Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հոդ.313
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.08.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

  N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին» N 2121-Ն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, ինչպես նաև մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախներում իրականացվող ախտաբանաանատոմիական աշխատանքին ներկայացվող պահանջները սահմանելու գործընթացի կանոնակարգման նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել` «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախներում իրականացվող ախտաբանաանատոմիական աշխատանքին ներկայացվող պահանջներ» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները, համաձայն հավելվածի:

 

Նախարար

Հ. Քուշկյան

 

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թ. օգոստոսի 25-ի
թիվ 15-Ն հրամանի

 

ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՍԿ N 3.13.1,7. 006. 08

 

1. Ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով (բացի 1-ին խմբի վիրուսներից) հարուցված վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիակները ենթակա են ախտաբանաանատոմիական, մանրէաբանական (վիրուսաբանական), շճաբանական հետազոտությունների:

2. Ախտածնության 1-ին խմբի միկրոօրգանիզմների միջոցով հիվանդություններից մահացած մարդկանց դիակների հերձումը (այսուհետ` դիահերձում) կատարվում է սահմանված կարգով: Դիահերձումը չի կարելի կատարել ընդհանուր դիասրահում: Այն անհրաժեշտ է իրականացնել նախօրոք ստեղծված և սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան դիասրահում: Դիահերձման ժամանակ առաջացած հեղուկներն անհրաժեշտ է հավաքել դիակային սեղանին կից տարողության մեջ, որտեղ դրանք պետք է լիարժեք վարակազերծել:

3. Դիահերձման ժամանակ չի թույլատրվում չվարակազերծված հեղուկների արտահոսքը կոյուղու համակարգ:

4. Դիասրահի, դիակների հետ շփման մեջ եղած գործիքները, անձնակազմի պաշտպանական հագուստները և բոլոր առարկաները, ինչպես նաև տրանսպորտը, որով տեղափոխվել է դիակը, ենթակա են մանրազնին վարակազերծման:

5. Ժանտախտից, 1-ին խմբի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված մահացած մարդկանց դիակների տեղափոխումը հուղարկավորության վայր կարելի է իրականացնել ցանկացած տրանսպորտով մետաղական կամ ամուր փակվող փայտյա դագաղով, որը ներսից պատված է մոմլաթով: Դիակային հեղուկի արտահոսքը կանխելու նպատակով մոմլաթում կարերը պետք է լինեն վերից վար և գտնվեն դագաղի կողմնային մասերում: Դիակը պետք է փաթաթված լինի ախտահանիչ լուծույթով ներծծված գործվածքով: Դագաղի մեջ դրված դիակը ծածկվում է քլորակրով և ամուր փակվում կափարիչով: Դիակի տեղափոխումը դիակիզարան իրականացնում են շտապ օգնության կայանների դիակներ տեղափոխող ջոկատները` հատուկ վտանգավոր վարակների հետ աշխատանքի թույլտվություն ունեցող մասնագետի ուղեկցությամբ:

6. Դագաղի բացակայության դեպքում, որպես բացառություն, թույլատրվում է ախտահանիչ լուծույթով թրջված սավանի մեջ փաթաթված դիակների թաղումը: Գերեզմանի հատակը և նրա մեջ տեղադրված դիակը ծածկվում է քլորակրով:

7. Ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց մարմինների դիակիզումը և հուղարկավորությունը կատարվում է ընդհանուր դիակիզարաններում և գերեզմանատներում` պահպանելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 և, 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վերահուղակավորման կարգերը հատատելու մասին» N 1301-Ն որոշումների և սույն կանոնների պահանջները: