«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11208339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
27 հոկտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԶՈՐԱՆՈՑՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 1791-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի «զ» ենթակետի.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա ուսուցման ձևով սովորողներին զորանոցում պահելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Ոստիկանության գեներալ-մայոր |
Ա. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ ոստիկանության պետի 2008 թ. հոկտեմբերի 27-ի թիվ 15-Ն հրամանի |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԶՈՐԱՆՈՑՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ակադեմիա) առկա ուսուցման ձևով կրթություն ստացող առաջին և երկրորդ կուրսերի սովորողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայություն անցած սովորողների և իգական սեռի սովորողների) զորանոցում պահելու կարգն ու պայմանները:
2. Ակադեմիայի զորանոցային պայմանների համար նախատեսված շինություններն ու տարածքը կուրսերի միջև բաժանող նախագիծը ակադեմիայի պետի թիկունքի գծով տեղակալի ներկայացմամբ հաստատում է ակադեմիայի պետը:
3. Յուրաքանչյուր կուրսի տեղաբաշխման համար նախատեսվում են հետևյալ շինությունները՝
1) ննջարան,
2) տեղեկատվության և ժամանցի սենյակ,
3) կուրսի ինքնապատրաստման լսարան,
4) յուրաքանչյուր կուրսի պատասխանատու սպայի համար առանձնացված սենյակ,
5) կենցաղային սպասարկման սենյակ,
6) կուրսի գույքի և սովորողների անձնական իրերի պահասենյակ,
7) համազգեստի և կոշիկների չորանոց,
8) բաղնիք (ցնցուղարան),
9) զուգարան, լվացվելու սենյակ,
10) ծխելու համար հատուկ առանձնացված տարածք:
4. Սովորողների տեղավորումը ննջարաններում կատարվում է մեկ անձի համար ոչ պակաս 12 մ3 տարածքի հաշվարկով:
2. ԶՈՐԱՆՈՑԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ
5. Ննջարաններում մահճակալները պետք է լինեն միատեսակ (ստանդարտ) և դասավորվեն կուրսի հաստիքացուցակին համապատասխան հաջորդականությամբ և այնպես, որ յուրաքանչյուր մահճակալի կամ իրար մոտեցված երկու մահճակալների կողքին տեղ մնա մահճակալամեջ պահարանի համար, իսկ մահճակալների շարքերի միջև անհրաժեշտ հեռավորություն` անձնակազմի շարքի համար:
6. Մահճակալները դասավորվում են դրսի պատերից 50 սմ հեռու և հավասարության պահպանումով:
7. Մահճակալամերձ պահարանի մեջ պահվում են`
1) վերին դարակում՝ արդուզարդի և սափրվելու պարագաներ, թաշկինակներ, ենթաօձիքներ և անձնական օգտագործման այլ մանր առարկաներ,
2) միջին բաժնում` գրքեր, լուսանկարչական ալբոմներ, տետրեր և այլ գրենական պիտույքներ,
3) ստորինում` հագուստի և կոշիկների մաքրման պարագաներ:
8. Սովորողների անկողինները բաղկացած են ծածկոցներից, սավաններից, բարձի երեսներով բարձերից, ներքնակներից: Անկողինները հարդարվում են միակերպ:
9. Կենցաղային սպասարկման սենյակը կահավորվում է հագուստի արդուկման սեղաններով, համազգեստը և հագուստը կրելու, սովորողների արտաքին տեսքի կանոնները պատկերող պլակատներով, հայելիներով, աթոռներով, արդուկների անհրաժեշտ քանակով: Համազգեստը և կոշիկները մաքրելու համար առանձնացվում են հատուկ կահավորված տեղեր:
10. Զորանոցի բոլոր սենյակները համարակալվում են: Յուրաքանչյուր սենյակի մուտքի դռան արտաքին կողմից կախվում է ցուցատախտակ, որի վրա նշվում է սենյակի համարը և դրա նշանակությունը: Բոլոր սենյակները ապահովվում են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններով:
11. Յուրաքանչյուր սենյակի ներսում կախվում է ցուցատախտակ` գույքի և սարքավորումների կազմի նշումով:
12. Զորանոցում առկա շահագործման մեջ գտնվող գույքը (կահույք, անկողնային պարագաներ, սարքավորումներ) ակադեմիայի պարետի կողմից հանձնվում է կուրսի պետին, որը պատասխանատվություն է կրում դրանց պահպանման, նպատակային և ճիշտ շահագործման, ինչպես նաև տեխնիկական վիճակի համար: Նշված գույքի տեղափոխությունը կատարվում է ակադեմիայի պետի թիկունքի գծով տեղակալի թույլտվությամբ:
13. Զորանոցի միջանցքում` հատուկ վահանակների վրա, փակցվում են օրվա կարգացուցակը, ուսումնական պարապմունքների դասացուցակը, օրվա վերակարգի կազմի ցուցակը, անձնակազմի տարհանման սխեման, գույքացուցակը և անհրաժեշտ հրահանգները:
14. Զորանոցի մուտքի դռների մոտ տեղադրվում են կոշիկները ցեխից մաքրելու հարմարանքներ և աղբամաններ:
3. ԶՈՐԱՆՈՑԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
15. Զորանոցի ամենօրյա մաքրումը կատարում են կուրսի հերթապահի կողմից հերթական մաքրության համար նշանակված սովորողները (ուսումնական պարապմունքներից չեն ազատվում): Ամենօրյա մաքրումը կատարվում է կուրսի հերթապահի անմիջական հսկողությամբ:
16. Ուսումնական պարապմունքների ժամանակ շինությունների և տարածքի մաքրության ապահովման պարտականությունը դրվում է օրվա վերակարգի կազմում ընդգրկված օրապահների վրա: Բացի ամենօրյա մաքրությունից, կուրսի ավագի ղեկավարությամբ շաբաթը մեկ անգամ կատարվում է շինությունների և տարածքի ընդհանուր մաքրում` կուրսի հերթապահի անմիջական հսկողությամբ:
17. Զորանոցում օդափոխությունը կատարում է օրապահը՝ կուրսի հերթապահի հսկողությամբ` ննջասենյակներում քնից առաջ և հետո, իսկ մյուս սենյակներում` ըստ անհրաժեշտության: Ցուրտ ժամանակ պատուհանների օդանցքերը բացվում են, երբ սովորողները գտնվում են շինությունից դուրս: Սովորողների շինությունում գտնվելու դեպքում օդանցքերը (վերնափեղկերը) կամ պատուհանները բացվում են շինության միայն մեկ կողմից:
18. Զորանոցներում ապահովվում է լրիվ կամ հերթապահ լուսավորություն (ոչ պայծառ մուգ կապույտ գույնի): Քնի ժամին ննջարաններում վառ է թողնվում հերթապահ լուսավորությունը: Անհրաժեշտության դեպքում հերթապահ լուսավորությունը ապահովվում է նավթային լամպերով: Զորանոցի մուտքը, սանդուղքներն ու զուգարանները մինչև լուսաբաց ապահովվում են լրիվ լուսավորությամբ: Լուսավորության ապահովվման հսկողությունը դրվում է կուրսի հերթապահի և օրապահների վրա` ակադեմիայի հերթապահի ղեկավարությամբ:
19. Զուգարանները սարքավորվում են 10-12 սովորողներին մեկ միզարանի և մեկ փակվող խցիկով զուգարանակոնքի (կամ անցքի) հաշվարկով:
20. Զուգարանները ամեն օր ախտահանվում են: Զուգարանների մաքրության հսկողությունը կուրսի ղեկավարության կողմից դրվում է վաշտի հերթապահի վրա:
21. Զորանոցի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակը հետևում է ակադեմիայի բուժմասը:
22. Ակադեմիայում ջեռուցման շրջանի սկիզբն ու վերջը հայտարարվում է ակադեմիայի պետի հրամանով: Ձմռանը զորանոցում ապահովվում է +18 C0 - ից, իսկ բուժմասում` +20 C0 -ից ոչ ցածր ջերմաստիճան: Ջերմաչափերը շինություններում ամրացվում են ներսի պատերին` տաքացնող սարքերից հեռու, հատակից 1, 5 մ բարձրության վրա:
4. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Սովորողների հերթական արձակման ժամանակ է սահմանվում.
1) յուրաքանչյուր շաբաթ օրվա ժամը 1500 -ից մինչև հաջորդ երկուշաբթի օրվա ժամը 0800 ,
2) յուրաքանչյուր տոնական օրվա ժամը 1500 -ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 0800 :
24. Հերթական արձակման իրավունք են ստանում զորանոցային պայմանններում գտնվող այն սովորողները, որոնք տվյալ ժամանակահատվածում չեն ենթարկվել ,Հերթական արձակումից զրկումե տույժի և ընդգրկված չեն ակադեմիայի օրվա վերակարգի կազմում:
25. Հերթական արձակման իրավունք ստացած սովորողների ցուցակը, առկա ուսուցման ֆակուլտետների պետերի հետ համաձայնեցնելուց հետո, կուրսերի պետերը ներկայացնում են ակադեմիայի պետի ծառայության գծով տեղակալին, որն էլ այն ներկայացնում է ակադեմիայի պետի հաստատմանը:
26. Հերթական արձակման թույլտվություն ստացած սովորողի համար լրացվում է արձակման թերթիկ, որը ստորագրում է ակադեմիայի պետի ծառայության գծով տեղակալը և կնքում ծառայության բաժնի կնիքով:
27. Արձակումից 30 րոպե առաջ կուրսերի պետերը շարային հրապարակում շարում են արձակման մեկնող սովորողներին, ստուգում նրանց արտաքին տեսքը, հրահանգավորում, նրանց հանձնում արձակման թերթիկները և ուղեկցում տարածքից դուրս:
28. Ակադեմիայից արձակված սովորողների ցուցակը կուրսերի պետերը հանձնում են ակադեմիայի տվյալ օրվա հերթապահին:
29. Շաբաթվա ընթացքում սովորողին շուրջօրյա արձակում կարող է թույլատրել ակադեմիայի պետը` պատճառաբանված զեկուցագրի կամ բժշկի կողմից տրված ուղեգրի հիման վրա:
30. Հիմնավոր պատճառների առկայության դեպքում սովորողին տվյալ օրվա ժամը 900 -ից մինչև 1400-ն արձակման թույլտվություն կարող է տալ ֆակուլտետի պետը, 1400-ից մինչև 1700 -ն` ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը, իսկ ժամը 1700-ից մինչև 2200-ն` ակադեմիայի պետի ծառայության գծով և ակադեմիայի պետի անձնակազմի հետ իրականացվող աշխատանքների գծով տեղակալները` համաձայնեցնելով ֆակուլտետների պետերի հետ:
31. Արձակումից վերադառնալուց հետո սովորողը այդ մասին զեկուցում է կուրսի ղեկավարությանը: Կուրսի ղեկավարության բացակայության դեպքում սովորողը ներկայանում է ակադեմիայի հերթապահին: Կուրսի ղեկավարությունը կամ ակադեմիայի հերթապահն արձակման թերթիկի մեջ կատարում է նշում սովորողի վերադարձի ժամի վերաբերյալ և ստորագրում այն: Սովորողը ստորագրված արձակման թերթիկը վերադարձնում է կուրսի պետին:
32. Քննաշրջանի ընթացքում սովորողներին զորանոցում պահելու նպատակահարմարության հարցը որոշում է ակադեմիայի պետը` ելնելով ուսումնական առաջադիմությունից:
33. Քննաշրջանի ավարտից հետո սովորողներին տրվում է արձակուրդ` համաձայն ակադեմիայի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի:
5. ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
34. Ակադեմիայի հակահրդեհային պաշտպանության պլանը հաստատում է ակադեմիայի պետը: Հակահրդեհային պաշտպանության պլանը ծանոթացվում է ողջ անձնակազմին: Ակադեմիայի սովորողները և սպայական կազմը պարտավոր են իմանալ հրդեհային անվտանգության պահանջները և հրշեջ միջոցների հետ վարվելու կանոնները:
35. Հրդեհի բռնկման դեպքում անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների հերթապահ դասակ կամ հրշեջ խումբ կանչելու և ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով հրդեհը մարելու համար` պահպանելով անձնական անվտանգությունը:
36. Ակադեմիայում հրդեհային անվտանգության պահանջները, հրդեհի մարմանը ներգրավվող ուժերի և միջոցների հաշվարկը, ինչպես նաև անձնակազմի, սպառազինության, տեխնիկայի և նյութական այլ միջոցների էվակուացման կարգի մասին քաղվածքները պետք է գտնվեն ակադեմիայի հերթապահի մոտ:
6. ՎԵՐԿԱՑԸ, ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԵՐԵԿՈՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆՉԸ
37. Առավոտյան «վերկաց» ազդանշանից 10 րոպե առաջ ակադեմիայի հերթապահի հրահանգով կուրսերի հերթապահները կազմակերպում են դասակների հրամանատարների և կուրսերի ավագների վերկացը, իսկ օրակարգով սահմանված ժամին «վերկաց» ազդանշանով` կուրսի ամբողջական վերկացը:
38. Վերկացից հետո ակադեմիայի հերթապահի հսկողության ներքո անցկացվում է մարմնամարզություն, շինությունների և տարածքի մաքրում, անկողինների հարդարում, առավոտյան արդուզարդ և առավոտյան ստուգում:
39. Օրակարգով սահմանված ժամին ակադեմիայի հերթապահի «կուրս, առավոտյան ստուգման շարվիր» հրամանով կուրսերի հերթապահները կուրսերը շարային հրապարակում շարում են առավոտյան ստուգատեսի և զեկույցներ ստանալով կուրսերի ավագներից, իրենք զեկուցում են ակադեմիայի հերթապահին:
40. Առավոտյան ստուգման ժամանակ ակադեմիայի հերթապահը ստուգում է սովորողների առկայությունը, արտաքին տեսքը և նրանց կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:
41. Առավոտյան ստուգման ընթացքում թերությունների հայտնաբերման դեպքում ակադեմիայի հերթապահի հրահանգով դասակի հրամանատարները կազմակերպում են սովորողների կողմից դրանց վերացումը և ստուգման արդյունքների մասին զեկուցում կուրսերի ավագներին, իսկ վերջիններս կուրսերի պետերին:
42. Բուժօգնության կարիք ունեցողներին կուրսի հերթապահը գրանցում է հիվանդների գրանցման գրքում` նրանց կուրսի պետի թույլտվությամբ ակադեմիայի բուժկետ ուղարկելու համար:
43. Երեկոյան անվանականչից առաջ ակադեմիայի պատասխանատու սպայի կարգադրությամբ ակադեմիայի հերթապահի հրահանգով, օրակարգով սահմանված ժամին, կուրսի ավագը և կուրսի հերթապահը անցկացնում են երեկոյան զբոսանք:
44. Երեկոյան զբոսանքի ժամանակ անձնակազմը վաշտերի կարգով կատարում է շարային երգեր:
45. Երեկոյան զբոսանքից հետո ակադեմիայի հերթապահի հրահանգով կուրսի հերթապահը «կուրս, երեկոյան ստուգման շարվիր» հրամանով շարում է կուրսը շարային հրապարակում:
46. Շարային հրապարակում շարվելուց հետո կուրսի հերթապահը և կուրսի ավագը ակադեմիայի պատասխանատու սպայի և ակադեմիայի հերթապահի անմիջական հսկողությամբ անվանական ցուցակով ստուգում են անձնակազմը: Լսելով իր ազգանունը` յուրաքանչյուրը պատասխանում է «ես եմ», իսկ բացակաների փոխարեն պատասխանում են դասակի հրամանատարները, օրինակ` «վերակարգում է», «հիվանդ է», «արձակված է»:
47. Ինքնակամ բացակայողների առկայության դեպքում կուրսի հերթապահը ակադեմիայի հերթապահին տեղեկություններ է տալիս այդ սովորողների մասին` նշելով նրանց ազգանունները, անունները, հայրանունները և գտնվելու հավանական վայրը:
48. Անվանականչի ավարտից հետո կուրսի հերթապահը հրապարակում է հաջորդ օրվա վերակարգի կազմը, ինչպես նաև ճշտում է տագնապի և հրդեհի դեպքում գործելու կարգը և օրակարգով սահմանված ժամին տալիս «Քնել» հրամանը: