«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2008 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
1 դեկտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 333-Ն որոշման 2-րդ կետի պահանջները.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Թ. Ներսիսյանին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատուին` եռամսյակը մեկ անգամ նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ա. Զաքարյանին ներկայացնել տեղեկատվություն նախարարությունում հավատարմագրված լրագրողների հետ կատարված աշխատանքների մասին:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման պատասխանատուին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ա. Զաքարյանին:
Նախարար | Հ. Հակոբյան |
Հավելված ՀՀ սփյուռքի նախարարի 2008 թ. դեկտեմբերի 1-ի N 16-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող)` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում (այսուհետ` նախարարություն) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողների նախարարությունում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել պետական մարմնի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջականորեն տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
Հավատարմագրված լրագրողի գործունեությունը նախարարության տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
3. Նախարարությունը`
1) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
4) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է նախարարության այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար, կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ` նախարարության միջոցառումներ):
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում նախարարությունը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:
4. Նախարարությունը ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր` նախարարության գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը նախարարության էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարն առնվազն 6 ամիսը մեկ անգամ նախարարության գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսում` նախարարությունում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ:
5. Նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի նշանակած անձը (այսուհետ` պատասխանատու):
6. Նախարարության գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` նշելով.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական անձը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը (ըստ անձնագրի), անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
7. Նախարարությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:
8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշելու դեպքում` տվյալ ժամկետով:
9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
10. Նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:
11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանած տեղեկությունները, կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը, կամ առկա լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 13-րդ կետի. 1), 2) կամ 3) ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է նախարարության անցագրային կետ (կետեր):
Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:
13. Նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`
1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
3) նա տարածել է նախարարության գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
Նախարարության պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` նախարարությունում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`
1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.
2) նախապես տեղեկացված լինելու նախարարության միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.
3) մասնակցելու նախարարության միջոցառումներին.
4) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պաjմաններից.
5) նախարարությունում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:
16. Նախարարության պատասխանատուն լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ նախարարության ստորաբաժանումներ և հանդիպումներ նախարարության պաշտոնատար անձանց հետ:
17. Նախարարության միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե նախարարության պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների և օպերատորների մասնակցությունը չի սահամնափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:
18. Նախարարության միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը նախարարություն համաձայնեցվում է նախարարության պատասխանատուի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը նախարարություն է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց նախարարության տարածք մուտքի անցագրի:
19. Նախարարության պատասխանատուի` նախարարության տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:
20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար նախարարության շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում նախարարությունը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է` առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներին առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|