«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 33109394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
28 հոկտեմբերի 2009 թ. |
N 173-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին՝ 5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» N 117-Ն հրամանը:
Կոմիտեի նախագահ` | Ա. Անդրեասյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործավարության կարգը:
2. Կոմիտեում գործավարության վերահսկողությունը և աշխատանքների կազմակերպման համակարգումը իրականացնում է Կոմիտեի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարը:
Կոմիտեում գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ՝ Քարտուղարություն):
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում (Այսուհետ՝ Ստորաբաժանում) գործավարության կազմակերպման համար պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
4. Կոմիտեում փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է հայերեն լեզվով: Օտար լեզվով ստացված բոլոր փաստաթղթերը թարգմանվում են Աշխատակազմի արտաքին կապերի բաժնի կողմից և բաժնի պետի նշագրով ներկայացվում Աշխատակազմի Քարտուղարությանը, որից հետո միայն ստացված փաստաթուղթը դրվում է շրջանառության մեջ:
5. Կոմիտեում գաղտնի գործավարության կազմակերպումը և վարումը իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով լիազորված անձը՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
6. Սույն կարգը պարտադիր է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Կոմիտեի այլ աշխատողների համար:
II. ԿՈՄԻՏԵՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ
7. Աշխատակազմում ստացված ամբողջ թղթակցությունն ընդունվում և գրանցվում է կոմիտեի աշխատակազմի քարտուղարության կողմից համակարգչային ծրագրի միջոցով, զուգահեռ՝ նաև էջերը համարակալված և Քարտուղարության կնիքով կնքված մտից փաստաթղթերի մատյաններում (հավելված N 1), որտեղ արտացոլվում են փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
8. Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է սույն կարգով սահմանված պայմանանիշից և հերթական համարից: Փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, գրանցման համարը և ամսաթիվը:
9. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարից, Հայաստանի Հանրապետության գործադիր և պետական, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված «Շտապ» մակագրությամբ նյութերը անմիջապես գրանցվում և հանձնվում են Կոմիտեի նախագահին:
10. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձամբ» և «Անձնական» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» և «Անձնական» նշումներով ծրարները փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
11. Քարտուղարության աշխատակիցները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթի ամբողջականությունը (առդիրները, էլեկտրոնային կրիչները և այլն), ուղարկված փաստաթղթի համարը համեմատել ծրարի վրա նշվածի հետ:
12. Փաստաթղթի ամբողջական չլինելու դեպքում այն առանց գրանցվելու կից գրությամբ հետ է ուղարկվում հասցեատիրոջը (կցվում են նաև ստացված ծրարները): Նշված եղանակով ետ են ուղարկվում նաև Կոմիտե սխալմամբ ուղարկված փաստաթղթերը:
13. Ստացված թղթակցության ծրարները պահպանվում և փաստաթղթին կցվում են այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ժամկետը որոշելու համար:
14. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը (ֆայլը)՝ ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ Ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային տարբերակի իսկությունն ապահովում է այն անձը կամ Ստորաբաժանումը, որը պատրաստել է տվյալ փաստաթուղթը՝ համապատասխան ստորագրություններով:
15. Քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների գրանցումը կատարվում է մնացած թղթակցությունից առանձին:
16. Կոմիտեում Ստորաբաժանումից Ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին հանձնվում են Քարտուղարության միջոցով՝ համապատասխան ձևակերպումից հետո միայն:
