«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007073
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 դեկտեմբերի 2006 թ. |
N 997-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻՆ) ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը»։
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ռ. Գասպարյան)՝ սահմանված կարգով «ՀՀ պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |
Հաստատված է՝ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻՆ) ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳ
1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը և պայմանները։
2. Ակադեմիական արձակուրդ տրվում է նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառող սովորողներին, ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին՝ ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության։
3. Ակադեմիական արձակուրդի տևողությունը մեկ օրացուցային տարի է, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
4. Ակադեմիական արձակուրդ տալու մասին որոշումը կայացնում է ուսումնական հաստատության ղեկավարը (պետը, տնօրենը, ռեկտորը)։ Հրամանագրման համար հիմք է ծառայում.
- ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության՝ սովորողի, ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի դիմումը և պետական առողջապահական հիմնարկի բժշկափորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը:
5. Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ ուսումնառող և կրթաթոշակ ստացող սովորողները, ուսանողները (մագիստրանտները) և ասպիրանտները ակադեմիական արձակուրդից վերադառնալուց հետո վերականգնվում են ուսուցման նույն համակարգում։
Վճարովի ուսուցմամբ ուսումնառող և ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողի, ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի կրթաթոշակ ստանալու կամ լրացուցիչ վճարումներ կատարելու պայմանները որոշվում է ուսումնական հաստատության և ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի միջև կնքված պայմանագրի համաձայն։
6. Ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին հանրակացարան տրամադրելու հարցը լուծվում է՝ համաձայն ուսումնական հաստատության կանոնադրության։
7. Կրթաթոշակներով ուսումնառող օտարերկրյա սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին ակադեմիական արձակուրդ տալու կարգը և պայմանները որոշվում են՝ համաձայն այդ երկրի հետ կնքած միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի։
8. Ակադեմիական արձակուրդ կարելի է տալ նաև այն ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին, ովքեր համաձայն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հետ կնքած միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի կամ ՀՀ կրթության և գիտության նախարարության և այդ պետությունների կրթության կառավարման պետական մարմինների հետ կնքած համաձայնագրերի՝ մրցույթի կամ դրամաշնորհի շահման արդյունքով հրավիրված են այդ երկրների համապատասխան ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու, որակավորումը բարձրացնելու կամ համատեղ հետազոտություններ կատարելու նպատակով։
9. Ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին ուսումնական գործընթացին թույլատրելու համար հիմք են ծառայում ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի դիմումը, պետական առողջապահական բժշկասոցիալական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որոնց ուսումնական հաստատության ղեկավարը (պետը, տնօրենը, ռեկտորը) հրամանով թույլ է տալիս ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին շարունակելու ուսումը։
10. Ակադեմիական արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում, 10-օրյա ժամկետում, անհարգելի պատճառով չներկայանալու պարագայում ուսանողը ենթակա է բուհից հեռացման։
11. Ակադեմիական արձակուրդի դեպքում արական սեռի ուսանողները չեն կորցնում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը։
12. Ուսումնառության ժամանակահատվածում ուսանողը կարող է ձևակերպել ակադեմիական արձակուրդ ոչ ավելի, քան մեկ անգամ։
13. Ակադեմիական արձակուրդից վերադարձող ուսանողի կարգավիճակը (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի)) մնում է նույնը։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.07.2023, N 92-Ն | 12.07.2023, N 997-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|