ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
27 հուլիսի 2001 թ. |
N 563 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2000 թ. փետրվարի 19-ի թիվ 78 որոշման 7-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ փակ տարածքներում գտնվող անձանց հաշվառման կարգը» (կցվում է):
2. Սույն հրամանով հաստատված կարգով նախատեսված միջոցառումների իրականացման հսկողությունը հանձնարարել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մ. Գրիգորյանին:
3. Հրամանը հասցնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներին, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերին, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարներին և տարածքային զինվորական կոմիսարներին:
ՀՀ պաշտպանության |
Ս. Սարգսյան |
Հաստատված է |
Հաստատված է |
|
|
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդ
Կ Ա Ր Գ
ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույն փաստաթուղթը մշակված է «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամար անցկացնելու մասին» ՀՀ կառավարության 19.02.2000 թ. թիվ 78 որոշման 7-րդ կետի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 04.04.2001 թ. N 34 որոշմամբ հաստատված` «ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական դրույթների» համաձայն և սահմանում է ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ փակ տարածքներում գտնվող բնակչության առանձին խմբերի` զինծառայողների, քննչական մեկուսարաններում գտնվող և ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժը կրող անձանց, հաշվառման կարգը:
Ընդհանուր դրույթներ
1. Համաձայն ՀՀ 2001 թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի, համապատասխան տարածքներում ամրագրված հաշվարարները ներքոհիշյալ կարգավիճակում գտնվող անձանց հաշվառում են իրենց տնային տնտեսությունների (ընտանիքների) կազմում (այլ ոչ թե նրանց ծառայության զորամասերում կամ պահման վայրերում).
● ժամկետային զինվորական ծառայություն անցնողներին,
● վարժական հավաքների զորակոչվածներին,
● պայմանագրային զինծառայության մեջ գտնվողներին և բաց տարածքներում բնակվող զինծառայողներին:
2. ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են`
● քննչական մեկուսարաններում պահվող անձանց,
● ուղղիչ-աշխատանքային հիմնարկների դատապարտյալներին,
● Քրեական պատիժների իրականացման վարչության կենտրոնական հիվանդանոցում բուժվող անձանց,
● գաղութ-բնակավայրերի դատապարտյալներին, այդ թվում` հարկադիր արձակուրդի մեջ գտնվողներին:
3. ՀՀ ազգային անվտանգության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվառում են քննչական մեկուսարաններում պահվող անձանց և սահմանապահ զորքերում պարետատների տարածքում բնակվող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին:
4. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվառում են ՀՀ զորամասերի տարածքներում գտնվող հանրակացարաններում բնակվող սպաներին, ենթասպաներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվող անձանց:
Հաշվառումը նախապատրաստելու եվ իրականացնելու կարգը
5. ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կազմակերպման համար 2, 3, 4 կետերում նշված օբյեկտներում գտնվող անձանց հաշվառման նպատակով վերոհիշյալ նախարարությունները`
5.1. մինչև ս.թ. օգոստոսի 20-ը` պատրաստում և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում հիշատակված օբյեկտների ցանկը և դրանցում գտնվող անձանց թվաքանակը,
5.2. մինչև ս.թ. օգոստոսի 27-ը` հաստատում են մարդահամարի տեղամասերը` նշված օբյեկտներում առկա անձանց թվաքանակին համապատասխան,
5.3. մինչև ս.թ. սեպտեմբերի 3-ը` աշխատակազմից առանձնացնում են մարդահամարի հաշվեգրումն իրականացնող աշխատակիցներ` հաշվարարներ, նրանց աշխատանքի ծանրաբեռնվածությունը սահմանելով միջին հաշվով 385 անձի հաշվարկով,
5.4. մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը` նախարարություններում կազմակերպում են ՀՀ 2001 թ. մարդահամարի կենտրոնական տեղամասեր` ընդհանուր աշխատանքները կոորդինացնելու և վերահսկելու նպատակով,
5.5. մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը` ապահովում են հաշվարարների և մարդահամարի տեղամասերի պատասխանատուների մասնակցությունը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվող ուսուցման (հրահանգավորման) դասընթացներին` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ սահմանված ժամանակացույցի համաձայն,
5.6. մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը` ապահովում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից բավարար քանակությամբ մարդահամարի հարցաթերթերի, հրահանգների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը և առաքումը տեղերին,
5.7. ս.թ. հոկտեմբերի 10-19-ը ներառյալ, իրականացնում են փակ տարածքներում գտնվող անձանց հաշվեգրումը` «ՀՀ 2001 թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի» համաձայն,
5.8. ս.թ. հոկտեմբերի 20-25-ի ընթացքում` մարդահամարի ավարտից հետո, ապահովում են մարդահամարի լրացված հարցաթերթերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հանձնումը մարդահամարի տեղամասեր,
5.9. մինչև նոյեմբերի 3-ը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն են հանձնում մարդահամարի լրացված հարցաթերթերը և մարդահամարի այլ անհրաժեշտ փաստաթղթերը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 օգոստոսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001132