Գլխավոր տեղեկություն
Համար
N 187-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.02/12(252) Հոդ.199
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.03.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007173

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 187-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2007 թվականի ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2007 թվականի ընդունելության կանոնները` ըստ հավելվածի:

2. Նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)՝ սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

ՀՀ կրթության և գիտության
նախարար`
L. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության
նախարարի 2007 թ. մարտի 23-ի
N 187-Ն հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ Նախարարի) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետերի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները (այսուհետև՝ Հաստատություն) միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերով, մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ առկա (ստացիոնար) ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի՝ անվճար կամ վճարովի հիմունքով, Նախարարության՝ ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների հաստատած ցանկի և պայմանների:

3. Հաստատություն կարող են դիմել հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական (մասնագիտական-տեխնիկական, արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք:

4. Հաստատությունում ընդունելությունը կատարվում է.

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների գծով` առանց ընդունելության քննությունների` Նախարարի կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, նախնական մասնագիտական (մասնագիտական-տեխնիկական, արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա,

բ) միջին մասնագիտական մասնագիտությունների գծով` ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ սույն Կանոններով սահմանված մրցույթի պայմանների համաձայն: Նախարարության կողմից սահմանված հումանիտար, մանկավարժական, տնտեսագիտական, տեխնիկական, տեխնոլոգիական, ինֆորմատիկայի, գյուղատնտեսական և շինարարական առանձին (բացառությամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհեր) քոլեջներում և բուհերում իրականացվող) մասնագիտությունների գծով ընդունելությունը վճարովի ուսուցմամբ տեղերում կատարվում է առանց քննությունների՝ Նախարարի կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի)` որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա: Միջին մասնագիտական արվեստի մասնագիտություների գծով վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունելությունը կատարվում է անվճար ուսուցման տեղերի համար նախատեսված քննությունների հիման վրա, իսկ առողջապահական մասնագիտությունների գծով` միասնական ընդունելության քննության (կենսաբանություն և հայոց լեզու) հիման վրա:

5. Օտարերկրյա պետությունների քաղաքացիների ընդունելությունը Հաստատություն կարգավորվում է Նախարարի 1997 թվականի մարտի 17-ի N 40-Մ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին» կարգով:

6. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Հաստատությունում՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` 2007թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, միջին մասնագիտական կրթական ծրագրով` 2007 թվականի հունիսի 11-ից մինչև տվյալ մասնագիտության ընդունելության քննությունների սկզբից 2 օր առաջ: Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2007 թվականի հունիսի 11-ից մինչև 2007 թվականի օգոստոսի 25-ը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում կամ կենտրոնացված կարգով համընկնող առարկաներից 2007 թվականին հանձնած քննության միավորներ ներկայացնելու դեպքում՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Առանց ընդունելության քննությունների վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2007 թվականի հունիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

7. Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`

ա) դիմում,

բ) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,

գ) չորս լուսանկար (3x4 չափսի),

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության անձնագիր, կացության վկայական, փախստականի վկայական),

ե) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

զ) սույն կանոնների 20.1 կետում սահմանված արտոնություններից օգտվող դիմորդը ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմումը տրվում է տվյալ մասնագիտության գծով անվճար և վճարովի կամ միայն անվճար կամ վճարովի ուսուցման հիմքով հայտագրմամբ` մրցույթին մասնակցելու առաջին հայտի գերակայության սկզբունքով:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմումը տրվում է 4 մասնագիտության հայտագրմամբ՝ մրցույթին առաջին հայտի գերակայության սկզբունքով:

8. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել Հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

9. Դիմորդը, ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում (բացի արհեստագործական ուսումնարաններից) նախապես վճարում է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

Անկախ քննություններին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Հաստատության ընդունող հանձնաժողովն առանձին անձանց կարող է ազատել վերոնշյալ վճարից:

10. Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2007 թվականի օգոստոսի 1-ից օգոստոսի 23-ը, արվեստի մասնագիտությունների գծով՝ 2007 թվականի հուլիսի 9-ից օգոստոսի 4-ը, բժշկական Հաստատություններում՝ 2007 թվականի հուլիսի 9-ից օգոստոսի 22-ը, բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար՝ 2007 թվականի օգոստոսի 20-ից օգոստոսի 30-ը ներառյալ:

Ընդունելության քննությունները կազմակերպվում են ըստ Հաստատության հաստատած ժամանակացույցի:

11. Ընդունելության քննություններն անց են կացվում Հաստատություններում՝ առարկայական հանձնաժողովների կողմից, Նախարարի 2005թ. փետրվարի 28-ի N 73 հրամանով սահմանված պահանջների համապատասխան:

Հաստատության մասնաճյուղում քննություններն անց են կացնում Հաստատության առարկայական հանձնաժողովները:

12. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2007 թվականին հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով` անձնական գործերի հետ մեկտեղ, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական:

13. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է «Ռուսաց լեզու» առարկայով: Բացառություն են կազմում Նախարարի 16.03.2006թ. N 155-Ա/Ք հրամանով հաստատված ընդունելության քննությունների ցանկում նշված մասնագիտությունները, որոնց գծով դիմորդը պարտադիր հանձնում է ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից՝ հայկական դպրոցի համապատասխան ծրագրով:

14. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին, այն հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը, իսկ բանավոր քննության գնահատականը՝ քննող հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու:

15. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

16. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:

17. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում:

18. Անվճար ուսուցմամբ տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային քննություններից ստացած գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է՝

ա) ըստ ընդունելության քննությունների ցանկով սահմանված հաջորդականության՝ քննական առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա՝ ոչ մրցութային առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական-տեխնիկական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին,

բ) մանկավարժական և առողջապահական մասնագիտությունների համար՝ համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության դեպքում մրցութային և ոչ մրցութային առարկաների միավորների հավասարության պայմաններում նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2007 թվականին ընդունելության քննություն հանձնած դիմորդին:

19. Սույն Կանոնների 4-րդ կետով սահմանված՝ առանց քննությունների ընդունելության դեպքում՝ վճարովի ուսուցմամբ տեղում առաջին հերթին ընդունվում է տվյալ Հաստատության անվճար ուսուցման մրցույթով չանցած դիմորդը՝ ըստ ներկայացրած հայտի, ապա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, նախնական մասնագիտական (մասնագիտական տեխնիկական, արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է՝ ըստ սահմանված հաջորդականության՝ մրցութային առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին, ապա՝ մյուս առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

Դիմորդի ցանկությամբ մրցութային առարկաների գնահատականներ կարող են համարվել տվյալ, այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված ձևով համապատասխան առարկաներից 2007 թվականին հանձնած համապատասխան առարկաների ընդունելության քննությունների միավորները:

20. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 27.08.1999 թ. «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին համապատասխան սահմանվում են Դիմորդի ընդունելության հետևյալ արտոնությունները.

20.1. անվճար ուսուցման տեղերի մրցույթից դուրս, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ, ընդունվում են.

ա) 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկասոցիալական փորձաքննական գործակալության կողմից տրված եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը և հետագայում աշխատելը հակացուցված չէ,

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված տեղեկանքների,

գ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, որոնց 23 տարին չի լրացել մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը,

դ) բժշկական հիմնարկներում ավելի քան 5 տարվա կրտսեր բուժաշխատողի աշխատանքային ստաժ ունեցող դիմորդները (միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատություններ ընդունվողների համար).

20.2. քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս անվճար ուսուցման տեղերի հաշվին (յուրաքանչյուր մասնագիտության գծով 1 տեղ) ընդունվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները.

20.3. միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե մեդալով, մասնագիտական-տեխնիկական կամ արհեստագործական ուսումնարանները (հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա), պետական միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդը, հանրակրթական կամ մասնագիտական առարկաների գծով աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի Հանրապետության առաջնության մրցումների (օլիմպիադաներ, մրցույթներ) և միջազգային մրցումների (օլիմպիադաներ, մրցույթներ) հաղթողներն ու մրցանակակիրները համապատասխան մասնագիտությունների գծով ընդունվում են միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ առանց ընդունելության քննությունների՝ տվյալ մասնագիտության անվճար ուսուցման տեղերի հաշվին՝ ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ:

Միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե մեդալով, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդները ընդունվում են բժշկական միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ՝ առանց ընդունելության քննությունների՝ տվյալ մասնագիտության անվճար ուսուցման տեղերի հաշվին՝ ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ.

20.4. սույն կետի 20.2 ենթակետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները, ովքեր դիմել են ընդունվելու միայն վճարովի հիմունքներով ուսուցմամբ մասնագիտությունների գծով, ընդունվում են մրցույթից դուրս՝ ուսման վարձը պարտադիր վճարելու պայմանով և ազատվում են ընդունելության գործընթացի կազմակերպման համար սահմանված վարձի վճարումից:

21. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության տվյալ մասնագիտության քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում:

22. Անվճար ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2007 թվականի օգոստոսի 27-ը, արվեստի և մարզական մասնագիտությունների գծով՝ մինչև 2007 թվականի օգոստոսի 13-ը:

Միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2007 թվականի օգոստոսի 18-ը:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2007 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

23. Վճարովի հիմունքով ուսուցմամբ տեղում մրցույթով անցած դիմորդի հրամանագրումը կատարվում է դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 2 օրվա ընթացքում, իսկ բժշկական Հաստատություններում՝ քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում: Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

24. Թափուր տեղերի առկայության դեպքում Հաստատություն մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում տվյալ Հաստատության այլ մասնագիտության, ինչպես նաև այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատության մրցույթով չանցած այն դիմորդը, որը մինչև 2007 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ ներկայացնում է համընկնող քննական առարկաներից ստացած միավորների մասին սահմանված ձևի տեղեկանք:

25. Ընդունելության հետ առնչվող կամ քննությունների ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն Կանոններով, կարգավորվում են Նախարարի 2005 թվականի փետրվարի 28-ի N 73 և 74 հրամաններով հաստատված «Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2005 թվականի ընդունելության կանոնակարգով», «Հայաստանի Հանրապետության միջին և նախնական արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2005 թվականի ընդունելության ընդունող հանձնաժողովի աշխատակարգով», Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության մրցութային և քննական առարկաների ցանկն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 155 Ա/Ք հրամանով, այլ համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կամ տվյալ Հաստատությունը կառավարող պետական լիազորված մարմնի որոշումներով՝ համաձայնեցնելով Նախարարության հետ:

26. Սույն կանոնների իրականացումը վերահսկում է Նախարարությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան