Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.05.2008-26.02.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.16/25(234) Հոդ.352
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Ընդունման ամսաթիվ
11.09.2006
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106303

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

11 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Սահմանել համայնքային ծառայողի ատեստավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հ. Աբրահամյան

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
նախարարի 2006 թ. սեպտեմբերի 11-ի
N 15-Ն հրամանի

    ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են համայնքային ծառայողի  ատեստավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումը՝ զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է:

3. Համայնքային  ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

4. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական
ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

5. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համայնքային ծառայողի ցանկությամբ՝ նրա գրավոր դիմումի հիման վրա, կամ համայնքի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ, այդ թվում՝ համայնքային ծառայողի՝ հերթական վերապատրաստման արդյունքում բացասական գնահատական ստանալու դեպքում:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող համայնքային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

բ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած համայնքային ծառայողները վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

գ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող համայնքային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել։

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

9. Ատեստավորումները անցկացնում են համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):

Հանձնաժողովի կազմում  ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, ավագանու անդամները, ինչպես նաև մարզպետարանի (թաղային համայնքների՝ Երևանի քաղաքապետարանի) 3 ներկայացուցիչ:

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի՝ աշխատակարգային նիստում հաստատելով այդ մասնագետի թեկնածությունը:

10. Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ):

Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկում իրականացնելու համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձն է (այսուհետ՝ լիազորված անձ):

(10-րդ կետը փոփ. 02.04.08 N 01-Ն)

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը համապատասխան համայնքի աշխատակազմը համայնքի ղեկավարին ներկայացնում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցուցակը:

12. Մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը յուրաքանչյուր համայնքի ղեկավար հաստատում է  հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա համայնքային  ծառայողների ցուցակը:

13. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում պատճառաբանված որոշման կայացման կամ դիմումի ներկայացումից հետո երկամսյա ժամկետում անցկացվում է համայնքային ծառայողների ատեստավորում:

14. Ատեստավորման ենթակա համայնքային ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման  մասին:

15. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարները համապատասխան համայնքի աշխատակազմ են ներկայացնում համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը:

Համայնքային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է  ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Բնութագրի հետ համաձայն չլինելու դեպքում համայնքային ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են Հանձնաժողովին: 

16. Ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը, համայնքային ծառայողների կողմից կատարված աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունները, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում նաև գրավոր դիմումը, պատճառաբանված որոշման պատճենները, ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները մինչև ատեստավորման անցկացումը համապատասխան համայնքի աշխատակազմը հանձնում է Հանձնաժողովին:

17. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել համայնքային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

18. Ատեստավորումն անցկացվում է համայնքային ծառայողի անմիջական մասնակցությամբ, հետևյալ եղանակներով՝

ա) փաստաթղթային.

բ) թեստավորման և հարցազրույցի:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

19. Փատաթղթային ատեստավորման են ենթակա համայնքային այն ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված առավելագույն դասային աստիճան:

20. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և դրա վերաբերյալ համայնքային ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով համայնքային ծառայողի անմիջական ղեկավարը փաստաթղթային ատեստավորման ընթացքում կարող է մասնակցել համայնքային ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը: 

21. Փաստաթղթային ատեստավորման ժամանակ համայնքային ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է սույն կարգի 64-րդ կետով սահմանված կարգով։

22. Փաստաթղթային ատեստավորման ժամանակ համայնքային ծառայողի կողմից հարցերին տրված պատասխանները  գնահատվում և արձանագրվում են սույն կարգի  65-րդ և  66-րդ կետերով սահմանված կարգով։

23. Համայնքային ծառայողի հետ հարցազրույցն ավարտելուց հետո քվեարկությունն անցկացվում է և քվեաթերթիկների տվյալները հայտարարվում են սույն կարգի 67-րդ և 69-րդ կետերով սահմանված կարգով։

24. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

25. Հանձնաժողովը յուրաքանչյուր համայնքային ծառայողի համար քվեարկության է դնում սույն կարգի 24-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված  որոշումը, որը Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը։

26. Փաստաթղթային ատեստավորման արդյունքների հիման վրա սույն կարգի 72-րդ և 73-րդ կետերով սահմանված կարգով կազմվում է համայնքային  ծառայողի ատեստավորման թերթ՝ համաձայն ձևի:

27. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն համայնքային  ծառայողները՝

ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

բ) որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

28. Հանձնաժողովի նախագահը համապատասխան համայնքի աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ՝ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում՝ կտրոնի  և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ վերևի ձախ մասում:

29. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում ծանոթանում է ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերի հետ, ինչպես նաև քննության առնում դրանց վերաբերյալ համայնքային ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով համայնքային ծառայողի անմիջական ղեկավարը կարող է մասնակցել համայնքային ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

30. Հանձնածողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով՝ վաղօրոք կազմված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է թեստավորման փուլը անցկացնելու համար հարցեր (խնդիրներ) և կազմում է թեստեր՝ դրանցում ընդգրկված հետևյալ քանակությամբ հարցերով (խնդիրներով)՝

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի ատեստավորման դեպքում՝ 40 հարց (խնդիր).

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի ատեստավորման դեպքում՝ 30 հարց (խնդիր).

գ) համայնքային ծառայության կրտսեր  պաշտոնների խմբի ատեստավորման դեպքում՝ 20 հարց (խնդիր):

Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս.

բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 20 տոկոս.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 50 տոկոս.

դ) մասնագիտական հմտություններ (հարցեր)՝ 20 տոկոս:

31. Սույն կարգի 30-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ սահմանված կարգով դուրս է բերվում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը և անմիջապես զետեղվում է կնքված արկղի մեջ:

32. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով այն հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:

33. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում, համայնքի աշխատակազմը ֆիզիկապես ոչ լիարժեք համայնքային ծառայողների ատեստավորմանը մասնակցելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ:

34. Սույն կարգի 27-րդ կետով նախատեսված ատեստավորման ենթակա համայնքային ծառայողը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորված անձը ստուգում է համայնքային ծառայողի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ համայնքային ծառայողը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Համայնքային ծառայողների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

35. Թեստավորմանը համայնքային ծառայողներին արգելվում է իրենց հետ սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

36. Լիազորված անձը համայնքային  ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում նրանց հարցերին։

37. Լիազորված անձը համայնքային ծառայողներին տալիս է սույն կարգի 28-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ՝ երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, համայնքային ծառայողը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից՝ գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

38. Համայնքային ծառայողի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

39. Գրավոր թեստավորման ժամանակ համայնքային ծառայողները, կտրոնները կնքված արկղի մեջ գցելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

40. Լիազորված անձը թեստավորման առաջադրանքների տետրերը համայնքային ծառայողներին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման սկիզբը:

41. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ համայնքային ծառայողները, կտրոնները ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի մեջ գցելուց հետո, թեստավորման  առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով՝ մոնիտորի վրա: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

42. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո համայնքային ծառայողը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով մեկ (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխանը:

43. Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում համայնքային ծառայողը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որոնք պահպանվում են համակարգչում:

44. Թեստավորման ընթացքում համայնքային ծառայողներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե համայնքային ծառայողը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

45. Համայնքային ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

46. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ:

47. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո համայնքային ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ  թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Համայնքային ծառայողը, աշխատանքը հանձնելիս Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

48. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ, համայնքային ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո, համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, Հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի երկու օրինակների հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները: Համայնքային ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ և Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ՝ ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

49. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար համայնքային ծառայողներին տրվում է՝

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի ատեստավորման համար՝ 50 րոպե.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի ատեստավորման համար՝ 40 րոպե.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ատեստավորման համար՝ 30 րոպե:

50. Լիազորված անձը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ այդ մասին հիշեցնում է համայնքային ծառայողներին։

51. Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին լիազորված անձի հայտարարությունից հետո համայնքային ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած համայնքային ծառայողի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին լիազորված անձը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

52. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

Համակարգչով գրավոր աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը սկաների միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր համայնքային ծառայողի ամփոփաթերթի պատասխանների տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի վերլուծությունը և մոնիտորի վրա դուրս է բերում արդյունքը՝ արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

53. Սույն կարգի 52-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 31-րդ կետում նշված ձևանմուշի միջոցով։

54. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են համայնքային ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր համայնքային ծառայողի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ։

55. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 46-րդ կետով նախատեսված դեպքը։

56. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր համայնքային ծառայողները հրավիրվում են թեստավորման սենյակ:

57. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է լիազորված անձի կողմից:

58. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի  57-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է  ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր համայնքային ծառայող ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն  հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած համայնքային ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում  և արձանագրվում է: Այնուհետև Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր համայնքային ծառայողի հավաքած միավորները (տոկոսը):

59. Համայնքային ծառայողների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը։

60. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին՝ սույն կարգի 59-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

61. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում համայնքային ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի  վիճարկումն է:

62. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել համայնքային ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (խնդրի) համար զրո միավոր ստացած բոլոր համայնքային ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե Հանձնաժողովը պարզում է, որ համայնքային ծառայողի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է համայնքային ծառայողի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

63. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն կարգի 60-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 75 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված համայնքային ծառայողի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին՝ համապատասխան գրառում կատարելով համայնքային ծառայողի ատեստավորման թերթում:

Համայնքային ծառայողն ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման  առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում: Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած համայնքային ծառայողների ցուցակը։

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

64. Համայնքային ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Հանձնաժողովը  յուրաքանչյուր համայնքային ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին։

Հարցազրույցի ընթացքում համայնքային ծառայողին տրվում են նաև իր կատարած աշխատանքների մասին ներկայացրած վերջին երկու հաշվետվություններին առնչվող բանավոր հարցեր։

65. Հարցազրույցի ընթացքում հարց տվող Հանձնաժողովի անդամը, լսելով համայնքային ծառայողին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:

66. Յուրաքանչյուր համայնքային ծառայողի հետ հարցազրույցն արձանագրվում է և ձայնագրվում։

Արձանագրության մեջ առնվազն նշվում է յուրաքանչյուր հարցի և դրա վերաբերյալ  համայնքային ծառայողի պատասխանը, այդ պատասխանի մասին հարց տված Հանձնաժողովի անդամի (նշելով անունը և ազգանունը) ճիշտ կամ սխալ լինելու հայտարարությունը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ նրա հայտարարած ճիշտ պատասխանը։

Արձանագրությունն ստորագրվում է լիազորված անձի և Հանձնաժողովի անդամների կողմից։

67. Յուրաքանչյուր համայնքային ծառայողի հետ հարցազրույցն ավարտելուց անմիջապես հետո անցկացվում է գաղտնի քվեարկություն՝ Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկում նշվում է համայնքային ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը։

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ։

68. Հանձնաժողովը  գաղտնի քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) շնորհել ավելի բարձր դասային աստիճան (այս որոշումը չի կարող ընդունվել սույն կարգի 27-րդ կետի «բ» ենթակետում նշված համայնքային ծառայողների վերաբերյալ).

բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

69. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում  քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում համայնքային ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը ու կողմ կամ դեմ տրված ձայները: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: ՀանձնաԺողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են լիազորված անձի կողմից:

70. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկը չի հավաքել քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում՝ համայնքային  ծառայողի համար առավել նպաստավորը:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

71. Հարցազրույցի ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր համայնքային ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ:

72. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, անդամները և լիազորված անձը։ Հատուկ կարծիք ունեցող անդամներն ատեստավորման թերթը ստորագրելիս  ստորագրության կողքին գրառում են «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

73. Համայնքային ծառայողը ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթի հետ և ստորագրում: Համայնքային ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

74. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը՝ անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որն ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:

Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են՝

ա) համապատասխան համայնքի անվանումը, որի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայողների ատեստավորումն անցկացվել է.

բ) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.

գ) յուրաքանչյուր համայնքային ծառայողի  պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

75. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել համայնքային ծառայողի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից՝ Հանձնաժողովին և/կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին և/կամ դատական կարգով։

Հանձնաժողովին ուղղված գրավոր բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում՝ Հանձնաժողովին, որն այն ստանալուց հետո երկժամյա ընթացքում քննարկում և ընդունում է որոշում՝ անհրաժեշտության դեպքում փոփոխելով ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը։

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ուղղված գրավոր բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո երեք ժամվա ընթացքում՝ աշխատակազմին: Աշխատակազմը, ստանալով գրավոր բողոքը, անմիջապես՝

ա) այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովին.

բ) առնվազն սույն կարգի 78-րդ կետի «ը-ժդ, ժթ, ի, իա» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների և նյութերի հետ միասին ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

Աշխատակազմն ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման թերթիկի մեջ պարտադիր պետք է նշվեն այն համայնքային ծառայողի (համայնքային ծառայողների) անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:

Գրավոր բողոքը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը քննության է առնում այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գրավոր բողոքը քննության առնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում համայնքային ծառայողի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության հետ և կազմվում է գրավոր բողոքի քննարկման արդյունքների վերաբերյալ եզրակացություն, որն աշխատակազմից ստացված նյութերի հետ միասին անմիջապես ուղարկվում է համապատասխան համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի եզրակացությունը, 2-օրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկում է եզրակացությունը և ընդունում է համապատասխան որոշում՝ անհրաժեշտության դեպքում փոփոխելով ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը:

76. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն կարգի 75-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում Հանձնաժողովից ստացած համայնքային ծառայողների ատեստավորման թերթն աշխատակազմը եռօրյա ժամկետում ուղարկում է տվյալ համայնքի ղեկավարին։

Սույն կարգի 75-րդ կետով նախատեսված՝ Հանձնաժողովին ուղղված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ուղարկվում է Հանձնաժողովի համապատասխան որոշումը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ուղղված գրավոր բողոքի դեպքում՝ Հանձնաժողովի համապատասխան  որոշումը և սույն կարգի 75-րդ կետում նշված եզրակացությունն ու այդ մասին տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն:

77. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը համապատասխան աշխատակազմին հանձնում է համայնքային ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

78. Հանձնաժողովը հանձնման ակտով աշխատակազմին է փոխանցում ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ/ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը՝ 

ա) համայնքային  ծառայողների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

բ) ծառայողական բնութագրերի քննարկման և համայնքային ծառայողների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

գ) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

դ) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների և թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

ե) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

զ) հարցազրույցի փուլ անցած համայնքային ծառայողների ցուցակը.

է) հարցազրույցը թեստավորման ավարտից հետո անցկացնելու օրվա մասին որոշումը.

ը) հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

թ) համայնքային ծառայողի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

ժ) համայնքային ծառայողների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները և ձայնագրությունները.

ժա) քվեարկությունների արդյունքներում համայնքային ժառայողների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

ժբ) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը.

ժգ) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը.

ժդ) թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա լինելու մասին որոշումը (փաստաթղթային ատեստավորման ժամանակ).

ժե) ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին որոշումը.

ժզ) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին՝ վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով, որոշումը.

ժէ) թեստավորման առաջադրանքների տետրերը.

ժը) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

ժթ) քվեաթերթիկները.

ի) ատեստավորման թերթիկները.

իա) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը.

իբ) այլ փաստաթղթեր:

Աշխատակազմը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Աշխատակազմը սույն կարգի 76-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում է ատեստավորման փաթեթին:

 

VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

79. Համայնքի ղեկավարը ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 77-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև Հանձնաժողովի որոշումը  կամ դատարանի վճիռն ստանալուց հետո՝ դրանց համապատասխան, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) համայնքային ծառայողին ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին.

բ) համայնքային ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.

գ) համայնքային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Նման որոշում կայացվում է նաև այն դեպքում, եթե համայնքային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական։

80. Ատեստավորման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը, այդ թվում՝ ատեստավորման արդյունքների վերաբերյալ գրավոր բողոքի և  սույն կարգի 76-րդ կետում նշված եզրակացության քննարկման արդյունքում ընդունված որոշումը,  պարտադիր է համայնքի ղեկավարի  համար։

81. Համայնքի ղեկավարը համայնքային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության  կամ արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ, ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից՝ եռօրյա ժամկետում։

 

IX. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

82. Հանձնաժողովի որոշմամբ համայնքային ծառայողների ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով։

 

X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

83. Օրենքի և սույն կարգի դրույթների խախտման դեպքում տվյալ համայնքային ծառայողի ատեստավորումը կարող է անվավեր  ճանաչվել  դատական  կարգով:

 

XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

84. Համայնքային ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն կարգով սահմանված թեստավորման և հարցազրույցի միջոցով:

85. Համայնքային ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է առանց սույն կարգով նախատեսված ծառայողական բնութագրի: Առաջին ատեստավորմանը ներկայացվում է ծառայողի բնութագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օրենքի 43 հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետի պահանջը։

86. Համայնքային ծառայողների առաջին ատեստավորման արդյունքում Հանձնաժողովը սահմանված կարգով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

 

Համայնքային  ծառայողի
ատեստավորման  կարգի ձև

Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

Ատեստավորման եղանակը.

Ներմուծեք նկարագրությունը_17583 փաստաթղթային,

Ներմուծեք նկարագրությունը_17583 թեստավորման և հարցազրույցի

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն ......................................................................................

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.........................................................................

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................

 

4. Համայնքային ծառայողին հարցազրույցի փուլում տրված հարցերը և դրանց պատասխանները (համառոտ) 
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
......................................................................................................................................................

 

5. Թեստավորման արդյունքը (տոկոսով)`    ...............

6. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի ............ անդամներ, որից կողմ է քվեարկել ............. անդամ

7. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը.

....................................................................................................................................

....................................................................................................................................

 

 

Հանձնաժողովի նախագահ`

....................................

/................................................/

անուն, ազգանուն

ստորագրություն

 

 

Հանձնաժողովի անդամներ`

 

.....................................



/................................................/

 անուն, ազգանուն

ստորագրություն

.....................................

/................................................/

.....................................

/................................................/

.....................................

/................................................/

.....................................

/................................................/

.....................................

/................................................/

.....................................

/................................................/

.....................................

/................................................/

 

 

 

Լիազորած անձ՝

....................................

/................................................/

անուն, ազգանուն

ստորագրություն


 

Ատեստավորման ժամանակաթիվը՝    .........  .............................  200   թ.

 

Ատեստավորման թերթի հետ ծանոթացա`

 

 

 

...................................................

/................................................/

համայնքային ծառայողի ստորագրություն

 

անուն, ազգանուն

 

......  ......................... 200   թ.

 

Կ.Տ.