Գլխավոր տեղեկություն
Համար
N 1193-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2008-01.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.03.07/7(70) Հոդ.2
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.12.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11007459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

 N 1193-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը»` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան)՝ օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Գասպարյանին:

 

Նախարար

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2007 թ. դեկտեմբերի 6-ի

N 1193-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում է մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման պայմանները:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:

2. Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ընկալելու ունակություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:

 

II. Մագիստրատուրայի ընդունելության տեղերի բաշխումը ԵՎ ընդունող հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

 

3. Կազմակերպությունների տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկը, ըստ մասնագիտությունների կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացման, մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կազմակերպության տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկը ներառում է`

1) կրթության ձևը (առկա, հեռակա, դրսեկություն, հեռավար).

2) մասնագիտությունների ցանկը` ըստ կազմակերպությունների.

3) ըստ մասնագիտությունների` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունելության տեղերի թիվը.

4) ըստ մասնագիտությունների` կազմակերպությունների հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերը:

4. Կազմակերպության կողմից զանգվածային լրատվության միջոցներով տրվում է հայտարարություն` ընդունելության մասնագիտությունների, տեղերի և կանոնների վերաբերյալ:

5. Մագիստրատուրայի ընդունելության անցկացման համար, կազմակերպության ղեկավարի հրամանով և նախագահությամբ, ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են կազմակերպության ուսումնական գծով տեղակալները, մագիստրատուրայի աշխատանքներով զբաղվող ստորաբաժանման ղեկավարները, ինչպես նաև ֆակուլտետների (ուսումնական ստորաբաժանման) ղեկավարները:

6. Ընդունող հանձնաժողովը, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) կարծիքի հաշվառմամբ, ուսումնասիրում և քննարկում է վերջինիս կողմից ներկայացրած մրցույթի հավակնորդների ցուցակները և ըստ մասնագիտությունների, բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ, իրականացնում է մրցույթ:

Կազմակերպության ղեկավարը ընդունող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հրամանագրում է մրցութային հիմունքներով մագիստրատուրա ընդունված դիմորդներին:

 

III. Մագիստրատուրայի ընդունելությունը

 

7. Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:

8. Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է կազմակերպության ղեկավարի անունով՝ կցելով համապատասխան փաստաթղթեր՝

1) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

2) ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափի),

3) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),

4) կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

9. Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:

1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ուսուցման տեղերի:

1- ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ընթացիկ տարվա հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը (այն մասնագիտությունների դեպքում, որոնց համար բակալավրիատը սահմանված է 4 տարի 3 ամիս, իսկ մագիստրատուրան 1 տարի 7 ամիս, առաջին փուլի ընդունելությունը ավարտվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը), որին կարող են մասնակցել միայն բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:

2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը, ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի:

(9-րդ կետը լրաց. 18.01.08 N 27-Ն)

10. Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

1) նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,

4) ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

11. Կազմակերպությունը մրցույթով անցած մագիստրոսների հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդներին:

 

IV. Մագիստրատուրայում ուսուցումը

 

12. Մագիստրոսները կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, հանրակացարաններից և այլ հնարավորություններից:

13. Դիպլոմավորված մասնագետի ծրագրով բուհում ուսումնառությունն սկսած ուսանողը բանակ զորակոչվելուց կամ հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատելուց հետո, եթե վերականգնվում է երկաստիճան կրթական համակարգում, հնարավորություն է ստանում սովորելու մագիստրատուրայում: Եթե մագիստրատուրան երկու տարով է, ապա բուհի ֆինանսավորման հաշվին ազատվում է մեկ տարվա ուսման վարձից:

14. Մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ կազմակերպության ավարտական փաստաթուղթ (մագիստրոսի դիպլոմ)՝ համապատասխան ներդիրով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2020, N 12-Ն 01.07.2020, N 1193-Ն
18.01.2008, N 27-Ն 11.02.2008, N 1193-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան