«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10409193
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 ապրիլի 2009 թ. |
N 2/158-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի ««Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «իդ» ենթակետով և 15.1 կետով`
Հրամայում եմ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
Նախարար՝ | Է. Նալբանդյան |
Հավելված ՀՀ արտաքին գործերի նախարարի 2009 թվականի ապրիլի 30-ի N 2/158-Ն հրամանի |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կոլեգիան (այսուհետ` կոլեգիա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին կից խորհրդակցական մարմին է:
II. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Կոլեգիայի նախագահը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է (այսուհետ` կոլեգիայի նախագահ):
3. Կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
4. Կոլեգիայի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալները և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Գլխավոր քարտուղարը: Կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
5. Կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:
6. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել կոլեգիայի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի արտաքին հարաբերությունների համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:
7. Կոլեգիան, անհրաժեշտության դեպքում, կարող է կազմակերպել քննարկումներ արտաքին քաղաքականության խնդիրներին առնչվող` քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների, հեղինակություն վայելող ճանաչված գործիչների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անձանց մասնակցությամբ:
8. Կոլեգիայի նիստին մասնակցում է նաև նախարարի օգնականը, ով իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված գործառույթները:
III. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
9. Կոլեգիայի նիստերն անց են կացվում կոլեգիայի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Կոլեգիայի նախագահը որոշում է կոլեգիայի նիստի անցկացման օրը և ժամը: Կոլեգիայի յուրաքանչյուր անդամ կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 3 օր առաջ հարց ներկայացնել:
10. Կոլեգիայի օրակարգում նշվում են`
1) կոլեգիայի նիստի անցկացման օրը և ժամը,
2) քննարկման ենթակա հարցերը,
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
11. Կոլեգիայի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը կոլեգիայի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:
12. Կոլեգիայի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է նախարարի օգնականը:
IV. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
13. Կոլեգիայի նպատակն է.
1) օժանդակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին,
2) նպաստել ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և, անհրաժեշտության դեպքում, այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը,
3) մշակել և ներկայացնել նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
14. Կոլեգիայում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականների կենսագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.
2) արտաքին քաղաքական հիմնական ուղղությունների, ինչպես նաև առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) Ազգային ռազմավարական ծրագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հիման վրա նախարարության գործունեության տարեկան ծրագրի ձևավորման և գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) նախարարության համակարգի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
5) կոլեգիայի նախագահի նախաձեռնությամբ այլ հարցեր:
15. Կոլեգիան ընդունում է խորհրդատվական բնույթի առաջարկություններ:
16. Կոլեգիայում անցկացվող քննարկումների կամ կոլեգիայի առաջարկությունների հիման վրա կոլեգիայի նախագահը կարող է ընդունել որոշումներ:
V. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Կոլեգիայի նախագահը`
1) նախագահում է կոլեգիայի նիստերը,
2) հաստատում է կոլեգիայի օրակարգը և ստորագրում կոլեգիայի նիստերի արձանագրությունները,
3) լսում է կոլեգիայի առաջարկությունների հիման վրա կայացված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ,
4) որոշում է կոլեգիայի նիստերին հրավիրվող անձանց կամ կոլեգիայի կողմից կազմակերպվող քննարկումներին հրավիրվող անձանց կազմը,
5) կոլեգիայում քննարկված հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկման եղանակները և շրջանակը,
6) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
VI. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
18. Կոլեգիայի նիստերն արձանագրվում են:
19. Արձանագրությունը կազմում է նախարարի օգնականը:
20. Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը,
2) նիստի օրակարգը,
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց անունները,
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները,
5) ընդունված առաջարկությունները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
21. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` քննարկման ներկայացված իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծերը, գրավոր զեկույցների և ելույթների տեքստերը:
22. Կոլեգիայի նիստի արձանագրությունը ստորագրվում է կոլեգիայի նախագահի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
23. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները պահվում են նախարարության աշխատակազմում:
24. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրվում են կոլեգիայի անդամներին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|