«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11009359
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոսի 2009 թ. |
N 752-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետը, հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերի հրատարակման, վերահրատարակման ու վերարտադրության գործընթացը կանոնակարգելու նպատակով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը»` համաձայն հավելվածի:
2. Օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին, սահմանված կարգով ապահովել սույն կարգի պետական գրանցումը:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտությաննախարարի 2009 թ. օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը» (այսուհետ` Կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և դրանց հրատարակման գործընթացները կանոնակարգելու նպատակով:
2. Կարգը մշակվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579- Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետի համաձայն և ապահովում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 20-րդ ենթակետի, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի աղյուսակ 1-ի 09 բաժնի 06 խմբի 13-րդ ծրագրի կատարումը և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:
II. Հանրակրթական առարկաների դասագրքերի հրատարակման ԵՎ բաշխման գործընթացը
3. Յուրաքանչյուր հանրակրթական առարկայի դասագրքի և նրան համապատասխան ուսուցչի ձեռնարկի (այսուհետ` դասագրքեր) հրատարակումն ու բաշխումը պետական բյուջեի միջոցներով հրատարակելու դեպքում իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, իսկ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցներով հրատարակելու դեպքում` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից:
4. Հանրակրթական առարկաների դասագրքերի գնումն իրականացվում է.
1) ՀՀ պետական բյուջեի միջոցներով,
2) ԴՇՀ-ի միջոցներով,
3) Օրենքով չարգելված այլ միջոցներով:
5. Յուրաքանչյուր ուսումնական տարում օգտագործվող հիմնական դասագրքերի ցանկը մինչև տվյալ ուսումնական տարվա սկիզբը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
6. Յուրաքանչյուր ուսումնական տարի ուսումնական հաստատությունները (այսուհետ` հաստատություն) մինչև հուլիսի 15-ը կրթության պետական կառավարման լիազորված մարմին` նշելով անհրաժեշտ դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների քանակները: Հայտում նշված քանակների համաձայն, ուսումնական հաստատությունը ստանում է դասագրքեր ու ուսումնական ձեռնարկներ և որպես սեփականություն մուտքագրում դրանք հաստատության գրադարանի գրքային ֆոնդ:
7. Տարրական դասարանների դասագրքերը հաստատությանը հանձնելուց հետո, օգտագործվում են առնվազն երեք տարի` բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի: Մյուս դասարանների դասագրքերը, ինչպես նաև տարրական դասարանների օտար լեզուների և երաժշտության դասագրքերը հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն չորս տարի: Առանձին դասագրքերի օգտագործման ժամկետը կարող է երկարացվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
8. Դասագրքերի վերարտադրության համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների կամ հովանավորների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը սահմանվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ, համապատասխան հրամանով: Տվյալ դասարանի տվյալ առարկայի համար, այդ թվում մեկից ավելի դասագրքերի պարագայում, սահմանվում է գումարային ներդրման միասնական չափ:
9. Հաստատության խորհրդի որոշմամբ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դասագրքերով ապահովելու նպատակով, մեկ ուսումնական տարվա համար հաստատության միջոցներով հրատարակված դասագրքերի գումարի ներդրման չափը առավելագույնը 10%-ով կարող է ավելացվել: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է է հաստատության տնօրինության կողմից և հաստատվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում:
10. Հանրակրթական ուսումնական հաստատությունը`
1) ուսումնական տարվա սկզբին, մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, դասագրքերը հատկացնում է սովորողներին և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ կնքում պայմանագիր, որի մեկ օրինակը կցվում է դասամատյանին,
2) դասագրքերի համար սովորողների կողմից ներդրված գումարները փոխանցում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի` իր առանձնացված բանկային հաշվին` մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը,
3) ուսումնական տարվա վերջին, հետագա օգտագործման նպատակով, սովորողներից հավաքում է նրանց հատկացրած բոլոր դասագրքերը և պահում հաստատության գրադարանում` բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա -1» (առաջին մաս) դասագրքերի, որոնք առաջին դասարանցիներին են հատկացվում անվերադարձ օգտագործման սկզբունքով:
Հաջորդ ուսումնական տարում նույն դասագիրքը հատկացնում է համապատասխան դասարանի սովորողին: Այս կարգով յուրաքանչյուր դասագիրք առնվազն 4 անգամ տրվում է օգտագործման հաստատության տարբեր սովորողներին,
4) տարեկան երկու անգամ ստանում է բանկային քաղվածքները, ստուգում է դրանց համապատասխանությունը վճարման անդորրագրերի և հանձնարարականների հետ: Անհամապատասխանության դեպքում միջոցներ է ձեռնարկում տվյալները ճշտելու ուղղությամբ և լրացնում է տվյալների ճշգրտման համապատասխան ձևը,
5) պարբերաբար կատարում է ստացված դասագրքերի հաշվառում: Պահպանում է դասագրքերի պատվերի հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի ստացման ակտերը, գումարների մուծման հանձնարարագրերը, բանկային քաղվածքները և ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կրթության կառավարման լիազորված մարմին է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ,
6) ի տես բոլորի (գրադարանում, հայտարարությունների տախտակին և աչքի ընկնող տեղերում) փակցնում է դասագրքերի համար ներդրումների չափի վերաբերյալ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հրամանը,
7) ուսումնական տարվա վերջում առարկայական մեթոդմիավորումների (մասնախմբերի) առաջարկությունները քննարկելուց հետո, կրթության կառավարման լիազորված մարմին է ներկայացնում դասագրքերի հայտերը` ըստ դասարանների, հրատարակչությունների և հեղինակների,
8) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում,
9) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:
11. Դասագրքերի շրջանառու հիմնադրամի համակարգում ընդգրկված յուրաքանչյուր հաստատությունում գոյանում են դասագրքերի վերարտադրության պահուստային միջոցներ, որոնք սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների կամ հովանավորների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց կատարված գումարային ներդրումների շնորհիվ կուտակված դրամական միջոցներն են:
12. Դասագրքերի համար ներդրված գումարները հավաքագրվում են հաստատության` դասագրքերի վերարտադրության պահուստային միջոցների առանձնացված բանկային հաշվի վրա և կարող են օգտագործվել միայն Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ցանկում ներառված դասագրքերի ձեռքբերման նպատակով:
13. ՈՒսումնական հաստատությունը դասագրքերով ապահովելու գործընթացը համակարգվում և վերահսկվում է կրթության կառավարման լիազորված մարմնի կողմից, որը`
1) կազմակերպում է դասագրքերի ստացումն ու բաշխումը` ապահովելով պահուստային քանակների պահպանությունը,
2) ապահովում է մարզի (Երևան քաղաքի) յուրաքանչյուր պետական հանրակրթական հաստատության ընդգրկումը դասագրքերի շրջանառու համակարգ,
3) կազմում է մարզի (Երևան քաղաքի) հաստատությունների դասագրքերի բաշխման միասնական տարեկան հաշվետվությունը և տվյալ ուստարվա համար ձևավորում է դասագրքերի պատվերը,
4) ստանում և համապատասխան մարմիններին է տրամադրում տվյալներ հավաքագրված գումարների վերաբերյալ, ստուգում է տվյալների իսկությունը՝ համեմատելով վճարման հանձնարարականների հետ: Սխալ փոխանցումների հայտնաբերման դեպքում աջակցում է դրանց շտկմանը,
5) համակարգում է դասագրքերի պահուստային քանակների վերաբաշխումը` տվյալ մարզի (Երևան քաղաքի) հաստատությունների միջև,
6) իրականացնում է սույն Կարգից բխող այլ լիազորություններ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.11.2021, N 81-Ն | 04.12.2021, N 752-Ն | |
11.04.2018, N 313-Ն | 12.05.2018, N 752-Ն | |
13.04.2015, N 272-Ն | 14.05.2015, N 752-Ն | |
10.11.2011, N 1226-Ն | 25.12.2011, N 752-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|