«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11208091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
11 մարտի 2008 թ. |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ, ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 60.8-րդ հոդվածի 20-րդ մասի պահանջի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել՝ Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքները բողոքարկելու, բողոքը քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ոստիկանության գեներալ-գնդապետ՝ |
Հ. Հարությունյան |
Հավելված |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ, ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) արդյունքները բողոքարկելու, բողոքը քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները:
2. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
3. Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Հանձնաժողովին, որն այն ստանալուց հետո թեստի արդյունքների, դրանց վերաբերյալ իր գնահատականների և թեստի ճիշտ պատասխանների հետ միասին անմիջապես ուղարկում է ոստիկանության պետին:
4. Թեստավորման մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
5. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով:
6. Թեստավորման արդյունքների բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
7. Սույն կարգին համապատասխան տրված գրավոր բողոքը քննության է առնում ոստիկանության պետը:
8. Գրավոր բողոքը ոստիկանության պետը քննության է առնում այն իր աշխատակազմ մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային oրվա ընթացքում:
9. Գրավոր բողոքը քննության առնելիս ոստիկանության պետը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:
10. Գրավոր բողոքը քննության առնելիս ոստիկանության պետը ուսումնասիրում է մրցույթի թեստավորման փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանք համադրում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի հետ, ուսումնասիրում է Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը) և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) բողոքը բավարարելու և թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ իրականացնելու մասին.
2) թեստավորման արդյունքները կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին:
11. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը ստանալու դեպքում Հանձանաժողովը կատարում է թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
12. Եթե Հանձնաժողովը սխալ է համարում որևէ հարցադրում, ապա տվյալ հարցի (խնդրի) համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
13. Թեստավորման արդյունքների բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո` բողոքարկման համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:
14. Հարցազրույցի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
15. Գրավոր բողոքը տրվում է հարցազրույցի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Հանձնաժողովին, որն այն ստանալուց հետո հարցազրույցի արդյունքների, դրանց վերաբերյալ իր գնահատականների և հարցերի ճիշտ պատասխանների հետ միասին անմիջապես ուղարկում է ոստիկանության պետին:
16. Հանձնաժողովը հարցազրույցի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անուն, ազգանուն և հայրանունը, ում հարցազրույցի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:
17. Գրավոր բողոքը քննության է առնվում սույն կարգի 7-9-րդ կետերով սահմանված կարգով:
18. Գրավոր բողոքը քննության առնելիս ոստիկանության պետն ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.
3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:
19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված որոշումը (որոշումները) ընդունելուց հետո նույն oրը ոստիկանության պետն այն ուղարկում է Հանձնաժողովին` տեսանելի ցուցանակի վրա հրապարակելու համար:
20. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|