիմնական վերջնաժամկետը նշանակվում է տվյալ աշխատանքի կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել կատարման առավել սեղմ վերջնաժամկետ:
20. Դիմումներն ուսումնասիրվում և դրանց ընթացք են տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
21. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են քարտուղարությունում, բացառությամբ աշխատակազմ մուտքագրված այն փաստաթղթերի, որոնք քարտուղարության պետի ու աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով ու հասցեատիրոջը և (կամ) աշխատակազմի ստորաբաժանումներին տրամադրվում են ստորագրությամբ` թղթային տարբերակով:
22. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդականին և աշխատակազմի իրավական ապահովման բաժին են տրամադրվում էլեկտրոնային և թղթային տարբերակներով: Աշխատակազմի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել փաստաթղթերի` աշխատակազմի որոշակի ստորաբաժանումներում պահպանելու առանձնահատուկ դեպքերը:
23. Ներքին շրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում և այլն) փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են քարտուղարությանը` փաստաթուղթը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելու, ըստ անհրաժեշտության պատկերամուտով մուտքագրելու և այդ փաստաթղթի կատարումն ապահովելու նպատակով տվյալ մարմնում համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (աշխատակազմի ղեկավար, համակարգող, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար) (այսուհետ` հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ) ներկայացնելու համար:
24. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը համակարգով համապատասխան հանձնարարական է տալիս կատարողին (կատարող ստորաբաժանման ղեկավարին):
25. Ի պատասխան տվյալ հանձնարարականի, նախապատրաստած փաստաթուղթը (հանձնարարական, գրություն և այլն) կատարողը (կատարող ստորաբաժանման ղեկավարը) ներկայացնում է հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հաստատմանը:
26. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` հաստատելով տված հանձնարարականը, այն համակարգով ուղարկում է քարտուղարության պետին` դրանք քարտուղարությունում անհրաժեշտ քանակով տպելու, բազմացնելու, ինչպես նաև հանձնարարականում նշված հասցեատերերին առաքումն ապահովելու համար:
27. Ներքին շրջանառության փաստաթղթերը կամ համապատասխան հանձնարարականները, հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մերժվելու դեպքում, վերջինս համապատասխան մակագրություն է ուղարկում քարտուղարության պետին` տվյալ փաստաթղթի ընթացքն ավարտելու համար:
28. Աշխատակազմ մտից գրությունների, նամակների, հանձնարարականների և մյուս փաստաթղթերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը համակարգով աշխատակազմի ղեկավարին է փոխանցում հանձնարարական` նշված փաստաթղթերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրելու մասին:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
29. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող, ինչպես նաև իրավական այլ ակտերի` Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը նախապատրաստած աշխատողը ներկայացնում է կատարողի (կատարող ստորաբաժանման ղեկավարի) հաստատմանը:
30. Կատարողը (կատարող ստորաբաժանման ղեկավարը) փաստաթուղթը կարող է վերադարձնել աշխատողին` խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:
31. Աշխատողը լրամշակված փաստաթուղթը ներկայացնում է կատարողի (կատարող ստորաբաժանման ղեկավար) հաստատմանը:
32. Կատարողը (կատարող ստորաբաժանման ղեկավար) նախագիծը և նախապատրաստած փաստաթուղթը ներկայացնում է շահագրգիռ ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդականին, ինչպես նաև համակարգողի համաձայնեցմանը:
33. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերը կատարողի (կատարող ստորաբաժանման ղեկավար) կողմից ներկայացվում են շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնեցմանը, ապա պարտադիր կարգով համաձայնեցվում են առողջապահության նախարարի իրավական խորհրդականի և համակարգողի հետ, ընդ որում՝ անձնակազմի կառավարման, քաղաքացիական ծառայության հետ կապված նախագծերը` աշխատակազմի ղեկավարի, գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչության պետի, ֆինանսական նյութեր պարունակող փաստաթղթերի նախագծերը առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետի, բուժօգնության կազմակերպման հետ կապված հարցեր պարունակող փաստաթղթերի նախագծերը` բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի, իսկ հանրային առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության հետ կապված փաստաթղթերը` պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի հետ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից կարող են սահմանվել պարտադիր համաձայնեցման այլ դեպքեր:
34. Համակարգողը, շահագրգիռ ստորաբաժանումները և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդականը նախագիծն ու նախապատրաստված փաստաթուղթը կից եզրակացություններով և կարծիքներով վերադարձնում են ստորաբաժանման ղեկավարին:
35. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կատարող ստորաբաժանումում կամ համակարգողի կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ հրավիրվում է խորհրդակցություն:
36. Խորհրդակցության արդյունքում նախագիծը կարող է ենթարկվել լրամշակման:
37. Խորհրդակցության արդյունքում լրամշակված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է շահագրգիռ ստորաբաժանումների ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդականին, ինչպես նաև համակարգողի համաձայնեցմանը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար համաձայնեցված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:
39. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
IV. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
40. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության նախարարական կոմիտեի նիստի և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման համար պատասխանատվություն կրում է պաշտոնատար այն անձը, ում հասցեագրված է հանձնարարականը:
41. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «1-ին, 2-րդ, … n-րդ կատարող(ներ)» մակագրությամբ` համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը:
42. Հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը ստորաբաժանումների կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթը ներկայացնում է համակարգողի համաձայնեցմանը:
43. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «Հավասարազոր» մակագրությամբ փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումների կամ «Ի գիտություն», «Ի տնօրինություն», «Ի ղեկավարումն», «Ի կատարումն» մակագրություններով ուղարկել համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (ներին):
44. Հանձնարարականում կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման ժամկետ սահմանվում է 15 աշխատանքային օր:
45. Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը պետք է սահմանի կատարման վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել հանձնարարականում նշված կամ սույն կարգով նախատեսված վերջնաժամկետը կամ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված ժամկետները:
46. Հանձնարարական ստացած կատարողներից (կատարող ստորաբաժանումներից) յուրաքանչյուրը հանձնարարականի արդյունքում իր նախապատրաստած փաստաթուղթը հանձնում է համակարգողի համաձայնեցմանը:
47. Համակարգողի հետ համաձայնեցված փաստաթուղթը կատարողը (կատարող ստորաբաժանումը) ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:
48. Հաստատված հանձնարարականը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն ուղարկում է պատասխանատու պաշտոնատար անձին` հանձնարարականում նշված հասցեատիրոջը (տերերին) առաքումն ապահովելու համար:
49. Հանձնարարականը սահմանված ժամկետներում հիմնավոր պատճառներով չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, նախքան հանձնարարականի կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը կարող է միջնորդել հանձնարարականը տված պաշտոնատար անձին` հանձնարարականում նախատեսված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնաժամկետը:
50. Հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգելու մասին հանձնարարականը տրված պաշտոնատար անձի համաձայնության դեպքում, հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգվում է:
51. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան կամ ընդունվել է հանձնարարականը տվողի կողմից:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ
52. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարողը (կատարող ստորաբաժանման ղեկավարը) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող իրավական ակտի նախագծի (այսուհետ` հրաման) նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում ստանալով նաև այդ հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (օրինակ` դիմում, զեկուցագիր, տեղեկանք և այլ նյութեր):
53. Կատարողը (կատարող ստորաբաժանման ղեկավարը) վերջնաժամկետի նշմամբ, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի սահմանած վերջնաժամկետը, կամ տվյալ հրամանի նախապատրաստման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետները, հանձնարարում է աշխատողին նախապատրաստել հրամանը` փոխանցելով նաև հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը:
54. Հրամանը նախապատրաստած աշխատողն այն ուղարկում է կատարողի (կատարող ստորաբաժանման ղեկավարի) հաստատմանը:
55. Կատարողը (կատարող ստորաբաժանման ղեկավարը) հրամանը կարող է վերադարձնել աշխատողին` այն խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:
56. Աշխատողը հրամանի լրամշակված նախագիծը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
57. Կատարողը (կատարող ստորաբաժանման ղեկավարը) հրամանն անհրաժեշտության դեպքում համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդականին, ինչպես նաև համակարգողի համաձայնեցմանը:
58. Համաձայնեցումից հետո Կատարողը (կատարող ստորաբաժանման ղեկավարը) հրամանը ձևաթղթի վրա տպված ներկայացնում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի ստորագրությանը:
59. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները համարակալվում են առանձին:
60. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:
61. Չխախտելով հերթական համարակալումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչության նախապատրաստած հրամանները համարակալվում, թղթային տարբերակով պահպանվում` արխիվացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչությունում, իսկ մյուս ստորաբաժանումների նախապատրաստած հրամանները համարակալվում, թղթային տարբերակով պահպանվում` արխիվացվում են քարտուղարությունում: Հրամանն էլեկտրոնային տարբերակով` քարտուղարության կողմից համակարգով ուղարկում են հասցեատիրոջը (տերերին): Անհրաժեշտության դեպքում համապատասխան հրամանի պատճենը կարող է աշխատողին տրամադրվել նաև թղթային տարբերակով:
62. Աշխատակազմի ներքին իրավական ակտերն ու փաստաթղթերը տեղադրվում են համակարգում` Կատարողի (կատարող ստորաբաժանման) կողմից` նշելով համապատասխան ստորաբաժանումների և աշխատողների հասանելիությունը:
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
63. Կատարողի (կատարող ստորաբաժանման) կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից կամ նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում համակարգում աշխատողը լրացնում է համակարգով պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը:
64. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների ստորագրությամբ ելից գրությունները կատարող ստորաբաժանումը, անհրաժեշտության դեպքում համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդականին, իսկ վերջում` նաև համակարգողի համաձայնեցմանը:
65. Հայաստանի Հանրապետության առողջապահությանն նախարարի ստորագրությամբ ելից փաստաթղթերը պարտադիր կարգով համաձայնեցվում են համակարգողի և առողջապահության նախարարի իրավական խորհրդականի կողմից, ընդ որում՝ անձնակազմի կառավարման, քաղաքացիական ծառայության հետ կապված նախագծերը նաև` աշխատակազմի ղեկավարի, գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչության պետի, ֆինանսական նյութեր պարունակող փաստաթղթերի նախագծերը առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետի, բուժօգնության կազմակերպման հետ կապված հարցեր պարունակող փաստաթղթերի նախագծերը` բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի կողմից, իսկ հանրային առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության հետ կապված փաստաթղթերը` պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի հետ:
66. Համաձայնեցված փաստաթուղթը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:
67. Պետական այն մարմինները, որոնց հետ իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, փաստաթուղթն էլեկտրոնային ձևաթղթով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը:
68. Եթե էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթի պատասխանն առաքվում է թղթային տարբերակով, ապա վավեր էլեկտրոնային ստորագրություն ունեցող փաստաթղթի թղթային տարբերակը պետք է վավերացվի քարտուղարության կնիքով:
69. Ձևաթղթերը համարակալված պահպանվում են քարտուղարությունում:
70. Աշխատակազմի ղեկավարի հրամանների համարակալված ձևաթղթերը պահպանվում են գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչությունում:
71. Անհրաժեշտության դեպքում աշխատողը ստորագրությամբ կարող է ստանալ համապատասխան ձևաթուղթը:
72. Ձևաթղթերն օգտագործման համար պիտանի չլինելու, ինչպես նաև ձևաթղթերի վրա զետեղված տեքստում վրիպակներ, բացթողումներ հայտնաբերվելու դեպքերում այդ մասին տվյալ ձևաթուղթը տրամադրելու իրավասություն ունեցող աշխատողը կազմում է ակտ` նշելով ձևաթղթի տեսակը, համարը, տվյալ աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը և ոչնչացնելով խոտանված ձևաթղթերը` թուղթը մանրացնելու միջոցով:
73. Գրությունն ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է քարտուղարություն` փաստաթղթի առաքումն ապահովելու համար և այդ մասին համակարգով տեղյակ է պահում կատարողին:
74. Գրության թղթային տարբերակը հանձնվում է քարտուղարություն` հասցեատիրոջն (տերերին) առաքումն ապահովելու համար:
75. Շրջաբերական նամակների թղթային տարբերակով առաքումն ապահովելու համար կատարող ստորաբաժանման կողմից լրացվում է նաև առաքման թերթիկ` 2 օրինակից: Ըստ հասցեատերերի քանակի, նամակի բազմացված օրինակները առաքման թերթիկի մեկ օրինակի հետ հանձնվում են քարտուղարություն:
76. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան աշխատակազմ ստացված որևէ մտից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան դաշտում» այն կցվում է համապատասխան մտից գրությանը:
77. Ելից փաստաթղթի հերթական համարը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով: Աշխատակազմի ելից փաստաթղթի համարը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը, ստորագրողի պայմանանիշը, կատարող ստորաբաժանումը:
78. Աշխատակազմում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում աշխատակազմի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ աշխատակազմի ղեկավարի տեղակալը կամ քարտուղարության պետը:
Հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր շաբաթվա վերջում կատարված և ժամկետանց հանձնարարականների ու (մակագրությունների) մասին պատրաստում է տեղեկանքը, որը ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին կամ նախարարին: Աշխատակազմի Կատարողի (կատարող ստորաբաժանման) համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
VII. ԱՌՑԱՆՑ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ
79. Դիմումներին տրված ընթացքին դիմումատուները կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ):
80. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո համակարգը ձևավորում է 12 նիշանոց ծածկագիր-համարը, որը կամ անձամբ տրվում է դիմումատուին կամ դիմումատուի նշած փոստային հասցեով ծանուցվում է նրան:
81. Նշված համարը մուտքագրելով դիմումատուն առցանց համակարգով կարող է տեսնել իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:
82. Եթե դիմումատուին պատասխանվել է, ապա առցանց համակարգով դիմումատուն կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, պատասխանի համարը, պատասխանը և այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:
83. Դիմումների պատկերամուտով մուտքագրումը, դրանց շարժն ու ելքն իրականացվում է սույն գործավարության կարգով նախատեսված ընթացակարգով:
VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ
84. Համակարգում ներառված ցանկացած փատաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում` արխիվացվում է համակարգում` 3 տարի ժամկետով:
85. Ցանկացած ժամանակ ըստ համակարգից օգտվելու հասանելիության` համակարգից օգտվողը կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը:
86. 3 տարին լրանալուց հետո աշխատակազմը իր համակարգում պահպանված` արխիվացված բոլոր փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ստեղծված և վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ:
87. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կենտրոնական արխիվում փաստաթղթերը պահպանվում են 10 տարի ժամկետով: