Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2007-25.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հոդ.289
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607280

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

6 հուլիսի 2007 թ.
ք. Երևան
N 160-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ  ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան.

Հաստատել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի.

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`

Ա. Մանուկյան

 

Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2007 թվականի հուլիսի 6-ի
թիվ 160-Ն հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է` ապահովել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորման գործընթացի իրականացումը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան՝ իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) տալիս է եզրակացություն ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակներին լիցենզիա տրամադրելու, մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին,

2) քննարկում է ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորման հայտերը, ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը,

3) ներկայացնում է առաջարկություններ լիցենզավորող մարմնին տրանսպորտի բնագավառի լիցենզավորման օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը հարցերը քննարկում է հանձնաժողովի նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ՝ հրավիրված անձ):

8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

9. Հանձնաժողովի նիստը նախագահողը նիստի ժամանակ հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը գրավոր չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամանակ: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, հարուցել միջնորդություններ:

12. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, այլ անձինք: Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

13. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.

2) հանձնաժողովի կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

6) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

14. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

15. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

16. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քրատուղարը:

17. Հանձնաժողովի նախագահը՝

1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:

19. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

2) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ,

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

4) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ,

5) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,

6) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, եզրակացությունները և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը հայտատուին:

20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում, հանձնաժողովի անդամներից մեկը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ստանձնում է հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները:

21. Հանձնաժողովի անդամները՝

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի ղեկավար

Վ. Մարության

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2012, N 656-Ն 25.01.2013, N 160-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան