Գլխավոր տեղեկություն
Համար
N հր. 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.15/9(127) Հոդ.180
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 ապրիլի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 32803108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

24 մարտի 2003 թ.
ք. Երևան

  N հր. 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ, ՓՈԽԱՆԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 12-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգի 14-րդ կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Իրավաբանական և արտաքին կապերի վարչությանը` սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

 

Վարչության պետ

Գ. Եգանյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի
և փախստականների վարչության պետի
2003 թվականի մարտի 24-ի N հր. 20-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ, ՓՈԽԱՆԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 12-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգի 14-րդ կետի համաձայն և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականների (այսուհետ` վկայական) հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման կարգը:

2. Վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետ` Վարչություն) աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչության կողմից:

3. Գրանցամատյանների վարման աշխատանքների իրականացման համար Վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչությունում պահվում են վկայականների հաշվառման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյաններ:

4. Գրանցամատյանների շապիկի վրա կատարվում է հետևյալ գրառումը. «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյան»:

5. Գրանցամատյանում առանձնացվում են 13 սյունակներ, որտեղ նշվում են`

1. անուն, ազգանուն, հայրանուն.

2. ծննդավայր.

3. ծնվել է.

4. սեռ.

5. ազգություն.

6. քաղաքացիություն.

7. վկայականի տրման օր, ամիս, տարեթիվ.

8. ՀՀ-ում բնակության կամ հաշվառման վայր.

9. վկայականի սերիա և համար.

10. վկայականի տիրոջ ստորագրություն.

11. փոխանակված վկայականի համար և սերիա, տրման օր, ամիս, տարեթիվ և այն ստացողի ստորագրություն: Այս սյունակում կատարվում է նշում վկայականի փոխանակման հիմքերի վերաբերյալ.

12. վկայականը կորցնելու օր, ամիս, տարեթիվ: Այս սյունակում նշվում է վկայականի կորստյան վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տրված տեղեկանքի համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

13. վկայականը վերադարձնելու օր, ամիս, տարեթիվ: Այս սյունակում կատարվում է նշում վկայականի վերադարձման հիմքերի մասին:

6. Գրանցամատյանի էջերը համարակալվում են ըստ հերթականության: Գրանցամատյանը կարվում է և կնքվում Վարչության կլոր կնիքով:

7. Գրանցամատյանը ծառայողական օգտագործման փաստաթուղթ է: Գրանցամատյանների վարման աշխատանքներն իրականացվում են միայն Վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչության քաղաքացիական ծառայողների կողմից: Արգելվում է Վարչության աշխատակազմի կառուցվածքային այլ ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների կամ այլ անձանց կողմից գրանցամատյանին ծանոթանալը, դրանից գրառումներ, նշումներ, պատճենահանումներ, քաղվածքներ կատարելը կամ գրանցամատյանից այլ տեղեկություններ ձեռք բերելը:

8. Գրանցամատյանում առկա տվյալները Վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչության կողմից Վարչության այլ աշխատակիցներին կամ այլ անձանց կարող են տրամադրվել միայն Վարչության պետի, նրա տեղակալների կամ Վարչության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ:

9. Գրանցամատյանը պահվում է չհրկիզվող պահարանում:

10. Լրացված գրանցամատյանները արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: