Գլխավոր տեղեկություն
Համար
N 768-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2007-11.03.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.01/26(174) Հոդ.362
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.08.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10004304

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 օգոստոսի 2004 թ.
ք. Երևան 

N 768-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 890 որոշման 2-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 14-ի N 153 հրամանի 1-ին կետը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

Նախարար

Ն. Դավիդյան

 

 

Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թ. օգոստոսի 29-ի
N 768-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

                                                       (կարգը խմբ. 25.05.07 N 927-Ն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կարգը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող վարչական վարույթի գործերի գործավարությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 9-ի N 1132-Ն հրամանով սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:

4. Նախարարի տեղակալների, խորհրդականների, օգնականի և մամլո քարտուղարի գործունեության ընթացքում գործավարությունը կազմակերպվում է աշխատակազմի քարտուղարության կողմից:

5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

6. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն)` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը: Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության պայմանանշանից և դրա հերթական համարից:

7. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից): «Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) համակարգչային ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:

8. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ: Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարության ընդհանուր բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

9. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

10. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են Հայաստանի Հանրապետության նախարարության համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:

11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

12. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը:

13. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման: Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային 1 օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին (այսուհետ` նախարար) հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին` զեկուցման: Նորմատիվ և անհատական իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից կարծիքի առաքված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ պատասխան գրությունները նախարարին են զեկուցվում աշխատակազմի ղեկավարի կողմից` նախարարի իրավական խորհրդականի հետ համատեղ:

15. Նախարարը ստացված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը մակագրում է նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, նախարարի իրավական խորհրդականին կամ նախարարի խորհրդականներին: Բացառիկ դեպքերում` նախարարի հայեցողությամբ մուտք եղած փաստաթուղթը կարող է մակագրվել անմիջականորեն ստորաբաժանման ղեկավարին:

16. Նախարարի կողմից մակագրված թղթակցությունը հաջորդ օրը վերադարձվում է քարտուղարություն և 1 օրվա ընթացքում, ըստ մակագրությունների, բաժանվում կատարողներին:

17. Նախարարի կողմից մակագրված փաստաթղթերը նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրվում են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Նախարարի տեղակալները գրությունները մակագրում են միայն իրենց համակարգման ոլորտի ստորաբաժանման ղեկավարներին:

18. Նախարարի բացակայության դեպքում նախարարի առաջին տեղակալը կարող է գրություններ մակագրել ցանկացած ստորաբաժանման ղեկավարին:

19. Նախարարի խորհրդականներին մակագրված փաստաթղթերը կատարվում են անմիջականորեն վերջիններիս կողմից, եթե նախարարի կողմից նախարարի խորհրդականին համապատասխան լիազորություն չի տրվել՝ դրանք մակագրել աշխատակազմի որևէ ստորաբաժանմանը: Եթե մակագրության մեջ նշված են նաև այլ ստորաբաժանումներ, գրությունները կատարվում են ստորաբաժանման կողմից` նախարարի համապատասխան խորհրդականի հետ համատեղ:

20. Ստորաբաժանման ղեկավարը ստացված գրություններին սահմանված կարգով ընթացք է տալիս ստորաբաժանման աշխատակիցների միջոցով: Ստորաբաժանման ղեկավարը, անհրաժեշտության դեպքում, կարող է հայցել այլ ստորաբաժանումների կարծիքները, ինչը կատարվում է նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի միջոցով, իսկ բացառիկ դեպքերում` անմիջականորեն` ստորաբաժանման ղեկավարի միջոցով: Չի թույլատրվում ստորաբաժանման ղեկավարին մակագրված գրության վերահասցեագրումը այլ ստորաբաժանման:

21. Նախարարության կառուցվածքային մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում թղթակցության հանձնումը կատարվում է քարտուղարության միջոցով:

22. Քարտուղարությունը` գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է «Գործին» մակագրությունը:

23. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց: Նախարարության աշխատողներին չի թույլատրվում փաստաթղթերը նախարարությունից դուրս բերել:

24. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին, լրացնել շրջանցիկ թերթիկ և այն հանձնել աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչություն:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

25. Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական մարմիններից ստացված փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները, եթե ստացված փաստաթղթում կատարման ժամկետներ նշված չեն`

1) ոչ ավելի, քան 5 աշխատանքային օր` լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ չպահանջող հարցեր պարունակող փաստաթղթերի համար.

2) ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր` լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր պարունակող փաստաթղթերի համար:

26. Նախարարություն մուտք եղած այլ գրությունների (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումներ, բողոքներ, առաջարկություններ և այլն) կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`

1) ոչ ավելի, քան 15 աշխատանքային օր, եթե գրությունը չի պարունակում լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցեր.

2) ոչ ավելի, 30 աշխատանքային օր, եթե գրությունը պարունակում է լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցեր:

27. Առանձին դեպքերում կատարման ժամկետը կարող է երկարացվել, միայն հանձնարարությունը տվող ղեկավարի կողմից` ըստ անհրաժեշտության:

 

IV. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

28. Նախարարությունում ելից փաստաթղթերի ստորագրման իրավունք ունեն նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, նրա բացակայության դեպքում աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև իրավական խորհրդականը և խորհրդականները, ստորաբաժանումների ղեկավարները:

29. Աշխատակազմի ղեկավարի հրամանով սահմանվում են այն գրությունների տեսակները, որոնք կարող են ելքագրվել ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

30. Ստորագրման ներկայացվող փաստաթղթին կցվում են դրա երկրորդ և երրորդ օրինակները` փաստաթղթի նախագիծը պատրաստող ստորաբաժանման ղեկավարի, ինչպես նաև բնագավառը համակարգող նախարարի տեղակալի և նախարարի իրավական խորհրդականի նշագրումով (ստորագրություն): ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ ուղարկվող փաստաթղթի նախագծի վրա դրվում է աշխատակազմի ղեկավարի նշագրումը, ֆինանսական նյութեր պարունակող փաստաթղթերի նախագծերը պետք է նշագրվեն առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետի, իսկ բուժօգնության կազմակերպման հետ կապված հարցեր պարունակող փաստաթղթերի նախագծերը` բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի կողմից:

31. Բացի 30-րդ կետում նշված պաշտոնատար անձանցից, նախարարի ստորագրությանը ներկայացվող փաստաթղթերը պետք է պարտադիր կարգով նշագրվեն այն պաշտոնատար անձանց կողմից, ում մակագրվել է գրությունը:

32. Ելից փաստաթղթի հակառակ էջի ձախ անկյունում գրվում է կատարող ստորաբաժանման անվանումը, կատարող աշխատակցի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

33. Ելից փաստաթղթերը քարտուղարություն են հանձնվում 3 օրինակից, հիմքերի հետ միասին` ներառելով հասցեատերերի հասցեները: Առաջին օրինակը ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը համապատասխան նամակի և կից նյութերի հետ կարվում է քարտուղարությունում պահպանվող համապատասխան գործերում, երրորդ օրինակը հիմքերի հետ միասին հետ է վերադարձվում համապատասխան ստորաբաժանմանը:

34. Ելից փաստաթղթի գրանցման համարը բաղկացած է կատարող ստորաբաժանման և կամ պաշտոնատար անձի պայմանանիշից և հերթական համարից: Մի քանի պայմանանիշների կիրառման դեպքում վերջիններս գրվում են կոտորակով:

35. Թղթակցությունը քարտուղարության միջոցով հասցեատերերին է ուղարկվում ցրիչի կամ սուրհանդակի միջոցով կամ փոստով:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

36. Քաղաքացիներից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:

37. Քաղաքացիների անհատական ընդունելությունը կատարվում է հատուկ կանոնակարգով: Ընդունելության ժամանակ քաղաքացիների կողմից ներկայացված գրավոր առաջարկությունները, դիմումները և բողոքները ենթակա են գրանցման՝ սույն կարգի 6-րդ կետի պահանջներին համապատասխան:

38. Ստացված դիմումի, բողոքի և առաջարկության գրանցման համարից հետո համապատասխանաբար գրվում է դիմողի, բողոք բերողի կամ առաջարկություն ներկայացնողի ազգանվան առաջին տառը:

39. Կոլեկտիվ դիմումի, բողոքի և առաջարկության գրանցման համարից հետո գրվում է «կոլ.» հապավումը:

40. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

41. Միևնույն անձից միևնույն հարցով ստացված դիմումները գրանցվում են նույն համարի տակ, ավելացնելով հերթական համարը կոտորակի միջոցով:

 

VI. ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ, ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

42. Հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթի վրա` առանց ուղղումների ու ջնջումների` նախարարին կամ աշխատակազմի ղեկավարին ստորագրման ներկայացնելու համար:

43. Բոլոր հրամանների, հանձնարարականների, արձանագրությունների առաջին օրինակները համարակալվում և պահվում են քարտուղարությունում:

44. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի (ինչպես նաև կադրային` աշխատանքի նշանակման և ազատման) հրամանների համար սահմանվում է առանձին համարակալում:

45. Հրաման նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է կատարել նշագրում հրամանի առաջին օրինակի վերջին էջում և ծանոթացնել հրամանի նախագծին աշխատակազմի ղեկավարին, նախարարի իրավական խորհրդականին և նախարարության բոլոր շահագրգիռ պաշտոնատար անձանց, որոնք, համաձայնության դեպքում, ստորագրում են հրամանի առաջին օրինակի վերջին էջի ներքևի ձախ անկյունում, իսկ անհամաձայնության դեպքում` գրավոր կցում հատուկ կարծիք:

46. Հրամանը ստորագրվելուց հետո հրամանի ընդունումը նախաձեռնող ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է այն ներկայացնել քարտուղարություն` համարակալման: Համարակալման ներկայացվող հրամանի հետ միասին քարտուղարություն է ներկայացվում է այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի հրամանը:

47. Հրամանի բազմացումը, ըստ առաքվող ստորաբաժանումների և կազմակերպությունների թվի, կատարվում է քարտուղարությունում կամ, բացառիկ դեպքերում, կատարող ստորաբաժանման կողմից:

48. Քարտուղարությունում համապատասխան կնիքով կնքվում են հրամանների պատճենները և ապահովվում է դրանց ժամանակին առաքումը հասցեատերերին:

49. Քարտուղարության կողմից կազմակերպություններին և աշխատակազմի աշխատակիցներին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի ցուցումի:

50. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով, նախարարի իրավական խորհրդականի նշագրման առկայության պարագայում, և առաքվում ըստ սկզբնական հասցեատերերի:

51. Գործակարգավարական խորհրդակցության արձանագրումը կազմում է նախարարի օգնականը:

52. Գործակարգավարական խորհրդակցության արձանագրությունները քարտուղարության միջոցով բազմացվում և ըստ հանձնարարականների հանձնվում են կատարողներին:

53. Նախարարի, նրա տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվում են նախագահողի կողմից, համարակալվում են քարտուղարությունում: Դրանց պատճենները քարտուղարության կողմից կնքվելուց հետո ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներին կամ կազմակերպություններին:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

54. Նախարարության կնիքները, դրոշմակնիքները պատրաստվում և գործողության մեջ են դրվում նախարարի թույլտվությամբ:

55. Նախարարության կնիքները և դրոշմակնիքները պատվիրվում և դրանց օգտագործման նկատմամբ հսկողությունը իրականացվում է աշխատակազմի ղեկավարի կողմից:

56. Նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանով կլոր կնիքով կնքվում են ֆինանսատնտեսական փաստաթղթերը, աշխատանքային գրքույկները, պայմանագրերը, ծառայողական վկայականները, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք պահանջում են նախարարության կողմից անհրաժեշտ վավերացում:

57. Նախարարության հրամանների համար կլոր կնիքով կնքվում են հրամանների պատճենները և դրանց քաղվածքները:

58. Իրավական փաստաթղթերը (մասնավորապես կանոնադրությունները, դատական, դատախազության, իրավապահ մարմիններ, դատական ակտերի հարկադիր ծառայությանը հասցեագրված և այլն) կարող են կնքվել նաև նախարարի իրավական խորհրդականի ստորագրության առկայության դեպքում:

59. Կնիքները և դրոշմները պահվում են քարտուղարությունում:

 

VIII. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

60. Նախարարությունում կատարողական կարգապահության հսկումը կազմակերպում է քարտուղարությունը, իսկ վերահսկողությունը իրականացվում է աշխատակազմի ղեկավարի կողմից:

61. Մակագրված փաստաթղթերի կատարման ժամկետները արտացոլվում են քարտուղարությունում: Քարտուղարությունում պարբերաբար պատրաստվում են տեղեկանքներ ժամկետանց և կատարվելիք գրությունների և հանձնարարականների մասին և բաժանվում ըստ համապատասխան ստորաբաժանումների:

62. Յուրաքանչյուր շաբաթվա վերջում կատարված և ժամկետանց հանձնարարականների (մակագրությունների) մասին տեղեկանքը քարտուղարության կողմից ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին:

63. Հանձնարարականների (մակագրությունների) կատարումը հսկողությունից հանվում է ի կատարումն դրա ներկայացված պատասխանի կամ տեղեկանքի (զեկուցագրի) հիման վրա:

 

IX. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

64. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

65. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

66. Աշխատակազմի արխիվի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

67. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

68. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

69. Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

70. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:

 

X. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

71. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներում և դրանց տարածքային կենտրոններում գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

72. Նախարարության առանձնացված ստորաբաժանումում ամբողջ թղթակցությունը գրանցվում է հատուկ գրանցամատյանների և (կամ) համակարգչի միջոցով:

73. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների, հրամանների, մակագրված փաստաթղթերի պատշաճ և ժամանակին կատարման համար անմիջականորեն պատասխանատու է առանձնացված ստորաբաժանման ղեկավարը:

74. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների և դրանց տարածքային կենտրոնների ղեկավարներն իրավունք ունեն ստորագրել անմիջապես իրենց անունով ստացված գրությունների պատասխանները, ինչպես նաև անմիջականորեն իրենց լիազորությունների շրջանակներում գտնվող հարցերի լուծմանը վերաբերող ելից փաստաթղթերը:

75. Նախարարության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ փաստաթղթերի առաքումը կատարվում է առանձնացված ստորաբաժանման միջոցով: Մնացած բոլոր դեպքերում նախարարության առանձնացված ստորաբաժանման ելից փաստաթղթերի ստորագրումը, ելքագրումը, առաքումը կանոնակարգվում են սույն կարգի V-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

76. Յուրաքանչյուր եռամսյակը մեկ նախարարության առանձնացված ստորաբաժանման տարածքային կենտրոնի ղեկավարի ստորագրությամբ (կենտրոնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված աշխատակցի միջոցով/ նախարարության առանձնացված ստորաբաժանում է ներկայացվում ամփոփ տեղեկանք` կատարված, ժամկետանց հանձնարարականների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև կենտրոնի ելից փաստաթղթերի գրանցամատյանի այն էջերի լուսապատճենները, որոնցում գրանցված են տվյալ ամսվա ընթացքում կենտրոնից ելքագրված փաստաթղթերը:

77. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների տարածքային կենտրոններին նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից հատկացվում է հատուկ ծածկագիր` ելից փաստաթղթերը ձևակերպելու համար:

(հավելվածը խմբ. 25.05.07 N 927-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.02.2010, N 02-Ն 11.03.2010, N 768-Ն
25.05.2007, N 927-Ն 11.08.2007, N 768-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան