Գլխավոր տեղեկություն
Համար
N 332-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2008-11.09.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.02.01/4(278) Հոդ.49
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
07.12.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32208022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

7 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 332-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 18.05.2006 Թ. N 912-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԿԻՑ` ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 30.11.2006 Թ. N 1855-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թ. N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքերի բնակարաններին և (կամ) ոչ բնակելի տարածքներին կից` օրինականացված ինքնակամ կառույցների և բազմաբնակարան շենքի սեփականատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ. N 1855-Ն որոշմամբ սահմանված կարգով փոխանցվող հողամասերի գրանցման առանձնահատկությունների մասին» հրահանգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2007թ. դեկտեմբերի 7-ի

N 332-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թ. N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքերի բնակարաններին և (կամ) ոչ բնակելի տարածքներին կից` օրինականացված ինքնակամ կառույցների և բազմաբնակարան շենքի սեփականատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ. N 1855-Ն որոշմամբ սահմանված կարգով փոխանցվող հողամասերի գրանցման առանձնահատկությունների մասին

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով սահմանվում են ՀՀ կառավարության 30.11.2006թ. N 1855-Ն որոշմամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքերի սեփականատերերին փոխանցվող հողամասերի (այսուհետ` բազմաբնակարան շենքերի հողամասեր), ինչպես նաև շենքերում տեղակայված բնակարաններին և/ կամ ոչ բնակելի տարածքներին (այսուհետ` բազմաբնակարան շենքի շինություններ) կից ինքնակամ իրականացված և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 25-րդ կետին համապատասխան օրինականացված կառույցների (այսուհետ` օրինականացված կցակառույցներ) նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները:

2. Բազմաբնակարան շենքի հողամասի նկատմամբ տվյալ բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի` շենքի բոլոր շինությունների գրանցման թերթիկներում հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը գրանցելու միջոցով:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի և ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ բաժինը` սեփականատիրոջը պատկանող շինության մակերեսի հարաբերությունն է այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. «բաժնեմասը = Sսեփ  բաժանած Sընդ », որտեղ Sսեփ ` տվյալ սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսն է, իսկ Sընդ ` ամբողջ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների (այդ թվում՝ օրինականացված կցակառույցների) մակերեսների գումարն է: Եթե շենքի շինության և շինությունների ընդհանուր մակերեսները ամբողջ թվեր չեն, ապա բաժնեմասը կոտորակով արտահայտելիս մակերեսի չափը արտահայտող տասնորդական թիվը կլորացվում է, ընդ որում, եթե թվի տասնորդական մասը փոքր է 0.5-ից, ապա թիվը կլորացվում է մինչև նախորդող ամբողջ թիվը, իսկ եթե տասնորդական մասը 0.5-0.9 միջակայքում է, ապա կլորացումը կատարվում է մինչև հաջորդող ամբողջ թիվը (օրինակ` 86.2 քմ կլորացվում է դեպի 86 քմ-ը, իսկ 2563.8 քմ-ը` մինչև 2564 քմ):

4. Օրինականացված կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքի բաժնեմասերը հաշվարկելիս`

1) օրինականացված կառույցների օրինականացման վճարների մուծման անդորրագրերը տարածքային ստորաբաժանում չներկայացված շինությունների համար` սույն հրահանգի 3-րդ կետով նախատեսված բանաձևում որպես Sսեփ  ընդունվում է շինության (բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի) օրինական մասի մակերեսը` առանց կցակառույցի, իսկ շինությունների կցակառույցներին հասանելիք բաժնեմասը հաշվարկվում է առանձին` որպես պետությանը կամ համայնքին պատկանող բաժնեմաս.

2) օրինականացման վճարները մուծված և վճարման անդորրագիրը տարածքային ստորաբաժանում ներկայացված շինությունների համար Տսեփ-ի արժեքը ընդունվում է հավասար շինության և օրինականացված կցակառույցի մակերեսների հանրագումարին:

5. Բազմաբնակարան շենքի հողամասի հատակագիծը ստանալուց հետո տարածքային ստորաբաժանման կողմից սույն հրահանգով սահմանված բանաձևով հաշվարկվում են բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի, պետության (կամ համայնքի) բաժնեմասերը: Բաժնեմասերի հաշվարկի համար յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար կազմվում է տվյալ շենքի, շինությունների ցանկը, որը պետք է պարունակի շինությունների հերթական համարները, շինությունների մակերեսների չափերը և յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ /սեփականատերերի/ հաշվարկված բաժնեմասի չափը, ընդ որում, ցանկում առկա բոլոր շինությունների համար հաշվարկված բաժնեմասերի հանրագումարը պետք է հավասար լինի 1-ի:

6. Եթե շենքում առկա են չգրանցված բնակարաններ, որոնց վերաբերյալ կադաստրային գործ չի կազմվել, ապա բաժնեմասերի հաշվարկի համար տվյալ բնակարանի մեկերեսի չափը ընդունվում է հավասար՝ շենքի նույնատիպ հատակագծված և կառուցված այլ բնակարանների մակերեսի չափին:

1) Շենքում առկա չմասնավորեցված և չգրանցված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) բաժնեմասերի հաշվարկի համար տվյալ շինության մակերեսի չափեր են ընդունվում ՀՀ կառավարության 18 օգոստոսի 2005 թվականի N 2415-Ն որոշմամբ նշված մակերեսները:

7. Բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներում բազմաբնակարան շենքի հողամասի և ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքի գրանցման վերաբերյալ գրառումները հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո պարտադիր կատարվում են շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում, իսկ այլ գործառույթների նպատակով անձանց դիմելու դեպքում` ըստ սեփականատերերի կողմից վկայականների ներկայացման:

8. Մինչև բազմաբնակարան շենքի հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը շենքի շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթները իրականացվում են առանց հողամասի վերաբերյալ տվյալների գրառման:

9. ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգով սահմանված օրինականացման վճարումները չկատարված շինությունների կցակառույցների և դրանց` սույն հրահանգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկված հողամասի բաժնեմասերի նկատմամբ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) դիմումի հիման վրա գրանցվում է համայնքի կամ պետության սեփականության իրավունքը:

10. ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված` «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 31-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետում օրինականացման վճարումները չկատարված` որպես պետական կամ համայնքային սեփականություն գրանցված կցակառույցները տնօրինվում են ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված` «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 34-36 կետերով սահմանված դրույթներին համապատասխան:

1) Սույն կետով սահմանված կարգով օրինականացված կցակառույցի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը պետական գրանցման ներկայացվելու դեպքում ձեռք բերված կցակառույցը և շինությունը գրանցվում են որպես մեկ միավոր` առանց կցակառույցի նկատմամբ իրավունքը նախօրոք` առանձին գրանցելու, իսկ դրանց հողամասերի բաժնեմասերը գումարվում են` ամբողջ բաժնեմասի նկատմամբ գրանցելով տվյալ շինության սեփականատիրոջ բաժնային սեփականության իրավունքը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

 ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Բազմաբնակարան շենքի հողամասի և ընդհանուր գույքի նկատմամբ տվյալ բազմաբնակարան շենքի շինությունների բաժնեմասերը գրանցելիս գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի յուրաքանչյուր շինության գրանցման թերթիկի «Հողամաս» ենթաբաժնում, ըստ սյունակների լրացվում են շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված հողամասի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) «Կադաստրային համարը» սյունակում լրացվում է կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը.

2) «Գտնվելու վայրը» սյունակում լրացվում է հողամասի հասցեն (մարզ, համայնք, փողոց, հերթական համար).

3) «Նպատակային նշանակությունը» սյունակում լրացվում է «բնակավայրերի».

4) «Օգտագործման նպատակը» սյունակում նշվում է` «բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման».

5) «Հողի կադաստրային արժեքը» սյունակը չի լրացվում.

6) «Հողամասի չափը (մակերես)» սյունակում լրացվում է հողամասի մակերեսի չափը` հեկտարով /հա/:

12. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի յուրաքանչյուր շինության գրանցման թերթիկի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները» բաժնի 1-ին ենթաբաժնում`

1) 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում.

2) 3-րդ սյունակում լացվում է «ընդհանուր բաժնային սեփականություն».

3) 4-րդ սյունակում նշվում է տվյալ գրանցման թերթիկում գրանցված շինության սեփականատիրոջ` սույն հրահանգով սահմանված կարգով հաշվարկված հողամասի բաժնեմասի չափը.

4) 5-րդ սյունակում լրացվում է հողամասի սահմանները որոշելու վերաբերյալ համայնքի ղեկավարի, Երևանում` Երևանի քաղաքապետի որոշման ամսաթիվը և համարը:

13. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներում լրացվում են հետևյալ տվյալները`

1) «անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը» տողերում նշվում է հողամասի սահմանները որոշելու վերաբերյալ համայնքի ղեկավարի, Երևանում` Երևանի քաաքապետի որոշման ամսաթիվը և համարը:

2) «Հողամասի տվյալները բաժնում»`

ա. «Կադաստրային համարը» տողում լրացվում է բազմաբնակարան շենքի հողամասի կադաստրային ծածկագիրը.

բ. «Նպատակային նշանակությունը» տողում լրացվում է «բնակավայրերի».

գ. «Օգտագործման նպատակը» տողում լրացվում է` «բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման».

դ. «Հողամասի չափը» տողում լրացվում է բազմաբնակարան շենքի հողամասի մեկերեսի չափը.

ե. «Իրավունքի տեսակը» տողում լրացվում է «ընդհանուր բաժնային սեփականություն և նշվում է համապատասխան բաժնեմասի չափը:

14. Սույն հրահանգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում սույն հրահանգի 10-րդ կետով նախատեսված գրառումներից բացի շինության վկայականի «Շենքի հատակագիծը» բաժնում նշվում է (շտրիխապատվում է) կցակառույցը, իսկ «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում նշում է կատարվում ինքնակամ կցակառույցի առկայության, այդ կցակառույցի համար հաշվարկված բաժնեմասի չափի և այդ բաժնեմասի պատկանելության (պետական կամ համայնքային) վերաբերյալ: