Գլխավոր տեղեկություն
Համար
N 101-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հոդ.323
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32005357

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

1 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 101-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հոկտեմբերի 2-ի թիվ 1307-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի» 139-րդ կետով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» թիվ 17 հավելվածով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների մասին կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) ավիացիոն անվտանգության բաժնի պետ Հ. Գաբրիելյանին` ապահովել սույն հրամանով հաստատված կարգի պետական գրանցումը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին:

 

Գլխավոր վարչության պետ`

Ա. Մովսեսյան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2005 թվականի օգոստոսի 1-ի N 101-Ն հրամանի

 

 ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կ Ա Ր Գ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների մասին Կարգը (այսուհետ Կարգ) մշակված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի», Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Անվտանգություն» թիվ 17-ի հավելվածի և «Անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանություն» Ձեռնարկի (DOC 8973/6)-ի հիման վրա:

2. Սույն Կարգը սահմանում է անօրինական միջամտության ակտի հետևանքով օդանավի զավթման, փախցնելու կամ նման փորձերի դեպքերում օդանավի անձնակազմի անդամների գործողությունները:

3. Օդանավի վարման, թռիչքի ընթացքում թռիչքային և ավիացիոն անվտանգության նորմերի ապահովման, ինչպես նաև օդանավում գտնվող բոլոր անձանց անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածի ընթացքում պատասախանատու է օդանավի հրամանատարը (այսուհետ՝ Հրամանատար):

4. Թռիչքի ժամանակահատված է համարվում այն ժամանակահատվածը, երբ ցանկացած անձ օդանավ է մտնում թռիչքի նպատակով և ընդհուպ մինչև այն ժամանակը, երբ բոլոր անձինք լքում են օդանավը:

5. Անօրինական միջամտության ակտի առկայության դեպքում անձնակազմի անդամները պարտավոր են կատարել Հրամանատարի հրամանները ՝ անկախ այն հանգամանքից դրանք ընդգրկվում են նրանց անմիջական պարտականությունների մեջ, թե ոչ:

6. Ինքնաթիռում գտնվող ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգությունը հանդիսանում է առաջնահերթ անհրաժեշտության խնդիր, այդ պատճառով արտակարգ իրավիճակներում Հրամանատարի ընդունած հիմնավոր որոշումները պետք է բխեն այդ անհրաժեշտությունից:

7. Հրամանատարն արտակարգ իրավիճակում իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ և իր իրավասության սահմաններում ընդունել որոշումներ, որոնք կարող են հակասել գործող կանոնակարգերին, եթե նա գտնում է, որ տվյալ որոշումը բխում է տիրող իրավիճակից:

8. Ինքնաթիռի անձնակազմի անդամները պարտավոր են ուշադրություն դարձնել այն ուղևորների վրա, որոնք օդանավում մինչ թռիչքը կամ թռիչքի ընթացքում առանց անձնակազմի անդամներին դիմելու փոխում են իրենց նստատեղերը, ինչպես նաև այն ուղևորների վրա, որոնց վարքը կասկած է հարուցում կամ նրանց մոտ առկա են օդային տրանսպորտով փոխադրման արգելված առարկաներ:

9. Ուղևորի վարքի վերաբերյալ կասկածի յուրաքանչյուր դեպքի, ինչպես նաև ուղևորների մոտ արգելված առարկաների առկայության տեղեկատվության մասին անհրաժեշտ է անմիջապես զեկուցել Հրամանատարին:

10. Թռիչքի ողջ ընթացքում օդաչուական խցիկի դուռը պետք է լինի փակ: Օդանավի օդաչուական խցիկից անձնակազմի անդամների դուրս գալը և ներս մտնելը պետք է իրականացվի այնպես, որ բացառվի օդաչուական խցիկ անձնակազմի անդամներից բացի այլ անձանց մուտքը:

11. Օտարերկրյա պետության տարածքի վրայով թռիչքներ կատարելիս անձնակազմի անդամները պարտավոր են կատարել տվյալ պետության օրենքների և նորմատիվ ակտերի պահանջները:

12. Սույն Կարգը մշտապես պետք է գտնվի Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներին պատկանող օդանավերում և կանոնավորապես ուսումնասիրվի օդանավերի անձնակազմերի անդամների կողմից:


2. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

13. Թռիչքում գտնվող օդանավում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքին ու առողջությանը սպառնացող առարկաների, իրերի հայտնաբերման դեպքերում, ինչպես նաև օդանավի զավթման, փախցնելու կամ ահաբեկչական գործողության փորձերի դեպքերում օդանավի անձնակազմի անդամները գործում են իրադրությանը համապատասխան՝ առավելագույնս հետևելով սույն Կարգի դրույթներին:

14. Թռիչքում գտնվող օդանավի և դրանում գտնվող բոլոր անձանց անվտանգության համար պատասխանատու է Հրամանատարը: Թռիչքի ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակներում նա որոշումներ է կայացնում,

ա) անօրինական միջամտության ակտ կատարած անձանց հակաօրինական գործողություններին պատասխան միջոցառումների ընտրության և կիրառման վերաբերյալ՝ ելնելով ուղևորների ու անձնակազմի անդամների առողջության ու կյանքի պահպանման առաջնահերթությունից,

բ) թռիչքի ընթացքում օդաչուական խցիկից հեռանում է միայն այն դեպքում, երբ լիակատար վստահ է, որ իրենց աշխատատեղերում մնացած անձնակազմի անդամները կապահովեն թռիչքի անվտանգությունը,

գ) ձեռնպահ է մնում հանցագործների նկատմամբ ֆիզիկական ներգործության մեթոդների կիրառումից, եթե օդանավում նման գործողությունների կիրառումը կվատթարացնի իրադրությունը, ինչպես նաև նրանց վնասազերծման նպատակով օդանավի անսովոր խուսավարում կատարելուց,

դ) թռիչքի ընթացքում միջոցներ է ձեռնարկում այլ անձանց մուտքը դեպի փոխադրման համար ընդունված ուղեբեռները և բեռները անհնարին դարձնելու համար,

ե) ստանալով «Վտանգ» ազդանշանը կամ տեղեկատվություն դրա մասին, անկախ աղբյուրից և միջոցից,

1) օդանավի անձնակազմի անդամ չհանդիսացող անձանց մուտքը օդանավի օդաչուական խցիկ կանխելու նպատակով՝ ստուգում է խցիկի դռան փականների հուսալիությունը,

2) ճշտում է (հնարավորության դեպքում) օդանավի ուղևորասրահում ստեղծված հանգամանքները խցիկի դռան դիտանցքով զննելու և ուղեկցորդ(ներ)ի հետ կապի միջոցով՝ օգտագործելով ինքնաթիռի խոսակցասարքը.

3) միացնում է «Չծխել», «Կոճկել ամրագոտիները» ազդանշանային ցուցատախտակը.

4) տալիս է «Աղետ» ազդանշանը՝ հավաստիանալով օդանավը զավթելու, փախցնելու կամ չվերթը փոխելու վերաբերյալ սպառնալիքի առարկաներ կիրառելու՝ հանցագործների մտադրություններում,

5) օտարերկրյա պետության տարածքի վրայով թռչելիս ընդունիչ/պատասխանիչ սարքը տեղակայում է A կոդ 7500 հաճախականության վրա,

6) օդային երթևեկության կառավարման կարգավարին զեկուցում է հանցագործների պահանջների մասին, հայտնում պայմանականչը, գտնվելու վայրը, թռիչքի ուղղությունը, բարձրությունը,

7) անձնակազմի անդամներին հրահանգում է անհրաժեշտության դեպքում թռիչքի անվտանգության, ուղևորների և անձնակազմի անդամների կյանքի, առողջության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման վերաբերյալ,

