Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-268-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.30/13(46)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱժողովԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի նպատակային ու արդյունավետ օգտագործման կարևորությունը հանրապետության ներդրումային քաղաքականության կայունացման մեջ և, մասնավորապես, դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, մտահոգություն հայտնելով խնդրո առարկայի առնչությամբ, առաջնորդվելով Սահմանադրության 73, 77 և Ազգային ժողովի կանոնակարգի 44, 145 հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով` միջազգային վարկերի և փոխառությունների օգտագործման արդյունավետությունը Վերահսկիչ պալատի օգնությամբ ուսումնասիրելու, վարկերի ստացման թափանցիկությունն ու վերահսկելիությունն ապահովելու նպատակով օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու և այդ կապակցությամբ Ազգային ժողով եզրակացություն և տեղեկանքներ ներկայացնելու համար:

2. Առաջարկել Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններին, խմբերին և անկախ պատգամավորներին` հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար առաջադրել մեկական ներկայացուցիչ:

3. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար` հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու և Ազգային ժողով ներկայացվելիք եզրակացությունը նախապատրաստելու համար: Ազգային ժողովն աջակցում է հանձնաժողովի աշխատանքին:

4. Հանձնաժողովը կազմում և հաստատում է իր գործունեության ծրագիրը: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Իր խնդիրներն իրականացնելիս հանձնաժողովն իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր:

6. Հանձնաժողովն իր եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում իր լիազորությունների ավարտից հետո ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

7. Հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են իր առջև դրված խնդիրներն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում:

8. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Խ. Հարությունյան
   

10 հունիսի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-268-1

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան