Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.11.2008-25.12.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.15/17(257) Հոդ.253
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.09.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007229

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

14 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 79-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը»՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

Գլխավոր վարչության պետ՝

Ա. Մովսեսյան

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի մայիսի 14-ի
թիվ 79-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) «Թռիչքային անձնակազմեր պատրաստող կազմակերպությունների հաստատման ուղեցույցի և Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-147 (JAR - 147), ՋԱՌ ՖՍԼ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի (JAR FCL part 1, part 2, part 3, part 4)» դրույթների հիման վրա։

(1-ին կետը լրաց. 28.10.08 N 154-Ն)

2. Սույն կարգի նպատակն է՝ ուսումնական հաստատություններին համապատասխանության գնահատման և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) կողմից համապատասխանության վկայականների (այսուհետ՝ վկայական) տրման գործընթացի կանոնակարգումը։

3. Վկայականի ձևը հաստատվում է Գլխավոր վարչության կողմից։

4. Վկայականը տրվում է Գլխավոր վարչության կողմից՝ հիմք ընդունելով Գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ ԲՈՀ) կողմից ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացությունը՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանած պահանջներին և չափորոշիչներին համապատասխանության վերաբերյալ։

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

5. Ուսումնական հաստատության կողմից վկայական ստանալու համար Գլխավոր վարչություն է ներկայացվում հայտ, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը։

6. Ուսումնական հաստատությունը վկայական ստանալու համար հայտի հետ միասին Գլխավոր վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) հարկ վճարողի հաշվառման համարը.

2) կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը.

3) ուսումնական հաստատության գործունեության թույլտվության լիցենզիան.

4) շենքերի կամ շինությունների սեփականության իրավունքի վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճենները.

5) վարժասարքերի սեփականության իրավունքի վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճենները.

6) ուսումնական ծրագրերի նկարագրությունը՝ ներառյալ ուսումնական պլանները.

7) ուսումնական դասընթացների ծրագրային ապահովման միջոցները.

8) ուսումնական հաստատությունում կրթության գործընթացի որակի հսկողության համակարգի նկարագրությունը.

9) տեխնիկական սպասարկման միջոցների նկարագիրը.

10) այն վայրերի և օդանավակայանների ցանկը, որտեղ նախատեսված են ուսումնական թռիչքների իրականացումը, դրանց սեփականատերերի հետ կնքված պայմանագրերի պատճենները։

7. Հայտը ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում Գլխավոր վարչությունը որոշում է ընդունում հայտը ընդունելու կամ հետ վերադարձնելու վերաբերյալ և այդ մասին տեղեկացնում ուսումնական հաստատությանը։

8. Հայտը հետ է վերադարձվում, եթե այն ներկայացվել է Կարգի 6-րդ կետում նշված պահանջների թերություններով։

9. Հայտը ընդունելու մասին որոշումն ընդունելու օրվանից 15 օրվա ընթացքում հայտատու ուսումնական հաստատությանը Գլխավոր վարչությունը հայտնում է ոաումնասիրությունը սկսելու ժամկետների մասին։

10. Հայտը հետ վերադարձնելու դեպքում հայտատու ուսումնական հաստատությունը կարող է թերությունները ուղղելուց հետո նոր հայտ ներկայացնել Գլխավոր վարչություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

11. Ուսումնական հաստատությունում ուսումնասիրությունը կազմակերպելու նպատակով Գլխավոր վարչության պետի հրամանով ԲՈՀ անդամներից կազմվում է հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով): Գլխավոր վարչության պետի հրամանում նշվում են ուսումնասիրության նշանակման օրը և ուսումնասիրության անցկացման ժամկետները։ Նշանակված օրը Հանձնաժողովի անդամները ժամանում են ուսումնական հաստատություն: Ուսումնասիրության ընթացքում կատարվում են ուսումնական և աշխատանքային շինությունների, տեխնիկական սպասարկման գոտիների, վարժասարքային համալիրի, ուսուցման տեխնիկական միջոցների զննում, կրթական գործընթացի կազմակերպման ուսումնասիրություն։

12. Ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովը Գլխավոր վարչություն է ներկայացնում եզրակացություն՝ ուսումնական հաստատությանը Կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխների և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանած պահանջներին համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ։

13. Անհամապատասխանության վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Գլխավոր վարչությունը որոշում է կայացնում ուսումնական հաստատության հայտի մերժման մասին։ Հայտի մերժման մասին որոշումը եռօրյա ժամկետում ներկայացվում է ուսումնական հաստատությանը։

14. Ուսումնական հաստատությունը, հայտի մերժման մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, կարող է որոշումը ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում բողոքարկել Գլխավոր վարչություն, որը բողոքարկումը ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում նշանակում է ուսումնական հաստատության նոր ուսումնասիրություն։

15. Հայտը երկրորդ անգամ մերժելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։

16. Հանձնաժողովի կողմից տրված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Գլխավոր վարչության կողմից ուսումնական հաստատությանը տասնօրյա ժամկետում տրվում է վկայական՝ դրա մեջ նշված գործունեություն իրականացնելու թույլտվության ժամկետով։

17. Վկայականը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

1) վկայական հատկացնող մարմնի անվանումը.

2) վկայականի համարը.

3) վկայական տալու ամսաթիվը և տարեթիվը.

4) գործունեության այն տեսակները, որոնց իրականացման համար տրվել է վկայականը.

5) ուսումնական հաստատության անվանումն ու գտնվելու վայրը.

6) վկայականի գործողության ժամկետը.

7) վկայական հատկացնող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքը։

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

18. Ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները ներառում են՝

1) Ուսումնական հաստատության կառուցվածքային սխեման.

2) կառավարման կազմակերպումը.

3) հրամանատարաղեկավարական և դասախոսական կազմի, նրանց կրթության, մասնագիտական որակավորման և աշխատանքային ստաժի վերաբերյալ տվյալներ.

4) Ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը, որով ղեկավարվում և որից օգտվում են հաստատության թե' ղեկավար, և թե' դասախոսական կազմը։ Այդպիսի ուղեցույցը կարող է հրատարակվել նաև առանձին մասերով։

19. Ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսումնական գործընթացի թույլատրելի շրջանակների ընդհանուր նկարագրություն.

2) առաջարկվող դասընթացների նկարագրությունը՝ ներառյալ տեսական և տեխնիկական միջոցների կիրառմամբ դասընթացների նկարագրությունը.

3) հաստատությունում իրականացվող բոլոր ուսումնական գործընթացների որակի ապահովման համակարգի նկարագրություն.

4) հաստատությունում առկա տեխնիկական միջոցների նկարագրություն, համապատասխան դասընթացների անցկացման համար շինությունների նկարագրություն.

5) ուսումնական գործընթացների պլանավորման, կազմակերպման և վերահսկման համար պատասխանատու անձի (անձանց) որակական մակարդակը որոշող չափանիշների նկարագրություն.

6) հրահանգչական անձնակազմի որակական մակարդակը որոշող չափանիշների նկարագրություն.

7) հրահանգչական անձնակազմի պատրաստման հաշվետվական փաստաթղթերի վարման և պահպանման կարգի նկարագրություն։

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

20. Ուսումնական հաստատության ուսումնական բազան իրենից պետք է ներկայացնի ավիացիոն մասնագետների պատրաստման, կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ միջոցներով հագեցած անհրաժեշտ կառույցների (շինությունների) և սարքավորումների (ներառյալ՝ թռիչքային դաշտ, ավիացիոն տեխնիկա) համալիր։

21. Ուսումնական հաստատության շինությունները (լսարաններ, կաբինետներ, դասախոսական սենյակներ և լաբորատորիաներ) պետք է համապատասխանեն միջազգային ավիացիոն կազմակերպությունների առաջադրած պահանջներին, ջեռուցումը, լուսավորությունը, խոնավությունը և օդափոխությունը պետք է բավարարեն քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին։

22. Ուսումնական հաստատության շինությունների հագեցումը դիդակտիկ պարագաներով և ուսուցման տեխնիկական միջոցներով պետք է ապահովի ունկնդիրների մոտ անհրաժեշտ հմտությունների և կարողությունների զարգացումը։

23. Ուսումնական հաստատության շինությունները պետք է լինեն մասնագիտացված՝ ըստ օդանավերի տիպերի և շարժիչների, ինչպես նաև այլ հատուկ տեխնիկայի ուսումնասիրվող տեսակների։

24. Ուսումնական հաստատության շինությունների համալրումը սարքավորումներով իրականացվում է ըստ նախապես կազմված ցուցակների և սարքավորումների տեղակայման պլանների։

25. Ուսումնական հաստատության շինությունների սարքավորումների ցուցակները կազմվում են համապատասխան դասախոսների կողմից՝ առարկայական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ, իսկ հետո հաստատվում են հաստատության ղեկավարի կողմից։

26. Ուսումնական հաստատության շինությունների սարքավորումների ցուցակները և սարքավորումների տեղակայման պլանները հաստատվում են ուսումնական հաստատության գործադիր մարմնի կողմից։

27. Ուսումնական հաստատության շինությունների դռան արտաքին կողմում պետք է նշված լինի նրա համարը, անվանումը և պատասխանատու անձի ազգանունը։

28. Ուսումնական բազային ներկայացվող պահանջները ներառում են հետևյալ որակական չափանիշները՝

1) դիդակտիկ պարագաները պետք է համապատասխանեն ուսումնական առարկայի ծրագրային բովանդակությանը, արտահայտեն ուսումնական առարկայի հիմնական նպատակն ու խնդիրները, նպաստեն սովորողների կողմից ուսումնական առարկայի յուրացմանը.

2) դիդակտիկ պարագաները պետք է ունենան բարձր աստիճանի հուսալիություն կիրառման մեջ և ապահովեն նրանցից անվնաս օգտվելու հնարավորություն, պետք է ապահովեն անհրաժեշտ մասնագիտական հմտությունների ձեռքբերում և մշակում։

29. Լսարանում տեղակայվում են անշարժ, առավել կարևոր և հաճախակի կիրառվող դիդակտիկ ուսումնական պարագաներ, աղյուսակներ, գրաֆիկներ և տեղեկատվական բնույթի այլ նյութեր, որոնք կարող են փոխվել ծրագրային թեմաներին համապատասխան։

30. Ուսուցման տեխնիկական միջոցները պետք է համալրված լինեն ժամանակակից համակարգչային և այլ տեսալսողական տեխնիկական միջոցներով, տեսաֆիլմերով՝ ուսումնական առարկայի բովանդակությանը համապատասխան։

31. Տեխնիկական միջոցները պետք է ապահովեն՝

1) օդանավերի շահագործման թռիչքային անձնակազմերի ծրագրավորված տեսական ուսուցում և նախնական գործնական հմտությունների և կարողությունների մշակում.

2) ուսումնական գործընթացի կառավարում:

32. Լսարանային պարապմունքների անցկացման դեպքում դասախոսի աշխատատեղը պետք է ունենա հետևյալ նվազագույն սարքավորումները՝

1) ուսուցման տեխնիկական միջոցների կիրառման վերահսկման և կառավարման վահանակով աշխատանքային սեղան.

2) ամբիոն՝ վերահարթակի վրա և աթոռ.

3) գրատախտակ, որի մոտ անհրաժեշտ է ունենալ կավիճ, քանոն, անկյունաչափ, կարկին, ցուցափայտ, սրբիչ և սպունգ.

4) հավաքվող էկրան.

5) ունկնդիրների հետ աշխատանքի գործընթացում կոնկրետ լուծվող խնդիրներից ելնելով՝ այլ պիտույքներ և սարքավորումներ։

33. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպություններում արտադրական ծառայությունների տեխնիկական և մեթոդական դասասենյակները որպես ուսումնական լսարաններ օգտագործելու դեպքում սարքավորումներին ներկայացվող վերը թվարկված պահանջները լրիվ չափով տարածվում են նաև այս դասասենյակների վրա։

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

34. Ուսումնական հաստատության գործադիր մարմինը պատասխանատու է և երաշխավորում է, որ ուսումնական հաստատության դասախոսական և հրահանգչական կազմը համապատասխանում է առաջադրված պահանջներին։

35. Ուսումնական հաստատությունը պետք է ունենա ուսուցման պլանավորման անցկացման և կառավարման համար անհրաժեշտ անձնակազմ։

36. Դասախոսական կազմին ներկայացվող մասնագիտական պահանջները որոշվում են ուսումնական հաստատությունում ավիամասնագետների պատրաստման ձևերով։

37. Ըստ պատրաստման ձևերի դասախոսին ներկայացվող մասնագիտական պահանջներից ելնելով՝ ուսումնական հաստատությունը մշակում է տիպային պաշտոնական հրահանգ, որը պետք է ունենա երեք պարտադիր բաժիններ՝

1) «Պաշտոնական պարտականություններ»՝ պարտականություններ, որոնք հանձնարարվում են դասախոսին կոնկրետ առարկայի գծով.

2) «Անհրաժեշտ գիտելիքների շրջանակը»՝ մասնագիտական գիտելիքների, հրահանգների և չափորոշիչ փաստաթղթերի, ինչպես նաև մանկավարժական մեթոդների և հմտությունների իմացություն, որոնք դասախոսը պետք է կարողանա կիրառել պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ.

3) «Որակավորման պահանջներ»՝ պահանջներ, որոնցում սահմանված են դասախոսի մասնագիտական պատրաստության մակարդակը և ուղղվածությունը, որոնք անհրաժեշտ են նրա վրա դրված պարտականությունների կատարման համար, և աշխատանքային փորձին ներկայացվող պահանջների էությունը։

38. Ընդհանուր պահանջներն արտացոլող տիպային պաշտոնական հրահանգի հիման վրա ուսումնական հաստատությունը մշակում է դասախոսի պաշտոնական հրահանգ, որտեղ արտացոլվում են դասախոսին (դասախոսներին) ներկայացվող մասնագիտական պահանջները, նրանց իրավունքներն ու մասնագիտական պարտականությունները։

39. Ըստ գործունեության ուղղության, ուսումնասիրվող առարկաների՝ դասախոսներին ներկայացվող պահանջները հաստատվում են ուսումնական հաստատության գործադիր մարմնի կողմից՝ ելնելով պատրաստման ձևերի, նպատակների ու խնդիրների առանձնահատկություններից։

40. Հաստատված ուսումնական պլաններին ու ծրագրերին համապատասխան, ըստ պատրաստման ձևերի՝ դասախոսական կազմն իրականացնում է քաղաքացիական ավիացիայի մասնագետների ուսուցում։

41. Յուրաքանչյուր առարկայի գծով դասախոսները պարտավոր են ունենալ՝ մեթոդական մշակումներ, դիդակտիկ պարագաներ, թեմատիկ պլան, դասի պլան, կոնսպեկտ։

42. Դասախոսներից պահանջվող անհրաժեշտ գիտելիքների շրջանակը՝

1) դասախոսը պետք է տիրապետի ուսումնական առարկային, օգտագործվող գրականությանը, ուսումնական ձեռնարկներին.

2) դասախոսը պետք է տիրապետի դասավանդվող առարկային առնչվող մասով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնակարգող փաստաթղթերին.

3) դասախոսը պետք է տիրապետի ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցի պահանջներին և խստորեն պահպանի դրանք.

4) ուսուցման և ուսուցման գործընթացի վերահսկման տեխնիկական միջոցներին, համակարգչի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հիմունքներին.

5) վարժասարքային տեխնիկային.

6) դասախոսը պետք է կարողանա կատարել թռիչքային անվտանգության գծով ծառայությունների աշխատանքների վերլուծություններ, բացահայտել տեխնիկայի խափանումների նկարագիրը, դրանց պատճառները.

7) դասախոսը պետք է պատկերացում ունենա ԻԿԱՕ-ի երաշխավորած գնահատականների վերաբերյալ.

8) աշխատանքի կազմակերպման և հակահրդեհային անվտանգության կանոններին.

9) անգլերեն լեզվի դասախոսները պետք է իմանան «երկինք-երկիր» ռադիոհեռախոսային կապը, միջազգային թռիչքների կատարման կանոնները, միջազգային օդային ուղիներով թռիչքների համար օդերևութաբանական տվյալների ապահովման առանձնահատկությունները, իրենց առնչվող մասով պետք է իմանան և ծանոթ լինեն օդագնացության հիմունքներին, թռիչքների կատարման և օդային երթևեկության կառավարման կանոններին (այդ թվում նաև միջազգային), ունենան բավարար և անհրաժեշտ պատկերացում օդային ուղեգծերի, թռիչքների երթուղիների, վայրէջքի սխեմաների ու համակարգերի, օդային տարածքը պատասխանատվության գոտիների բաժանելու մասին, իմանան և ուսումնական գործընթացում կիրառեն ԻԿԱՕ-ի չափանիշներն ու տեխնիկական փաստաթղթերը։

43. Դասախոսներին ներկայացվող որակավորման պահանջները՝

1) դասախոսը պետք է ունենա մասնագիտական բարձրագույն կրթություն,

2) երեք տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային փորձ։

44. Դասախոսը դասավանդող առարկայի գծով ամեն տարի անցնում է վերապատրաստում քաղաքացիական ավիացիայի տարբեր ստորաբաժանումներում, այլ ուսումնական հաստատություններում, նախագծային բյուրոներում՝ մինչև մեկ ամիս ժամկետով։

45. Մասնագիտական բարձր որակ ապահովելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր դասախոս հինգ տարին մեկ անգամ անցնում է որակավորման բարձրացման (կատարելագործման) դասընթաց քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ըստ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված պլանի։

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

46. Ուսումնական հաստատությունը պետք է ստեղծի իրականացվող բոլոր ուսումնական գործընթացների որակի ապահովման համակարգ, որն ընդունելի լինի վկայական տվող Գլխավոր վարչության կողմից, որը կապահովի ուսուցման և դասավանդման մեթոդների համապատասխանությունը գործող բոլոր միջազգային պահանջներին։

47. Ուսումնական հաստատությունում կարող են սովորել օտարերկրյա քաղաքացիները, վերապատրաստվել և որակավորման բարձրացման դասընթացներ անցնել քաղաքացիական ավիացիայի օտարերկրյա մասնագետները։

 

Գ Լ ՈՒ Խ  8

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

 

48. Կարգի պահանջներին համապատասխան՝ ուսումնական հաստատության գործունեության վերահսկումն իրականացվում է ԲՈՀ-ի կողմից։

49. Այն դեպքում, երբ վերահսկողության արդյունքում պարզվի, որ ուսումնական հաստատությունը չի բավարարում Կարգով սահմանված պահանջներին և/կամ չի ապահովում ուսուցման պահանջվող որակ, ԲՈՀ-ի կողմից տրված եզրակացության հիման վրա ուսումնական հաստատության վկայականի գործունեությունը Գլխավոր վարչության կողմից կայացված որոշման համաձայն դադարեցվում է կամ կասեցվում։

50. Թռիչքային պատրաստության ամբողջ դասընթացի ընթացքում դասախոսները անցկացնում են սովորողների պատրաստականության ընթացիկ ստուգումներ՝ թռիչքների վերաբերյալ տեղեկատվության պարտադիր գրառմամբ, վերծանմամբ և վերլուծությամբ։

51. Եթե ուսումնառության ավարտին թռիչքային վերջնական ստուգումն անցկացվում է համապատասխան որակավորման նիշերի գրանցման կամ մասնագետի վկայականի տրման համար, ապա այն անցկացվում է կամ Գլխավոր վարչության ստուգողի կողմից, կամ ԲՈՀ-ից ստուգողի անմիջական վերահսկողության տակ՝ ուսումնական հաստատության ավագ հրահանգչի կողմից։

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան