Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.01/41(315) Հոդ.374
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.10.2008
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10808356

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 39-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 13-րդ հոդվածով, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 66-րդ հոդվածներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հանքային իրավունքի փոխանցման ընթացակարգը»` համաձայն կից հավելվածի:

2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին` ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար՝

Ա. Մովսիսյան

 

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի և

բնական պաշարների նախարարի

2008 թ. հոկտեմբերի 27-ի

N 39-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

1. «Հանքային իրավունքի փոխանցման» ընթացակարգը սահմանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) համաձայնությունը պահանջող հանքային իրավունքի փոխանցման կարգը և ժամկետները:

2. Ընթացակարգ պահանջող հանքային իրավունքի փոխանցման մասին ընդերքօգտագործողը համապատասխան դիմումով տեղեկացնում է Լիազոր մարմնին:

3. Համաձայնության ստացման համար ներկայացված ընդերքօգտագործողի դիմումը պետք է ներառի.

1) տեղեկանք` կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տեսակների և ծավալների մասին կամ հանքային իրավունքը փոխանցող տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված հանքավայրի մնացորդային պաշարների մասին /ըստ գործունեության ոլորտի/.

2) հանքային իրավունքը ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի մասին բոլոր այն տեղեկատվությունները, որոնք իրավունքը փոխանցողը ներկայացրել է համապատասխան հանքային իրավունքը ձեռք բերելիս.

3) տեղեկատվություն` հանքային իրավունք ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական, տեխնիկական միջոցների, հանքարդյունահանման ոլորտում նրա ունեցած նախնական փորձի, նախատեսվող ծրագրերի և ֆինանսավորման (ներդրումային) ծավալների մասին.

4) տեղեկանք` հաշվառման վայրի հարկային մարմիններից` հանքային իրավունքը փոխանցողի և ձեռք բերողի հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ:

4. Լիազոր մարմնի համաձայնությունը պահանջող հանքային իրավունքի փոխանցման մասին դիմումը մուտքագրվում է Լիազոր մարմնի քարտուղարության ընդհանուր բաժնում, որի վերաբերյալ Լիազոր մարմնի «Քննարկել և ներկայացնել եզրակացություն» մակագրությամբ հանձնարարականը տրվում է ըստ գործառույթների պատկանելության` Երկրաբանական կամ Կոնցեսիոն գործակալություն (այսուհետ` Գործակալություն):

5. Մուտքագրված դիմումով քննարկման առավելագույն ժամկետ է սահմանվում 15 օրը, որը հաշվարկվում է Լիազոր մարմնում դիմումի մուտքագրման օրվանից:

6. Սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել 5 օրով՝ դիմումի քննարկման համար էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով, դիմումատուից լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

7. Դիմումի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու անհրաժեշտության դեպքում դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև համապատասխան եզրակացություն ստանալը:

8. Քննարկման ժամկետի սահմանված կարգով երկարաձգման դեպքում կամ դիմումի քննարկման արդյունքների մասին Գործակալությունը պատշաճ ծանուցմամբ տեղեկացնում է դիմումատուին:

9. Դիմումի համակողմանի քննարկման արդյունքում Գործակալությունը Լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում հանքային իրավունքի փոխանցման մասին հրամանի նախագիծը` դիմումի քննարկման սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ, ընդ որում.

1) հանքային իրավունքի փոխանցման մասին Լիազոր մարմնի ղեկավարի համաձայնության համար հիմք է հանդիսանում հանքային իրավունքը փոխանցելու վերաբերյալ Գործակալության հիմնավորված եզրակացությունը՝ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմամբ.

2) դիմումի մերժման համար հիմք է հանդիսանում դիմումատուի կողմից «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջների չապահովումը:

10. Հանքային իրավունքի «մասամբ» փոխանցումն իրականացվում է նույն ընթացակարգով: