«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 33005337
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
15 օգոստոսի 2005 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱժՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի 15-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով,
Հրամայում եմ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի համակարգում ընդգրկված հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
Կոմիտեի նախագահ` |
Ի. Զաքարյան |
Հավելված |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) համակարգում ընդգրկված հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգը:
2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի 2005թ. օգոստոսի 15-ի N 11-Ն հրամանով հաստատված «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի համակարգում ընդգրկված հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորում անցկացնելու մասին» կարգով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Կոմիտեի կողմից: Ցուցակում ընդգրկված անձինք, Կոմիտեի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից: Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված թեկնածուներից, ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովը կազմված է 7 անդամներից:
5. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ Կոմիտեի աշխատակազմի կողմից տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
7. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Հանձնաժողովի խնդիրներն են` ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:
9. Հանձնաժողովը`
ա) Կոմիտեի աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցանկը, Տնօրենների ներկայացրած հաշվետվությունները, առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում) և Հանձնաժողովի կնիքը.
բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) սահմանված կարգով կազմում է թեստեր թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե) անցկացնում է Տնօրենների թեստավորում.
զ) ստուգում և գնահատում է Տնօրենների թեստավորման առաջադրանքները.
է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Տնօրենների բողոքները.
թ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը.
ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
ժա) Տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.
ժբ) կազմում է քվեաթերթեր.
ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Տնօրենի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժե) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժզ) յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ.
ժէ) Կոմիտեի աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև Տնօրենների համար թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, ատեստավորման փաթեթը.
ժը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
11. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
13. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
14. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
15. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է Տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
16. Հանձնաժողովի անդամը`
ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
բ) մասնակցում է Տնօրենի հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր.
գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.
ե) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
17. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործած ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Կոմիտեի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
18. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|