Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-ՄՄ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.05.07/6(28)
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

  N 1/1-126
14.04.1999 թ.

  N 58-ՄՄ  
14.04.1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի հաղորդում և բաշխում, ջերմային էներգիայի ու բնական գազի փոխադրում և բաշխում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը գույքի (էլեկտրական և ջերմային էներգիա, բնական գազ)` փաստաթղթերով հիմնավորված փաստացի (բնական) կորստի մասով նվազեցման չափի սահմանման նպատակով`

 

Հրամայում ենք.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում տնտեսավարող սուբյեկտների հարկվող շահույթը որոշելիս փաստացի (բնական) կորուստների որոշման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված Կարգի համաձայն համախառն եկամտի նվազեցումը փաստացի (բնական) կորստի մասով իրականացվում է էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի բնագավառներում տնտեսավարող սուբյեկտների կողմից` սկսած 1998 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն հրամանով հաստատված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարար
Է. Սանդոյան

ՀՀ էներգետիկայի
նախարար
Մ. Միքայելյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության 
14.04.1999 թ. N 1/1-126,
ՀՀ էներգետիկայի նախարարության
 14.04.1999 թ. N 58-ՄՄ
հրամաններով

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում տնտեսավարող սուբյեկտների հարկվող շահույթը որոշելիս փաստացի (բնական) կորուստների որոշման

 

1. Սույնով սահմանվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի և ՀՀ կառավարության «ՀՀ էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» 07.09.98 թ. N 555 որոշման 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների հարկվող շահույթը որոշելիս, դրանց գույքի (էլեկտրական և ջերմային էներգիա, բնական գազ)` փաստաթղթերով հիմնավորված փաստացի (բնական) կորստի չափի որոշման և այդ մասով համախառն եկամտի նվազեցման կարգը:

2. Սույն կարգը տարածվում է էլեկտրական էներգիայի հաղորդում և բաշխում, ջերմային էներգիայի ու բնական գազի փոխադրում և բաշխում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետև` էներգամատակարարներ) վրա` անկախ դրանց սեփականության ձևից:

3. Սույն կարգի շրջանակներում օգտագործված են հետևյալ հասկացությունները.

Էլեկտրական, ջերմային, գազատար ցանց - Էներգամատակարարի տնօրինության տակ գտնվող էլեկտրաէներգիայի հաղորդում կամ բաշխում, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրում կամ բաշխում իրականացնող էներգատեղակայանքների և սարքավորումների համակարգ:

Փաստացի (բնական) կորուստ - Էլեկտրական, ջերմային և գազատար ցանցերում տեխնոլոգիական պրոցեսներով և հաշվառքի սարքերի փաստացի սխալանքով պայմանավորված անխուսափելի կորստի, որի չափը որոշվում է ցանցի մաթեմատիկական մոդելով` հաշվետու ժամանակահատվածում մատակարարված էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի քանակով և էներգիայի ցանցի տեխնիկական ու ռեժիմային պարամետրերի փաստացի վիճակի գնահատված արժեքներով, ինչպես նաև իրավական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանող փաստաթղթերով հիմնավորված կորստի գումարային մեծություն:

4. Էլեկտրական, ջերմային և գազատար ցանցերում տեխնոլոգիական պրոցեսներով և հաշվառքի սարքերի փաստացի սխալանքով պայմանավորված անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդները մշակում և, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, հաստատում է ՀՀ էներգետիկայի նախարարությունը` ըստ սահմանված կարգի:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում տնտեսավարող սուբյեկտներից հարկվող շահույթի մեծության որոշման նպատակով, դրանց համախառն եկամտի նվազեցման ենթակա փաստացի (բնական) կորուստների չափը յուրաքանչյուր ամսվա ավարտին հաստատում են տնտեսավարող սուբյեկտների գույքագրող հանձնաժողովները, որպես հիմք ընդունելով.

5.1. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն հաստատված մեթոդների հիման վրա հաշվետու ամսվա համար կատարված փաստացի հաշվարկների արդյունքները:

5.2. Իրավական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանող փաստաթղթերով հիմնավորված կորուստները:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի սույն կարգում նշված տնտեսավարող սուբյեկտները, հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամուտը, նախքան հարկումը, նվազեցնում են փաստացի (բնական) կորստի չափով:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 20990058