«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 12408190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
6 հունիսի 2008 թ. |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել.
1. Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
|
Վ. Բարսեղյան |
Հավելված N 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը կանոնակարգում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` Գանգատարկման հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բողոքների, դիմումների ու դիմում-գանգատների (այսուհետ` դիմում-գանգատ) քննարկումն ապահովելու համար:
2. Գանգատարկման հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը գործում է հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով:
3. Գանգատարկման հանձնաժողովը բաղկացած է Գանգատարկման հանձնաժողովի նախագահից և Գանգատարկման հանձնաժողովի ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Գանգատարկման հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ:
4. Իր գործունեության ընթացքում Գանգատարկման հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով, տվյալ ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:
5. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան:
2. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական խնդիրը հարկային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային ծառայողի գործողությունների (անգործության), այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնող անձանց գործողությունների և վարչական ակտերի վերաբերյալ հարկ վճարողների կողմից ներկայացված դիմում-գանգատների քննարկման, ինչպես նաև օրենքի միատեսակ և ճիշտ կիրառման ապահովումն է:
7. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական գործառույթը սույն կարգի 6-րդ կետով նշված գանգատների քննարկումն ու դրա արդյունքում որոշման կայացումն է, ինչպես նաև հարկային վարչարարության կատարելագործման համար միջնորդությունների և օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:
3. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
8. Գանգատարկման հանձնաժողովն ունի նախագահ և անդամներ: Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:
9. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Գանգատարկման հանձնաժողովի գործունեությունը.
2) կազմակերպում է Գանգատարկման հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները.
3) նախապատրաստում է Գանգատարկման հանձնաժողովի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը.
4) հրավիրում է Գանգատարկման հանձնաժողովի նիստերը և վարում է դրանք.
5) կազմակերպում է Գանգատարկման հանձնաժողովի աշխատանքները, պատասխանատվություն է կրում Գանգատարկման հանձնաժողովի խնդիրների ու գործառույթների ժամանակին և սույն կարգին համապատասխան իրականացման համար:
Գանգատարկման հանձնաժողովի նախագահի բացակայության պարագայում, նրա հանձնարարությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Գանգատարկման հանձնաժողովի անդամներից մեկը:
10. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը`
1) ընդունում է ստացված դիմում-գանգատները, ստուգում է դրանց կազմությունը և դրանց մասին զեկուցում է Գանգատարկման հանձնաժողովի նախագահին.
2) կատարում է Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները դիմում-գանգատների վերաբերյալ հարկային մարմնի տիրապետման տակ գտնվող բոլոր փաստաթղթերի հավաքման, դրանք Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման ներկայացնելու, Գանգատարկման հանձնաժողովի աշխատանքի ընթացքի արձանագրման և արձանագրության կազմման, նիստերի մասնակիցների հրավիրման, ծանուցագրերի ուղղարկման և այլնի հետ կապված:
11. Գանգատարկման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
4. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
12. Գանգատների քննարկման ընթացքում Գանգատարկման հանձնաժողովի անդամներն անկախ են և առաջնորդվում են սույն աշխատակարգի 4-րդ կետով:
13. Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն ընդունելիս Գանգատարկման հանձնաժողովի անդամներն առաջնորդվում են միայն օրենքով և այլ իրավական ակտերով և չեն կարող ենթարկվել որևէ ազդեցության:
5. ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Քննարկման ընդունված դիմում-գանգատները քննարկվում են կոլեգիալ կարգով` Գանգատարկման հանձնաժողովի ամբողջ կազմով:
15. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը դիմում-գանգատները քննարկման դնելուց առաջ հավաքում է հարկային մարմնի տիրապետման տակ գտնվող բոլոր փաստաթղթերը և Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրանք ներկայացնում Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման:
16. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը հրավիրվում են նախագահի կողմից յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը, իսկ եթե այն ոչ աշխատանքային օր է, ապա դրան հաջորդող աշխատանքային օրը:
17. Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
18. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում և հավասար ձայներ լինելու պարագայում վերջինիս ձայնը որոշիչ է: Հավասար ձայներ լինելու պարագայում որոշումը համարվում է ընդունված դիմում-գանգատ ներկայացնող անձի օգտին:
19. Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը):
20. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դրանց կարող է մասնակցել ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության ներկայացուցիչները: Գանգատարկման հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` դիմում-գանգատ ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա Գանգատարկման հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու անհրաժեշտության դեպքում:
21. Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում, Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:
22. Գանգատ բերելու հիմքերի և կարգի, ինչպես նաև դիմում-գանգատի քննարկման և լուծման հարցերում Գանգատարկման հանձնաժողովն ուղղորդվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:
6. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23. Գանգատների քննարկման արդյունքում Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է ընդունելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով սահմանված որոշումները:
24. Գանգատարկման հանձնաժողովը, դիմում-գանգատների քննարկման արդյունքում, իրավասու է միջնորդություն ներկայացնելու հարկային մարմնի ղեկավարին`
1) վերստուգման գործընթաց սկսելու համար.
2) հարկային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար:
25. Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու հարկային մարմնի ղեկավարին:
26. Գանգատարկման հանձնաժողովն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:
27. Գանգատների վերաբերյալ Գանգատարկման հանձնաժողովի որոշումները ենթակա են կատարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
28. Գանգատարկման հանձնաժողովի որոշումները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող են բողոքարկվել դատարան:
29. Անհրաժեշտության դեպքում, Գանգատարկման հանձնաժողովն իր նիստերին կարող է հրավիրել գանգատարկվող գործողություն կատարած, անգործություն դրսևորած կամ որոշում կայացրած հարկային ծառայողների:
30. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը կարող է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել և ստանալ մասնագիտական եզրակացություն դիմում-գանգատի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ, այդ թվում` դատական նախադեպի (ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշում) առկայության կամ բացակայության մասին:
Հավելված N 2 |
Ձ Ե Վ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏԻ
ՀՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
_____________________________________________________________
(այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմում-գանգատը)
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում`
իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից դիմում-գանգատ բերող անձի անունը, ազգանունը և
պաշտոնը)
ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏ
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(գանգատարկման առարկան)
_____________________________________________________________
_____________________________________________________________
(դիմում-գանգատ բերողի պահանջը)
_____________________________________________________________
(դիմում-գանգատին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)
_____________________________________________________________
(դիմում-գանգատ կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը)
_____________________________________________________________
(դիմում-գանգատ բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում`
նրա անունից դիմում-գանգատ բերող անձի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը)
Ձ Ե Վ
ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ
ՀՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
_____________________________________________________________
Ք. Երևան |
____ ________________ 2008 թ. |
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում`
իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից դիմում-գանգատ բերող անձի անունը,
ազգանունը և պաշտոնը)
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(գանգատարկման առարկան)
_____________________________________________________________
_____________________________________________________________
(դիմում-գանգատ բերողի պահանջը)
_____________________________________________________________
(Գանգատարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամանակը)
ՆԱԽԱԳԱՀ |
___________________ |