17. Կոմիտեի Ստորաբաժանումներում գործավարությունն իրականացնում են այն քաղաքացիական ծառայողները, որոնց պաշտոնի անձնագրերում գործառույթը ներառված է, ինչպես նաև նրանք, ովքեր փոխարինում են Ստորաբաժանման գործավարությունն իրականացնող քաղաքացիական ծառայողներին: Ստորաբաժանումներում գործավարությունն իրականացվում է մտից-ելից փաստաթղթերի մատյանների միջոցով (հավելված N 3): Ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ Ստորաբաժանումում գործավարությունը մատյաններին զուգահեռ կարող է իրականացվել նաև համակարգչի միջոցով:
18. Ստացված բոլոր փաստաթղթերը գործավարությունն իրականացնող անձի կողմից գրանցվում են Ստորաբաժանման մտից փաստաթղթերի համար նախատեսված գրանցամատյանում և անմիջապես հանձնվում Ստորաբաժանման ղեկավարին: Վերջինս ուսումնասիրում է մտից թղթակցությունը և համապատասխան մակագրությամբ փաստաթղթի կատարումը հանձնարարում կոնկրետ աշխատակցի կամ աշխատակիցների:
19. Ստորաբաժանման ներսում մի աշխատակցից մյուսին փաստաթուղթը փոխանցվում է այդ Ստորաբաժանման մտից փաստաթղթերի համար նախատեսված գրանցամատյանում նշելով փոխանցման ամսաթիվը, նոր կատարողի պաշտոնը և ազգանունը:
20. Եթե հանձնարարականը տրված է մի քանի Ստորաբաժանումների, ապա գլխավոր պատասխանատու է համարվում այն Ստորաբաժանումը, որն առաջինն է նշված մակագրությունների մեջ կամ որի դիմաց նշված է «հավաք» բառը: Նրան իրավունք է վերապահվում քննարկման հրավիրել այլ Ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք հավասար չափով պատասխանատու են փաստաթղթի ժամանակին և պատշաճ կատարման համար:
21. Հանձնարարական ստացած մյուս կատարողները պարտավոր են գլխավոր պատասխանատուին փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկությունները և բոլոր անհրաժեշտ նյութերը ներկայացնել փաստաթղթի կատարման համար սահմանված ժամկետից երկու աշխատանքային օր առաջ և հանձնարարականը սահմանված ժամկետում կատարելու համար պատասխանատվություն են կրում միայն իրենց կողմից ներկայացված առաջարկությունների և փաստաթղթերի մասով:
Հանձնարարականների կատարման ընթացքում այլ ստորաբաժանումների մասնակցության անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցը բարձրացվում է պատասխանատու կատարողի կողմից՝ գրավոր հիմնավորմամբ:
Հանձնարարականների կատարման ժամկետի կատարման համար պատասխանատվություն է կրում պատասխանատու կատարողը:
22. Աշխատակազմի աշխատակիցները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց: Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:
23. Արձակուրդ, գործուղման, վերապատրաստման գնալիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
24. ՀՀ պաշտոնական և գերատեսչական տեղեկագրերը, բացառությամբ ֆինանսական և հաշվապահական ուղղվածություն ունեցող տեղեկագրերի, հաշվառվում և պահվում են Աշխատակազմի իրավաբանական վարչությունում և գրանցելուց հետո տրամադրվում են միայն Կոմիտեի աշխատակիցներին:
25. Ֆինանսական և հաշվապահական ուղղվածություն ունեցող տեղեկագրերը հաշվառվում և պահվում են Աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչությունում:
26. Աշխատակազմի իրավաբանական վարչությունից վերցված իրավական ակտերը ենթակա են վերադարձման՝ 3-օրյա ժամկետում:
III. ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՀՐԱՎԻՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
27. Գործակարգավարական խորհրդակցությունների արձանագրման և սպասարկման աշխատանքները իրականացվում է Քարտուղարության կողմից:
28. Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունների քննարկման հարցերի նախապատրաստման, արձանագրման և սպասարկման աշխատանքները իրականացնում են Ստորաբաժանումները:
29. Արձանագրությունները ստորագրվում են նիստը վարողի և արձանագրողի կողմից, այնուհետև առաքման թերթիկի (հավելված 4) հետ միասին հանձնվում Քարտուղարությանը, որն էլ ապահովում է փաստաթղթի առաքումը: Առաքվող փաստաթղթի պատճենները կնքվում են Քարտուղարության կնիքով:
30. Անհրաժեշտության դեպքում խորհրդակցությունները կարող են նաև ձայնագրվել:
31. Բոլոր արձանագրությունների բնօրինակները պահվում եմ Քարտուղարությունում:
IV. ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
32. Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների համար, որոնք իրենց հերթին բաժանվում են ընթացիկ և անձնակազմի վերաբերյալ, սահմանվում է առանձին համարակալում՝ տարեսկզբից մինչև տարեվերջ: Հրամանները գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում, զուգահեռ՝ նաև համակարգչային ծրագրի միջոցով:
33. Կոմիտեի նախագահի հրամանները ստորագրության ներկայացնելուց առաջ նշագրվում են կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալի, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ինչպես նաև համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների կողմից:
34. Բոլոր հրամանները Կոմիտեի նախագահին (Աշխատակազմի ղեկավարին) ստորագրման ներկայացնելուց առաջ նշագրվում են իրավաբանական վարչության կողմից` հաստատելով հրամանի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
35. Աշխատակազմի ղեկավարի հրամանները ստորագրության ներկայացնելուց առաջ նշագրվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների և իրավաբանական վարչության կողմից:
36. Հրամանի հավելվածների առկայության դեպքում դրանք ստորագրվում են հրամանը պատրաստած համապատասխան Ստորաբաժանման ղեկավարի կողմից:
37. Հրամանների նախագծերը կազմում և շրջանառության մեջ են դնում համապատասխան Ստորաբաժանումները՝ ղեկավարության հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ իրենց իրավասությունների շրջանակի մեջ մտնող խնդիրների լուծման կամ իրենց տրված հանձնարարականների կատարման նպատակով:
38. Հրամանի նախագծի բովանդակությունը կազմված է երկու մասից՝ փաստագրական (ներածական) և կարգադրական:
39. Փաստագրական մասում հակիրճ շարադրվում են այն փաստերն ու հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հրամանի կազմման համար, իսկ կարգադրական մասում՝ տրվող հանձնարարականները:
40. Եթե հրամանն արձակվում է իրավական ակտի հիման վրա, ապա ներածական մասում պետք է նշվի այդ հանձնարարությունը բովանդակող փաստաթղթի լրիվ անվանումը, համարն ու ամսաթիվը:
41. Հրամանի կարգադրական մասը սկսվում է «ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ» բառով, տպագրվում է մեծատառերով և գրվում առանձին տողի կենտրոնում: Կարգադրական մասը պետք է բովանդակի հանձնարարությունները և միջոցառումները՝ նշելով պատասխանատու անձանց և կատարման ժամկետները:
42. Կարգադրական մասի վերջին կետում նշվում են այն պաշտոնատար անձի կամ անձանց ազգանունները, որոնց վրա դրվում է տվյալ հրամանի կատարման հսկողությունը:
43. Հրամանի նախագծի տեքստը պետք է գրվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
44. Հրամանները նշագրվում են հրամանի վերջին էջի հակառակ կողմում, որտեղ էջի վերին մասում ձախից նշվում է նշագրողի պաշտոնը, աջից անվան առաջին տառը և ազգանունը, իսկ էջի ստորին ձախ անկյունում նշվում է կատարողի ազգանունը և ստորաբաժանման անվանումը:
45. Եթե նշագրողը առաջարկություններ կամ առարկություններ ունի որևէ կետի (կետերի) կամ ամբողջ հրամանի վերաբերյալ, ապա պարտավոր է նշագրման հետ մեկտեղ շարադրել անհամաձայնության առարկայի շուրջ իր հատուկ կարծիքը: Եթե հատուկ կարծիքը ծավալուն է, այն կարող է ներկայացվել առանձին փաստաթղթով, որի մասին նշում է կատարվում նշագրման հետ մեկտեղ: Հատուկ կարծիքը պետք է կցվի հրամանին և պահվի բնօրինակի հետ:
46. Հրամանը ստորագրում է Կոմիտեի նախագահը կամ նրա լիազորությամբ կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը:
47. Հրամանին կից՝ պատրաստող Ստորաբաժանման կողմից ներկայացվում է հրամանի առաքման համար նախատեսված առաքման թերթիկը՝ նշագրված Ստորաբաժանման ղեկավարի կողմից (հավելված 4):
48. Հրամանների պատճենները առաքվում են պատրատող Ստորաբաժանման ղեկավարի կողմից առաքման թերթիկում նշված անձանց, Ստորաբաժանումներին և կազմակերպություններին: Հրամանի պատճենները առաքվում են Քարտուղարության պետի կողմից դրանց վրա «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը կատարելուց, ստորագրելուց և Քարտուղարության անվանումով կնիքը դնելուց հետո միայն:
49. Այլ պետական մարմինների հետ համատեղ պատրաստված հրամանները պատրաստվում են սովորական թղթի վրա՝ ղեկավարների ստորագրությունները դնելով նույն տողում:
50. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում՝ Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով և առաքվում՝ ըստ սկզբնական հասցեատերերի:
V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
51. Կոմիտեի ելից թղթակցությունը գրանցվում է Քարտուղարությունում համակարգչային ծրագրի միջոցով, զուգահեռ՝ նաև էջերը համարակալված և Քարտուղարության կնիքով կնքված ելից փաստաթղթերի մատյաններում (հավելված N 2):
52. Փաստաթղթի գրանցման ելից համարը բաղկացած է սույն կարգով սահմանված պայմանանիշից և հերթական համարից:
53. Աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի կողմից՝ ըստ նրանց պաշտոնական լիազորությունների սահմանազատման ուղղությունների:
54. Տեսչական և ֆինանսական գործառույթների հետ կապված փաստաթղթեր կարող են ստորագրվել կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի կողմից:
55. Ապրանքանյութական և դրամական արժեքներ ստանալու կամ առաքելու հետ կապված փաստաթղթերը, ինչպես նաև երաշխիքային գրությունները ստորագրվում են Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալների, Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի, իսկ Կոմիտեի Աշխատակազմին վերաբերող մասով՝ Աշխատակազմի ղեկավարի և Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի կամ հաշվապահական հաշվառման բաժնի պետի կողմից: Երաշխիքային գրություններում պարտադիր նշվում են Կոմիտեի Աշխատակազմի հաշվարկային հաշվի համարը և դրան սպասարկող բանկի անվանումը:
56. Ելից փաստաթղթերը Կոմիտեի նախագահին ստորագրման է հանձնվում, եթե փաստաթղթի վրա առկա են հանձնարարական ստացած բոլոր պաշտոնատար անձանց նշագրերը կամ նրանց կողմից ներկայացված կարծիքները:
57. Ելից փաստաթուղթը կազմվում է երեք օրինակից: Առաջինն ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդը համապատասխան պաշտոնատար անձանց նշագրումներով մնում է Քարտուղարությունում, իսկ երրորդը՝ կատարման հիմքերով պահպանվում է համապատասխան Ստորաբաժանումում:
58. Առդիրների առկայության դեպքում դրանք ևս նշագրվում են համապատասխան պաշտոնատար անձանց կողմից և կցվում Քարտուղարությունում պահպանվող օրինակին:
59. Գրության տեքստից հետո նշվում են կցվող նյութի (առդիրի) անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը:
60. Գրության վերջին էջի ներքևի ձախ մասում նշվում է կատարողի ազգանունը և հեռախոսահամարը:
61. Այն դեպքերում, երբ ելից գրությունը ուղարկվում է մտից գրությանը ի պատասխան, ապա ելից գրության մեջ պարտադիր նշվում է մտից գրության ամսաթիվը և համարը:
62. Նույն տվյալները պետք է պարունակի նաև փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը:
63. Հեռագրային հարցումների պատասխանները պետք է տրվեն 3 օրից ոչ ավելի ժամանակահատվածում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ:
64. Հեռագրերը կազմվում են հարցի լուծումն արագացնելու անհրաժեշտության դեպքում:
65. Արտասահմանյան երկրներ ուղարկվող հեռագրերը ստորագրվում են միայն Կոմիտեի նախագահի կողմից:
66. Կոմիտեի նախագահի տեղակալները և Աշխատակազմի ղեկավարը ստորագրում են միայն իրենց իրավասության հարցերին վերաբերող հեռագրերը:
67. Հեռագրերը կազմելիս մեծատառերով գրվում է «ՀԵՌԱԳԻՐ» բառը: Հեռագրի տեքստը պետք է լինի հակիրճ և չգերազանցի 30-35 բառը: Պետք է շարադրվի առանց շաղկապների և նախածանցների, եթե դրանով չի աղավաղվում բովանդակությունը, առանց բառերը տողադարձելու: Պատասխան հեռագրի տեքստը սկսվում է այն փաստաթղթի համարով, որին պատասխանվում է:
68. Հեռագրում նշվում են՝ հասցեատերը, ելքի համարը, հեռագիրը ստորագրող ղեկավարի պաշտոնը, ազգանունը, հեռագրի ստորին մասում գծից ներքև գրվում է Կոմիտեի հասցեն:
69. Հեռագրերը գրանցվում են Կոմիտեի Քարտուղարությունում, դրանց ելից համարները դրվում են ելից փաստաթղթի համարակալման՝ սույն կարգով սահմանված կարգով:
70. Հրատապ տեղեկատվություն հաղորդելու համար, մի շարք դեպքերում, ՀՀ սահմաններում կարող են օգտագործվել հեռախոսագրերը: Դրանք պետք է կազմված լինեն պարզ և համառոտ տեքստով:
71. Հեռախոսագրերը ստորագրվում են Կոմիտեի Նախագահի, նրա տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կողմից: Հրատապ լուծում պահանջող խնդիրներ առաջանալու դեպքերում հեռախոսագրերը կարող են ստորագրվել նաև Ստորաբաժանման ղեկավարների կողմից:
72. Հեռախոսագրերի վրա դրվում է ելքի համար, նշվում են հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման-ընդունման ամսաթիվն ու ժամը:
73. Հեռախոսագրերի հաղորդումը և ընդունումը կազմակերպում են Աշխատակազմի Ստորաբաժանումների ղեկավարները:
74. Թղթակցությունը Քարտուղարության կողմից հասցեատերերին ուղարկվում է փոստով կամ սուրհանդակային ծառայության միջոցով: Հասցեատիրոջ կամ նրա լիազորված անձի ներկայանալու դեպքում (անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ) ելից փաստաթուղթը հանձնվում է առձեռն, որը համապատասխան նշագրում է կատարում ելից փաստաթղթերի գրանցամատյանում:
75. Ելից փաստաթուղթը Քարտուղարության կողմից կարող է հանձնվել նաև փաստաթուղթը պատրաստած ստորաբաժանման ներկայացուցչին, որը համապատասխան նշագրում է կատարում ելից փաստաթղթերի գրանցամատյանում:
76. Առաքվող թղթակցությունը սահմանված կարգով պահվում է Քարտուղարությունում:
VI. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑՔԸ
77. Քաղաքացիներից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները ստացման օրը սահմանված կարգով գրանցվում են Քարտուղարությունում:
78. Քաղաքացիների՝ Կոմիտեի ղեկավարության կողմից անհատական ընդունելության ժամանակ գրավոր ներկայացրած կամ արձանագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են սահմանված կարգով:
79. Քաղաքացու գրավոր դիմումը, բողոքն ու առաջարկությունը պետք է ստորագրված լինի՝ նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների՝ առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:
80. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է առաջին ազգանունը և նշվում է «կոլ.» բառը:
81. Անհրաժեշտության դեպքում իրականացվում է վարչական վարույթ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
82. Քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությանբ բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին:
83. Քաղաքացիներից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկվում և պատասխանվում են 15-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջողները՝ 1 ամսվա ընթացքում: Նշված ժամկետները չեն տարածվում այն փաստաթղթերի վրա, որոնք ստացվել ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմերից և որոնցում նշված է կատարման կոնկրետ ժամկետ:
VII. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
84. Կոմիտեում ստացված բոլոր փաստաթղթերի, Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների, հանձնարարականների և քաղաքացիների դիմումների հետ կապված ժամկետների նկատմամբ սահմանվում է հսկողություն, որն իրականացվում է Քարտուղարության կողմից, իսկ կատարման հսկողությունը՝ Աշխատակազմի ղեկավարի կողմից: Յուրաքանչյուր երկուշաբթի Քարտուղարության կողմից Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալին, Ստորաբաժանման ղեկավարներին, համակարգի կազմակերպություններին տրամադրվում է նախորդ ուրբաթ օրվա դրությամբ ինչպես չկատարված, այնպես էլ կատարվելիք հանձնարարականների ցանկը: Յուրաքանչյուր Ստորաբաժանումում, կազմակերպությունում հանձնարարականի վերահսկողությունը իրականացնում է տվյալ Ստորաբաժանման, կազմակերպության ղեկավարը:
85. Հանձնարարականը համարվում է կատարված՝ առաջադրված հարցերի լուծումից և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին պատշած ձևով պատասխանելուց հետո:
86. Միջանկյալ պատասխանը, ինչպես նաև հանձնարարականի կատարման համար անհրաժեշտ հարցումը հիմք չի հանդիսանում փաստաթուղթը կատարված համարելու համար:
87. Քարտուղարությունը փաստաթուղթը հսկողությունից հանում է այն դեպքում, երբ այն կատարվել է համապատասխան ելից գրությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ փաստաթղթի վրա Ստորաբաժանման ղեկավարի կողմից գրված համապատասխան հիմնավորման վրա առկա է Կոմիտեի նախագահի կամ նրա համապատասխան տեղակալի, Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «Գործին» մակագրությունը:
88. Աշխատակազմում փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները.
