Գլխավոր տեղեկություն
Համար
N 238
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.06.25/8(14)
Ընդունող մարմին
Արժեթղթերի շուկայի տեսչություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2000
Ստորագրող մարմին
Արժեթղթերի շուկայի տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21 ապրիլի 2000 թ.
ք. Երևան

N 238

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի N 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետը (ՀՀ կառավարության 25.05.99 թ. N 345 որոշման խմբագրությամբ)

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորում շնորհելու կարգը» (կցվում է):

 

Տեսչության պետ`

Տ. Կարապետյան

 

Հաստատված է
ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության
21 ապրիլի 2000 թ. N 238 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակված է ՀՀ կառավարության 07.01.98 թ. N 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» համաձայն և սահմանում է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց վերը նշված կարգի 13-րդ կետով սահմանված աշխատողներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անկախ ինվեստիցիոն բրոքերներին և դիլերներին արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորում շնորհելու կարգը:

2. Սույն կարգի համաձայն արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն է համարվում գործունեության այն տեսակը, որի իրականացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով անհրաժեշտ է ստանալ լիցենզիա:

Մասնագիտական որակավորում ստանալու նպատակը արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց կողմից ներդրողների և արժեթղթերի շուկայի այլ մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումն է:

3. Արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորումը շնորհվում է սույն կարգով սահմանված կանոններով անցկացվող որակավորման քննության հիման վրա:

4. Արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ունի ցանկացած գործունակ ֆիզիկական անձ, որը.

- քննության հայտ ներկայացնելու պահի դրությամբ չունի չմարված դատվածություն,

- կատարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարումը:

5. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

ա) լիազորված մարմին` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն.

բ) որակավորման հավաստագիր` արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձին, սույն կարգի համաձայն, տրված որակավորման փաստաթուղթ.

գ) հանձնաժողով` սույն կարգի համաձայն ստեղծված արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորման քննություն անցկացնող հանձնաժողով:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման քննությանը մասնակցելու համար դիմորդը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` հավելված 1-ում բերված ձևի համաձայն, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

7. Լիազորված մարմինն իրավունք ունի հարցման միջոցով ստուգել դիմորդի ներկայացրած փաստաթղթերում նշված տեղեկությունների արժանահավատությունը:

8. Դիմորդի հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ դրանց մեջ տեղ է գտել ակնհայտ ապատեղեկատվություն:

9. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չլինելու դեպքում դիմորդին թույլատրվում է մասնակցել որակավորման առաջիկա քննությանը:

10. Լիազորված մարմինը կազմում է քննության մասնակիցների ցուցակը և որակավորման քննության օրը` քննությունից առաջ ներկայացնում հանձնաժողովին:

Քննության մասնակիցների ցուցակում ընդգրկվում են քննության անցկացման օրվանից առնվազն երկու օր առաջ հայտ ներկայացրած դիմորդները:

11. Քննություններն անց են կացվում յուրաքանչյուր ամսվա առաջին չորեքշաբթի օրը: ՔՆնության սկիզբը ժամը 11.00 է:

12. Քննություններն անց են կացվում տեստային եղանակով` համակարգչի միջոցով:

13. Քննական տեստերում առաջադրվող հարցերի ցանկը (հարցաշարը) կազմվում է լիազորված մարմնի կողմից և հաստատվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից:

14. Հարցաշարում ընդգրկված հարցերը կազմվում են ելնելով ինչպես արժեթղթերի շուկայի տեսչությունից, այնպես էլ արժեթղթերի շուկան կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներից և այլ իրավական ակտերից:

15. Որակավորման քննությանը նախապատրաստվելու համար դիմորդին տրամադրվում է անհրաժեշտ գրականության ցանկը:

16. Դիմորդը քննության է ներկայանում անձնագրով: Առանց անձնագրի ներկայացած կամ քննությանը ուշացած դիմորդը համարվում է քննությանը չներկայացած:

17. Տվյալ քննությանը չներկայացած դիմորդն ընդգրկվում է հաջորդ քննության մասնակիցների ցուցակում: Կրկնակի անգամ քննությանը չներկայացած դիմորդը հանվում է քննության մասնակիցների ցուցակից և հետագայում կարող է մասնակցել քննությանը ընդհանուր հիմունքներով:

18. Քննական տեստը բաղկացած է 16 հարցերից, որոնք ընտրվում են համակարգչային ծրագրի միջոցով: Դրանց պատասխանելու համար դիմորդին տրվում է 30 րոպե ժամանակ:

19. Մինչև քննության սկիզբը դիմորդը ծանոթացվում է համակարգչի միջոցով որակավորման քննության անցկացման կանոններին:

20. Քննության ավարտից հետո օպերատորը դիմորդի ներկայությամբ տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքները երկու օրինակից, որոնց հիման վրա կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրությունը: Արդյունքների մեկ օրինակը դիմորդի ստորագրությամբ հանձնվում է հանձնաժողովին, իսկ մյուսը տրվում է դիմորդին: Քննական արդյունքները հաստատվում են և հայտարարվում հանձնաժողովի կողմից:

21. Դիմորդն իրավունք ունի քննության արդյունքը հայտարարելուց անմիջապես հետո բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո կրկնակի բողոքարկումը չի քննարկվում:

22. Քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է ընդհանուր հիմունքներով մասնակցել հաջորդ քննությանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

23. Հանձնաժողովի կազմը հաստատվում է լիազորված մարմնի կողմից և ընդգրկում է` ի պաշտոնե ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետին (նախագահ), ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալներին, ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության արժեթղթերի շուկայի կարգավորման վարչության պետին և վերահսկման վարչության պետին, արժեթղթերի շուկայի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորման բաժնի պետին (քարտուղար), ֆոնդային բորսաների և ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաների, արժեթղթերի շուկայի մասնակիցների միության և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ի ղեկավարներին:

24. Հանձնաժողովը հետևում է որակավորման քննության ընթացքին և հաստատում քննության արդյունքները` համապատասխան որոշմամբ:

25. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են որակավորման քննության օրերին հրավիրված նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է որոշիչ: 26. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պարտադիր ստորագրվում են հանձնաժողովի նիստերին ներկա բոլոր անդամների կողմից:

 

IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

27. Քննության արդյունքներով բավարար գնահատված դիմորդների համար սահմանվում են մասնագետների որակավորման հետևյալ կարգերը.

ա) 1-ին կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել հարցերի ընդհանուր քանակի 90 %-ից ավելիին (15, 16 հարց),

բ) 2-րդ կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել ընդհանուր հարցերի առնվազն 75 %-ին (12-14 հարց):

28. Դիմորդը քննության արդյունքներով համարվում է անբավարար գնահատված, եթե ճիշտ չի պատասխանել ընդհանուր հարցերի ավելի քան 25 %-ին:

29. Առաջին կարգի մասնագետի որակավորում է շնորհվում նաև հանձնաժողովի անդամներին և լիազորված մարմնի այն աշխատակիցներին, որոնք լիազորված մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ մասնագիտական աշխատանքային ստաժ:

30. Արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի գործադիր տնօրենը (ղեկավարը) և նրա տեղակալները, ինչպես նաև անկախ ինվեստիցիոն բրոքերները և դիլերները պարտադիր պետք է որակավորված լինեն որպես առաջին կարգի մասնագետ:

31. Սույն կարգի 27-րդ կետում նշված անձանց տրվում են որակավորման հավաստագրեր երեք տարի ժամկետով, իսկ 29-րդ կետում նշված անձանց` անժամկետ:

32. Որակավորման հավաստագիրը պետք է ներառի.

մասնագետի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, որակավորման կարգը, հավաստագրի հերթական համարը, տրման ամսաթիվը և այլ անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև հատուկ նշում այն մասին, որ հավաստագիրը ենթակա չէ փոխանցման կամ այլ ձևով այլ անձանց օտարման:

33. Որակավորման հավաստագիրը վավերացվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և կնքվում է լիազորված մարմնի կնիքով:

34. Որակավորման հավաստագրի ձևակերպումը և դրան հանձնումը մասնագետին իրականացվում է քննությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

35. Լիազորված մարմինը վարում է հավաստագրերի գրանցամատյան, որի մեջ գրի են առնվում մասնագետի անունը, ազգանունը, որակավորման կարգը, հավաստագրի տրման ամսաթիվը և հերթական համարը:

36. Լիազորված մարմինը իրավունք ունի նախնական ծանուցմամբ մասնագետին տրված որակավորման հավաստագիրը ուժը կորցրած ճանաչել, եթե.

ա) մասնագետը տվյալ որակավորումը ստանալուց հետո դատապարտվել է ծանր հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար,

բ) մասնագետի կողմից խախտվել է արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:

Լիազորված մարմինը ուժը կորցրած է ճանաչում նաև այն իրավաբանական անձանց գործադիր տնօրենների և նրանց տեղակալների որակավորման հավաստագրերը, որոնց արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզիան սահմանված կարգով ուժը կորցրած է ճանաչվել:

 

Հ Ա Յ Տ

 

Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման քննությանը մասնակցելու

 

I. Ընդհանուր տեղեկություններ

Անուն, ազգանուն

Հասցե, հեռախոսահամարներ

Ծննդյան թիվը (ամիս, ամսաթիվ)

Քաղաքացիությունը

Անձնագրի սերիան և համարը

 

II. Կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, մասնագիտությունը և ավարտելու տարին)

 

III. Վերջին հինգ տարիներին աշխատանքային փորձը (կազմակերպության անվանումը, պաշտոնը)

 

IV. Հայտ ներկայացնելու պահի դրությամբ դատապարտվել ե՞ք ծանր հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար և ունե՞ք չմարված դատվածություն

 

V. Նշեք առնվազն երեք անձանց անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարները, որոնք անձամբ ճանաչում են Ձեզ և որևէ ձևով կապված չեն այս առաջարկի հետ.
1.
2.
3.

 

VI. Ես հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել հայտի մերժմանը կամ որակավորման հավաստագրի ուժը կորցրած ճանաչելուն: 

 

Դիմորդի ստորագրությունը

_____ __________ 2000 թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 մայիսի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32900044