«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հուլիսի 2003 թ. ք. Երևան |
N 246-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության» կարգը (կցվում է):
Դ. Հարությունյան |
Հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 2003թ. հուլիսի 16-ի թիվ 246-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության
Գ լ ու խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) պահվող անձանց (այսուհետ` կալանավորված անձինք) իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:
2. Խմբի գործունեության նպատակներն են՝
1) կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, կալանավորված անձանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական հիմնարկների հիմնախնդիրները ներկայացնելը,
2) քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,
3) քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,
4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
5) քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանն աջակցելը:
(2-րդ կետը փոփ. 20.10.03 N 362-Ն)
Գ լ ու խ 2
Խմբի կազմը
3. Խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
Հավակնորդը ներկայացնում է դիմում, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, իրեն ներկայացնող կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրությունն ու գործունեության համառոտ նկարագրությունը: Հավակնորդի թեկնածությունը քննարկվում է խմբի հերթական նիստում: Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշումն ընդունվում է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանը: Նախապատվությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում առնչվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակների իրականացմանը:
Խումբն իր կազմից մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ, անհրաժեշտության դեպքում` նաև տեղակալ կամ տեղակալներ: Խմբի նախագահը (նրա բացակայությամբ՝ տեղակալը կամ տեղակալներից մեկը) ղեկավարում է Խմբի գործունեությունը:
(3-րդ կետը փոփ., խմբ. 20.10.03 N 362-Ն)
4. Խումբը բաղկացած է ոչ պակաս, քան յոթ և ոչ ավել, քան քսանմեկ հոգուց: Ընդ որում, յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբում կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ:
5. Խմբում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն Կարգով նախատեսված կարգով:
Գ լ ու խ 3
Խմբի անդամին առաջադրվող պահանջները
6. Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
7. Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն ունեցող անձանց:
(7-րդ կետը լրաց. 20.10.03 N 362-Ն)
8. Խմբի անդամը պետք է դրսևորի իրեն որպես բարձր բարոյականություն ունեցող անձնավորություն:
(8-րդ կետը փոփ. 20.10.03 N 362-Ն)
Գ լ ու խ 4
Անձինք, ովքեր չեն կարող լինել Խմբի անդամ
9. Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) հանդիսանում է պետական ծառայող,
5) հանդիսանում է որևէ կուսակցության անդամ,
6) հանդիսանում է փաստաբան:
Գ լ ու խ 5
Խմբի իրավասությունը
10. Խումբը գործում է հասարակական հիմունքներով:
11. Խումբն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն Կարգով և Խմբի գործունեության էթիկայի կանոններով։
Խումբը համագործակցում է քրեակատարողական հիմնարկների վարչակազմի հետ:
12. Խմբի առջև ունեցած խնդիրները լուծելու նպատակով Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում, կալանավորված անձի համաձայնությամբ, նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել կալանավորված անձանց:
(12-րդ կետը լրաց., փոփ. 20.10.03 N 362-Ն)
13. Խմբի անդամն ընդգրկվում է Խմբի կազմում երեք տարի ժամկետով:
Խմբի անդամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրվում է անդամությունը հաստատող փաստաթուղթ:
Քրեակատարողական հիմնարկները պետք է ունենան խմբի անդամների ցուցակը:
Գ լ ու խ 6
Վերահսկողության իրականացման կարգը
14. Վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու ձևով:
Ներկայացվում են երկու տեսակ հաշվետվություններ` ընթացիկ և տարեկան, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները:
Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել կալանավորված անձանց իրավունքների խախտման, Խմբի լիազորությունների իրականացմանը` քրեակատարողական հիմնարկների կողմից խոչընդոտելու կոնկրետ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են մեկ ամսվա ընթացքում:
Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, Խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք ամսվա ընթացքում:
Քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկնաբանությունների հետ մեկտեղ:
(14-րդ կետը խմբ. 20.10.03 N 362-Ն)
15. Վերահսկողության լիարժեք իրականացման նպատակով Խումբը տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է այցելի բոլոր քրեակատարողական հիմնարկներ:
16. Խմբի անդամը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունները կատարվում են Խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ:
Խմբի անդամը կալանավորված անձի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:
(16-րդ կետը խմբ. 20.10.03 N 362-Ն)
17. Անհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ, այդ թվում՝ նաև փաստաբաններ: Խմբի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագետին տալիս է ժամանակավոր անցաթուղթ՝ քրեակատարողական հիմնարկներ այցելելու համար:
Փորձագետը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկներ միայն Խմբի անդամների հետ:
Գ լ ու խ 7
Խմբի նիստերը եվ որոշումների ընդունման կարգը
18. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում և անց է կացնում նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերը որպես կանոն անց են կացվում դռնփակ, իսկ Խմբի որոշմամբ` նաև դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաև զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ։ Խմբի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգին:
(18-րդ կետը խմբ. 20.10.03 N 362-Ն)
19. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել`
1) Խմբի յուրաքանչյուր անդամ,
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
20. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին:
Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ` Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշման կայացման, Խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքում):
21. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը` հրապարակելով կամ արձանագրելով այն:
Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում են Խմբի նիստի կողմից՝ Խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ:
Գ լ ու խ 8
Խմբի անդամի լիազորությունների կասեցումը եվ դադարումը
(վերնագիրը լրաց. 20.10.03 N 362-Ն)
211. Խմբի անդամի լիազորությունները կասեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե.
1) ընդունվել է ձերբակալման կամ կալանավորման որոշում,
2) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը:
Խմբի անդամի լիազորությունները վերականգնվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե վերացել են սույն կետի 1-ին ենթակետով նշված հանգամանքները, կամ առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը Խմբի անդամի լիազորությունների վերականգնման համար:
(211-րդ կետը լրաց. 20.10.03 N 362-Ն)
22. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե.
1) լրացել է Խմբի անդամի լիազորությունների ժամկետը,
2) առկա է Խմբի անդամի դիմումն իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ,
3) առկա է Խմբի անդամի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը Խմբի անդամի լիազորությունների դադարեցման կամ մեկ այլ թեկնածուով Խմբի անդամի փոխարինման վերաբերյալ,
4) առկա են սույն Կարգի իններորդ կետով նախատեսված հիմքերը,
5) խախտել է սույն Կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ քրեակատարողական ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված դրույթները,
6) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը:
(22-րդ կետը փոփ. 20.10.03 N 362-Ն)
(կարգը փոփ., խմբ., լրաց. 20.10.03 N 362-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.11.2005, թիվ ՔՀ-66-Ն | 25.12.2005, N 246-Ն | |
20.10.2003, N 362-Ն | 13.11.2003, N 246-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|