«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 33104171
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
11 հունիսի 2004 թ. |
N 117-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի սեպտեմբերի 10-ի N 117-Ն հրամանի,
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարին` 5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» N 117-Ն հրամանը:
Կոմիտեի նախագահ՝ |
Ա. Անդրեասյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) գործավարության կարգը:
2. Կոմիտեի գործավարության կազմակերպումն իրականացնում է Կոմիտեի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ)։
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը։
4. Գաղտնի գործավարությունն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան։
II. ԿՈՄԻՏԵՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ՝ քարտուղարություն)՝ ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև էջերը համարակալված և կնքված մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի ստացման ամսաթիվը, մտից գրանցման համարը, համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից։
Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Հսկողության վերցված փաստաթղթերի վերին աջ անկյունում դրվում է «Հսկողական» դրոշմիկը կամ նշագրվում է «Հ» տառը և նշվում է կատարման ժամկետը:
Պարտադիր հսկողության ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերում ու կարգադրություններում, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից ստացված թղթակցություններում, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում, Հայաստանի Հանրապետության ջրտնտպետկոմիտեի նախագահի հրամաններում, խորհրդակցությունների արձանագրություններում բովանդակված և առանձին հանձնարարականների կատարումը:
Հսկողության ենթակա են նաև Կոմիտեի նախագահի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրություններում և մտից ու ելից թղթակցություններում բովանդակված հանձնարարականները։
6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև՝ էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ և գնանշման եղանակով հարցման առաջարկը ներկայացրած ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից)։
«Անձամբ» մակագրությամբ ծրարները կամ ֆայլերը չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը։
7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ։
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության (այդ թվում` ոչ ամբողջական) կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում և կցվում է փաստաթղթին, իսկ երկրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը։
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության՝ փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են՝ անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը։
8. Ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար։
9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համակարգչային ցանցով (այսուհետ՝ Համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական (լոկալ) համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը։
10. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը՝ ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է դրա պատրաստող անձը կամ ստորաբաժանումը։ Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը՝ համապատասխան ստորագրություններով։
11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը։ Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ։
12. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը։
13. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք՝ նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք քարտուղարության կողմից՝ ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին։
14. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից և պետական կառավարման այլ մարմիններից, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման Կոմիտեի նախագահին։
Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում՝ սույն կարգին համապատասխան:
Քաղաքացիների նամակների գործավարությունը կատարվում է պաշտոնական գործավարությունից առանձին։
15. Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով՝ Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։
16. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման պարտականությունը դրվում է որոշակի աշխատակիցների (այսուհետ` գործավար) վրա, որոնց հետ քարտուղարությունն անցկացնում է համապատասխան հրահանգավորում:
17. Ստացված բոլոր փաստաթղթերը գործավարը մուտքագրում է ստորաբաժանման մուտքի փաստաթղթերի գրանցամատյանում և անմիջապես հանձնում է ստորաբաժանման ղեկավարին: Վերջինս նույն օրն ուսումնասիրում է մուտք եղած թղթակցությունը և համապատասխան մակագրությամբ փաստաթղթերի կատարումը հանձնարարում է կոնկրետ աշխատողների:
18. Ստորաբաժանման ներսում մի կատարողից մյուսին փաստաթուղթը փոխանցվում է` այդ ստորաբաժանման մուտքի փաստաթղթերի գրանցամատյանում նշելով փոխանցման ամսաթիվը, նոր կատարողի պաշտոնը և ազգանունը:
19. Հանձնարարությունը համարվում է կատարված առաջադրված հարցերի լուծումից և շահագրգռված անձանց ու կազմակերպություններին պատշաճ ձևով պատասխանելուց հետո։
Միջանկյալ պատասխանը, ինչպես նաև կատարման հարցումը հիմք չի հանդիսանում փաստաթուղթը կատարված համարելու համար։
20. Եթե հանձնարարությունը տրված է մի քանի ստորաբաժանումների, ապա պատասխանատու է համարվում այն ստորաբաժանումը, որն առաջինն է նշված մակագրության մեջ։ Նրան իրավունք է վերապահվում հրավիրել կատարող մասնակիցներին, որոնք հավասար չափով պատասխանատու են փաստաթղթի ժամանակին և պատշաճ կատարման համար։
21. Քարտուղարությունը փաստաթուղթը հսկողությունից հանում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «Գործին» մակագրությունը։
22. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց։
Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել։
23. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին։
24. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները՝
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի, այդ թվում՝ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծերի (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) քննարկման համար սահմանվում է 5-օրյա ժամկետ։
25. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն Աշխատակազմի իրավաբանական վարչությունից դուրս տրվում են միայն Աշխատակազմի աշխատողներին՝ վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն Աշխատակազմի աշխատողները։
Աշխատակազմի իրավաբանական վարչությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 3-օրյա ժամկետում վերադարձման:
III. ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՀՐԱՎԻՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
26. Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցություններում քննարկման համար հարցերը նախապատրաստում, արձանագրում և սպասարկման աշխատանքներն իրականացնում են Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները` Աշխատակազմի ղեկավարի համակարգմամբ։
27. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը կամ քարտուղարության պետը խորհրդակցությունների արձանագրություններն ստորագրվելուց հետո կազմակերպում է դրանց՝ քաղվածքների ձևով առաքումն Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ և Կոմիտեի ենթակա կազմակերպություններ:
Պատճենները կնքվում են քարտուղարության կնիքով, իսկ էլեկտրոնային օրինակները՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
28. Արձանագրությունները ճշգրիտ կազմելու նպատակով Կոմիտեի նախագահի մոտ հրավիրվող խորհրդակցությունները կարող են ձայնագրվել։
29. Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող յուրաքանչյուր խորհրդակցության արձանագրությանը քարտուղարությունում տրվում է հերթական համար՝ միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:
30. Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող յուրաքանչյուր խորհրդակցությունների արձանագրությունների բնագրերը պահվում են քարտուղարությունում և հաջորդ տարվա սկզբին հանձնվում Աշխատակազմի արխիվ, իսկ դրանց էլեկտրոնային պատճենները տեղադրվում են տվյալների շտեմարանում:
IV. ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
31. Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների (այսուհետ՝ հրամաններ) նախագծերը խմբագրվում են քարտուղարությունում:
Հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:
32. Կոմիտեի նախագահի հրամանները գրանցվում են քարտուղարությունում՝ ապարատածրագրային միջոցներով՝ դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը։
Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին օրվանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա վերջին օրով։
Աշխատակազմի ղեկավարի հրամանների համար սահմանվում է առանձին համարակալում, որը նույնպես կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:
33. Հրամանները ստորագրության ներկայացնելուց առաջ նախապես համաձայնեցվում են Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալի (տեղակալների), ապա Աշխատակազմի ղեկավարի հետ` դրանց վրա նշագրում կատարելու ձևով:
34. Հրամանների նախագծերը կազմում են Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները՝ ղեկավարության հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ:
35. Հրամանների նախագծի բովանդակությունը կազմված է երկու մասերից` փաստագրական (ներածական) և կարգադրական:
Փաստագրական մասում հակիրճ շարադրվում են այն փաստերն ու հանգամանքները, որոնք հրամանի հիմք են հանդիսացել, իսկ կարգադրական մասում` տրվող հանձնարարականները:
Եթե հրամանն արձակվում է իրավական ակտի հիման վրա, ապա ներածական մասում պետք է նշվի այդ հանձնարարությունը բովանդակող փաստաթղթի լրիվ անվանումը, համարը և ամսաթիվը:
Հրամանների կարգադրական մասը սկսվում է «ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ» բառով, տպագրվում է մեծատառերով և առանձին տողում: Կարգադրական մասը պետք է բովանդակի հանձնարարություններն ու միջոցառումները` նշելով պատասխանատու անձանց և կատարման ժամկետները:
Կարգադրական մասի վերջին կետում նշվում են այն պաշտոնատար անձի կամ անձանց ազգանունները, որոնց վրա դրվում է տվյալ հրամանի կատարման հսկողությունը:
36. Հրամանի նախագծի տեքստը պետք է գրվի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան՝ պահպանելով քերականական և շարահյուսական կանոնները:
37. Հրամանները նշագրվում են հրամանի առաջին օրինակի ստորագրվող էջի մյուս երեսի վրա:
Եթե նշագրողն առարկություն ունի որևէ կետի (կետերի) կամ ողջ հրամանի վերաբերյալ, ապա այդ առարկությունները պետք է գրվեն առանձին թղթի վրա և կցվեն հրամանի նախագծին:
38. Աշխատակազմի իրավաբանական վարչության պետը և Աշխատակազմի ղեկավարը հրամանի նախագիծը նշագրում է Կոմիտեի նախագահի ստորագրությանը ներկայացնելուց առաջ՝ հաստատելով դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
39. Հրամանը ստորագրում է Կոմիտեի նախագահը կամ նրա լիազորությամբ` նախագահի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալներից մեկը: Խստիվ արգելվում է հրամանը առանց նշագրումների ղեկավարությանը ներկայացնելը:
40. Հրամանները պատճենահանվում են դրա համար անհրաժեշտ օրինակների քանակով և ուղարկվում այն ստորաբաժանումներին, որոնց վերաբերվում են: Այն ստորաբաժանումներին, որոնց համար չի պահանջվում հրամանը լրիվ ծավալով, ուղարկվում է հրամանից կատարված քաղվածքը:
41. Այն ստորաբաժանումների և կազմակերպությունների անվանացանկը, որոնց պետք է ուղարկվեն հրամանի օրինակները, կազմում և ստորագրում է նախագիծը մշակող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
42. Այլ պետական մարմինների հետ համատեղ հրամանները պատրաստվում են սովորական թղթի վրա` ղեկավարների ստորագրությունները դնելով նույն տողում:
43. Քարտուղարությունը հրամաններն առաքում է փոստով:
Հրամանի յուրաքանչյուր օրինակ կնքվում է քարտուղարության կնիքով:
44. Քարտուղարության կողմից Կոմիտեի կողմից տնօրինվող 50 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող փակ բաժնետիրական ընկերություններին, Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ու Աշխատակազմի աշխատողներին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում՝ առանց Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի ցուցումի:
45. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում՝ Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով, և առաքվում՝ ըստ սկզբնական հասցեաթերթերի։
V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
46. Աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի կողմից՝ ըստ նրանց պաշտոնեական լիազորությունների սահմանազատման ուղղությունների։
47. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրավունք ունեն ստորագրել միայն տվյալ ստորաբաժանման իրավասությանը պատկանող փաստաթղթեր՝ իրենց պաշտոնական կանոնակարգերով կամ Կոմիտեի նախագահի կողմից թույլատրված դեպքերում ու կարգով։
48. Ապրանքանյութական և դրամական արժեքներ ստանալու կամ առաքելու հետ կապված փաստաթղթերը, ինչպես նաև երաշխիքային գրությունները ստորագրվում են Կոմիտեի նախագահի կամ նրա առաջին տեղակալի և Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչության պետի, իսկ Կոմիտեի Աշխատակազմին վերաբերող մասով` Աշխատակազմի ղեկավարի և Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչության պետի կողմից։ Երաշխիքային գրություններում պարտադիր կարգով նշվում են Կոմիտեի հաշվարկային հաշվի համարը և դրան սպասարկող բանկի անվանումը։
49. Նամակի պատասխանը կազմվում է երեք օրինակից։ Առաջինն ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդը՝ կատարողի նշագրումով մնում է քարտուղարությունում, իսկ երրորդը՝ կատարման հիմքերով պահպանվում է համապատասխան ստորաբաժանումում։
50. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը:
Գրության վերջին էջի ներքին ձախ մասում նշվում է կատարողի ազգանունը և հեռախոսի համարը, իսկ երկրորդ օրինակի վրա` կատարողի ստորագրությունը:
51. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման այլ մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ու այլ պետական մարմիններից և կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, ձևաթղթի վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվն ու համարը և այն գրության ամսաթիվն ու համարը, որին պատասխանվում է: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը։
52. Նյութերը՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականներն ու ցուցումները՝ կից նյութերով, ուղարկվում են Կոմիտեի կողմից տնօրինվող` 50 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող փակ բաժնետիրական ընկերություններ, Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններ, որպես կանոն, էլեկտրոնային կամ թղթի վրա պատճենների ձևով։
53. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:
Հեռագրի ելից համարը դրվում է տեքստի վերջում:
Հեռագրային հարցումների պատասխանները պետք է տրվեն 3 օրից ոչ ավելի ժամանակահատվածում, եթե այլ ժամկետ սահմանված չէ։
54. Հեռագիրը կազմվում է հարցի լուծումն արագացնելու անհրաժեշտության դեպքում:
«Կառավարական» մակագրությամբ բլանկներով կամ արտասահման ուղարկվող հեռագիրը ստորագրվում են միայն Կոմիտեի նախագահի կողմից:
Կոմիտեի նախագահի տեղակալները և Աշխատակազմի ղեկավարը ստորագրում են միայն իրենց իրավասության հարցերին վերաբերող հեռագրերը:
Հեռագրերը կազմվում են թղթի վրա, մեջտեղում գլխատառերով գրելով «Հեռագիր» և փոխանցվում են հեռատիպ:
Հեռագիրը տպագրվում է թերթի մի կողմի վրա երկու միջակայք հեռավորությամբ: Հեռագրի տեքստը պետք է լինի հակիրճ և չգերազանցի 30-35 բառից, պետք է շարադրվի առանց շաղկապների և նախածանցների, եթե դրանով չի աղավաղվում բովանդակությունը, առանց բառերը տողադարձելու: Պատասխան հեռագրի տեքստը սկսվում է այն փաստաթղթի համարով, որին պատասխանվում է:
Հեռագրում նշվում են՝ հասցեատերը, տեքստը, ելքի համարը, հեռագիրը ստորագրող ղեկավարի պաշտոնն ու ազգանունը հապավումներով (եթե հեռագիրն ուղարկվում է ենթակա կազմակերպություններ, ապա ստորագրողի պաշտոնը չի գրանցվում), հեռագրի ստորին մասում, գծից ներքև Կոմիտեի հեռագրային հասցեն, ամսաթիվը, ստորագրող պաշտոնյայի ազգանունը և պաշտոնը: Միաժամանակ տարբեր բնակավայրեր ուղարկվող հեռագիրը հեռատիպ է փոխանցվում երկու օրինակից` բնակավայրերի անվանացուցակներով, հեռագիրը պատրաստող ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ:
Հեռագրերը տպագրվում են երկուական օրինակներից։
Հեռագրերը նույնպես գրանցվում և հաշվառվում են, դրանց ելքի համարները դրվում են ելքի փաստաթղթերի համարակալման՝ սույն կարգով սահմանված կարգով։
55. Հրատապ տեղեկատվություն հաղորդելու համար, մի շարք դեպքերում, Հայաստանի Հանրապետության սահմաններում, գրության կամ հեռագրի փոխարեն, կարող են օգտագործվել հեռախոսագրերը։ Դրանք պետք է կազմվեն պարզ և համառոտ տեքստով՝ խուսափելով դժվար արտասանվող բառերի և բառակապակցությունների օգտագործումից։
Հեռախոսագրերը ստորագրվում են Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի կողմից։
Հեռախոսագրի վրա դրվում է ելքի համարը, նշվում են հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման–ընդունման ամսաթիվն ու ժամը։
Հեռախոսագրերի հաղորդումն ու ընդունումը կազմակերպում են Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
56. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն ուղարկվող նամակները, որոնք ստորագրվում են Կոմիտեի նախագահի կողմից, պետք է նշագրման տրվեն Կոմիտեի նախագահի առաջին տեղակալին:
57. Առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են քարտուղարությունում:
58. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցեն, փաստաթուղթը՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային իսկական օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը։
59. Փաստաթուղթն ուղարկվելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում։
VI. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
60. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
61. Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալների կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
62. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջին ազգանունը:
63. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով՝ ավելացնելով հերթական համարը՝ կոտորակի ձևով:
64. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քարտուղարության կողմից կարող են ուղարկվել Կոմիտեի ենթակայության այն կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է՝ դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում։
65. Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է 3 օրինակից: Առաջին օրինակը՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղեկալների կամ Աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը՝ համապատասխան աշխատողի նշագրով, կցվում է գործին, իսկ երրորդ օրինակը՝ պահվում է կատարող կառուցվածքային ստորաբաժանումում:
66. Քաղաքացիների նամակները քննարկվում և պատասխանվում են ոչ ավելի, քան 1 ամսվա, իսկ լրացուցիչ զննում չպահանջողները՝ 15 օրվա ընթացքում։
Այն նամակները, որոնց կատարման համար ղեկավարության կողմից նշանակված է ժամկետ, ենթակա է կատարման սահմանված ժամկետում։
67. Եթե նամակի քննարկման համար անհրաժեշտ են հատուկ ուսումնասիրություններ, ղեկավարության թույլտվությամբ կատարման ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն 1 ամսից ոչ ավելի ժամանակով՝ այդ մասին տեղեկացնելով դիմողին։
68. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը։
Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի միջոցով (խափանման դեպքում՝ մատյանների միջոցով)՝ քարտուղարությունում և պահպանվում տվյալների շտեմարանում։
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
69. Աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրությունները:
70. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
71. Անհրաժեշտության դեպքում Աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել՝ գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել՝ միայն Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:
VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
72. Կոմիտե մուտք գործած փաստաթղթերի ժամանակին և պատշաճ կատարման հսկողության համար պատասխանատու է քարտուղարությունը։
73. Փաստաթղթերը պետք է կատարվեն այն ժամկետում, որը նշված է տվյալ փաստաթղթում կամ ղեկավարության մակագրության մեջ։
74. Հսկողության վերցված հանձնարարականների կատարման հսկողությունը իրականացնում է քարտուղարությունը:
75. Քարտուղարությունը յուրաքանչյուր երկուշաբթի Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին, Կոմիտեի կողմից տնօրինվող` 50 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող փակ բաժնետիրական ընկերություններին և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններին է հանձնում տվյալ շաբաթվա ընթացքում կատարման ժամկետներն ավարտվող հանձնարարականների ցանկը և տվյալ օրվա դրությամբ չկատարված (ժամկետանց) հանձնարարականների ամփոփագիրը:
76. Առաջադրանքը կատարելուց հետո հսկողությունից հանելու համար կատարողը քարտուղարություն է ներկայացնում կարգի 75-րդ կետում նշված փաստաթուղթը՝ կատարման մասին նշագրումով։
Հսկողության չվերցված փաստաթղթերի կատարումից հետո կատարողը քարտուղարություն է ներկայացնում պատրաստված փաստաթղթի մեկ օրինակը կատարման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
77. Եթե կատարողը սահմանված ժամկետում չի կարող կատարել հանձնարարությունը, ապա առնվազն 1 օր առաջ պետք է դիմի իր անմիջական ղեկավարին՝ կատարման ժամկետը երկարաձգելու խնդրանքով՝ շարադրելով ուշացման պատճառը։
78. Քարտուղարությունը յուրաքանչյուր շաբաթ Աշխատակազմի ղեկավարին ամփոփ տեղեկանք է ներկայացնում չկատարված փաստաթղթերի վերաբերյալ։
79. Աշխատակազմի ղեկավարը յուրաքանչյուր ամիս Կոմիտեի նախագահին տեղեկանք է ներկայացնում չկատարված փաստաթղթերի վերաբերյալ:
IX. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
80. Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի «Առևտրային գաղտնիք» (այսուհետ` «ԱԳ») կամ «Ծառայողական գաղտնիք» (այսուհետ` «ԾԳ») նշումով փաստաթղթերը համապատասխանաբար համարվում են առևտրային կամ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր:
81. Առևտրային կամ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերն առանձնացվում են ընդհանուր գործավարության թղթակցությունից և պահպանվում են չհրկիզվող մետաղական պահարաններում։ Դրանց համար տարվում է առանձին հաշվառում:
82. Առևտրային և (կամ) ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը կատարման ժամկետից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում հանձնվում են արխիվ: Արխիվում այդ փաստաթղթերի համար վարվում է առանձին հաշվառման մատյան, որում գրառվում է փաստաթղթերի անվանումը, հանձնման ամսաթիվը, ամիսը, տարին, հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը, փաստաթղթերի թերթերի քանակը, փաստաթղթի վիճակը և նշումներ են կատարվում հետագայում փաստաթղթից օգտված անձանց մասին (պաշտոնը, անունը, ազգանունը, փաստաթղթից օգտվելու ժամանակը և ժամկետը):
83. Առևտրային և (կամ) ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերից օգտվելու թույլտվությունը տալիս են Կոմիտեի նախագահը, նրա առաջին տեղակալը կամ Աշխատակազմի ղեկավարը:
X. ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐԸ
1. | Նախագահ | - 01 |
2. | Նախագահի առաջին տեղակալ | - 02 |
3. | Նախագահի տեղակալներ | - 03 |
4. | Աշխատակազմի ղեկավար | - 04 |
5. | Աշխատակազմի իրավաբանական վարչություն | - 05 |
6. | Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչություն |
- 06 |
7. | Աշխատակազմի տեսչական վերահսկողության վարչություն |
- 07 |
8. | Աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածք- ների գործունեությունը համակարգող վարչություն |
- 08 |
9. | Աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարություն |
- 09 |
10. | Լրատվական կենտրոն | - 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.10.2009, N 173-Ն | 11.12.2009, N 117-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|