88.1 Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի, այդ թվում՝ լրացուցիչ ուսումնասիություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծերի (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) քննարկման համար սահմանվում է 5-օրյա ժամկետ:
88.2 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված հանձնարարականների կատարման համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն)՝ սահմանվում է 15-օրյա ժամկետ:
88.3 Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հարցումներին և այլ գրություններին պատասխանելու համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) սահմանվում է.
ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար՝ մինչև 10 օր,
բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար՝ մինչև 30 օր:
89. Եթե հանձնարարականի կատարման ընթացքում պարզվում է, որ նշված ժամկետում հանձնարարականի կատարումը հնարավոր չէ, ապա հանձնարարական ստացած պաշտոնատար անձը պարտավոր է ժամկետի երկարաձգման վերաբերյալ ներկայացնել առաջարկություն կատարման ժամկետի ավարտից առնվազն 2 օր առաջ:
VIII. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
90. Կոմիտեում էլեկտրոնային փոստի սպասարկումը իրականացնում է Աշխատակազմի արտաքին կապերի բաժինը:
91. Էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը ստացվում են Աշխատակազմի արտաքին կապերի բաժնի կողմից և ներկայացվում Քարտուղարություն:
92. Օտար լեզվով ստացված փաստաթղթին կցվում է հայերեն թարգմանությունը: Քարտուղարություն ներկայացվող բոլոր փաստաթղթերի թարգմանությունները նշագրվում են արտաքին կապերի բաժնի պետի կողմից:
IX. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԷՋԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
93. Կոմիտեի ինտերնետային կայքէջի սպասարկումը իրականացվում է Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից:
94. Կոմիտեի բոլոր պաշտոնատար անձինք և ստորաբաժանումները պարտավոր են իրենց կողմից պատրաստված և Կոմիտեի նախագահի կողմից ստորագրված ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը, ինչպես նաև այլ փաստաթղթերը՝ պատասխանատու անձանց համապատասխան նշագրերով և էլեկտրոնային կրիչներով, ինտերնետային կայքէջում ներդնելու համար տրամադրել (փաստաթղթերի ստորագրման օրը) Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությանը:
X. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
95. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
96. Փաստաթղթերն Աշխատակազմի Արխիվ են հանձնվում դրանց՝ գործավարությամբ ավարտելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում:
97. Աշխատակազմի արխիվի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համալրող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջների համապատասխան:
98. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (2 օրինակ):
99. Աշխատակազմի համապատասխան մասնագետները (որոնց պաշտոնի անձնագրում, աշխատանքային պայմանագրում արխիվացման աշխատանքների գործառույթը ներառված է) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
100. Արխիվից փաստաթղթերը տրամադրվում են օգտագործման միայն համապատասխան մատյանում գրանցելով:
101. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:
XI. ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐԸ
102. Կոմիտեի ղեկավարության, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվում են հետևյալ պայմանանիշերը.
● կոմիտեի նախագահ-01
● կոմիտեի նախագահի տեղակալ-02
● կոմիտեի աշխատակազմի ղեկավար-03
● կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-04
● կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչություն-05
● կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն -06
● կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչություն-07
● կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն- 08
● կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն-09
● կոմիտեի աշխատակազմի արտաքին կապերի բաժին-10
● կոմիտեի նախագահի խորհրդական, օգնական, մամլո քարտուղար, ռեֆերենտ-քարտուղար-11
● կոմիտեի աշխատակազմի գլխավոր աուդիտոր-12
● այլ-13
XII. ՏԱՐԲԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐ
103. Տարբեր մարմիններից ստացված և այդ մարմիններ ուղարկվող փաստաթղթերին տրվում են հետևյալ պայմանանիշերը.
● ՀՀ Նախագահի աշխատակազմ-01
● ՀՀ Ազգային ժողով-02
● ՀՀ կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն-03
● ՀՀ դատախազություն, ՀՀ դատարաններ-04
● ՀՀ նախարարություններ-05
● ՀՀ գերատեսչություններ-06
● ՀՀ մարզեր, համայնքներ-07
● միջազգային կազմակերպություններ-08
● համակարգում ընդգրկված կազմակերպություններ-09
● այլ-10։
Հավելված 1 |
Մ Ա Տ Յ Ա Ն
մտից փաստաթղթերի
Մտից հ/հ ամսա-թիվը |
Փաստա-թղթի համարը, ամսա-թիվը |
Որտե-ղից է ստաց-վել |
Համա-ռոտ |
Ում է հաս-ցեա-գրված |
Ում է մակա-գրված |
Մակա-գրու-թյունը |
Կատար-ման ժամ-կետը |
Հիմք հանդի-սացող գրու-թյան համարը |
Նշում կատար-ման մասին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Հավելված 2 |
Մ Ա Տ Յ Ա Ն
ելից փաստաթղթերի
Հ/հ |
Ելից համարը, ամսա-թիվը |
Ում է հասցեագրված |
Համառոտ բովանդակությունը |
Կապված փաստաթղթի համարը |
Ռեեստրի համարը |
Կատարողի ազգանունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հավելված 3 |
Մ Ա Տ Յ Ա Ն
մտից-ելից փաստաթղթերի
Հ/հ, ամսա-թիվը |
Մտից համարը, ամսա-թիվը |
Որտե-ղից է ստաց-վել |
Համա-ռոտ բովան-դակու-թյունը |
Ով է հանձ-նա-րարել |
Ինչ է մակա-գրվել |
Կատար-ման ժամ-կետը |
Հիմք հանդի-սացող գրության համարը |
Ում է մակա-գրվել |
Ստորա-գրու-թյունը |
Նշում կատար-ման մասին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Հավելված 4 |
Առաքման թերթիկ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հրամանների և արձանագրությունների
N ____ |
___ _____________200 թ. |
Անվանունը |
Քանակը |
Կոմիտեի ղեկավարություն և աշխատակազմ |
|
Կոմիտեի նախագահ |
|
Կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
|
Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
|
Կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչություն |
|
Կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն |
|
Կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն |
|
Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչություն |
|
Կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն |
|
Կոմիտեի աշխատակազմի արտաքին կապերի բաժին |
|
Կոմիտեի աշխատակազմի գլխավոր աուդիտոր |
|
Կոմիտեի նախագահի խորհրդական |
|
Կոմիտեի նախագահի օգնական |
|
Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար |
|
Համակարգի կազմակերպություններ |
|
«Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ |
|
«Երևանջուր» ՓԲԸ |
|
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ |
|
«Ջրմուղկոյուղի» ՓԲԸ |
|
«Մելիորացիա» ՓԲԸ |
|
«Նոր-Ակունք» ՓԲԸ |
|
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |
|
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |
|
«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ |
|
«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ |
|
«Դեբեդ-Աղստև-ջրառ» ՓԲԸ |
|
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողով |
|
Այլ |
Պատասխանատու ստորաբաժանման |
______________ |
______________ |
ղեկավար՝ |
ստորագրություն |
անուն, ազգանուն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|