Գլխավոր տեղեկություն
Համար
N 368
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.02.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.21/13(99) Հոդ.81
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2002
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2002

118.0368.07.05.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802082

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 մայիսի 2002 թ.
ք. Երևան

N 368

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ՀՀ կառավարության 24.09.2001 թ. N 895 որոշումը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել նախարարի 25.07. 2001 թ. N 271 ա հրամանը:

 

Նախարար՝

Վ. Խաչատրյան

 

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 07.05.2002 թ. N 368 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովի

 

I Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թ. նոյեմբերի 27-ի N 792-Ա հրամանով:

(1-ին կետը փոփ. 20.12.02 N 884-Ն)

2. Գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից:

4. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալներից մեկն ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:

5. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման ղեկավարն է:

(5-րդ կետը խմբ. 20.12.02 N 884-Ն)

 

II Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

6. Հանձնաժողովի հիմնական խնդիրը՝ Հայաստանի Հանրապետությունում գրավատան կազմակերպման բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:

7. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կողմից ներկայացրած փաստաթղթերը, ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման և իրավաբանական ստորաբաժանման կողմից տրված դիտողությունները: Քննարկելով նշված փաստաթղթերը և դիտողությունները, հանձնաժողովը կայացնում է լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.

բ) քննության է առնում լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման համար հիմք հանդիսացող խախտում կատարելու դեպքում նրանց հանդեպ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ հարցերը, ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման առաջարկությունները և կայացնում համապատասխան պատժամիջոցի կիրառման վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.

գ) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 20.12.02 N 884-Ն)

 

III Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

8. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված ի օգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև՝ հրավիրված անձ):

11. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

12. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:

13. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

14. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

15. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:

16. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

17. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

18. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

19. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

ա) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.

բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.

գ) քննարկվող հարցի բովանդակությունը.

դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

20. Հանձնաժողովի նախագահը՝

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը.

դ) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

ե) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

զ) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը.

է) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

22. Հանձնաժողովի անդամները՝

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կանոնադրությունը փոփ., խմբ. 20.12.02 N 884-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.12.2002, N 884-Ն 13.02.2003, N 368
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան