«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11708004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2007 թ. |
N 275-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱՂԵ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների տեխնիկական վիճակի հետազննության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Կ. Գևորգյանի վրա:
Նախարար՝ |
Վ. Վարդանյան |
|
Հավելված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 14-ի N 275-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱՂԵ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են նոր կառուցվող շենքերի ու շինությունների սեյսմակայունության համակարգերում և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման նպատակով որպես կառուցվածքային տարր նախատեսված սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (այսուհետ` ՍՇՌՄՀ) տեխնիկական վիճակի հետազննության, այսինքն՝ դիտողական ու դիտողագործիքային հետազննության և արդյունքում ՍՇՌՄՀ-ների հետագա անվտանգ շահագործման գնահատման դրույթները, ինչպես նաև դրանց փոխարինման անհրաժեշտության դեպքերը:
2. ՍՇՌՄՀ-ների տեխնիկական վիճակի առաջին հետազննությունը պետք է կատարվի դրանց տեղակայելուց հետո մեկ տարի անց և հետագայում` առնվազն 10 տարին մեկ անգամ:
3. ՍՇՌՄՀ-ների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է նաև.
1) շենքի գործառական նշանակության փոփոխության դեպքում.
2) շահագործման պայմանների փոփոխության, մասնավորապես` ազդող բեռների մեծացման դեպքում.
3) հրդեհից, հաշվարկային մակարդակի կեսը գերազանցող ուժգնությամբ յուրաքանչյուր երկրաշարժից հետո:
II. ՍՇՌՄՀ-ՆԵՐԻ ԴԻՏՈՂԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ
4. Դիտողական հետազննությունը կատարվում է շենքի սեփականատիրոջ, բազմաբնակարան շենքում` կառավարման մարմնի կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով, անհրաժեշտության դեպքում մասնագիտացված կազմակերպության ներգրավմամբ:
5. Դիտողական հետազննության ժամանակ ի հայտ են բերվում և նշվում են (անհրաժեշտության դեպքում լուսանկարվում են) յուրաքանչյուր ՍՇՌՄՀ-ի երևացող թերությունները, դեֆորմացիաները, մաշվածքը, կողմնային մակերևույթների վնասվածքները, մակերևութային ճաքերի առկայությունն ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև մեխանիկական, կոռոզիոն, այրվածքային և այլ տիպի վնասվածքները, տարատեսակ սահմանափակիչների առկայության դեպքում նրանց վիճակը:
Հետազննության ժամանակ անհրաժեշտ է ստուգել շենքի ինժեներական հաղորդակցուղիների միացումների ճկունության անկումը, մաշվածքի առկայությունը և կառուցվածքի (շենքի) շուրջը նախատեսված սեյսմիկ բացակի համապատասխանությունը նախագծային լուծումներին:
III. ՍՇՌՄՀ-ՆԵՐԻ ԴԻՏՈՂԱԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ
6. ՍՇՌՄՀ-ների դիտողագործիքային հետազննությունը կատարվում է բնագավառի մասնագիտացված կազմակերպության կողմից:
7. Դիտողագործիքային հետազննության ժամանակ, բացի սույն կարգի 5-րդ կետում նշված աշխատանքներից, կատարվում են նաև`
1) դեֆորմացիաների չափումներ,
2) ճաքերի բացվածքի լայնության և երկարության չափումներ,
3) ռետինե կարծրության որոշում (ըստ Շոռի «Ա»): ՍՇՌՄՀ-ների ռետինի կարծրությունը որոշվում է յուրաքանչյուր հենարանի համար` դրանց կողմնային մակերևույթների վրա, առնվազն երեք կետում,
4) շենքի միկրոտատանումների գրանցումներ` համապատասխան գրանցող սարքերի միջոցով: Գրանցող սարքերը տեղադրվում են ՍՇՌՄՀ-ներից անմիջապես ցածր և բարձր գտնվող կոնստրուկտիվ տարրերի վրա, ինչպես նաև տարբեր հարկերում և տանիքում:
8. Շենքի միկրոտատանումների իրական մեծությունը պետք է որոշվի հիստերեզիսային կորերի (օղակների) միջոցով: Վերջիններս կառուցվում են յուրաքանչյուր ՍՇՌՄՀ-ի համար` փորձարկման արդյունքների հիման վրա մինչև դրա կիրառումը:
Եթե առաձգական փուլում կոշտության արժեքը մեծ է թույլատրելի հաշվարկային մեծությունից, ապա այդ դեպքում մեկ անգամ ևս պետք է հետազննվեն ՍՇՌՄՀ-ների բացակները, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսից և վերացվեն բոլոր արհեստականորեն ստեղծված կապերը, որոնք կարող են պատճառ լինել սեյսմամեկուսացման համակարգի կոշտացմանը:
IV. ՍՇՌՄՀ-ՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
9. ՍՇՌՄՀ-ների հետագա անվտանգ շահագործման գնահատականը տրվում է դրանց տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների և անձնագրային տվյալներին համապատասխանության հիման վրա:
10. ՍՇՌՄՀ-ների հետագա շահագործման ոչ պիտանիության գնահատականը տրվում է եթե`
1) ռետինի կարծրությունը տարբերվում է նախագծայինից ավելի, քան ± 10%- ով.
2) մնացորդային դեֆորմացիան գերազանցում է հենարանի արտաքին տրամագծի 20%-ը (0.2D).
3) ՍՇՌՄՀ-ներում առաջացել են չափազանց մեծ կամ անհավասարաչափ ուղղաձիգ դեֆորմացիաներ.
4) ՍՇՌՄՀ-ների կողային մակերևույթին հայտնաբերված ճաքերի երկարության ու խորության մեծությունները և քանակը գերազանցում են N1 աղյուսակով սահմանված ցուցանիշները:
11. Այն ՍՇՌՄՀ-ները, որոնցում դիտողական և դիտողագործիքային հետազննման արդյունքում արձանագրվել են 10 կետում նշված բնութագրերից որևէ մեկը, պետք է փոխարինվեն: Փոխարինման են ենթակա նաև վնասված սահմանափակիչները:
12. ՍՇՌՄՀ-ների փոխարինումը իրականացվում է մասնագիտական կազմակերպության կողմից` սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա:
13. Այն շենքերում, որոնցում դիտողական և դիտողագործիքային հետազննման արդյունքում հայտնաբերվել են փոխարինման ենթակա ՍՇՌՄՀ-ներ, մնացած ՍՇՌՄՀ-ներից ընտրանքային կարգով ընտրված առնվազն երեքը պետք է ենթարկվեն փորձարկումների:
Եթե փորձարկման արդյունքներով դրանցից առնվազն մեկը ունի շեղում սահմանված բնութագրերից, ապա այն ենթակա է փոխարինման: Այդ դեպքում շենքի մնացած ՍՇՌՄՀ-ները ևս ենթարկվում են փորձարկման:
Աղյուսակ 1
ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱՂԵ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՃԱՔԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ, ԽՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
Ճաքի երկարությունը, սմ |
Ճաքի խորությունը, մմ |
Ճաքերի քանակը, ոչ ավելի |
3 |
1 |
4 |
3 |
2 |
3 |
3 |
3 |
2 |
4 |
1 |
3 |
4 |
2 |
2 |
4 |
3 |
1 |
5 |
1 |
2 |
5 |
2 |
1 |
6 |
1 |
1 |