Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հոդ.130
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32008102

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

30 հունվարի 2008 թ.
ք. Երևան

 

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի 114-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Գլխավոր վարչության պետ՝

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2008 թվականի հունվարի 30-ի
N 14-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին կոնվենցիայի «Անվտանգություն» թիվ 17 հավելվածի դրույթների հիման վրա և նպատակ ունի կանոնակարգել քաղաքացիական ավիացիայի օդանավերով Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն ուղեկցման ենթակա անձանց փոխադրման գործընթացը:

2. Ուղեկցման ենթակա անձինք են հանդիսանում.

1) ազգային անվտանգության, ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը կարգախմբով ուղեկցվող անձինք.

2) հաշմանդամները.

3) Հայաստանի Հանրապետությունից վտարված անձինք կամ oտարերկրյա պետություններից վտարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կալանքի տակ գտնվող անձինք, հոգեկան խանգարում ունեցող անձինք:

3. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց քաղաքացիական օդանավերով փոխադրման ընթացքում նրանց ուղեկցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ազգային անվտանգության ծառայություն) կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (այսուհետ՝ քրեակատարողական վարչություն) կարգախմբերի միջոցով:

4. Հայաստանի Հանրապետությունից վտարված անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններից վտարված և որպես ուղևոր քաղաքացիական օդանավերով փոխադրման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղեկցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի համապատասխան պատրաստականություն ունեցող աշխատակիցների միջոցով:

5. Հաշմանդամ ուղևորներ են համարվում անվասայլակների, պատգարակների միջոցով փոխադրվող ուղևորները, ինչպես նաև տեսողությունից և լսողությունից զուրկ ուղևորները և ուղեկցումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) այն ուղևորները, որոնք ինքնուրույն չեն կարողանում շարժվել, դեպի օդանավ են տարվում անվասայլակների կամ պատգարակների միջոցով: Նման ուղևորների թույլատրվում են փոխադրման միայն ուղեկցող անձի ներկայությամբ, որը թռիչքի ընթացքում պետք է ապահովի նրանց խնամքը.

2) չուղեկցվող հաշմանդամները, որոնք ինքնուրույն չեն շարժվում ընդունվում են փոխադրման միայն փոխադրողի համաձայնությամբ.

3) տեսողությունից զուրկ ուղևորները փոխադրվում են ուղեկցող անձանց ներկայության պայմաններում: Օդանավ շահագործողի համաձայնության դեպք տեսողությունից զուրկ ուղևորները կարող են փոխադրվել նաև ուղավար շան ուղեկցությամբ: Տեսողությունից զրկված ուղևորների փոխադրումը ուղավար շան հետ կատարվում է հաշմանդամության և ուղավար շան վարժեցման փաստաթղթերի առկայության դեպքում: Ուղավար շունը պետք է ունենա վզնոց, դնչկալ և թռիչքի ընթացքում կապված լինի ուղևորի ոտքերի մոտ.

4) լսողությունից զուրկ ուղևորները փոխադրվում են ուղեկցողի առկայության դեպքում, ինչպես նաև փոխադրողի համաձայնությամբ՝ առանց ուղեկցողի:

6. Օդանավ շահագործողը նախապես տեղեկացնում է հաշմանդամ ուղևորներին օդանավակայաններում կիրառվող նախաթռիչքային ձևակերպումների, նման ուղևորների նկատմամբ սահմանված ավիացիոն անվտանգության պահանջների մասին:

Օդանավ շահագործողն իրավունք ունի չկատարել ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց փոխադրում, եթե գտնում է, որ այն կարող է սպառնալ օդանավի թռիչքի կամ ուղևորների անվտանգությանը:

7. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ուղեկցումն իրականացվում է համապատասխան բժշկական կազմակերպությունների աշխատակիցների միջոցով:

 

2. Ուղեկցման աշխատանքների կազմակերպումը

 

8. Հայաստանի Հանրապետությունից վտարված անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններից վտարված և ուղեկցման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղեկցման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են այն դեպքում, երբ օդանավ շահագործողը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) հայտ է ներկայացվում որոշակի չվերթով Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անձանց ուղեկցման աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար:

9. Օդանավ շահագործող կազմակերպության կողմից Գլխավոր վարչություն ներկայացված հայտում նշվում է.

1) փոխադրող ավիաընկերության անվանումը.

2) չվերթի երթուղին, օրը, ժամը.

3) ուղեկցման ենթակա անձանց անունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության վայրը, քաղաքացիությունը, թիվը,

4) ուղեկցող անձանց թիվը:

10. Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, քրեակատարողական վարչությունը և բժշկական հաստատություններն ուղեկցման ենթակա անձանց Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական օդանավերով փոխադրման անհրաժեշտության դեպքում, նախատեսված փոխադրումից առնվազն երեք օր առաջ փոխադրման աշխատանքների կազմակերպման նպատակով հայտ են ներկայացնում տվյալ ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավ շահագործող ընկերությանը: Հայտում նշվում է.

1) չվերթի երթուղին, օրը և ժամը,

2) ուղեկցման ենթակա անձանց քաղաքացիությունը և թիվը,

3) ուղեկցման ենթակա անձանց տվյալները՝ անունը, ազգանունը, անձնագրի համարը, ծննդյան թիվը, բնակության վայրը,

4) ուղեկցող անձանց անունը, ազգանունը և թիվը:

Օդանավ շահագործող կազմակերպությունը քաղաքացիական օդանավերով ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կազմակերպման վերաբերյալ ներկայացված հայտի մասին տեղեկատվություն է ներկայացնում Գլխավոր վարչություն:

11. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անձանց ուղեկցման աշխատանքների ապահովման նպատակով ուղեկցող խմբի կազմում կարող են ներգրավվել նաև ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և քրեակատարողական վարչության աշխատակիցներ, այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով պետական կառավարման համապատասխան մարմինների ղեկավարությանը:

12. Անկախ վտարված և ուղեկցման ենթակա անձանց վտանգավորության աստիճանից՝ մեկ վտարված և ուղեկցման ենթակա անձին պետք է ուղեկցեն ուղեկցման խմբի երկու անդամ:

 

3. Ուղեկցման աշխատանքների կազմակերպման ԵՎ իրականացման կարգը

 

13. Հայաստանի Հանրապետությունից վտարված անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններից վտարված և քաղաքացիական օդանավերով դեպի Հայաստանի Հանրապետություն ուղեկցման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղեկցման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է Գլխավոր վարչության պետը կամ Գլխավոր վարչության պետի տեղակալը, որը որոշում է կայացնում ուղեկցող խմբի անդամների կազմի վերաբերյալ՝ հիմք ընդունելով վտարման ենթակա ուղևորների ընդհանուր քանակը, քաղաքացիությունը, վտանգավորության աստիճանը, թռիչքի երթուղու վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, ուղեկցող խմբի անդամների օտար լեզուների իմացության աստիճանը:

14. Ուղեկցող խմբի կազմը և նրանց թռիչքային փաստաթղթերի ձևակերպման (ավիատոմսերի ձևակերպում կամ օդանավի անձնակազմի թռիչքային պլանում ներառում) աշխատանքներն իրականացվում են Գլխավոր վարչության պետի հրամանի համաձայն:

15. Ուղեկցող խմբի անդամները մինչ ուղեկցման աշխատանքներին ձեռնամուխ լինելը իրավասու անձի կողմից հրահանգավորում են ուղեկցման աշխատանքների կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև թռիչքի ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումների վերաբերյալ:

16. Ուղեկցման ենթակա անձանց հավաքումը և խմբավորումն ըստ թռիչքի նշանակության վայրի, պետք է իրականացվի օդանավի թռիչքից 3,5 ժամ առաջ, օդանավակայանի մեկնման սրահում:

17. Ուղեկցման ենթակա անձինք և ուղեկցող խմբի անդամներն օդանավակայանում հաշվառման և ձևակերպման են ներկայանում համատեղ, նախքան տվյալ չվերթի ուղևորների հաշվառումն սկսելը:

18. Հաշվառումից հետո ուղեկցվող անձանց փաստաթղթերը, նստեցման կտրոնը, հաշվառված և ձևակերպված ուղեբեռի կտրոնները հանձնվում են ուղեկցող խմբի ավագին:

19. Ուղեկցման ենթակա անձանց և ուղեկցող խմբի անդամները անցնում են մեկնող/ժամանող ուղևորների համար նախատեսված մաքսային, սահմանային, ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը, ընդ որում այդ ընթացակարգերը նրանք անցնում են տվյալ չվերթի ուղևորների սպասարկումներից առաջ և նստեցվում են օդանավ մինչև տվյալ չվերթի այլ ուղևորների նստեցումը, իսկ ժամանման օդանավակայանում նրանց իջեցումը իրականացվում է բոլոր ուղևորների օդանավից իջեցումից հետո:

20. Չվերթի մեկնումից երկու ժամ առաջ օդանավակայանում ուղեկցման ենթակա անձանց փոխադրող ավիաընկերության ներկայացուցիչը տվյալ չվերթով մեկնող օդանավում ուղեկցող խմբի և ուղեկցման ենթակա անձանց առկայության մասին հեռագրով տեղեկացնում է ժամանման օդանավակայանի համապատասխան ծառայություններին, նրանց դիմավորումը կազմակերպելու նպատակով:

21. Հաղորդագրության մեջ պետք է նշվեն ուղեկցման ենթակա անձանց թիվը, անունը, ազգանունը, վտարման երկիրը, երթուղին, նշանակման վայրը, ինչպես նաև ուղեկցող խմբի անդամների թիվը և անուններն ու ազգանունները:

22. Մինչև օդանավ նստեցումը, ուղեկցող խմբի ավագն իրազեկում է օդանավի հրամանատարին տվյալ չվերթով ուղեկցման ենթակա անձանց, ինչպես նաև ուղեկցող խմբի անդամների մոտ զենքի կամ անձի ազատությունը սահմանափակող միջոցների առկայության և ուղեկցվող անձանց ու ուղեկցող խմբի անդամների նստատեղերի մասին:

Թռիչքի ընթացքում, ուղեկցող խմբի ողջ անձնակազմը ենթարկվում է օդանավի հրամանատարին և կատարում է նրա կողմից տրված հրահանգները:

23. Ուղեկցման ենթակա անձանց և ուղեկցող խմբի անդամների նստատեղերը պետք է գտնվեն օդանավի վերջնամասում: Օդանավի միջանցքի մեկ կողմի նվազագույնը երկու նստատեղ ունեցող շարքերում ուղեկցող խմբի անդամը պետք է զբաղեցնի ուղեկցման ենթակա անձի նստատեղի և օդանավի միջանցքի միջև գտնվող նստատեղը:

24. Թռիչքի ընթացքում ուղեկցող խմբի անդամի կողմից իր նստատեղը լքելու դեպքում ուղեկցող խմբի անդամի բացակայության ողջ ընթացքում, նախնական համաձայնությամբ, նրան պետք է փոխարինի օդանավի բորտուղեկցորդներից մեկը:

25. Օդանավի թռիչքի և ուղևորների անվտանգության ապահովման համար ուղեկցող խմբի անդամները հսկողություն են իրականացնում ուղեկցման ենթակա անձանց նկատմամբ թռիչքի ամբողջ ընթացքում:

26. Թռիչքի ընթացքում, ուղեկցման ենթակա անձանց կողմից կատարված վարքագծի կանոնների խախտումների կամ օդանավի թռիչքի անվտանգությանը սպառնացող գործողությունների դեպքերը կանխվում են ուղեկցող խմբի անդամների կողմից, իսկ այլ ուղևորների կողմից կատարված վարքագծի կանոնների խախտումների կամ օդանավի թռիչքի անվտանգությանը սպառնացող գործողությունների դեպքերը ուղեկցող խմբի անդամների կողմից կարող են կանխվել՝ օդանավի հրամանատարի կողմից համապատասխան կարգադրություն տալուց հետո:

27. Թռիչքի ավարտից հետո ուղեկցող խմբի ավագը վտարված անձանց փաստաթղթերը հանձնում է փոխադրող ավիաընկերության ներկայացուցչին և նրա հետ միասին վտարված անձանց ուղեկցում է մինչև պետական սահմանային հսկողության անցակետ՝ ներկայացնելով նրանց սահմանային հսկողության, որից հետո ուղեկցման աշխատանքները համարվում են ավարտված:

28. Ուղեկցման աշխատանքների վերաբերյալ խմբի ավագը զեկուցագիր է ներկայացնում Գլխավոր վարչության պետին:

29. Վտարված, սակայն չուղեկցվող անձանց փաստաթղթերը մեկնման օդանավակայանում հանձնվում են օդանավի անձնակազմի հրամանատարին, որը վայրէջքի օդանավակայանում դրանք հանձնում է տվյալ օդանավակայանում ավիաընկերության ներկայացուցչին՝ սահմանային հսկողության ծառայություն ներկայացնելու համար:

30. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ուղեկցումն իրականացվում է կարգի 12-րդ կետով սահմանված հայտի ներկայացումից հետո: Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ուղեկցումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ նման մեկ անձին ուղեկցում են համապատասխան մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածություն ունեցող երկու բժիշկ-հոգեբույժներ:

Եթե հոգեկան խանգարումներ ունեցող անձին անհրաժեշտ է մինչև թռիչքը ներարկել հանգստացնող միջոցներ, ապա այդ դեպքում պետք է հաշվի առնել օդանավի թռիչքի յուրաքանչյուր հատվածի տևողությունը և ներարկում կատարել թռիչքի սահմանված ժամանակահատվածի հաշվարկով:

31. Օդանավ շահագործողը, ելնելով օդանավի թռիչքի անվտանգության ապահովման առաջնահերթությունից, իրավունք ունի հրաժարվելու փոխադրման ընդունել հոգեկան խանգարում ունեցող անձանց:

 

4. Ձերբակալված, կալանավորված ԵՎ ազատազրկման դատապարտված անձանց փոխադրման իրականացումը

 

32. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց փոխադրում կարող է կազմակերպվել և իրականացվել կարգի 12-րդ կետով սահմանված հայտի ներկայացումից հետո:

33. Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց փոխադրում չի թույլատրվում, եթե նման մեկ անձին ուղեկցող ազգային անվտանգության ծառայության, ոստիկանական կամ քրեակատարողական վարչության աշխատակիցների քանակը պակաս է երկուսից:

34. Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց և նրանց ուղեկցող խմբի անդամների հաշվառումը, իրերի ձևակերպումը, օդանավակայաններում մաքսային, սահմանային և ավիացիոն անվտանգության հսկողություններն իրականացվում են սույն կարգի 16, 17, 18, 19 կետերով սահմանված կարգով:

35. Զինված ուղեկցում իրականացնող անձինք հաշվառման ժամանակ պետք է տեղեկացնեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց մոտ զենքի առկայության մասին, մաքսային և ավիացիոն անվտանգության հսկողությունների ընթացակարգեր անցնելիս ներկայացնեն գործուղման թերթիկը, զենք կրելու թույլտվությունը և Հայաստանի Հանրապետությունից այն դուրս տանելու թույլտվությունը, օդանավ շահագործողի ներկայացուցիչների կողմից ծանոթանան քաղաքացիական օդանավով զինված ուղեկցում իրականացնելու պայմաններին և ստորագրեն համապատասխան հրահանգի ծանոթացման թերթիկում:

36. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները պետք է տեղեկացվեն օդանավում զինված անձանց առկայության, նրանց թվի և նստատեղերի մասին: Այն դեպքերում, երբ զինված ուղեկցում իրականացնող անձինք տարանցիկ չվերթով են մեկնում կամ մեկ օդանավից փոխադրվում են մեկ այլ օդանավ, ապա օդանավի հրամանատարը կամ շահագործողը այդ մասին տեղեկացնում են այդ օդանավ շահագործողին:

37. Օդանավի հրամանատարը պետք է զգուշացնի զինված ուղեկցում իրականացնող անձանց չմիջամտել օդանավի թռիչքի ընթացքում օդանավում տեղի ունեցող անկարգություններին, եթե միջամտելու խնդրանքով ինքը նրանց չի դիմել:

38. Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ուղեկցող խմբի անդամները պետք է ապահովված լինեն հատուկ միջոցներով:

39. Թռիչքի ավարտից հետո ուղեկցման խմբի ավագը ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ուղեկցում է մինչև նշանակման վայր:

 

5. Ուղեկցման ընթացքում կիրառվող նախազգուշական միջոցառումները

 

40. Կարգի 2-րդ կետով սահմանված ուղեկցման ենթակա անձինք թռիչքի ընթացքում պետք է մշտապես գտնվեն ուղեկցող խմբի անդամների հսկողության ներքո, նրանք պետք է մշտապես ուղեկցվեն ուղեկցման խմբի անդամների կողմից, այդ թվում նաև՝ զուգարանից օգտվելու դեպքերում:

41. Ուղեկցվող անձանց և ուղեկցող խմբի անդամներին թռիչքի ընթացքում ոգելից խմիչքների և սննդի ընդունման համար նախատեսված մետաղական պարագաների մատուցումը չի թույլատրվում: