Գլխավոր տեղեկություն
Համար
N 422-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.05.2003-25.07.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.03.07/7(70) Հոդ.18
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2000
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Հ Ր Ա Մ Ա Ն  

 

25 դեկտեմբերի 2000 թ.
ք. Երևան

N 422-Մ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության առաջարկությունը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման» կարգը:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2000 թ. մարտի 13-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 55-Մ հրամանը:

3. Միջնակարգ կրթության վարչությանը (պետ` Ա. Կարապետյան), իրավաբանական բաժնին (պետ` Վ. Սարգսյան), 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Նախարար

Է. Ղազարյան

 

Հաստատում եմ
ՀՀ կրթության և գիտության նախարար
___________Է. Ղազարյան
25 դեկտեմբերի 2000 թ.
կոդ 110

 

Կ Ա Ր Գ

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման ԵՎ քննությունների կազմակերպման

 

Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի, 16-րդ հոդվածի, 37-րդ հոդվածի 10-րդ կետի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին», N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19, 28 կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի, 10-րդ կետի «ժէ» ենթակետի համաձայն:

(Նախաբանը խմբ. 11.04.03 N 227-Ն)

Աշակերտի փոխադրումը դասարանից դասարան և ուսումնական հաստատությունն ավարտելը.

1. Առաջին և երկրորդ դասարաններում բոլոր աշակերտները, որպես կանոն փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույն յուրացման պայմանով: Առանձին դեպքերում աշակերտը կարող է մնալ նույն դասարանում` դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ:

2. 4-7-րդ և 9-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան:

3. 3-րդ դասարանի (կրտսեր դպրոցի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան:

4. 8-րդ դասարանի (միջին դպրոցի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, ավարտական քննություններից դրական գնահատականներ ստացած աշակերտները ստանում են հիմնական (ութամյա) կրթության ավարտական վկայական:

5. 10-րդ դասարանի (միջնակարգ դպրոցի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, պետական քննություններից դրական գնահատականներ ստացած շրջանավարտները ստանում են միջնակարգ կրթության վկայական (ատեստատ):

Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է հանձնել քննություն էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության վկայականում գնահատական նշանակելու համար:

6. 3-10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ քննական անբավարար գնահատական ունեցող աշակերտների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է նրանց տրված ամառային առաջադրանքների ստուգման (վերաքննության) արդյունքներով: Ամառային առաջադրանքների ընդունում կատարվում է օգոստոսի 20-30-ը:

Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 3-9-րդ դասարանների աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու: Աշակերտին ամառային առաջադրանք տալու, կամ նույն դասարանում մնալու դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումների մասին աշակերտի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո 3 (երեք) օրվա ընթացքում գրավոր ծանուցմամբ:

«Հայոց լեզուն» և «Հայ գրականությունը», «Հանրահաշիվը» և «Երկրաչափությունը», «Հայոց պատմությունը» և «Պատմությունը» , «Հայաստանի աշխարհագրությունը» և «Աշխարհագրությունը» համարվում են առանձին առարկաներ:

8 և 10-րդ դասարաններում մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող աշակերտներին թույլատրվում է տվյալ առարկայից հանձնել քննություն մինչև քննաշրջանի ավարտը:

(6-րդ կետը լրաց. 11.04.03 N 227-Ն)

7. 4-7-րդ և 9-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր երեք և ավելի ուսումնական առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

3-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող աշակերտներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում:

3-րդ դասարանի այդ աշակերտները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

8. 16 տարին չլրացած, 8-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննականը) դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, մնում են նույն դասարանում դասընթացը կրկնելու:

16 տարին լրացած, 8-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննականը միասին) դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող են դուրս մնալ հանրակրթական ուսումնական հաստատությունից:

9. 10-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննականը միասին) դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:

8-րդ և 10-րդ դասարաններում հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած աշակերտներին իրավունք է վերապահվում հաջորդ տարում, նույն հաստատությունում կրկին քննություններ հանձնել այն առարկաներից, որոնցից ունեն տարեկան կամ քննական անբավարար գնահատական:

Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրանց իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում` ՀՀ կրթության և գիտության նախարարության ուղեգրով:

Հետագայում նրանց իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալ հիմնական կամ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականներ:

10. 1-ից 7-րդ և 9-րդ դասարանները տարեկանում գերազանց ավարտած սովորողները պարգևատրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության Գովասանագրով:

8-րդ դասարանը տարեկանում և քննություններում գերազանց գնահատականներով ավարտած սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական:

10-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից կարող են ներկայացվել որպես մեդալի հավակնորդ, ըստ սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջների:

(10-րդ կետը խմբ. 25.02.02 N 42-Մ)

11. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով աշակերտի փաստացի գիտելիքները, նրա կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով աշակերտի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:

12. Բոլոր դասարաններում աշակերտները գնահատվում են վարքից: Սահմանվում են վարքի հետևյալ գնահատականներ` «լավ», «բավարար», «անբավարար»: Վարքի գնահատական նշանակում է դասղեկը` հաշվի առնելով դասավանդող ուսուցիչների կարծիքը: Վարքից անբավարար գնահատական ունեցող աշակերտի դպրոցից հեռացման հարցերը որոշում է մանկավարժական խորհուրդը` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով աշակերտի ծնողին (կամ նրա օրինական ներկայացուցչին):

Ուսումնական տարվա ընթացքում` մինչև 1-ը մայիսի 160 և ավելի ժամ դասերից բացակայած աշակերտները ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից հանձնում են քննություններ: Քննությունները անց են կացվում մայիսի 10-25-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր: Քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդ միավորումները` հաստատում է տնօրենը: Քննությունները ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը: Քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ: Տարեկանում տվյալ առարկայից դրական գնահատվել չեն կարող այն աշակերտները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:

(12-րդ կետը փոփ. 11.04.03 N 227-Ն)

Քննությունները և դրանց անցկացման կարգը

13. 3-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անցկացվում է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից (գրավոր), դպրոցի տնօրենի սահմանած աշխատակարգով, ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-5-ը ժամանակահատվածում:

Ռուսերենով ուսուցման դպրոցներում (դասարաններում) քննություններ անց են կացվում նաև «Ռուսաց լեզվից»: Քննությունները ընդունում են տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:

14. 8-րդ դասարանում քննություններն անցկացվում են հայոց լեզվից, մեթեմատիկայից` գրավոր, օտար լեզվից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն` աշակերտի ընտրությամբ)` բանավոր: Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում)` հայոց լեզվից, մաթեմատիկայից, ռուսաց լեզվից գրավոր:

Քննությունները անց են կացվում, ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին հունիսի 1-10-ը ժամանակահատվածում:

Քննություններն ընդունվում են դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից. հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամ:

15. 10-րդ դասարանում սահմանված են վեց ավարտական (պետական) քննություններ`

«Հայոց լեզու» - գրավոր

«Մաթեմատիկա» - գրավոր

«Հայոց պատմություն» - բանավոր

«Հայ գրականություն» - բանավոր

«Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` աշակերտի ընտրությամբ) - գրավոր

«Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն կամ իսպաներեն` աշակերտի ընտրությամբ) - բանավոր

Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սահմանվում է ևս մեկ ավարտական քննություն «Ռուս գրականություն» առարկայից - բանավոր,

Գրավոր քննություններն անց են կացվում, ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին: Բանավոր քննությունները անց են կացվում դպրոցի սահմանած օրերին` հունիսի 1-20-ը ժամանակահատվածում:

Պետական քննությունները ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից. հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ:

16. 10-րդ դասարանի համար մաթեմատիկայի (գնահատումը 20 բալանոց համակարգով), 8-րդ դասարանի համար հայոց լեզվի (գնահատումը 5 բալանոց համակարգով) և մաթեմատիկայի (գնահատումը 5 բալանոց համակարգով) քննական առաջադրանքները կազմվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և հաղորդվում ռադիոյով` քննությունները սկսելուց 30 րոպե առաջ (այդ ընթացքում աշակերտները և քննական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն քննասենյակում):

10-րդ դասարանի համար հայոց լեզվի քննական առաջադրանքները (գնահատումը 20 բալանոց համակարգով) կազմվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և հասցվում դպրոցներ քննության օրը:

10-րդ դասարանում «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Օտար լեզու» առարկաների բանավոր քննությունները (գնահատումը 5 բալանոց համակարգով) և «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների գրավոր քննությունները (գնահատումը 20 բալանոց համակարգով) անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով:

8-րդ դասարանի «Օտար լեզվի» քննական առաջադրանքները (գնահատումը 5 բալանոց համակարգով) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

3-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքները (գնահատումը 5 բալանոց համակարգով) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

Ռուսերենով ուսուցման 3-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների ռուսաց լեզվի և ռուս գրականության քննական առաջադրանքները (գնահատումը 5 բալանոց համակարգով) կազմում են դպրոցների առարկայական մեթոդմիավորումները` ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նմուշների:

17. Աշակերտներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց նյութեր:

18. Գրավոր աշխատանքները կատարելու և բանավոր պատասխաններին պատրաստվելու համար քննվողներին տրվում է դպրոցի դրոշմակնիքով կնքված տետր (թուղթ):

19. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած աշակերտներն այն հանձնում են անավարտ վիճակում:

20. Քննական աշխատանքների ստուգումն ավարտվում է քննության օրը: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

21. Աշակերտի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում 3-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 8-րդ և 10-րդ դասարաններում հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը:

22. Քննությունների ընթացքում հիվանդացած (համապատասխան փաստաթղթերի առկայություն) և այդ ընթացքում ապաքինված, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած աշակերտներին մինչև քննությունների ավարտը թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված առարկաների քննությունները: Մինչև քննությունների ավարտը չապաքինված աշակերտները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը: Քննությունների առաջադրանքները կազմում են դպրոցների առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննությունների անցկացման օրերը սահմանում են դպրոցները:

23. 8-րդ և 10-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր «Հանրահաշիվ և անալիզի հիմունքներ» (հանրահաշիվ) կամ «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատական, մասնակցում են «Մաթեմատիկայի» քննությանը: Քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում աշակերտը ամառային առաջադրանք է հանձնում միայն այն առարկայից, որից տարեկանում ունեցել է անբավարար գնահատական:

24. 8-րդ և 10-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր և «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատականներ, չեն թույլատրվում մասնակցելու «Մաթեմատիկայի» քննությանը: Նրանք օգոստոսի ամառային առաջադրանք են հանձնում «Հանրահաշիվ և անալիզի հիմունքներ» (հանրահաշիվ) և «Երկրաչափություն» առարկաներից, ինչպես նաև գրավոր քննություն մաթեմատիկայից:

25. Գնահատման 20 միավորանոց համակարգում` մինչև 7 միավորը ներառյալ և 5 միավորանոց համակարգում` մինչև 2 միավորը ներառյալ, համարվում են անբավարար գնահատական: Տվյալ առարկայի տարեկան և քննական գնահատականները վկայականում գրանցվում են առանձին-առանձին, համապատասխան տողերում:

26. Եթե 10-րդ դասարանի շրջանավարտը հայոց լեզու ուսումնասիրել է միայն 9-րդ և 10-րդ դասարաններում, ապա նա իր ցանկությամբ կարող է ազատվել հայոց լեզվի պետական քննությունից: Այդ դեպքում շրջանավարտի ատեստատում հայոց լեզվի տողում գրվում է.

«չի ուսումնասիրել»:

ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

27. Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ (ստացել են գերազանցության վկայական), 9-րդ և 10-րդ դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից տարեկանում գնահատվել են «5»:

(27-րդ կետը խմբ. 25.02.02 N 42-Մ)

28. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման այլ պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:

29. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև մարտի 21-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն: Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նախնական ցուցակները մինչև մարտի 1-ը ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:

Մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունները մարզից մեդալի հավակնորդների ընդհանրացված նախնական ցուցակները մինչև մարտի 31-ը ներկայացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Մինչև մայիսի 1-ը նախարարությունը ուսումնական հաստատություններում ստուգում է ներկայացումների համապատասխանությունը սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջներին և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություններին ու տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը:

(29-րդ կետը փոփ., խմբ. 25.02.02 N 42-Մ, փոփ. 11.04.03 N 227-Ն)

30. Ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:

Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված քննությունները անցկացնելու համար նախարարի հրամանով ստեղծվում են «Հայոց լեզվի» և «Մաթեմատիկայի» առարկայական հանձնաժողովներ:

Մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպումը

31. Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), կենտրոնացված կարգով, հանձնում են պետական քննություններ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին.

«Հայոց լեզու» առարկայից,

«Մաթեմատիկա» առարկայից,

նախարարության կողմից նախօրոք որոշված հաստատությունում:

Քննության համար մեդալի հավակնորդ շրջանավարտին տրվում է գրիչ և հատուկ նմուշի ծածկագրված տետր:

Յուրաքանչյուր առարկայի քննական աշխատանքները ստուգվում են քննության օրը, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից:

Քննությունների արդյունքները հրապարակվում են յուրաքանչյուր առարկայի քննության հաջորդ օրը, ժամը 18.00-ին:

Տվյալ առարկայի քննության արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո, աշակերտը (ծնողի կամ մասնագետի ներկայությամբ) կարող է բողոքարկել քննության արդյունքը առարկայական հանձնաժողովում մինչև տվյալ օրվա ժամը 24.00-ը:

Կենտրոնացված կարգով անցկացվող երկու քննությունների վերջնական արդյունքների մասին մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունները և նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները տեղեկացվում են մինչև հունիսի 7-ը:

(31-րդ կետը լրաց., փոփ. 11.04.03 N 227-Ն)

32. «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն կամ իսպաներեն մեդալի հավակնորդի ընտրությամբ) առարկաներից ավարտական պետական քննությունները մեդալի հավակնորդ շրջանավարտները հանձնում են իրենց ուսումնական հաստատություններում նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները:

Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է նախարարության կողմից:

33. Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են և սահմանվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

34. Մինչև հունիսի 22-ը հանրակրթական ուսումնական հաստատությունները մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն են ներկայացնում սահմանված ձևի տեղեկանք, հանրակրթական ուսումնական հաստատությունում մյուս չորս առարկաներից, մեդալի հավակնորդ շրջանավարտների հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում է մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունում և մինչև հունիսի 25-ը ներկայացվում է նախարարության հանրակրթության վարչություն:

Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նման տեղեկանքը նույն ժամկետում ներկայացվում են նախարարության հանրակրթության վարչություն:

(34-րդ կետը փոփ. 11.04.03 N 227-Ն)

Մեդալով պարգևատրումը

35. ա) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր (20 միավորային համակարգում) կամ 5 միավոր (5 միավորային համակարգում)` պարգևատրվում են մեդալով:

բ) Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում:

36. Ավարտական և փոխադրական քննությունները հատուկ գիշերօթիկ հաստատություններում սահմանվում են առանձին կարգով:

 

Միջանկյալ կրթության վարչություն

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից 
16 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ
 11001044