Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.15/13(253) Հոդ.217
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.04.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007196

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 280-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2007 Թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թ. ընդունելության քննությունները կազմակերպելու նպատակով


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թ. առկա ուսուցման ընդունելության կանոնները»:

2. Բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

ՀՀ կրթության և գիտության
նախարար՝

Լ. Մկրտչյան

 

Հաստատված է
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2007 թ. ապրիլի 12-ի 
N 280-Ն հրամանով
_________________ Լ. Մկրտչյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2007 Թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
 

Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ Նախարարի) կողմից, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի, 15-րդ հոդվածի, 28-րդ հոդվածի 9-րդ կետի, 49-րդ հոդվածի 9-րդ կետի:


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ բուհեր) 2007 թվականին ընդունելությունը կատարում են ըստ ՀՀ կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի:

2. Պետական բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

3. Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդները ՀՀ բուհեր կարող են ընդունվել՝ համաձայն սույն Կանոնների (ընդհանուր հիմունքներով), կամ «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգի» (ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 40-Մ, 17.03.1997 թ. հրաման, կոդ N 110-0040-170397):

4. Սույն Կանոնների համաձայն` ընդունելությունը բուհերում կատարվում է՝

պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների (ընդունված արական սեռի ներկայացուցիչները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (այսուհետ` վճարովի)՝ ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության սահմանած տեղերի չափաքանակների (ընդունված արական սեռի ներկայացուցիչները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

վճարովի ուսուցմամբ (ԱՏ)՝ ըստ մասնագիտությունների բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված տեղերի (ընդունված արական սեռի ներկայացուցիչները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

անվճար ուսուցմամբ սովորողները կօգտվեն պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման կարգից1,

վճարովի ուսուցմամբ սովորողները կօգտվեն բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման կարգից:

5. Քննությունների կազմակերպման և վերահսկման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով (այսուհետ՝ ՀԸՀ):

«Հայոց լեզու, գրականություն» առարկայի պետական բուհեր ընդունելության միասնական քննությունը կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ)` միասնական համակարգով:

6. ՀԸՀ-ի, բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների գործառույթներն ու փոխհարաբերությունները սահմանվում են ՀՀ պետական բուհերի 2007 թ. ընդունելության կանոնակարգով:

 


1 Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին: Մյուս կուրսերում ուսանողական նպաստ տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ մրցույթային հիմունքներով:


II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

7. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են ՀԸՀ-ի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները՝ Նախարարի կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած առարկայական ծրագրերով և գիտելիքների գնահատման չափանիշներով:

8. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու մրցույթը կազմակերպվում են համապատասխան բուհերում: Քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով և գնահատման չափանիշներով:

9. Ընդունելության քննություններին (բացի «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննության) մասնակցելու համար դիմորդները լրացնում են մեկ միասնական դիմում-հայտ, իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրելով մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն լրացրած դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի, մինչև չորս անվճար և մինչև չորս վճարովի, ինչպես նաև մինչև չորս ժամկետային զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի ուսուցման (ԱՏ) մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները:

2006-2007 թթ. շրջանավարտները «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները իրենց բնակության վայրի` այդ նպատակով հաստատված ուսումնական հաստատությունում: 2007-2008 թթ. պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար սահմանված «Հայոց լեզու» առարկայի համար հիմք ընդունել «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները.

դիմորդի կողմից մեկից ավելի միասնական դիմում-հայտ ներկայացնել չի թույլատրվում: Հաշվիչ կենտրոնի բազայում նույն դիմորդի մեկից ավելի հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին մասնակցելու իրավունքից:

10. Դիմորդները ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները հանձնում են միայն մեկ անգամ:

11. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

12. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել: «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննությունը հայտագրած, բայց հարգելի պատճառով չներկայացած դիմորդները այն հանձնում են մինչև կենտրոնացված քննությունների սկիզբը` ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած օրը:


III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

13. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում` գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, օրինակ` 7.5 միավորը հավասարվում է 8.0 միավորի) հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանումով` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննության գնահատականը համարժեքացվում է 20 միավորային համակարգին:

14. Բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնում են քննության օրը՝ քննասենյակում, իսկ գրավոր քննության գնահատականը՝ քննության հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 1600-ը (բացի «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննության):

15. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը՝ այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

16. Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները (հանրակրթական, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական-տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով քննություն են հանձնում հայոց լեզվից (գրավոր).

ա) 2007 թ. ՀՀ պետական բուհերի ընդունելության «Հայոց լեզու» առարկայի մրցութային քննություն է համարվում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միջնակարգ լրիվ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության միասնական քննությունը,

բ) 2007 թ. ՀՀ պետական բուհերի ընդունելության «Հայոց լեզու» առարկայի ոչ մրցութային քննություն է համարվում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության ավարտական քննությունը,

և' անվճար, և' վճարովի ուսուցման մրցույթներին մասնակցելու համար, դիմորդը կարող է մասնագիտությունների և քննությունների ցանկում մեկ աստղանիշով նշված հայոց լեզվի ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցել միջնակարգ կրթության ատեստատից, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական,

տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերից (սույն կարգի 26-րդ կետը),

ռուսական կրթությամբ շրջանավարտները ընդունելության քննությունները կարող են հանձնել ռուսերեն լեզվով (բացառությամբ հայերեն և օտար լեզուների քննությունների):

17. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից և գրականությունից գնահատական չունեցողները՝ որևէ օտար լեզվից՝ գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն),

«030700-Միջազգային հարաբերություններ», «030600-Լրագրություն», «05100000 կամ 053000-Հայոց լեզու և գրականություն», «050900-Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն», «051000-Մանկավարժություն և հոգեբանություն», «051200-Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա», «051300-Սոցիալական մանկավարժություն», «051500-Տիֆլոմանկավարժություն», «051600-Սուրդոմանկավարժություն», «051700-Օլիգոֆրենոմանկավարժություն», «051800-Լոգոպեդիա», «051900-Հատուկ հոգեբանություն», «052000-Շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն», «032300-Թարգմանչական գործ» մասնագիտությունների դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է,

«031100- Լեզվաբանություն, Ռուսաց լեզու», 032400 և 052900 Ռուսաց լեզու և գրականություն» (ԵրԼՀ-ում), 031200- Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն` ռուսաց լեզու (ԵՊՀ) մասնագիտությունների համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր),

 «032400 կամ 052900 -ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր):

18. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում օտար լեզվից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), ընդ որում՝

«030700-Միջազգային հարաբերություններ», «031200-Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն լեզու)», «031300 կամ 053100-Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն)», «030800-Արևելագիտություն (արաբագիտություն, իրանագիտություն, թուրքագիտություն)», «032300-Թարգմանչական գործ», «080000-Տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների խմբի», «230200- Տեղեկատվական համակարգեր (ըստ ճյուղերի)», «200400- Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում», «311102-Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում», «311104-Ագրոպարենային համակարգի ֆինանսներ և վարկ», «311105-Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն», «311106-Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «311107-Ագրոբիզնես և շուկայաբանություն», «311108-Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն», «311110-Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգում)» մասնագիտությունների համար օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է, եթե ցանկով այլ քննություն նախատեսված չէ:

19. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը: Մրցույթն անց է կացվում դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ, որպես առաջին և երկրորդ մրցութային քննություններ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշած առարկային:

20. Մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով, տասնորդական մասի պահպանմամբ, դիմորդը մասնակցում է անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրված համապատասխան մասնագիտությունների մրցույթներին` ոչ մրցութային քննություններից դրական միավորներ ստանալու դեպքում (օրինակ. դիմորդը մրցութային երեք քննություններից ստացել է 19,2+14,1+15,3: Նա մրցույթին մասնակցում է 48,6 միավորով):

21. ՀՀ պետական բուհերում մրցույթն անցկացվում է մասնագիտությունների համապատասխան ուղղվածությամբ՝ ըստ մասնագիտությունների, մասնագիտությունների խմբերի, ֆակուլտետների (դեպարտամենտների): Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անց են կացվում մեկ փուլով:

22. Դիմորդը ընդունելության մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար մրցութային քննություններից հավաքած միավորների գումարով.

ընդունելության մրցույթն անցկացվում է առաջին հայտի գերակայությամբ,

առաջին հայտի մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անց է կացվում ըստ դիմում-հայտում լրացված մասնագիտությունների հայտերի հերթականությանը համապատասխան,

դիմում-հայտում նշված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտերի հերթականության) ընդունված դիմորդն այլևս չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին,

 վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի այդ առարկաների ավարտական քննությունների կամ տարեկան գնահատականը (սույն կանոնների 26-րդ կետը),

մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի լրացուցիչ տեղերի մրցույթին (ԱՏ)` այդ մասին նախապես նշելով դիմում-հայտում: Լրացուցիչ մրցույթով ընդունվածները չեն կարող օգտվել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 6-րդ կետով նախատեսված` ուսման տարեկան վարձի փոխհատուցման, իսկ արական սեռի ներկայացուցիչները` նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով նախատեսված` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու արտոնություններից:

23. Ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական (քիմիա, կենսաբանություն) հոսքային ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի հենակետային վարժարանների շրջանավարտները մրցութային կարգով կարող են ընդունվել բուհ՝ տվյալ բուհին հատկացված հարցազրույցի տեղերի շրջանակներում` կազմակերպված քննությունների արդյունքներով: Հարցազրույց կազմակերպող բուհերի, դրանցում ընդունելության մասնագիտությունների և հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկերը, անվճար և վճարովի ուսուցման հատկացվող տեղերի չափաքանակները սահմանվում են Նախարարի հրամանով: Հարցազրույցներն անց են կացվում բուհի ներկայացրած և Նախարարության հաստատած հանձնաժողովների կողմից՝ տվյալ մասնագիտության քննական առարկաների շրջանակներում: Հայոց լեզու առարկայի քննությունը կազմակերպվում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննության ծրագրով: Ա տարբերակը հանձնածները կարող են մասնակցել ՀԱՀ-ի հարցազրույցին` միասնական ծրագրով:

24. ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքների և դպրոցների ներկայացրած հայտերի հիման վրա մանկավարժական մասնագիտություններին հատկացված (ՀՄՀ, ԵրԼՀ, ԳՄԻ, ՎՄԻ, Գորիսի պետական համալսարան) անվճար տեղերի մինչև 50%-ի չափով կազմակերպվում է մանկավարժական կադրերի նպատակային ընդունելություն:

Համայնքների ներկայացմամբ` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի հայտերի հիման վրա ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում կազմակերպվում է նպատակային ընդունելություն անվճար տեղերի մինչև 30%-ի չափով` մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար:

Համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանների ներկայացրած հայտերի` ՀԱՀ «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն» և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն» մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի մինչև 50%-ի չափով կազմակերպվում է նպատակային ընդունելություն:

Նպատակային ընդունելության հայտեր ներկայացրած դիմորդները, ընդունվելուց հետո, մինչև հրամանագրումը սահմանված կարգով կնքում են պայմանագիր գործուղող և ընդունող կողմերի հետ, որը վավերացվում է համապատասխան պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

25. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝

ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,

բ) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին,

գ)  դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,

ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

26. Պետական բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (նաև անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար) և երկու աստղանիշով, վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար.

ա) 1999-2000 և հետագա ուսումնական տարիների շրջանավարտ-դիմորդների համար մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերում պետական ավարտական քննական գնահատականները,

բ) 1998-1999 ուստարվա շրջանավարտների համար՝ միջնակարգ կրթության ատեստատում, մասնագիտական- տեխնիկական և միջին մասնագիտական ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից՝ տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար),

գ) հայոց լեզվից և մաթեմատիկայից՝ 1996 թվականին և դրանից հետո հանձնված քննությունների գնահատականները,

դ) մինչև 1997-1998 (ներառյալ) ուսումնական տարվա շրջանավարտ-դիմորդների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի (20 միավորային համակարգով չգնահատված) տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին՝

«3»-ը համարժեք է 13 միավորի,

«4»-ը համարժեք է 17 միավորի,

«5»-ը համարժեք է 20 միավորի,

ե) 1999-2000 և հետագա ուստարիների այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են կենտրոնացված կարգով,

զ) 1998-1999 ուստարվա այն շրջանավարտները, որոնք դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են կենտրոնացված կարգով:

27. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հաստատում է ՀԸՀ-ը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին՝ հրամանագրման:

28. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթները բացի արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտություններից անց են կացվում կենտրոնացված կարգով: Դրանց արդյունքները հրապարակվում են մինչև ս/թ օգոստոսի 26-ը:


IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

29. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում.

անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)՝ ըստ մասնագիտությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի,

անվճար ուսուցման մրցույթից դուրս մնացած դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով,

եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս՝ ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով:

30. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, սահմանված կարգով, ՀԸՀ որոշմամբ ընդունվում են`

ա) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը և հետագայում աշխատելը հակացուցված չէ,

բ) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

31. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

32. ՀԸՀ որոշում է ընդունում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնությունների հաղթողներին, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին համապատասխան մասնագիտությունների գծով, առանց ընդունելության քննությունների, բուհ ընդունելու մասին` ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին:

33. ՀԸՀ որոշում է ընդունում մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի և ԱՏ ուսուցման համակարգում թափուր տեղերը վերաբաշխելու, ինչպես նաև անվճար ու ԱՏ համակարգի պահուստային տեղերը բաշխելու վերաբերյալ:


V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

34. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում.

սույն կանոնների 29-31-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից,

հանրապետական ընդունող հանձնաժողովը («Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննության վճարից կարող է ազատել ԳԹԿ-ն) առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

35. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2007 թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը: Քննություններն անցկացվում են 2007 թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրվանից: «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննության դիմում-հայտերի ընդունումը ավարտվում է 2007 թ. մայիսի 4-ին: Քննությունը անցկացվում է հունիսի 1-ին:

Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների գծով մասնագիտական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում` 2007 թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը:

36. Դիմորդները քննություններին և ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են դիմում-հայտում նշված առաջին հայտի բուհում: Քննությունների համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին հայտի բուհում:

37. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհ:

38. Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

ա) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),

բ) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի հետ միասին), փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

ե) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

զ) սույն կանոնների 29-31-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու, ծնողական խնամքից զրկվելու մասին),

է) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

ը) «Հայոց լեզու, գրականություն» առարկայի մրցութային համարվելու դեպքում` ԳԹԿ կողմից տրված վկայագիրը:

39. Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է:

40. Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան