Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.368
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.06.2007
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10807365

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունիսի 2007 թ.

ք. Երևան

 N 18-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» (կցվում է):

2. Ֆինանսատնտեսագիտական վարչությանը՝ տասնօրյա ժամկետում «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն՝ համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

3. Ուժը կորցրած ճանաչել 15.12.2003թ. «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերի հաստատման մասին» N 55-ԱՄ հրամանը:

 

Ա. Մովսիսյան

 

Համաձայնեցված է

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետ

_________________ Ֆ. Ցոլակյան

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի նախարար

_____________ Ա. Մովսիսյան

 

2 հոկտեմբերի 2007 թ. N 13-Ն

 

18 հունիսի 2007 թ. N 18-Ն 

 

Չ Ա Փ Ե Ր

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) ԵՎ բաշխման փաստացի (բնական) կորստի

 

1. Սույն չափերը (ստորև՝ Չափեր) մշակված են հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում են հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորուստների չափերը:

2. Չափերը տարածվում են էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի առուվաճառք իրականացնող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց (ստորև՝ լիցենզավորված անձինք) վրա, անկախ նրանց սեփականության ձևից:

Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող՝ էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց (ստորև՝ ԷԲ ընկերություններ) համար էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման փաստացի (բնական) կորուստների չափերը սահմանված են 2001թ. օգոստոսի 16-ի «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՕ-206 Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` հաղորդող և բաշխող ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ: Ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` փոխադրող և բաշխող ցանցերով ջերմային էներգիայի փոխադրման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ: Բնական գազի փոխադրման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` փոխադրող և բաշխող ցանցերով բնական գազի փոխադրման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ:

Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ընթացքում առաջացած տեխնոլոգիական անխուսափելի կորուստները ներառվում են «փաստացի (բնական) կորուստներ» հասկացության մեջ և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են փաստացի (բնական) կորուստների համար սահմանված կարգով:

4. Ջերմային էներգիայի փոխադրման ( բաշխման) փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ1) որոշվում է.

 

Կ1 = Ք1 x Ն1

 

որտեղ՝ Ք1 - ջերմային էներգիայի փոխադրման ( բաշխման) ցանց մուտք գործած ջերմային էներգիայի քանակն է (Գկալ),

Ն1 = (համաձայն Հավելվածի):

 

5. Բնական գազի փոխադրման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ2) որոշվում է.

 

Կ2 = Ք2 x Ն2

 

որտեղ՝ Ք2  - բնական գազի փոխադրման ցանց մուտք գործած բնական գազի քանակն է (նխմ),

Ն2 = 4,84 %

 

6. Բնական գազի բաշխման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (նխմ) որոշվում է.

 

Կ3 = Ք3 x Ն3

 

որտեղ՝ Ք3 - բնական գազի բաշխման ցանց մուտք գործած բնական գազի քանակն է (նխմ),

 

Ն3 = 3,8%

 

7. Չափերի 4-6-րդ կետերում սահմանված Ն1 3 տոկոսային մեծությունները հիմք են ընդունվում 2007 թվականի արդյունքներով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնելու համար: Ն1 տոկոսային մեծությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ստորև՝ Հանձնաժողով) կողմից հաստատված՝ գործող սակագների հաշվարկների հիմքում դրված կորուստների տոկոսային մեծություններին, իսկ Ն2 և Ն3 տոկոսային մեծությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Չափերի 8-րդ կետում նշված մեթոդիկայի համաձայն` 2006 թվականի փաստացի ելակետային տվյալների հիման վրա հաշվարկված կորուստների տոկոսային մեծությունները:

Հանձնաժողովի կողմից ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման նոր սակագների հաստատման դեպքում՝ 2007 թվականի և հետագա տարիների համար.

ա) Ն1 սահմանվում է նշված սակագների հաշվարկների հիմքում դրված կորուստների տոկոսային մեծություններին հավասար, բայց ոչ ավելի, քան 4-րդ կետերով սահմանված Ն1 տոկոսային մեծությունը,

բ) Ն2 և Ն3  հավասար են 5 և 6-րդ կետերով սահմանված տոկոսային մեծություններին:

8. Չափերի 4-6-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկվող Կ1 -Կ3 մեծությունները հանդիսանում են առավելագույն փաստացի (բնական) կորստի չափերը, որոնց սահմաններում թույլատրվում է հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտի նվազեցում.

այն դեպքում, երբ հաշվետու տարվա արդյունքներով լիցենզավորված անձանց իրական փաստացի կորուստը փոքր է 4-6-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկված Կ1 -Կ3 մեծություններից, ապա հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման համար հիմք է ընդունվում իրական փաստացի կորստի մեծությունը,

այն դեպքում, երբ հաշվետու տարվա արդյունքներով լիցենզավորված անձանց իրական փաստացի կորուստը մեծ է կամ հավասար 4-6-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկված Կ1 -Կ3 մեծություններից, ապա հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման համար հիմք են ընդունվում Կ1 -Կ3  մեծությունները,

իրական փաստացի կորուստը հաշվետու ժամանակաշրջանի համար «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդիկայի հիման վրա հաշվարկված փաստացի (բնական) կորուստն է:

 

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի նախարարի

2007թ. հունիսի 18-ի N 18-Ն

հրամանով հաստատված Չափերի

 

Չափերի 4-րդ կետի Ն1-ի մեծությունները

 

 

Լիցենզավորված անձինք

%

 

Ա. Կենտրոնացված ջեռուցման նպատակով

 

1

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

18.0

 

Բ. Արդյունաբերական նպատակով

 

2

 «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

 

   ա) 25 և 13 մթն գոլորշի՝ Նաիրիտի համար

7.0

   բ) 13 մթն գոլորշի՝ այլ արդյունաբերական սպառողների համար

22.6