Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/24
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.05.2002-11.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.05.08/6(12)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
02.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

310.0001.02.04.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2 ապրիլի 1998 թ.

N 01/24

 

«ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարկատուների փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկելու և վճարելու հարցերը կարգավորելու նպատակով.

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ
__________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
___ _________ 1998 Թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
__________ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
2. 04. 1998 Թ.
N 01/24

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է փոխադրամիջոցներից գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված մի քանի հարցերը:

 

I. Օրենքի 4 հոդվածի հետ կապված.

 

1. Փոխադրամիջոցների մասով հարկատուներ են համարվում ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետև` ձեռնարկություններ), որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով (այսուհետ` սեփականության իրավունքով) պատկանում են`

ա) Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, որոնց վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

բ) («բ» ենթակետը հանվել է 09.04.02 N 02/495)

գ) Ջրային փոխադրամիջոցները, որոնց վերաբերյալ տեղեկությունները հաղորդում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

(1-ին կետը փոփ. 09.04.02 N 02/495)

 

II. Օրենքի 8, 16 և 20 հոդվածների հետ կապված.

 

2. Հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի հարկման բազան փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունն է: Հարկման բազան որոշելիս շարժիչի հզորության չափման միավորը ձիաուժն է կամ կիլովատը: Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:

Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է ջրային փոխադրամիջոցների համար սույն հրահանգչական նամակի 3-րդ կետով սահմանված կարգով` հետևյալ տարեկան դրույքաչափերով.

- հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 150 դրամ, կամ

- հարկման բազայի յուրաքանչյուր կիլովատի դիմաց` 204 դրամ:

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար սույն հրահանգչական նամակի 3-րդ կետով սահմանված կարգով` հետևյալ տարեկան դրույքաչափերով.

ա) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

- մինչև 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ.

- 120-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ.

- 250 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ.

բ) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

- մինչև 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,

- 200 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի գումարը հաշվարկվում է 100 տոկոսով:

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

 

Օրինակ 1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը թողարկվել է 1996 թվականի դեկտեմբեր ամսին: Ըստ վաղեմության ժամկետի` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի հաշվարկը կունենա հետևյալ տեսքը.

ա) 1996-1998 թթ. ներառյալ (անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթվից) յուրաքանչյուր տարվա համար գույքահարկի գումարը կհաշվարկվի 100 տոկոսով,

բ) 1999-2003 թթ. ներառյալ յուրաքանչյուր տարվա համար հարկի գումարը կպակասեցվի ամբողջական հարկի գումարի 10 տոկոսի չափով, այսպես.

- 1999 թվականի համար հարկի գումարը կկազմի ամբողջական հարկի գումարի 90 տոկոսը,

- 2000 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 80 տոկոսը,

- 2001 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 70 տոկոսը,

- 2002 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 60 տոկոսը,

- 2003 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 50 տոկոսը,

գ) 2004 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ամբողջ ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի ամբողջական հարկի գումարի 50 տոկոսի չափով:

(2-րդ կետը խմբ. 09.04.02 N 02/495)

3. Հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով.

Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գգ=(ՇհxՏդ)/12xԱթ

 

որտեղ`

Գգ - գույքահարկի գումարը,

Շհ - ջրային փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ),

Տդ - ջրային փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան դրույքաչափը,

Աթ- գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թիվը:

 

Օրինակ 2. Ֆիզիկական անձը 2000 թվականի հուլիսին սեփականության իրավունքով ձեռք է բերել ջրային փոխադրամիջոց, որի քաշող շարժիչի հզորությունը 120 ձիաուժ է, գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 150 դրամ: 2000 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տվյալ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(120x150)/12x5 =7500 դրամ:

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գգ=(ՇհxՏդxՎգ)/12xԱթ

 

որտեղ`

Գգ - գույքահարկի տարեկան գումարը,

Շհ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ),

Տդ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան դրույքաչափը,

Վգ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի գործակիցը, որը հավասար է.

1-3-րդ տարիների համար` 1

4-րդ տարվա համար` 0,9

5-րդ տարվա համար` 0,8

6-րդ տարվա համար` 0,7

7-րդ տարվա համար` 0,6

8-րդ տարվանից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար - 0,5,

Աթ - գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թիվը:

 

Օրինակ 3. Ֆիզիկական անձին 1997 թվականի դեկտեմբեր ամսվանից սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1997 թվականի դեկտեմբերին, որն ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 80 ձիաուժ է: Գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 200 դրամ:

- 1998 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

ա) 1998 թվականի հունվար ամսվա գույքահարկի գումարը «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով (հաստատված ՀՀ հարկային պետական տեսչության 10.07.1995 թ. N 02.015/3-1 հրամանով, համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ, պետական գրանցման թիվ 43960013 04.04.1996 թ.) սահմանված կարգի համաձայն` կազմում է 67 դրամ (80x(1000x1%)/12):

բ) 1998 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների համար գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(80x200x1)/12x11 =14667 դրամ:

Ընդհանուր առմամբ, 1998 թվականի գույքահարկի տարեկան գումարը կկազմի 14734 դրամ (14667+67):

- 1999 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան գումարը կկազմի` Գգ=(80x200x1)/12x12 =16000 դրամ:

- 2000 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի տարեկան գույքահարկը կկազմի 14400 դրամ (Վգ=0.9), 2001 թվականի համար` 12800 դրամ (Վգ=0,8), 2002 թվականի համար` 11200 դրամ (Վգ=0,7), 2003 թվականի համար` 9600 դրամ (Վգ=0,6), իսկ 2004 թվականի համար` 8000 դրամ (Վգ=0,5): 2004 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի տրանսպորտային միջոցի վաղեմության ժամկետի 0,5 գործակցով (Վգ=0,5):

 

Օրինակ 4. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (BMW-525 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1992 թվականին, ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 180 ձիաուժ է:

- 1998 թվականի համար տվյալ տրանսպորտային միջոցի գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

ա) 1998 թվականի հունվար ամսվա գույքահարկը «Ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով (հաստատված ՀՀ հարկային պետական տեսչության 10.07.1995 թ. N 02.014/3-1 հրամանով, համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ, պետական գրանցման թիվ 43960013 04.04.1996 թ.) սահմանված կարգի համաձայն` հաշվարկվում է կազմակերպության հաշվեկշռում արժեքային արտահայտությամբ հաշվառված փոխադրամիջոցի մնացորդային արժեքից: Ենթադրենք, տվյալ ամսվա գույքահարկի գումարը կազմել է 2000 դրամ:

բ) 1998 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների համար գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(180x300x0,6)/12x11 =29700 դրամ:

Ընդհանուր առմամբ, 1998 թվականի գույքահարկի տարեկան գումարը կկազմի 31700 դրամ (29700+2000):

- 1999 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի 0,5 գործակցով (Վգ=0,5):

Փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը հարկատուների համար առաջանում է փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից: Հարկատուի կողմից փոխադրամիջոցի օտարման դեպքում գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը նրա համար դադարում է փոխադրամիջոցի օտարման ամսվան հաջորդող ամսից:

Ֆիզիկական անձին պատկանող փոխադրամիջոցի օտարման դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ փոխադրամիջոցի համար չմարված հարկային պարտավորությունները:

Եթե փոխադրամիջոցի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է սույն հրահանգչական նամակի 5-րդ կետով սահմանված գույքահարկի վճարման ժամկետին անմիջապես նախորդող ամսվա ընթացքում, ապա գույքահարկի գծով տվյալ տարվա հարկային պարտավորությունը ավելանում է ֆիզիկական անձի հաջորդ տարվա հարկային պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում հաջորդ տարվա գույքահարկի վճարման ժամկետը, բացառությամբ այն դեպքի, երբ նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձին են անցնում տվյալ փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով չմարված հարկային պարտավորությունները: Այս դեպքում նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձը օտարման պահի դրությամբ տվյալ փոխադրամիջոցի գույքահարկի գծով իրեն անցած հարկային պարտավորությունները կատարում է մինչև տվյալ տարվա գույքահարկի վճարման ժամկետը:

 

Օրինակ 6. Քաղաքացի Պողոսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2001 թվականի մարտի 24-ին օտարում է քաղաքացի Վարդանյանին: Պողոսյանի համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով 2001 թվականի գույքահարկը պետք է հաշվարկվի մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը, որը, ենթադրենք, կազմում է 2500 դրամ և վճարված չէ: Իսկ Վարդանյանի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով գույքահարկը ապրիլի 1-ից մինչև տարեվերջ ենթադրենք, կազմում է 5500 դրամ: Քանի որ Պողոսյանը տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով ունի չմարված հարկային պարտավորություն, ապա քաղաքացի Վարդանյանի 2001 թվականի գույքահարկի գծով պարտավորությունը կկազմի 8000 դրամ (2500+5500=8000):

 

Օրինակ 7. Քաղաքացի Գրիգորյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2001 թվականի նոյեմբերի 20-ին օտարում է քաղաքացի Վարդանյանին: Գրիգորյանի համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով 2001 թվականի գույքահարկը մինչև 2001 թվականի դեկտեմբերի 1-ը, ենթադրենք, կազմում է 5500 դրամ և վճարված չէ: Իսկ Վարդանյանի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով գույքահարկը դեկտեմբեր ամսվա համար, ենթադրենք, կազմում է 500 դրամ: Քանի, որ Գրիգորյանը տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով ունի չմարված հարկային պարտավորություն, ապա քաղաքացի Վարդանյանի համար 2001 թվականի գույքահարկի գծով պարտավորությունը կկազմի 5500 դրամ, իսկ դեկտեմբեր ամսվա գույքահարկի գումարը ավելանում է 2002 թվականի գույքահարկի գծով պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում 2002 թվականի դեկտեմբերի 1-ը:

Եթե փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա հարկատուն, սույն հրահանգչական նամակով սահմանված կարգով գույքահարկը հաշվարկում և վճարում է այն ժամանակահատվածի համար, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը:

(3-րդ կետը խմբ. 09.04.02 N 02/495)

4. Հարկատուները, բացառությամբ սույն հրահանգչական նամակի 5-րդ կետում նշվածների, հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գծով գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն, սույն հրահանգչական նամակով սահմանված կարգով և սույն հրահանգչական նամակի հավելվածում բերված ձևով հաշվարկները ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին հետևյալ ժամկետներում.

ա) եռամսյակային հաշվարկները` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ,

բ) տարեկան (հաշվետու տարվա IV եռամսյակի) հաշվարկները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը ներառյալ:

Հարկատուները, բացառությամբ սույն հրահանգչական նամակի 5-րդ կետում նշվածների, փոխադրամիջոցների գույքահարկի գումարը վճարում են իրենց հաշվառման վայրի համայնքի բյուջե եռամսյակը մեկ` եռամսյակային հաշվարկները ներկայացնելու համար սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ տարեկան հարկի գումարը` տարեկան (հաշվետու տարվա IV եռամսյակի) հաշվարկները ներկայացնելու համար սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում:

(4-րդ կետը խմբ. 09.04.02 N 02/495)

5. Ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան հաշվարկները, վճարման ժամկետները և բաշխման կանոնները իրականացվում են հետևյալ սկզբունքներով.

ա) եթե փոխադրամիջոցի սեփականատեր համարվող հարկատուն հաշվառված (գրանցված) է Հայաստանի Հանրապետությունում, ապա հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնում է իր հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչության մարմին և հաշվարկված գույքահարկի գումարը վճարում է իր անձնագրում նշված հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե:

 

Օրինակ 8. Քաղաքացի Գրիգորյանը գրանցված է (ըստ անձնագրի, Ազատության 12/2) Զեյթունի համայնքում, որը սպասարկում է Խորհրդայինի ՏՀՏ-ն, իսկ նրան սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան (ՎԱԶ 2121) գրանցված է Սիսիան քաղաքի Որոտանի 5/1 հասցեով, որին սպասարկում է Սիսիանի ՏՀՏ-ն: Այդ դեպքում քաղաքացի Գրիգորյանը հաշվառվում է Խորհրդայինի ՏՀՏ-ում, որտեղ և ներկայացնում է ավտոմեքենայի գույքահարկի տարեկան հաշվարկները:

բ) փոխադրամիջոցի սեփականատեր համարվող հարկատուն հիմնական բնակվում է որևէ համայնքում, բայց այնտեղ հաշվառված (գրանցված) չէ, ապա անկախ ավտոմեքենայի գրանցման վայրից, գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնում է իր հիմնական բնակության վայրի հարկային տեսչության մարմին և գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե.

 

Օրինակ 9. Քաղաքացի Գրիգորյանը հաշվառված (գրանցված) չէ, բայց հիմնական բնակվում է Արաբկիրի 23 հասցեում, որը գտնվում է Արաբկիրի համայնքի տարածքում և սպասարկվում է Արաբկիրի ՏՀՏ-ի կողմից, իսկ ավտոմեքենան (ՎԱԶ 2121) գրանցված է Սիսիան քաղաքում, այդ դեպքում փոխադրամիջոցի սեփականատեր համարվող Գրիգորյանը հաշվառվում և գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնում Արաբկիրի ՏՀՏ-ին, և հարկի գումարը վճարում է Արաբկիրի համայնքային բյուջե:

գ) եթե փոխադրամիջոցի սեփականատեր համարվող հարկատուի հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են ըստ փոխադրամիջոցի գրանցման վայրի և գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի գրանցման վայրի համայնքի բյուջե.

 

Օրինակ 10. Քաղաքացի Գրիգորյանը գրանցված չէ ՀՀ տարածքում և հիմնական բնակության վայրը հանրապետությունից դուրս է (քաղաք Մոսկվա), իսկ ավտոմեքենան (ՎԱԶ 2121 ) գրանցված է ՀՀ տարածքում (ք. Երևան, Կենտրոն համայնք), որին սպասարկում է Սպանդարյանի ՏՀՏ-ն, ապա հարկատուն հաշվառվում է Սպանդարյանի ՏՀՏ-ում, որտեղ ներկայացվում է գույքահարկի տարեկան հաշվարկները:

դ) եթե տվյալ փոխադրամիջոցը գրանցման ենթակա չէ, ապա գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում են ըստ փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի հարկային տեսչության մարմին, հետևաբար հարկի գումարը փոխանցվում է ըստ փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և կարող են սույն հրահանգչական նամակին կից հավելվածում բերված ձևով հաշվարկները մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացնել հարկային տեսչության համապատասխան մարմիններ.

Հաշվարկված գույքահարկի գումարը համապատասխանաբար բյուջե է վճարվում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը:

(5-րդ կետը փոփ. 09.04.02 N 02/495)

 

III Օրենքի 17 հոդվածի հետ կապված.

 

6. Մեկից ավելի հարկատուներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների համար գույքահարկի համապատասխան հաշվարկները ներկայացվում են.

ա) փոխադրամիջոցի ընդհանուր բաժնային սեփականության դեպքում գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում է համասեփականատիրոջ կողմից` իր բաժնի մասով կամ թեկուզ մեկի կողմից` նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը, բաժնեմասի չափը:

 

Օրինակ 11. ՎԱԶ 2106 ավտոմեքենան, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Սարգսյանին, Պողոսյանին և Մանուկյանին, ավտոմեքենայի արժեքն է 2 մլն դրամ, որից բաժնեմասերի չափը յուրաքանչյուր սեփականատիրոջ հաշվով համապատասխանաբար կազմում է 1 մլն, 500 հազ. և 500 հազ. դրամ: Ավտոմեքենայի քաշող շարժիչի հզորությունն է 80 ձիաուժ, տարեկան դրույքաչափը` 200 դրամ, թողարկվել է 1991 թ.-ին (s = 0,5): 1998 թ.-ի տարեկան գույքահարկը կազմում է 7400 դրամ, հետևաբար յուրաքանչյուր համասեփականատիրոջ բաժնեմասի չափով տարեկան գույքահարկի գումարը կազմում է համապատասխանաբար 3700, 1850 և 1850 դրամ:

 

Ելնելով վերը նշվածից, գույքահարկի տարեկան հաշվարկը կարող է ներկայացվել Սարգսյանի, Պողոսյանի և Մանուկյանի կողմից առանձին` իրենց բաժնեմասերին համապատասխան, կամ նրանցից որևէ մեկի կողմից (Պողոսյան), ըստ իր հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրի, իսկ եթե վերջիններս բացակայում են, ավտոմեքենայի գրանցման կամ գտնվելու վայրի, նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, բաժնեմասերի չափը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը:

 

բ) Փոխադրամիջոցի ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում է մեկ համասեփականատիրոջ (հարկատուի) կողմից` նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը, բաժնեմասի չափը:

 

գ) Փոխադրամիջոցի ընդհանուր համատեղ սեփականության դեպքում, եթե համասեփականատերերից թեկուզ մեկն իրավաբանական անձ է, ապա գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում է իրավաբանական անձի կողմից` նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը, բաժնեմասի չափը:

 

Օրինակ 12. ՎԱԶ 2101 ավտոմեքենան ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է «Էրեբունի» ՍՊԸ-ին, որը գրանցված է Մաշտոցի ՏՀՏ-ում և քաղաքացիների հաշվարկները ներկայացվում է «Էրեբունի» ՍՊԸ-ի կողմից, իր հաշվառման ՏՀՏ-ին` նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը:

Եթե փոխադրամիջոցի համասեփականատերերը մեկից ավելի իրավաբանական անձինք են, ապա գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնում է նրանցից որևէ մեկը, իր հաշվառման ՏՀՏ-ին, նաև նշելով մյուս իրավաբանական անձանց անվանումը և գտնվելու իրավաբանական հասցեները, հաշվառման վայրը:

7. Փոխադրամիջոցի օտարումը գրանցող մարմինները օտարման փաստի մասին տեղեկություններ են հաղորդում հարկատուի (սեփականատիրոջ) իրավաբանական հասցեի կամ հաշվառման վայրի կամ հիմնական բնակության վայրի, իսկ եթե վերջիններս բացակայում են (հաշվառման կամ հիմնական բնակության վայրը) ապա փոխադրամիջոցի գրանցման կամ հիմնական գտնվելու վայրի ՏՀՏ-ներին:

8. Հարկատուներին սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով պատկանող փոխադրամիջոցների տեխնիկական զննումը իրականացվում է միայն փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկատուի հարկային պարտավորությունների կատարման դեպքում: Հարկային պարտավորությունների մասին տեղեկանքը տրվում է հարկային մարմինների կողմից:

 

_____________________

1 տաքսի ավտոմեքենաների համար` 25 օր

մինչև 13 նստատեղով միկրոավտոբուսների համար` 23 օր

13 և ավելի նստատեղով ավտոբուսների համար` 20 օր

բեռնատար ավտոմեքենաների`

մինչև 1,5 տ բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար 23 օր

1,5 մինչև 7 տ բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար` 15 օր

7 տ և ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար` 20 օր

 

ՀԱՎԵԼՎԱԾ
«Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակի

 

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Իրավաբանական անձի անվանումը

 

Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)
անուն, ազգանուն

 

Հասցեն

   

Հեռախոսը

 

Հաշվետու ժամանակաշրջան

. . . . եռամսյակ

Չափման միավորը

դրամ

Փաստաթղթի հերթական
համարը

N . . . . . . . . . . . . . . . . . . .

լրացվում է հարկային մարմնի
կողմից

 

Հ/Հ Մակնիշը և
պետական
համարանիշը
Շարժիչի
հզորությունը
(ձիաուժ կամ
ԿՎտ)
Թողարկման
տարեթիվը
Գույքահարկի
տարեկան
դրույքաչափը
Վաղեմության
ժամկետի
գործակիցը
Գույքահարկի
հաշվարկման
համար հաշվետու
ժամանակաշրջանի
ամիսների քանակը
Հաշվետու
ժամանակաշրջանի
գույքահարկի
հաշվարկված գումարը
(ավտոմոբիլային
տրանսպորտի միջոցի
համար` սյուն 3x սյուն 5x
սյուն 6/12x սյուն 7, իսկ
ջրային փոխադրամիջոցի
համար` սյուն 3x սյուն 5
/12xսյուն 7)
Ընդամենը տարվա սկզբից

հաշվարկված
գույքահարկի
գումարը

վճարված
գույքահարկի
գումարը

1 2 3 4 5 6 7 8 9 10
                   
                   
                   
                   

Ընդամենը

       

 

___ ________ 200_ թ.
(հաշվարկի ներկայացման ամսաթիվ)

Տնօրեն _________________ (ստորագրություն)
Գլխավոր հաշվապահ _________ (ստորագրություն)

Կ. Տ.

Համասեփականատերերի վերաբերյալ
պահանջվող տվյալներ
__________________________________
անուն, ազգանունները կամ իրավաբանական անձանց անվանումները
__________________________________
գրանցման (հաշվառման) կամ հիմնական բնակության վայրերը,
իրավաբանական անձանց գտնվելու վայրը

__________________________________
բաժնեմասերի չափերը

 

(հավելվածը (նախկին 1-2 հավելվածներ) խմբ. 09.04.02 N 02/495)

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 ապրիլի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 439800103