«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11008027
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2007 թ. |
N 1253-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածները և լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով`
Հրամայում եմ`
1. Ստեղծել «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրությունը` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |
|
Հավելված N 1
Հաստատված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թ. դեկտեմբերի 26-ի N 1253-Ն հրամանով |
Կ Ա Զ Մ
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի
Ա. Ավետիսյան
|
նախագահ
|
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Մ. Մակիչյան |
նախագահի տեղակալ
|
«Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ |
Մ. Բաբաջանյան |
ամդամ |
«Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետի տեղակալ |
Մ. Գրիգորյան
|
անդամ |
օրենսդրության և իրավաբանական վարչության պետ |
Ռ. Գասպարյան
|
անդամ |
բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ |
Ա. Աղբալյան
|
անդամ |
նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ |
Ն. Հովհաննիսյան
|
անդամ |
հանրակրթական վարչության պետ |
Հ. Պետրոսյան |
անդամ (քարտուղար)
|
«Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության մասնագիտական կրթական ծրագրերի բաժնի պետ |
Ս. Ենգիբարյան |
անդամ (քարտուղար)
|
«Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության հանրակրթական ծրագրերի բաժնի պետ |
|
Հավելված N 2
Հաստատված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թ. դեկտեմբերի 26-ի N 1253-Ն հրամանով |
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1 «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովը» (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմված է 9 հոգուց՝ ներառյալ հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը:
1.2 Հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) աշխատակիցներից։
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներից մեկն ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:
Նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետը ի պաշտոնե հանձնաժողովի նախագահի տեղակալն է, գործակալության պետի տեղակալը ի պաշտոնե հանձնաժողովի անդամ է:
Հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե՝
ա) հանրակրթական ծրագրերի լիցենզավորմանն առնչվող հարցերի քննարկման դեպքում նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության հանրակրթական ծրագրերի բաժնի պետն է,
բ) մասնագիտական կրթական ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության լիցենզավորմանն առնչվող հարցերի քննարկման դեպքում՝ նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության մասնագիտական կրթական ծրագրերի բաժնի պետն է:
Նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության մասնագիտական կրթական ծրագրերի և հանրակրթական ծրագրերի բաժինների պետերն ի պաշտոնե այդ հանձնաժողովի անդամներն են:
Նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական, հանրակրթության, բարձրագույն մասնագիտական, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներ են։
2. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները
2.1 Հանձնաժողովի հիմնական խնդիրը՝ Հայաստանի Հանրապետությունում կրթության բնագավառում լիցենզավորման ենթակա կրթական գործունեության տեսակների լիցենզավորման վերաբերյալ եզրակացություն ներկայացնելն է:
2.2 Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) քննարկում է լիցենզավորման ենթակա կրթական ծրագրերի իրականացման համար լիցենզիա ստանալու հայտի վերաբերյալ Նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության եզրակացությունը, քննարկման արդյունքում կայացնում է համապատասխան որոշում, որի հիմքով պատրաստված եզրակացությունը, այն կայացնելու օրը, հանձնում է ՀՀ կրթության և գիտության նախարարին (փաթեթը ներառում է նաև Գործակալության եզրակացությունը),
բ) քննարկում է լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու (լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու) վերաբերյալ նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության եզրակացությունը, քննարկման արդյունքում համապատասխան եզրակացություն է ներկայացնում ՀՀ ԿԳ նախարարին,
գ) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
3. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
3.1 Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 1600 -ին:
3.2 Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստին հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում նրա առաջարկությամբ կարող է մասնակցել նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ առանց քվեարկելու իրավունքի:
3.3 Հարցերը հանձնաժողովի քննարկմանը ներկայացվում են նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության կողմից պատրաստված եզրակացությունների հիման վրա՝ նախապես հաշվի առնելով աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչության կարծիքը:
Նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության և աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչության դիտողությունները հանձնաժողովում ներկայացվում են այդ ստորաբաժանումների հանձնաժողովի անդամ հանդիսացող աշխատակիցների կողմից:
3.4 Դիտողությունների վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանձնաժողովի կողմից:
3.5 Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը քննարկման հարցի կապակցությամբ կարող է ներկայացնել իր տեսակետը:
3.6 Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու (լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու) վերաբերյալ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ:
Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված՝ հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև՝ հրավիրված անձ):
3.7 Հարցերի քննարկման մասին հրավիրված անձը պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեն), ամսաթվի ու ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում` նիստի oրվանից ոչ ուշ, քան 5 oր առաջ:
3.8 Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է քննարկվող փաստաթղթերի բովանդակությունը:
3.9 Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
3.10 Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ ներկայացնել:
3.11 Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություններին:
Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:
3.12 Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
3.13 Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են, պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
3.14 Հանձնաժողովի եզրակացությունները (դրանք կայացնելու օրը) հանձնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարին:
3.15 Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որում նշվում են՝
1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը,
2) հանձնաժողովի տեսակը և կազմը,
3) քննարկվող հարցի բովանդակությունը,
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին,
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
6) հարցի քննարկման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերը և այլ ապացույցները,
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,
8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովների նիստերի արձանագրությունը ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
3.16 Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում է նիստեր և նախագահում դրանք,
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար,
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
4) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ,
5) Հանձնաժողովի նիստերին նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է նախագահի տեղակալը։
3.17 Հանձնաժողովի քարտուղարը (ները)՝
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,
2) ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները,
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը,
4) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ,
5) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունները, նախապատրաստում է առաջարկություններ դրանց վերաբերյալ,
6) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը,
7) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
3.18 Հանձնաժողովի անդամները՝
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,
2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
4. Հանձնաժողովի գործողության դադարումը
4.1 Հանձնաժողովի գործողությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: