Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն Պայմանագիրը կնքող պետությունները, այսուհետ` Պայմանագրի մասնակիցներ,
հաշվի առնելով ավերիչ հետևանքները, որոնք ողջ մարդկության համար կհանգեցնեն միջուկային պատերազմի, դրանից բխող անհրաժեշտությունը գործադրելու ողջ ջանքերը այդպիսի պատերազմի ծագման վտանգը կանխելու համար և ժողովուրդների անվտանգությունն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելը,
համարելով, որ միջուկային զենքի տարածումը լրջորեն կմեծացնի միջուկային պատերազմի վտանգը,
համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, որոնք կոչ են անում համաձայնություն կնքել միջուկային զենքի ավելի լայն տարածումը կանխելու համար,
պարտավորվելով համագործակցել, նպատակ ունենալով աջակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների կիրառմանը` կապված միջուկային խաղաղ գործունեության հետ,
արտահայտելով իրենց աջակցությունը հետազոտման, կատարելագործման և այլ ջանքերին, ուղղված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների համակարգի շրջանակներում նպաստելու արդյունավետ երաշխիքների սկզբունքի կիրառմանը` որոշակի ռազմավարական վայրերում սարքավորումների և այլ տեխնիկական միջոցների օգտագործման միջոցով ելակետային և հատուկ քայքայվող նյութերի շարժի նկատմամբ,
հաստատելով այն սկզբունքը, որ ի շահ միջուկային տեխնոլոգիայի խաղաղ կիրառման, ներառյալ ցանկացած տեխնոլոգիական կողմնակի արտադրանքները, որոնք կարող են ստանալ միջուկային զենքին տիրող պետությունները միջուկային պայթուցիկ սարքավորումների զարգացումից, խաղաղ նպատակների համար պետք է հասանելի լինեն միջուկային զենքին ինչպես տիրապետող, այնպես էլ չտիրապետող Պայմանագրի բոլոր մասնակից պետություններին,
համոզված լինելով, որ այդ սկզբունքի իրականացման մեջ սույն Պայմանագրի բոլոր մասնակիցները խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի կիրառման հետագա զարգացման համար իրավունք ունեն մասնակցելու գիտական տեղեկատվության բոլոր հնարավոր փոխանակումներին և իրենց ավանդը անհատական կարգով ներդնել այդ զարգացման մեջ կամ այլ պետությունների հետ համագործակցելով,
հայտարարելով իրենց մտադրությունների մասին. հնարավորինս շուտ հասնել միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցմանը և ձեռնարկել արդյունավետ միջոցներ միջուկային զինաթափման ուղղությամբ,
բոլոր պետություններին համառորեն կոչ անելով համագործակցության` հասնելու այս նպատակին,
հիշեցնելով 1963 թվականի «Մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումների արգելման մասին» Պայմանագրի մասնակիցների կողմից նախաբանում արտահայտված վճռականության մասին, ձգտում է հասնել միջուկային զենքի բոլոր փորձնական պայթեցումների ընդմիշտ դադարեցմանը և շարունակել բանակցությունները այդ նպատակով,
ձգտելով աջակցել միջազգային լարվածության թուլացմանը և պետությունների միջև վստահության ամրապնդմանը, համաձայն «Խիստ և արդյունավետ միջազգային հսկողության տակ գտնվող համընդհանուր և լրիվ զինաթափման մասին» Պայմանագրի, նպաստելու միջուկային զենքի արտադրման դադարեցմանը, նրա բոլոր գոյություն ունեցող պաշարների վերացմանը և բացառելու միջուկային զենքը և նրա առաքման միջոցները ազգային զինանոցներից,
հիշեցնելով, որ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, պետությունները միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ինչպես տարածքային անձեռնմխելիության կամ ցանկացած պետության քաղաքական անկախության դեմ, այնպես էլ որևէ այլ ձևով, անհամատեղելի է Միավորված ազգերի նպատակների հետ, և որ անհրաժեշտ է աջակցել միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանը և պահպանմանը կապված սպառազինման գործի համար համաշխարհային մարդկային ուժի և տնտեսական ռեսուրսների ամենաքիչ շեղման հետ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Միջուկային զենքին տիրող սույն Պայմանագրի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չփոխանցել որևէ մեկին միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիկ սարքավորումներ, ինչպես նաև հսկողությունը այդպիսի զենքի կամ պայթուցիկ սարքավորումների վրա, նմանապես և ոչ մի ձևով չօգնել, չխրախուսել կամ չդրդել միջուկային զենքի չտիրապետող որևէ պետության միջուկային զենքի արտադրության կամ որևէ այլ եղանակով միջուկային զենքի կամ այլ միջուկային պայթուցիկ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև այդպիսի զենքի կամ պայթուցիկ սարքավորումների վրա հսկողության սահմանմանը:
Հ ո դ վ ա ծ 2
Միջուկային զենքի չտիրապետող սույն Պայմանագրի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է, որևէ մեկից, ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չընդունել միջուկային զենքի կամ այլ միջուկային պայթուցիկ սարքավորումների փոխանցում, ինչպես նաև հսկողություն այդպիսի զենքի կամ պայթուցիկ սարքավորումների վրա, չարտադրել և որևէ այլ միջոցով ձեռք չբերել միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիկ սարքավորումներ, նմանապես և չձգտել որևէ օգնության և չկիրառել որևէ օգնություն միջուկային զենքի կամ այլ միջուկային պայթուցիկ սարքավորումների արտադրության համար:
Հ ո դ վ ա ծ 3
1. Միջուկային զենքի չտիրապետող սույն Պայմանագրի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է ընդունել երաշխիքներ, ինչպես դրանք շարադրված են համաձայնագրում, որի վերաբերյալ պետք է անցկացվեն բանակցություններ և որը կկնքվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, համաձայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կանոնադրության և Գործակալության երաշխիքային համակարգի, բացառապես նրա պարտավորությունների կատարման ստուգման նպատակով` ընդունված սույն Պայմանագրի համաձայն, այն հաշվով, որ չթույլատրվի միջուկային էներգիայի խաղաղ կիրառման փոխարկումը միջուկային զենքի կամ այլ միջուկային պայթուցիկ սարքավորումների: Սույն հոդվածով պահանջվող երաշխիքների ընթացակարգը ելակետային կամ հատուկ քայքայվող նյութի նկատմամբ իրականացվում է անկախ նրանից արտադրվում է այն, վերամշակվում կամ օգտագործվում ցանկացած հիմնական միջուկային սարքավորման մեջ կամ գտնվում է ցանկացած այդպիսի սարքավորումներից դուրս: Սույն հոդվածով պահանջվող երաշխիքները խաղաղ միջուկային ողջ գործունեության բոլոր ելակետային կամ հատուկ քայքայվող նյութի նկատմամբ կիրառվում են այդպիսի պետության տարածքի սահմաններում, նրա իրավասության ներքո կամ նրա կողմից իրականացվող հսկողության տակ, որտեղ էլ այն գտնվի:
2. Պայմանագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրը պարտավորվում է չտրամադրել.
ա) ելակետային կամ հատուկ քայքայվող նյութ, կամ
բ) սարքավորումներ կամ նյութ միջուկային զենքի չտիրապետող ցանկացած պետությանը` խաղաղ նպատակների համար հատուկ նախատեսված կամ պատրաստված հատուկ քայքայվող նյութի վերամշակման, օգտագործման կամ արտադրության համար, եթե այդ ելակետային կամ հատուկ քայքայվող նյութի վրա չեն տարածվում սույն հոդվածով պահանջվող երաշխիքները:
3. Սույն հոդվածով պահանջվող երաշխիքները իրականացվում են այնպես, որպեսզի համապատասխանեն սույն Պայմանագրի 4-րդ հոդվածին, և հնարավորություն ստեղծվի խուսափել արգելքներ ստեղծելուց Պայմանագրի մասնակիցների տնտեսական կամ տեխնոլոգիական զարգացման կամ խաղաղ միջուկային գործունեության ոլորտում միջազգային համագործակցության համար, ներառյալ խաղաղ նպատակներով միջուկային նյութի մշակման, օգտագործման կամ արտադրության համար միջուկային նյութի և սարքավորման միջազգային փոխանակումը` համաձայն սույն հոդվածի դրույթների և Պայմանագրի նախաբանում շարադրված երաշխիքների կիրառման սկզբունքի:
4. Միջուկային զենքի չտիրապետող Պայմանագրի մասնակից պետությունները, նպատակ ունենալով կատարելու սույն հոդվածի պահանջները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կամ անհատական կարգով, կամ այլ պետությունների հետ համատեղ կկնքեն համաձայնագիր, համաձայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կանոնադրության: Այդ համաձայնագրերի շուրջ բանակցությունները սկսվում են սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո 180 օրվա ընթացքում: Պետությունների համար, որոնք ի պահ են հանձնում վավերացման կամ միացման մասին փաստաթղթերը 180-օրյա ժամկետը լրանալուց հետո, այդ համաձայնագրերի մասին բանակցությունները սկսվում են այդ փաստաթղթերը հանձնելու օրվանից ոչ ուշ: Այդ համաձայնագրերը ուժի մեջ են մտնում ոչ ուշ տասնութ ամսից` սկսած բանակցությունների օրվանից:
Հ ո դ վ ա ծ 4
1. Սույն Պայմանագրի ոչ մի դրույթ չի կարելի մեկնաբանել որպես Պայմանագրի բոլոր մասնակիցների խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի հետազոտությունները, արտադրությունը և օգտագործումը զարգացնելու անբաժանելի իրավունքի ոտնահարում` առանց խտրականության և համաձայն սույն Պայմանագրի 1-ին և 2-րդ հոդվածների:
2. Պայմանագրի բոլոր մասնակիցները պարտավորվում են աջակցել միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հետ կապված սարքավորումների, նյութերի, գիտական և տեխնիկական տեղեկատվության հնարավոր առավել լիարժեք փոխանակմանը և իրավունք ունեն մասնակցելու փոխանակմանը: Պայմանագրի մասնակիցները, որոնք ի վիճակի են անելու այդ, առանձին կամ այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ համագործակցում են նաև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի կիրառման հետագա զարգացմանը աջակցելու գործում, հատկապես Պայմանագրի այն մասնակից պետությունների տարածքներում, որոնք չեն տիրում միջուկային զենքի` հաշվի առնելով աշխարհի զարգացող շրջանների կարիքները:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն Պայմանագրի մասնակիցներից յուրաքանչյուրը պարտավորվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ, նպատակ ունենալով ապահովելու այն, որ համաձայն սույն Պայմանագրի, գտնվելով համապատասխան միջազգային հսկողության տակ և համապատասխան միջազգային ընթացակարգի միջոցով խաղաղ նպատակներով միջուկային պայթեցումների յուրաքանչյուր կիրառումից պոտենցիալ օգուտները խտրականության չդնելու հիմքի վրա լինեն հասանելի միջուկային զենքի չտիրապետող սույն Պայմանագրի մասնակից պետություններին, և որ օգտագործված պայթուցիկ սարքավորումների արժեքը Պայմանագրի այդպիսի մասնակիցների համար լինի այնքան ցածր, որքան դա հնարավոր է և չներառի նրանց հետազոտման և կատարելագործման հետ կապված ծախսերը: Միջուկային զենքի չտիրապետող սույն Պայմանագրի մասնակից պետությունները ի վիճակի կլինեն ստանալու այդպիսի օգուտներ, համաձայն հատուկ միջազգային համաձայնագրի կամ համաձայնագրերի, համապատասխան միջազգային մարմնի միջոցով, որում պատշաճ կերպով ներկայացվում են միջուկային զենքի չտիրապետող պետությունները: Այս հարցի կապակցությամբ բանակցությունները սկսվում են այնքան վաղ, որքան դա հնարավոր է` սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո: Միջուկային զենքի չտիրապետող սույն Պայմանագրի մասնակից պետությունները, որոնք կցանկանան այդ, կարող են ստանալ այդպիսի օգուտներ, համաձայն երկկողմ համաձայնագրերի:
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Պայմանագրի յուրաքանչյուր մասնակից պարտավորվում է բարի կամքով վարել բանակցություններ` մոտ ապագայում միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցման և միջուկային զինաթափման արդյունավետ միջոցների, ինչպես նաև «Խիստ և արդյունավետ միջազգային հսկողության տակ գտնվող համընդհանուր և լրիվ զինաթափման մասին» Պայմանագրի վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Պայմանագրի ոչ մի դրույթ չի ոտնահարում որևէ խմբի պետությունների իրավունքները` կնքելու տարածաշրջանային պայմանագրեր, նպատակ ունենալով իրենց համապատասխան տարածքներում ապահովելու միջուկային զենքի լրիվ բացակայությունը:
Հ ո դ վ ա ծ 8
1. Սույն Պայմանագրի ցանկացած մասնակից կարող է առաջարկել փոփոխություններ սույն Պայմանագրում: Առաջարկված յուրաքանչյուր փոփոխության տեքստը ներկայացվում է ավանդապահ կառավարություններին, որոնք այն ուղարկում են Պայմանագրի բոլոր մասնակիցներին: Դրանից հետո, եթե այդ պահանջեն Պայմանագրի մասնակիցների մեկ երրորդը կամ ավելին, ավանդապահ կառավարությունները կգումարեն խորհրդաժողով, որին նրանք հրավիրում են Պայմանագրի բոլոր մասնակիցներին այդպիսի փոփոխությունները քննարկելու համար:
2. Սույն Պայմանագրում ցանկացած փոփոխություն պետք է լինի հաստատված Պայմանագրի բոլոր մասնակիցների ձայների մեծամասնությամբ, ներառյալ միջուկային զենքի տիրող սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների և այդպիսի փոփոխության ուղարկման օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման Խորհրդի անդամներ հանդիսացող Պայմանագրի բոլոր մյուս մասնակիցների ձայները: Պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի համար, որը հանձնում է իր փաստաթուղթը փոփոխության վավերացման մասին, փոփոխությունը ուժի մեջ է մտնում Պայմանագրի մասնակիցների մեծամասնության կողմից այդպիսի փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո, ներառյալ միջուկային զենքի տիրող սույն Պայմանագրի մասնակից պետությունների և այդ փոփոխության ուղարկման օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման Խորհրդի անդամներ հանդիսացող Պայմանագրի մյուս բոլոր մասնակիցների փաստաթղթերը: Արդյունքում, Պայմանագրի ցանկացած այլ մասնակցի համար այն ուժի մեջ է մտնում փոփոխության վավերացման մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո:
3. Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարի անց Ժնևում (Շվեյցարիա) գումարվում է Պայմանագրի մասնակիցների խորհրդաժողով` քննարկելու թե ինչպես է գործում սույն Պայմանագիրը, որպեսզի ունենան վստահություն, որ նախաբանում շարադրված նպատակները և Պայմանագրի դրույթները իրականացվում են: Յուրաքանչյուր հինգ տարին մեկ Պայմանագրի մասնակիցների մեծամասնությունը կարող է այդ նպատակով առաջարկությունը ավանդապահ կառավարություններին ներկայացնելու միջոցով հասնել հետագա խորհրդաժողովների գումարմանը` քննարկելու, թե ինչպես է գործում Պայմանագիրը:
Հ ո դ վ ա ծ 9
1. Սույն Պայմանագիրը բաց է բոլոր պետությունների կողմից ստորագրման համար: Ցանկացած պետություն, որը չի ստորագրի Պայմանագիրը մինչև նրա ուժի մեջ մտնելը, համաձայն սույն հոդվածի 3-րդ կետի, կարող է միանալ նրան ցանկացած ժամանակ:
2. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերացման և միացման վերաբերյալ փաստաթղթերը ի պահ են հանձնվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարություններին, որոնք սույնով նշանակվում են որպես ավանդապահ կառավարություններ:
3. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում այն պետությունների կողմից վավերացվելուց հետո, որոնց կառավարությունները նշանակված են որպես Պայմանագրի ավանդապահներ և սույն Պայմանագիրը ստորագրած 40 այլ պետությունների կողմից վավերացման մասին փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո: Սույն Պայմանագրի նպատակների համար, միջուկային զենքի տիրող պետություն հանդիսանում է պետությունը, որը արտադրել և պայթեցրել է միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիկ սարքավորում, մինչև 1967 թվականի հունվարի 1-ը:
4. Պետությունների համար, որոնք պետք է ի պահ հանձնեն վավերացման մասին կամ միացման մասին փաստաթղթերը սույն Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում իրենց վավերացման կամ միացման մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու օրը:
5. Ավանդապահ կառավարությունները անհապաղ տեղեկացնում են սույն Պայմանագիրը ստորագրած և նրան միացած բոլոր պետություններին յուրաքանչյուր ստորագրման օրվա, վավերացման կամ միացման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվա, սույն Պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվա, խորհրդաժողով գումարելու վերաբերյալ ցանկացած պահանջների ստացման օրվա մասին, ինչպես նաև այլ տեղեկացումների մասին:
6. Սույն Պայմանագիրը պետք է լինի գրանցված ավանդապահ կառավարությունների կողմից, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի:
Հ ո դ վ ա ծ 10
1. Սույն Պայմանագրի յուրաքանչյուր մասնակից, համաձայն իր ազգային ինքնիշխանության իրագործման կարգի, իրավունք ունի դուրս գալ Պայմանագրից, եթե նա որոշի, որ սույն Պայմանագրի բովանդակության հետ կապված բացառիկ հանգամանքները վտանգի տակ են դնում իր երկրի գերագույն շահերը: Դուրս գալու մասին նա երեք ամիս առաջ տեղեկացնում է Պայմանագրի բոլոր մասնակիցներին և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին: Տեղեկացման մեջ պետք է պարունակվի հայտարարություն բացառիկ հանգամանքների մասին, որոնք նա դիտում է որպես իր գերագույն շահերը վտանգի տակ դնող:
2. Սույն Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո քսանհինգ տարի անց գումարվում է խորհրդաժողով, որպեսզի որոշվի, թե պետք է արդյոք Պայմանագիրը շարունակի մնալ անժամկետ ուժի մեջ կամ Պայմանագրի գործողությունը պետք է լինի երկարաձգված որոշակի լրացուցիչ ժամկետով կամ ժամանակահատվածով: Այդ որոշումը ընդունվում է Պայմանագրի մասնակիցների մեծամասնությամբ:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Պայմանագիրը, որի անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն և չինարեն տեքստերը հավասարազոր են, ի պահ են հանձնվում ավանդապահ կառավարությունների արխիվներին: Սույն Պայմանագրի պատշաճ կերպով վավերացված պատճենները ավանդապահ կառավարությունների կողմից ուղարկվում են Պայմանագիրը ստորագրած և նրան միացած պետությունների կառավարություններին:
Ի հավաստումն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Պայմանագիրը:
Կատարված է երեք օրինակից, Լոնդոն, Մոսկվա և Վաշինգտոն քաղաքներում, 1968 թվականի հուլիսի 1-ին:
* Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 21-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|