ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 08-Մ |
17.01.2000 թ. |
«ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետը
Հրամայում եմ`
1. Հաստատել «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգը:
2. Նախարարության իրավաբանական բաժնին (պետ` Վ. Սարգսյան), միջնակարգ կրթության վարչությանը (պետ` Ա. Ավետիսյան).
հաստատված փաստաթուղթը 10-օրյա ժամկետում սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Է. Ղազարյան
Հաստատում եմ` |
Կ Ա Ր Գ
Էքստեռն փոխադրական եվ ավարտական քննություններ կազմակերպելու
Սույն կարգը մշակվել է ՀՀ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետերին համապատասխան
● Էքստեռն փոխադրական քննությունները եվ դրանց կազմակերպումը
1. Հանրակրթական դպրոցի աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում են` ելնելով աշակերտի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման փաստացի մակարդակից:
2. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են բացառապես դպրոցների այն աշակերտների համար, ովքեր նախորդ դասարաններում ունեցել են գերազանց առաջադիմություն և ցուցաբերել են հատուկ օժտվածություն որևէ առարկայից:
3. Հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննությունների կազմակերպում չի թույլատրվում:
4. Հանրակրթական դպրոցի առաջինից յոթերորդ և իններորդ դասարանների աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցի մանկավարժական խորհրդի ներկայացմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանձնաժողովի թույլտվությամբ:
(4-րդ կետի գործողությունը մասնակի կասեցված է 21.12.01 N 556-Մ)
5. Աշակերտների համար Էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են դպրոցում` հետևյալ ընթացակարգով.
5.1 Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 10-ը, իսկ առաջին և իններորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով:
(5.1-ին կետի գործողությունը մասնակի կասեցված է 21.12.01 N 556-Մ)
5.2 Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտի համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 20-ը, իսկ առաջին և իններորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա ուսումնական տարվա հունվարի 15-ը դիմումը քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում:
Մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում երաշխավորելու ու կրթության և գիտության նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ:
Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
(5.2-րդ կետի գործողությունը մասնակի կասեցված է 21.12.01 N 556-Մ)
5.3 Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 30-ը, իսկ առաջին և իններորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 20-ը.
- դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից երաշխավորված աշակերտների դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու հարցը քննարկվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում` նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` աշակերտի հետ վարվող հարցազրույցի միջոցով:
- Որպես կանոն հանձնաժողովը նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հարցազրույցին ներկա է գտնվում համապատասխան դպրոցի տնօրենը:
(5.3-րդ կետի գործողությունը մասնակի կասեցված է 21.12.01 N 556-Մ)
5.4 Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում աշակերտը իրավունք է ստանում մասնակցելու էքստեռն փոխադրական քննություններին, որոնք անցկացվում են դպրոցում` ըստ դպրոցի տնօրենի կողմից նախօրոք հաստատված ժամանակացույցի և քննական հանձնաժողովների. երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 15-ից 30-ը ժամանակահատվածում, հաջորդ դասարանի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից, իսկ առաջին և իններորդ դասարանների աշակերտների համար` տվյալ ուսումնական տարվա հունվարի 25-ից փետրվարի 15-ը ժամանակահատվածում, տվյալ դասարանի երկրորդ կիսամյակի և հաջորդ դասարանի առաջին կիսամյակի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից:
Հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ռուսաց լեզու առարկաների քննությունները անց են կացվում գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները` ըստ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման:
(5.4-րդ կետի գործողությունը մասնակի կասեցված է 21.12.01 N 556-Մ)
5.5 Քննություններին մասնակցում է մարզային կրթության վարչության ներկայացուցիչը:
6. Փոխադրական բոլոր քննություններից միայն «լավ» և «գերազանց» գնահատականներ ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:
7. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա աշակերտին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և պաշտոնապես տեղեկացնում նախարարությանը և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությանը:
8. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված աշակերտների գնահատականները համարվում են կիսամյակային (տարեկան) ամփոփիչ գնահատականներ:
● Էքստեռն ավարտական քննությունները եվ դրանց կազմակերպումը
9. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են հիմնական (ութամյա) և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան:
10. Էքստեռն ավարտական քննություններին կարող են մասնակցել և Էքստեռն կարգով հիմնական և միջնակարգ կրթության ավարտական վկայական (ատեստատ) ստանալ հանրակրթության համակարգից դուրս, ինքնակրթությամբ զբաղված անձինք:
11. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են ՀՀ մարզպետարաններում (Երևան քաղաքում), էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված դպրոցներում: Դպրոցները ընտրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարան) կրթության վարչությունների ներկայացմամբ:
12. Հատուկ կրթության ենթակա երեխաների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են նախարարության թույլտվությամբ, համապատասխան դպրոցում:
13. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները մինչև տվյալ ուսումնական տարվա մայիսի 5-ը ներառյալ դիմում են մարզկենտրոններում էքստեռն քննություններ ընդունելու իրավունք վերապահված դպրոցների տնօրեններին: Դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
● 8-ամյա (հիմնական) կրթության վկայական ստանալու համար.
ա) անձը հաստատող փաստաթուղթ
բ) տեղեկանք նախնական կրթության մասին
● միջնակարգ կրթության վկայական ստանալու համար.
ա) 8-ամյա կրթության վկայական (բնօրինակը)
բ) անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմորդների ցուցակները և ներկայացված փաստաթղթերը մինչև մայիսի 10-ը ներկայացվում են նախարարություն, փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:
14. Էքստեռն քննություններ անց են կացվում մայիսի 20-ից հունիսի 15-ը` ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցերի:
Ժամանակացույցով հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների պետական քննություններն անցկացվում են հանրակրթական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա ավարտական քննությունների միասնական օրերին` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմած քննական առաջադրանքներով և կարգով:
10-րդ դասարանում հայոց պատմություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), հայ. գրականություն, ռուսաց կամ օտար լեզուներ քննություններն անցկացվում են նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով: Մնացած առարկաների քննական տոմսերը կազմում են դպրոցների առարկայական մեթոդմիավորումները, առարկայական ծրագրերին համապատասխան:
15. Նախորդ տարում կրթության համակարգից դուրս մնացած դրսեկների տարեկան և քննական դրական գնահատականները պահպանվում են: Այդ դրսեկները էքստեռն ավարտական քննություններ են հանձնում միայն այն առարկաներից, որոնցից չեն գնահատվել կամ ունեցել են անբավարար գնահատականներ:
16. Նախորդ տարում էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած դրսեկների ստացած քննական դրական գնահատականները պահպանվում են և նրանք քննություններ են հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություններ չեն հանձնել կամ ստացել են քննական անբավարար գնահատականներ:
17. Քննությունների հանձնաժողովները կազմում են դպրոցների տնօրենները` հետևյալ սկզբունքով.
ա) ութերորդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,
բ) տասներորդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երեք անդամ,
գ) յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում առնվազն մեկ անդամ ընդգրկվում է մարզի այլ դպրոցներից, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչության ներկայացմամբ:
18. Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացողներին քննությունները կազմակերպող դպրոցը սահմանված կարգով տալիս է 8-ամյա կամ միջնակարգ կրթության ավարտական վկայական` «Էքստեռն» նշումով:
19. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:
20. Էքստեռն կարգով ավարտողներին տրված ավարտական վկայականները գրանցվում են սահմանված ձևի մատյաններում «Էքստեռն» նշումով:
21. Գրանցման մատյանը, քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոցում:
(կարգը փոփ. 21.12.01 N 556-Մ)
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
19 հունվարի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11000004
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.01.2007, N 39-Ն | 16.02.2007, N 08-Մ | |
21.12.2001, N 556-Մ | 26.12.2001, N 08-Մ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|