Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248) Հոդ.118
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007106

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան
N 998-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ) ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշման 1-ին հավելվածի 12-րդ և 15 րդ կետերի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (Բարձրագույն ուսումնական հաստատության) գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը»` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (Բարձրագույն ուսումնական հաստատության) գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման անցկացման ընթացակարգը և ատեստավորման հանձնաժողովի  ձևավորման կարգը»` համաձայն հավելված 2-ի:

3. Նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչությանը (վարչության պետ` Մ. Գրիգորյան) և բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (վարչության պետ` Ռ. Գասպարյան)` համատեղ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հանձնարարել նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման (վարչության պետ` Ռ. Գրիգորյան) և բարձրագույն մասնագիտական կրթության վարչություններին (վարչության պետ` Ռ. Գասպարյան)` համատեղ ապահովել սույն հրամանի կատարումը:

5. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանին և նախարարի տեղակալ` Ա. Ավետիսյանին:

Նախարար`

L. Մկրտչյան

Հավելված N 1
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2006 թ. դեկտեմբերի 22-ի
N 998-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ) ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` Նախարարություն) համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (բարձրագույն ուսումնական հաստատության) (այսուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի  (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը (այսուհետ` կարգ):

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն Կարգով:

3. Մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետև` վարչություն):

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռեկտորի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը նախարարությունը 5-օրյա պարբերականությամբ 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ)

5. Ռեկտորի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին Նախարարության հայտարարության տեքստում նշվում է`

ա) ռեկտորի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ,

բ) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել,

գ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը,

դ) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը),

ե) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները),

զ) աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները վարչություն ներկայացնում են`

ա) դիմում (լրացվում է տեղում),

բ) մեկ լուսանկար 3x 4 չափի,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

զ) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),

է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով:

Վարչությունը քաղաքացիների սույն կետի ե/ ենթակետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

7. Վարչությունը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Նախարարության կողմից կնքված մատյան, որի ձևը հաստատվում է Նախարարության կողմից:

8. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

9. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում նախարարին:

Վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

10. Հանձնաժողովի նախագահը վարչությունից ստանում է Հանձնաժողովի կնիքը:

Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետև` մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև մրցույթի սկիզբը:

Եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է Նախարարին:

11. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Մրցույթն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով: Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:

13. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր, եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով: Թեստերի առաջադրանքները և հարցատոմսերի հարցերը կազմվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

ա) տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր` 60%,

բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10%,

գ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10%,

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10%,

ե) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10%:

Թեստի առաջադրանքները բաղկացած են հարցերից: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը հարցի միանշանակ ճիշտ պատասխանն է:

14. Յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչում զետեղված հարցերի բազայից համակարգչի պատահական ընտրությամբ կազմվում է թեստ, որը բաղկացած է 20 (քսան) հարցից:

15. Թեստը տրամադրվում է մրցույթի մասնակցին, իսկ թեստի ճիշտ պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին: Մասնակցի կողմից թեստի առաջադրանքների լուծման համար տրվում է 30 րոպե:

16. Թեստի յուրաքանչյուր հարցի պատասխանը գնահատվում է 0 կամ 1 միավոր: Բոլոր 20 (քսան) հարցերին պատասխան ստանալուց և գնահատելուց հետո հաշվվում է պատասխանի ընդհանուր գնահատականը և դրա տոկոսային արտահայտությունը:

17. Թեստավորման փուլի հաղթող է(են) ճանաչվում և հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք է(են) ձեռք բերում այն մասնակիցը կամ մասնակիցները, որը (որոնք) հավաքել է(են) միավորների առնվազն 90 տոկոսը:

18. Հարցազրույցն անցկացվում է բանավոր` մասնագիտական գործունեության հետ առնչվող 5 հարց պարունակող հարցատոմսով, որը ձևավորվում է յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչում զետեղված հարցերի բազայից` համակարգչի պատահական ընտրությամբ: Հարցազրույցը գրավոր արձանագրվում և ձայնագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ «այո, ճիշտ է» կամ «ոչ, սխալ է» հանձնաժողովի գնահատականը: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

Հարցազրույցի ընթացքում հարցատոմսի հարցերի վերաբերյալ մասնակցի տված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են հանձնաժողովի կողմից: Եթե մասնակցի կողմից տրված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի` գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի հարցի ճիշտ պատասխանը:

19. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ քվեարկություն: Յուրաքանչյուր մասնակցի համար նախօրոք պատրաստվում են հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ (համաձայն ձև 1-ի), որոնք ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից: Քվեաթերթիկները կնքվում են հանձնաժողովի կնիքով: Քվեաթերթիկներում նշվում է մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, թեստի առաջադրանքի և հարցազրույցի հարցերի գնահատականները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր հարցի համար քվեաթերթիկի վրա համապատասխան հարցի դիմաց նշում է իր կողմից տրվող գնահատականը:

Քվեաթերթիկի վրա հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր հարցի դիմաց ընդամենը մեկ գնահատականի նշում է կատարում:

20. Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կազմում է եզրակացություն, որի մեջ նշվում է.

ա) թափուր պաշտոնի անվանումը, որի համար անցկացվել է տվյալ մրցույթը,

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը,

գ) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները,

դ) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի` թեստից հավաքած միավորների քանակը (%) և հարցազրույցի գնահատականը:

21. Եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

22. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, մասնակիցների կողմից բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է Նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

23. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց անմիջապես հետո` նույն օրը:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

24. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

ա) ռեկտորի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

գ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:

25. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կարգի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Նախարարությունը:

Բողոքը տրվում է մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Վարչությունը նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ այն անմիջապես ներկայացնում է Նախարարին:

Վարչությունը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն բողոքի առկայության կամ բացակայության մասին: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը Նախարարությունը քննության է առնում այն Նախարարությունում մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում` Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում Նախարարության այն աշխատակիցները, որոնք տվյալ մրցույթին մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ:

Բողոքը քննության առնելիս Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է թեստային առաջադրանքների արդյունքները, հարցազրույցի հարցատոմսերին մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ և սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին,

գ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմվում է տեղեկանք և կցվում մրցութային փաթեթին:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

26. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 25-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը վարչությունը ներկայացնում է Նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

27. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 26-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև 25-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Ռեկտորի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է սույն Կարգով սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

29. Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը ձևավորվում է Նախարարության կողմից:

30. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել նախարարը կամ ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, տվյալ ոլորտի գործակալության պետը, տվյալ ոլորտի վարչության և բաժնի պետը (կամ այլ գործակալության, վարչության, քարտուղարության կամ բաժնի պետը):

31. Մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է վարչությունը: Վարչությունը, մրցույթը սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրած թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա և վայրի մասին:

32. Հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի նախագահի և քարտուղարի թեկնածությունը հաստատվում է Նախարարի համապատասխան հրամանով: Հանձնաժողովը կազմվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքին դառնում է  անհնարին, ապա Հանձնաժողովի մյուս անդամներից սույն Կարգով սահմանված կարգով նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

33. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը՝ համաձայն սույն Կարգի:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

34. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գործադիր մարմինների  թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրույթներից,

բ) ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

35. Հանձնաժողովը`

ա) վարչությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերը և Հանձնաժողովի կնիքը,

բ) քննարկում է մրցույթի արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները,

գ) ամփոփում է մրցույթի արդյունքները,

դ) իրականացնում է քննարկումներ մրցույթին վերաբերող առանձին հարցերի շուրջ,

ե) հրապարակում է մրցույթի արդյունքները,

զ) մրցույթի ավարտից հետո վարչությանն է հանձնում ռեկտորի թափուր պաշտոնը համալրելու նպատակով մրցույթ անցկացնող հանձնաժողովի`

- կնիքը և մրցույթի անցկացման փաստաթղթերի ողջ փաթեթը,

- փաստաթղթերի քննարկման ժամանակ և' դիմորդների, և' հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

- մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը,

- մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները,

- քվեարկության արդյունքներում մասնակիցների հավաքած միավորների (տոկոսների) մասին որոշումը,

- մրցույթի արդյունքում մասնակցի հաղթող ճանաչելու մասին որոշումը,

- մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը,

- մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը,

- քվեաթերթիկները,

- մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը,

է) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

36. Վարչությունը փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

37. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

38. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

39. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

40. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

41. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը,

գ) կազմակերպում է հարցատոմսերի կազմման աշխատանքները,

դ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,

զ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

42. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

բ) մրցույթի մասնակիցներին բացատրում է մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,

գ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

43. Հանձնաժողովի անդամը`

ա) Հանձնաժողովի  նախագահի հանձնարարությամբ վարում է նիստերը,

բ) մասնակցում է մրցույթի անցկացմանը և մրցույթի մասնակիցներին տալիս է հարցազրույցի հարցատոմսի հարցերից բխող հարակից հարցեր,

գ) սխալ պատասխանի դեպքում բարձրաձայն հնչեցնում է ճիշտ պատասխանը,

դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի պատասխանների գնահատման գործընթացին,

ե) ստուգում և ստորագրում է Հանձնաժողովի եզրակացությունը,

զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

է) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

44. Հանձնաժողովը, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ Նախարարին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

45. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձև 1

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

Մրցույթի մասնակցի __________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)


ԿՈՂՄ


ԴԵՄ


Հանձնաժողովի անդամ __________________    ______________

(անուն, ազգանուն)                   (ստորագրություն)


Հանձնաժողովի նախագահ ______________________________

                                                                 (ստորագրություն)

 

Կ.Տ.

Հավելված N 2
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2006 թ. դեկտեմբերի 22-ի
N 998-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ) ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (բարձրագույն ուսումնական հաստատության) պաշտոնում նշանակված անձի (այսուհետ` ռեկտոր) ատեստավորման անցկացման ընթացակարգը և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը (այսուհետ` Կարգ):

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն Կարգով:

3. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ռեկտորը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Ռեկտորի ատեստավորման նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն):

5. Ռեկտորի ատեստավորումն անցկացնում է սույն Կարգով սահմանված կարգով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը: Տվյալ պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարվանից ավելի զբաղեցնող ռեկտորը ենթակա է ատեստավորման մեկ տարվա ընթացքում, իսկ տվյալ պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 5 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա ռեկտորների ցանկը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

7. Ատեստավորման ենթակա ռեկտորները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

Ռեկտորի պաշտոն զբաղեցնող անձը 3 տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր ատեստավորման:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ռեկտորը Նախարարին ներկայացնում է հաշվետվություն վերջին 3 (երեք) տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ Նախարարը ռեկտորի ներկայացրած հաշվետվությունը հանձնում է վարչություն:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով: Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:

10. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր, եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ անցկացնել համակարգչով: Թեստերի առաջադրանքները և հարցազրույցի հարցերը կազմվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

ա) տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր` 60%,

բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10%,

գ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10%,

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10%,

ե) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10%:

Թեստի առաջադրանքները բաղկացած են հարցերից: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը հարցի միանշանակ ճիշտ պատասխանն է:

11. Յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչում զետեղված հարցերի բազայից համակարգչի պատահական ընտրությամբ կազմվում է թեստ, որը բաղկացած է 20 (քսան) հարցից:

12. Թեստը տրամադրվում է ատեստավորման մասնակցին, իսկ թեստի ճիշտ պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին: Մասնակցի կողմից թեստի առաջադրանքների լուծման համար տրվում է 30 րոպե:

13. Թեստի յուրաքանչյուր հարցի պատասխանը գնահատվում է 0 կամ 1 միավոր: Գնահատելուց հետո հաշվվում է պատասխանի ընդհանուր գնահատականը և դրա տոկոսային հարաբերությունը:

14. Թեստավորման փուլի հաղթող է ճանաչվում և Հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք է ձեռք բերում այն մասնակիցը կամ մասնակիցները, որը (որոնք) հավաքել է (են) միավորների առնվազն 90 տոկոսը:

15. Հարցազրույցն անցկացվում է բանավոր` մասնագիտական գործունեության հետ առնչվող 5 հարց պարունակող հարցատոմսով, որը ձևավորվում է համակարգչային ծրագրով պատահական ընտրությամբ: Հարցազրույցը գրավոր արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ «այո, ճիշտ է» կամ «ոչ, սխալ է» հանձնաժողովի գնահատականը:

Հարցազրույցի ընթացքում հարցատոմսի հարցերի վերաբերյալ մասնակցի տված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են հանձնաժողովի կողմից: Եթե ատեստավորվողի կողմից տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի հարցի ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, ատեստավորման մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

16. Յուրաքանչյուր մասնակցի համար նախօրոք պատրաստվում են հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ (համաձայն ձև 1-ի), որոնք ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի տվյալ անդամի կողմից: Քվեաթերթիկները կնքվում են հանձնաժողովի կնիքով: Քվեաթերթիկներում նշվում է մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, թեստի առաջադրանքի և հարցազրույցի հարցերի գնահատականները: Հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր հարցի համար քվեաթերթիկի վրա համապատասխան հարցի դիմաց նշում է իր կողմից տրվող գնահատականը:

Քվեաթերթիկի վրա հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր հարցի դիմաց ընդամենը մեկ գնահատականի նշում է կատարում:

17. Քվերարկության արդյունքները հրապարակելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կազմում է ատեստավորման թերթ (համաձայն ձև 2-ի), որի մեջ նշվում է`

ա) ատեստավորված մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները,

բ) պաշտոնի անվանումը, որի համար անցկացվել է տվյալ ատեստավորումը,

գ) ատեստավորման անցկացման ամսաթիվը,

դ) քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների թիվը,

ե) ատեստավորված մասնակիցներից յուրաքանչյուրի` թեստից հավաքած միավորների քանակը (%) և հարցազրույցի գնահատականը,

զ) ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը:

18. Ատեստավորման թերթը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

19. Ատեստավորման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, ատեստավորվողների կողմից ատեստավորման վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված ատեստավորման արդյունքում ատեստավորված մասնակիցների վերաբերյալ ատեստավորման թերթը ներկայացվում է Նախարարին:

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

20. Ռեկտորը ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն:

Ատեստավորված ռեկտորը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

21. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման ավարտից անմիջապես հետո, նույն օրը:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

ա) համապատասխան կազմակերպության անվանումը,

բ) ատեստավորման անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը, ինչպս նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

գ) ռեկտորի անունը, հայրանունը, ազգանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

22. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել ռեկտորի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Նախարարությունը:

Բողոքը տրվում է ատեստավորման արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում վարչությանը, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 25-րդ կետի «գ», «թ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Նախարարին:

Վարչությունը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի ռեկտորի (ռեկտորների) անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը Նախարարությունը քննության է առնում այն Նախարարությունում մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում` Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով, որի կազմում չեն ընդգրկվում Նախարարության այն աշխատակիցները, որոնք տվյալ ատեստավորմանը մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ: Բողոքը քննության առնելիս հանձնաժողովն ուսումնասիրում է թեստային առաջադրանքների արդյունքների և հարցազրույցի հարցատոմսի հարցերին ռեկտորի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) ատեստավորման արդյունքը կոնկրետ ռեկտորի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ) կոնկրետ ռեկտորի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին,

գ) կոնկրետ ռեկտորի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

23. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն Կարգի 22-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթը վարչությունը ներկայացնում է Նախարարին:

Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև սույն Կարգի 22-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:

24. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը վարչությանն է հանձնում Հանձնաժողովի կնիքը:

25. Հանձնաժողովը հանձնման-ընդունման ակտով վարչությանն է փոխանցում ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն Կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և ընդունված հետևյալ որոշումները`

ա) հանձնաժողովի կնիքի ստացման մասին ստացականը,

բ) հաշվետվությունների քննարկման և ռեկտորների ու Հանձնաժողովի անդամների ներկայության արձանագրությունը,

գ) ռեկտորների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը,

դ) քվեարկությունների արդյունքներում ռեկտորների հավաքած ձայների մասին արձանագրությունը,

ե) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը,

զ) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը,

է) քվեաթերթիկները,

ը) ատեստավորման թերթիկները,

թ) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը:

Վարչությունը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վարչությունը սույն Կարգի 22-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՌԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

26. Նախարարը ռեկտորի ատեստավորման թերթը, իսկ սույն Կարգի 23-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև սույն Կարգի 22-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո, դրանց համապատասխան, երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) ռեկտորի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման,

բ) ռեկտորին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ռեկտորի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Ատեստավորման հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Նախարարության կողմից: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել Նախարարը, ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, տվյալ ոլորտի գործակալության պետը, տվյալ ոլորտի վարչության և բաժնի պետը (կամ այլ գործակալության, վարչության, քարտուղարության կամ բաժնի պետեր):

28. Վարչությունն ատեստավորումը սկսելուց առնվազն վեց ժամ առաջ ընտրած թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա և վայրի մասին:

29. Հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի նախագահի և քարտուղարի թեկնածությունը հաստատվում է Նախարարի համապատասխան հրամանով: Հանձնաժողովը կազմվում է ատեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքին դառնում է անհնարին, ապա Հանձնաժողովի մյուս անդամներից սույն Կարգով սահմանված կարգով նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին ատեստավորումից 24 ժամ առաջ վարչությունը հանձնում է ատեստավորվողի կողմից ներկայացված հաշվետվությունը:

30. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը՝ համաձայն սույն կարգի:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ատեստավորումն անցկացնել սույն կարգի համաձայն,

բ) ապահովել անցկացվող ատեստավորման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

32. Հանձնաժողովը`

ա) վարչությունից ստանում է ատեստավորվողի փաստաթղթերը և Հանձնաժողովի կնիքը,

բ) քննարկում է ատեստավորման արդյունքների հետ կապված ատեստավորվողի բողոքները,

գ) ամփոփում է ատեստավորման արդյունքները,

դ) իրականացնում է քննարկումներ ատեստավորմանը վերաբերող առանձին հարցերի շուրջ,

ե) հրապարակում է ատեստավորման արդյունքները,

զ) վարչությանն է հանձնում ռեկտորնների ատեստավորման նպատակով ատեստավորման հանձնաժողովի կնիքը և ատեստավորման անցկացման փաստաթղթերի ողջ փաթեթը`

հաշվետվության քննարկման, ատեստավորվողի և հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

ատեստավորվողի հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը,

քվեարկության արդյունքում ատեստավորվողի հավաքած միավորների (տոկոսների) մասին որոշումը,

զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը,

զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը,

քվեաթերթիկները,

ատեստավորման թերթիկը,

ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը,

է) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

33. Վարչությունը ատեստատորման փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

34. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

35. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

36. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

37. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

38. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը,

գ) կազմակերպում է հարցատոմսերի կազմման աշխատանքները,

դ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,

զ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

39. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) ատեստավորման մասնակցին բացատրում է ատեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

40. Հանձնաժողովի անդամը`

ա) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է նիստերը,

բ) մասնակցում է ատեստավորման անցկացմանը և ատեստավորման մասնակցին տալիս է հարցատոմսի հարցերից բխող հարակից հարցեր,

գ) սխալ պատասխանի դեպքում բարձրաձայն հնչեցնում է ճիշտ պատասխանը,

դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի պատասխանների գնահատման գործընթացին,

ե) ստուգում և ստորագրում է Հանձնաժողովի եզրակացությունը,

զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

է) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Հանձնաժողովը, ատեստավորման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, կնիքը, ատեստավորման փաթեթը, ինչպես նաև ատեստավորման մասնակցի վերաբերյալ Նախարարին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

42. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձև 1

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

Ատեստավորման մասնակցի __________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ԿՈՂՄ

 

ԴԵՄ


Հանձնաժողովի անդամ __________________

(անուն, ազգանուն)


____________________
(ստորագրություն)


Հանձնաժողովի նախագահ ___________________________________________

(ստորագրություն)


Կ.Տ.

 

 

Ձև 2

 

Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն   Թ Ե Ր Թ

1. Անուն, հայրանուն, ազգանուն __________________________________________
_______________________________________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, օրը ___________________________________________

3. Անձնագրային տվյալները ______________________________________________

4. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը _________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

5. Քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների թիվը ___________

Քվեարկության արդյունքում թեստից հավաքած միավորների քանակը (%) և հարցազրույցի
գնահատականը ___________________________________________________

6. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը ____________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Հանձնաժողովի նախագահ

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

Հանձնաժողովի անդամներ

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)


Ատեստավորման անցկացման ամսաթիվը  _______  _________________ 200  թ.

Ատեստավորման թերթի հետ ծանոթացա _______________

(անուն, ազգանուն)


______________
(ստորագրություն)

 

________  _________________________ 200   թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան