«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2004 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի ի) ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
ա) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի վարման կարգը համաձայն N 1 հավելվածի (կցվում է),
բ) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի հանձնաժողովի կազմը համաձայն N 2 հավելվածի (կցվում է):
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված N 1 | |
ՀՀ բնապահպանության նախարարի 16 փետրվարի 2004 թ. N 28-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների տեսակները, ենթատեսակները (այսուհետև՝ վայրի կենդանիներ) կենդանիների Կարմիր Գրքում գրանցելու և գրանցումից դուրս բերելու գործընթացների վարման կարգը:
2. Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող կենդանիների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:
3. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում վայրի կենդանիների տեսակների գրանցման համար հիմք են հանդիսանում գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան մասնագիտական կազմակերպության կողմից հաստատված կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող վայրի կենդանիների քանակի և տարածման սահմանների կրճատումը, գոյության պայմանների վատթարացումը և անհետացման վտանգը:
4. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների կարգավիճակի որոշման համար հիմք է հանդիսանում Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված բնապահպանական կարգավիճակների սանդղակը:
5. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքից վայրի կենդանիների տեսակների դուրս բերման համար հիմք են հանդիսանում դրանց բարվոք վիճակի մասին նոր գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված կարծիքը:
6. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գիրքը հավելումի ձևով կարող է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքից դուրս բերված տեսակների ցանկը, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական կարգավիճակների սանդղակը, Կարմիր Գրքին առնչվող նորմատիվային այլ ակտեր:
7. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում վայրի կենդանիների տեսակների գրանցումը և գրանցումից դուրս բերելն իրականացվում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի Հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
8. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:
9. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գիրքը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչությունը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
10. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ իրենց համաձայնությամբ:
12. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը ստեղծվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների տեսակները Կարմիր գրքում գրանցելու ու գրանցումից դուրս բերելու գործընթացը իրականացնելու նպատակով:
14. Հանձնաժողովի գործառույթներն են.
ա) գիտահետազոտական, կրթական, այլ պետական և հասարակական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին համապատասխան ներկայացված վայրի կենդանիների տեսակների Կարմիր Գրքում գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու առաջարկությունների ընդունում ու քննարկում,
բ) ստացված առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների կազմակերպում,
գ) ստացված տեղեկատվության հիման վրա վայրի կենդանիների տեսակների վիճակի վերլուծության իրականացում, սույն կարգի 4-րդ կետի համապատասխան նրանց կարգավիճակների և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում դրանց գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացությունների ընդունում,
դ) այլ կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի պատրաստման և վերահրատարակման հետ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ:
16. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
17. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված առաջարկությունները և կազմում արձանագրություն:
18. Հանձնաժողովը կազմվում է 13 անդամից:
19. Հանձնաժողովի նիստերը համարվում են կայացած անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:
20. Հայաստանի Հանրապետության վայրի կենդանիների Կարմիր Գրքում նոր տեսակների գրանցման կամ գրանցումից դուրս բերման վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այլ հարցերի վերաբերյալ՝ նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
21. Հանձնաժողովի նիստի եզրակացությունը ստորագրվում է նախագահի և քարտուղարի կողմից և տրամադրվում հանձնաժողովի անդամներին:
Հավելված N 2 | |
ՀՀ բնապահպանության նախարարի 16 փետրվարի 2004 թ. N 28-Ն հրամանով |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ), |
Ս. Մովսիսյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար, ակադեմիկոս (հանձնաժողովի նախագահի տեղակալ), |
Հ. Խաչատրյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի գիտքարտուղար, կենս. գիտ. թեկնածու (հանձնաժողովի քարտուղար), |
Կ. Ճենտերեճյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական աշխարհի կառավարման բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու, |
Ա. Աղասյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու, |
Մ. Ադամյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կենդանաբանական թանգարանի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, |
Բ. Գաբրիելյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր, |
Մ. Ղասաբյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ, կենս. գիտ. թեկնածու, |
Մ. Մարջանյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենս. գիտ. թեկնածու, |
Մ. Քալաշյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենս. գիտ. թեկնածու, |
Ֆ. Դանիելյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, |
Է. Յավրույան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր, կենս. գիտ. դոկտոր, |
Ն. Մարգարյան | Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկնածու |
(Կազմը խմբ. 02.10.07 N 316-Ն)