8) նշանակում է անձնակազմի անդամ՝ հանցագործների հետ բանակցություններ վարելու համար՝ ճշտելով նրա(նց) պահանջներն ու օդանավի ուղևորասրահի իրադրությունը,

9) անհրաժեշտության դեպքում անձամբ շփման մեջ է մտնում անօրինական միջամտության ակտ կատարած անձանց հետ,

զ) բոլոր աղբյուրներից և անձնական դիտարկումներից ստացված տվյալների հիման վրա գնահատում է հանգամանքները՝ զուգադրելով գոյություն ունեցող սպառնալիքի մակարդակը և ճգնաժամային իրավիճակն անձնակազմի ուժերով կարգավորելու հնարավորությունը,

է) օդային երթևեկության կառավարման կարգավարի միջոցով խորհրդատվություն է ստանում օպերատիվ շտաբից և ընդունում է որոշումներ.

1) թռիչքի ընթացքում իրենց պահանջներից հանցագործների հրաժարվելու և իրական սպառնալիքի բացակայության մեջ համոզված լինելու դեպքերում (երբ կան հավաստի տեղեկություններ հանցագործների մոտ զենքի կամ իրական սպառնալիքի այլ առարկաների բացակայության մասին),

2) դիմելու ուղևորների օգնությանը (զինվորականների կամ ֆիզիկապես ունակ այլ անձանց) այն դեպքերում, երբ անօրինական միջամտության ակտ կատարած անձիք ուղևորների կամ անձնակազմի անդամների կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև օդանավի թռիչքի անվտանգությանն սպառնացող գործողություններ են իրականացնում,

3) տեխնիկական պատճառներով (վառելիքի պակաս, շարժիչներից մեկի կամ օդանավի այլ համակարգերի խափանման և այլ ) թռիչքը շարունակելու անհնարինության և պահեստային կամ մերձակա օդանավակայանում հարկադրական վայրէջքի վերաբերյալ, համաձայնեցնելով վայրէջքը վերգետնյա մարմինների հետ:

թ) օդանավի հրամանատարը թռիչքի ամբողջ ընթացքում կապ է պահպանում օդային երթևեկության կառավարման կարգավարների հետ, հաղորդում է օդանավի իրադրության և ընդունած որոշումների մասին: Հաղորդումներում, ըստ հնարավորին, պետք է տեղեկատվություն լինի.

1) ուղևորների և անօրինական միջամտության ակտ կատարած անձանց թվի, հնարավորության դեպքում նաև նրանց անուն, ազգանունների մասին,

2) օդանավում սպանվածների, եթե կան, վիրավորների թվի և նրանց վիճակի մասին,

3) զենքի, պայթուցիկ սարքերի, նյութերի կամ միացությունների թվի ու տեսակի մասին, որոնք կան կամ կարող են լինել անօրինական միջամտության ակտ կատարած անձանց մոտ,

4) տեղեկություններ անձնակազմի անդամների ֆիզիկական վիճակի վերաբերյալ,

5) թռիչքի հայտնի կամ հավանական երթուղու, օդանավի վայրէջքի հայտնի կամ հավանական վայրի և նրա վայրէջքի ժամանակի հաշվարկի վերաբերյալ,

6) տվյալներ առկա վառելիքի պաշարի վերաբերյալ,

7) անձնակազմի անդամների կողմից օդանավի հավանական երթուղու իմացության և տվյալ երթուղով թռիչքների փորձի վերաբերյալ,

8) օդանավում օդագնացային քարտեզների և համապատասխան այլ փաստաթղթերի առկայության վերաբերյալ,

9) թռիչքի փաստացի ժամանակի հաշվառմամբ անձնակազմի աշխատանքային թռիչքաժամանակի սահմանափակման (նորմավորման) վերաբերյալ:

15. Օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո գործում է օդային երթևեկության կառավարման կարգավարի ցուցումների համաձայն: Օտարերկրյա օդանավակայանում վայրէջքի դեպքերում Հրամանատարը կապ է հաստատում այդ երկրում Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ, միջոցներ է ձեռնարկում ուղևորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հնարավոր կարճ ժամկետում ծրագրված երթուղով թռիչքը շարունակելու համար:

16. Անօրինական միջամտության գործողության ակտի ավարտից հետո Հրամանատարը և անձնակազմի անդամները անհապաղ զեկուցագրեր են ներկայացնում դեպքի վերաբերյալ: Հրամանատարի և անձնակազմի բոլոր անդամների զեկուցագրերը, պետք է կազմվեն առանց միմյանց հետ խորհրդակցելու և բովանդակությունները իրար հետ համեմատելու:


3. ՕԴԱՆԱՎԸ ԶԱՎԹԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

17. Անօրինական միջամտության գործողություն կատարած անձանց հետ բանակցությունները պետք է վարի, Հրամանատարի կողմից նշանակված, օդանավի անձնակազմի անդամը: Բանակցություններն սկսվում են դրանց անցկացման վերաբերյալ անօրինական միջամտության գործողություն կատարած անձանց համաձայնության ստացումից և անձնակազմի անդամի (բանագնացի) անվտանգության երաշխիքների հավաստումից հետո:

18. Օդանավի խցիկից անձնակազմի անդամի դուրս գալն, ինչպես նաև ետ վերադառնալն իրականացվում է խցիկը անօրինական միջամտության ակտ կատարած անձանց ներթափանցումից պաշտպանմանն ուղղված անվտանգության միջոցների կիրառումից հետո:

19. Անօրինական միջամտության ակտ կատարած անձանց հետ բանակցություններ կարող են վարվել.

ա) ինքնաթիռի խոսակցասարքի միջոցով՝ հանցագործների ագրեսիվ պահվածքի և անձնակազմի անդամի անվտանգության հարցում անվստահ լինելու դեպքում,

բ) անմիջական շփման միջոցով, բանակցությունների վարման ընթացքում անվտանգության ապահովման լիակատար վստահության դեպքում:

20. Անօրինական միջամտության ակտ կատարած անձանց հետ բանակցություններ վարելու ձևերն ու մարտավարությունը հետևյալն է.

ա) պահանջկոտ, ազդու տոն՝ ֆիզիկապես և հոգեպես թույլ, ագրեսիվություն չդրսևորող անձի նկատմամբ, որը հանցագործին դրդում է հրաժարվել չարանենգ դիտավորություններից,

բ) մտածված, մեղմ տոն՝ ակնհայտ ագրեսիա դրսևորող ֆիզիկապես և հոգեպես կայուն անձանց նկատմամբ, նրան տակտով բացատրելով անմեղ ուղևորների դեմ զենքի, պայթուցիկ կամ հրաձիգ նյութերի կիրառման աննպատակահարմարության մասին, որը նվազեցնում է նրանց ագրեսիվությունը.

գ) հաշվի առնելով անօրինական միջամտության ակտ կատարած անձանց վարքի անկանխատեսելիությունը՝ անձնակազմի անդամը պետք է պատրաստ լինի բանակցությունների մարտավարության ճկուն փոփոխության, լինի զուսպ, քաղաքավարի, թույլ չտա հանցագործներին գրգռող արտահայտություններ:

21. Անօրինական միջամտության ակտ կատարած անձանց հետ բանակցությունների վարումը նպատակ է հետապնդում.

ա) համոզել նրանց հրաժարվելու օդանավում զենքի ու պայթուցիկ նյութերի կիրառումից՝ միայն օդանավում գտնվող բոլոր անձանց կյանքի և առողջության պահպանման նպատակով.

բ) համոզել նրանց հրաժարվելու իրենց դիտավորություններից.

