Գլխավոր տեղեկություն
Համար
N 282
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.06.22/8(50)
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.08.2001
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

10 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 282

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 19-ի թիվ 78 որոշման 7-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀ 2001 թվականի մարդահամարի ժամանակ փակ տարածքներում գտնվող անձանց հաշվառման կարգը» (կցվում է):

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, միլ. գեներալ-մայոր Հ. Վարյանին:

3. Հրամանը հայտարարել ՀՀ ՆԳՆ համակարգի ողջ անձնակազմին:

 

Ներքին ծառայության
գեներալ-լեյտենանտ

Հ. Հարությունյան

 

Հաստատված է
ՀՀ Ներքին Գործերի նախարարի
19.07.2001 թ. թիվ 282 հրամանով
Նախարար`
_________Հ. Հարությունյան

Հաստատված է
ՀՀ Ազգային Անվտանգության նախարարի
16.07.2001 թ. թիվ 32 հրամանով
Նախարար`
__________ Կ. Պետրոսյան


Հաստատված է
ՀՀ Պաշտպանության նախարարի
27.07.2001 թ. թիվ 563 հրամանով
Նախարար`
__________Ս. Սարգսյան


Հաստատված է
ՀՀ Վիճակագրության Պետական Խորհրդի
11 հուլիսի 2001 թ. թիվ 54 հրամանով
ՀՀ ՎՊԽ-ի նախագահ`
_________ Ս. Մնացականյան

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդ

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույն փաստաթուղթը մշակված է «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամար անցկացնելու մասին» ՀՀ կառավարության 19.02.2000 թ. թիվ 78 որոշման 7-րդ կետի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 04.04.2001 թ. N 34 որոշմամբ հաստատված` «ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական դրույթների» համաձայն և սահմանում է ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ փակ տարածքներում գտնվող բնակչության առանձին խմբերի` զինծառայողների, քննչական մեկուսարաններում գտնվող և ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժը կրող անձանց, հաշվառման կարգը:

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Համաձայն ՀՀ 2001 թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի, համապատասխան տարածքներում ամրագրված հաշվարարները ներքոհիշյալ կարգավիճակում գտնվող անձանց հաշվառում են իրենց տնային տնտեսությունների (ընտանիքների) կազմում (այլ ոչ թե նրանց ծառայության զորամասերում կամ պահման վայրերում).

 ժամկետային զինվորական ծառայություն անցնողներին,

 վարժական հավաքների զորակոչվածներին,

 պայմանագրային զինծառայության մեջ գտնվողներին և բաց տարածքներում բնակվող զինծառայողներին:

2. ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են`

 քննչական մեկուսարաններում պահվող անձանց,

 ուղղիչ-աշխատանքային հիմնարկների դատապարտյալներին,

Քրեական պատիժների իրականացման վարչության կենտրոնական հիվանդանոցում բուժվող անձանց,

 գաղութ-բնակավայրերի դատապարտյալներին, այդ թվում` հարկադիր արձակուրդի մեջ գտնվողներին:

3. ՀՀ ազգային անվտանգության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվառում են քննչական մեկուսարաններում պահվող անձանց և սահմանապահ զորքերում պարետատների տարածքում բնակվող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին:

4. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվառում են ՀՀ զորամասերի տարածքներում գտնվող հանրակացարաններում բնակվող սպաներին, ենթասպաներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվող անձանց:

 

Հաշվառումը նախապատրաստելու ԵՎ իրականացնելու կարգը

 

5. ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կազմակերպման համար 2, 3, 4 կետերում նշված օբյեկտներում գտնվող անձանց հաշվառման նպատակով վերոհիշյալ նախարարությունները`

 

5.1. մինչև ս.թ. օգոստոսի 20-ը` պատրաստում և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում հիշատակված օբյեկտների ցանկը և դրանցում գտնվող անձանց թվաքանակը,

5.2. մինչև ս.թ. օգոստոսի 27-ը` հաստատում են մարդահամարի տեղամասերը` նշված օբյեկտներում առկա անձանց թվաքանակին համապատասխան,

5.3. մինչև ս.թ. սեպտեմբերի 3-ը` աշխատակազմից առանձնացնում են մարդահամարի հաշվեգրումն իրականացնող աշխատակիցներ` հաշվարարներ, նրանց աշխատանքի ծանրաբեռնվածությունը սահմանելով միջին հաշվով 385 անձի հաշվարկով,

5.4. մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը` նախարարություններում կազմակերպում են ՀՀ 2001 թ. մարդահամարի կենտրոնական տեղամասեր` ընդհանուր աշխատանքները կոորդինացնելու և վերահսկելու նպատակով,

5.5. մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը` ապահովում են հաշվարարների և մարդահամարի տեղամասերի պատասխանատուների մասնակցությունը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվող ուսուցման (հրահանգավորման) դասընթացներին` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ սահմանված ժամանակացույցի համաձայն,

5.6. մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը` ապահովում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից բավարար քանակությամբ մարդահամարի հարցաթերթերի, հրահանգների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը և առաքումը տեղերին,

5.7. ս.թ. հոկտեմբերի 10-19-ը ներառյալ, իրականացնում են փակ տարածքներում գտնվող անձանց հաշվեգրումը` «ՀՀ 2001 թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի» համաձայն,

5.8. ս.թ. հոկտեմբերի 20-25-ի ընթացքում` մարդահամարի ավարտից հետո, ապահովում են մարդահամարի լրացված հարցաթերթերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հանձնումը մարդահամարի տեղամասեր,

5.9. մինչև նոյեմբերի 3-ը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն են հանձնում մարդահամարի լրացված հարցաթերթերը և մարդահամարի այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 օգոստոսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001132