գ) նրանց մասին որոշակի տվյալներ ստանալ, իրադրության հետագա վերլուծության և գնահատման համար (տարիքը, արտաքին նշանները, ֆիզիկական և հոգեկան վիճակը, ագրեսիվության աստիճանը, հանցագործության դրդապատճառները, հանցակիցները):

22. Բանակցությունները վարվում են հետևյալ բովանդակությամբ.

ա) հայտարարել անօրինական միջամտության ակտ կատարած անձանց, որ անձնակազմի անդամը օդանավի հրամանատարի կողմից լիազորված է լսելու նրանց պահանջները առանց դրանց կատարման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքի: Բացատրել, որ նրանց կողմից ներկայացված պահանջները չեն կարող կատարվել վառելիքի պակասի, օդերևութաբանական վատ պայմանների, անհրաժեշտ թռիչքային քարտեզների, օդանավակայանների, օտար լեզվի չիմացության, փոխված երթուղու թռիչքի կատարմանն անձնակազմի անպատրաստվածության և այլ պատճառներով,

բ) առաջարկել վայրէջք կատարել մոտակա կամ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկում՝ վառելիքի վերալիցքավորման, անձնակազմի փոխարինման կամ այլ անձնակազմի նախապատրաստման համար,

գ) բացատրել, որ օտարերկրյա պետության օդանավակայանում վայրէջք կատարելու դեպքում նրանք կհայտնվեն տեղի իշխանության իրավասության տակ և կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հնարավորության դեպքում բերել օրինակներ:

23. Բանակցությունների ընթացքում խորհուրդ է տրվում մշտապես հետևել անօրինական միջամտության ակտ կատարած անձանց պահվածքին, ըստ հնարավորին շատ տվյալներ հավաքել նրանց վերաբերյալ, հիշել նրանց կողմից զենքի կամ սպառնալիքի այլ միջոցների կիրառման իրական լինելու մասին: Վերադարձը խցիկ պատճառաբանել առաջադրված պահանջներն օդանավի հրամանատարին հայտնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև իր պարտականությունների կատարմամբ:

24.Թռիչքի ընթացքում օդանավի ուղեկցորդները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.

ա) տեղեկատվություն ստանալով հանցագործների պահանջների մասին և համոզվելու համար նրանց մտադրությունների լրջության հարցում՝ շատ հանդարտ և մեղմ տոնով հարցնեն նրանց՝ «Դուք չե՞ք կատակում», «Դա իրո՞ք այդպես է», «Դուք լու՞րջ եք ասում»,

բ) համոզվելով հանցագործների մոտ զենքի կամ բացահայտ սպառնալիքի այլ առարկաների առկայության մեջ՝ օդանավի ուղեկցորդը ձեռնպահ է մնում այնպիսի խոսակցություններից ու գործողություններից, որոնք կարող են հավասարակշռությունից հանել հանցագործներին և նրանց հրահրել անօրինական գործողությունների,

գ) հանդես է բերում անհրաժեշտ զգուշավորություն, ուղևորների մոտ խուճապը կամ ուղևորների կողմից հանցագործների մեկուսացումը կամ վնասազերծումը կանխելու համար, ինչը կարող է թռիչքի անվտանգության սպառնալիք առաջացնել, ուղևորներին խորհուրդ է տալիս կոճկել ամրագոտիները.

դ) դադարեցնում է ոգելից խմիչքների մատուցումը.

25.Օդանավի վայրէջքից հետո օդանավի ուղեկցորդները պետք է գտնվեն ուղևորների մեջ՝ ձեռնարկելով խուճապի կանխման բոլոր հնարավոր միջոցները, պատրաստվում են ուղևորների վթարային էվակուացման, գործեն օդանավի հրամանատարի ցուցումների համաձայն:

4. ԹՌԻՉՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԴԱՆԱՎՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26. Թռիչքի ընթացքում օդանավում պայթյունի սպառնալիքի դեպքում անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ որոշման ընդունման համար պատասխանատու է օդանավի հրամանատարը:

27. Օդանավի հրամանատարը.

ա) օդային երթևեկության կառավարման կարգավարից պահանջում է կայանատեղ օդանավի մեկուսացած կայանման, ուղևորների շտապ իջեցման, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի պիտույքների բեռնաթափման համար,

բ) պահանջում է կայանման վայր բերել օդանավասանդուղք, տրանսպորտային միջոցներ՝ ուղևորների, բեռների փոխադրման համար և ուղևորների իջեցումը կազմակերպում ու իրականացնում է վթարային էվակուացման սխեմային համապատասխան,

գ) անձնակազմի անդամների և վերգետնյա վթարափրկարարական խմբերի անդամների հետ համատեղ ձեռնարկում է ուղևորների կազմակերպված փոխադրում և տեղաբաշխում առնվազն օդանավից 100 մ հեռավորության վրա,

դ) տալիս է «Աղետ» ազդանշանը,

ե) կայացնում է վերադարձի, թռիչքի օդանավակայանում կամ պահեստային օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարելու որոշում.

զ) եթե վայրէջքը վթարային է համարում, պահանջում է արտահերթ վայրէջքի թույլտվություն.

է) վայրէջքից հետո գործում է ըստ սույն կարգի 17-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերով սահմանված կարգի:

28. Օդանավի հրամանատարը թռիչքի ժամանակ պայթուցիկ սարքի առկայության մասին ստացված տեղեկատվության մասին հայտնում է անձնակազմի անդամներին.

ա) խուճապի կանխման համար ուղևորներին հայտնում է, որ ինքնաթիռը մոտենում է մրրկային գոտուն, միացնում է «Կոճկել ամրագոտիները» ցուցատախտակը, այս տեղեկատվությունը կրկնում է այլ տեխնիկական միջոցներով: Ուղևորներին իրազեկում է, որ անձնակազմը պետք է գտնի նախորդ չվերթի ուղևորներից մեկի ինքնաթիռում թողած մի փոքր առարկա,

բ) տալիս է «Աղետ» ազդանշանը,

գ) որոշում է հարկադրական վայրէջքի օդանավակայանը,

դ) օդային երթևեկության կառավարման կարգավարին իրազեկում է կայացրած որոշման մասին, մասնագետներից հանձնարարականներ է ստանում կասկածելի առարկայի վերաբերյալ, ստանում է երթուղին փոխելու թույլտվություն.

ե) հրահանգում է ուղևորներին փոխադրել կասկածելի առարկայից առավելագույն հեռավորության վրա, բազկաթոռների թիկնակներն ուղղահայաց վիճակի բերել և ամրացնել ամրագոտիները,

զ) օդային երթևեկության սպասարկման դիսպետչերի թույլտվությամբ նվազեցնում է թռիչքի բարձրությունը մինչև օդանավի ապահերմետիկության համար անվտանգ բարձրություն և ապահերմետիկացնում է այն՝ օգտագործելով դանդաղ ապահերմետիկացման ռեժիմը.

է) կայացնում է թռիչքի ժամանակ օդանավի զննման, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև անձնակազմի անդամների կողմից ուղևորների ձեռքի իրերի ստուգման որոշում,

ը) անձնակազմի անդամների մեջ բաշխում է զննման պարտականություններն ըստ զննման տեղերի ցանկի, անձնակազմի անդամներին հրահանգում է կասկածելի առարկա(ներ)ի հետ վարվելու անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ,

թ) նշում է տվյալ տիպի օդանավի համար պայթուցիկ սարքը դնելու առավել անվտանգ տեղը.

ժ) վառելիքի պաշարի և մինչև ընտրված օդանավակայանը ընկած տարածության հաշվարկից հետո նվազեցնում է օդանավի արագությունը մինչև վայրէջքամուտքի արագություն, օդանավի համակարգերը պատրաստում է վայրէջքամուտքի և վայրէջքի: Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով խուսավարումը հասցնում է անհրաժեշտ նվազագույնի,

ժա) կասկածելի առարկայի (սարքի) հայտնաբերումից հետո, երկիր է հաղորդում հայտնաբերված կասկածելի առարկայի (ուղևորներին, անձնակազմի անդամներին չպատկանող և օդանավի ցուցակային սարքավորումների մեջ չմտնող առարկայի) նկարագրությունը.

ժբ) օդային երթևեկության կառավարման կարգավարի միջոցով ստանում է մասնագետի խորհրդատվությունը պայթուցիկ սարքերի վերաբերյալ՝ հետագա գործողությունների համար.

ժգ) տալիս է այդ առարկայի (սարքի) տեղափոխման հրաման,

ժդ) սեղմ ժամկետում վայրէջք է կատարում մերձակա օդանավակայանում,

ժե) վայրէջքից հետո գործում է ըստ սույն կարգի 17 կետի պահանջների:

29. Անձնակազմի՝ պայթուցիկ սարքի որոնում իրականացնող անդամները կատարում են հետևյալ գործողությունները.

1) իրականացնում են կասկածելի առարկայի որոնում՝ տվյալ տիպի օդանավի զննման ցանկի տեղերի համաձայն.

2) հրամանատարին զեկուցում են իրականացված գործողությունների մասին, կասկածելի առարկայի հայտնաբերման դեպքում նկարագրում են կասկածելի առարկան և հայտնում նրա հայտնաբերման տեղը.

3) որոշում են կասկածելի առարկայի տեղափոխման հնարավորությունը՝ չբարձրացնելով այն նրա տակ թել կամ ստվարաթուղթ են անցկացնում: Դրանց անարգել անցումն առարկայի տակով վկայում է սեղմիչով մեխանիկական պայթուցիչի բացակայության մասին.

4) ուղևորներին նստեցնում են բազկաթոռների առնվազն երեք շարքից այն կողմ, ազատված տեղերում դնում են փափուկ իրեր (ծածկոցաշալեր, բարձեր, փրկաբաճկոնակներ և այլն).

5) բերում են բազկաթոռների թիկնակներն ուղղահայաց դիրքի.

6) օդանավի հրամանատարի հրամանով, պահպանելով անվտանգության միջոցառումները, կասկածելի առարկան տեղափոխում են տվյալ տիպի օդանավի համար առավել անվտանգ տեղամաս,

7) կասկածելի առարկան ամրացնում են կպչուն ժապավենով, այն ծածկում են փափուկ, ջրի մեջ թրջված առարկաների շերտով.

8) ավարտում են օդանավի զննումը՝ ըստ տվյալ տիպի օդանավերի համար նախատեսված զննման տեղերի ցանկի՝ կավիճով կամ ժապավենով նշելով յուրաքանչյուր ստուգված տեղը: 

Կասկածելի առարկաների որոնումը դժվարամատչելի տեղերում ապահովելու նպատակով, օդանավը պետք է համալրվի էլեկտրալապտերներով, դարձովի հայելիներով, ինչպես նաև կպչուն ժապավենով, կավիճով:

30. Օդանավում պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկատվություն ստանալուց հետո օդանավի ուղեկցորդը ուղևորներին խորհուրդ է տալիս բազկաթոռների թիկնակները բերել ուղղահայաց վիճակի և կոճկել ամրագոտիները:

31. Պայթուցիկ սարքի որոնումն սկսելու հրաման ստանալուց հետո օդանավի ուղեկցորդները պարտավոր են գտնվել ուղևորների մեջ՝ կանխելով խուճապի ծագման հնարավորությունը, օգնում են ուղևորասրահում կասկածելի առարկայի որոնմանը, աջակցում ազատ անցմանը՝ կասկածելի առարկան անվտանգ փոխադրելու և ծածկելու ժամանակ, ուղևորներին փոխադրում են կասկածելի առարկայից անվտանգ հեռավորության վրա, պատրաստվում են օդանավի վայրէջքից հետո ուղևորների վթարային էվակուացմանը, օգնում նրանց վթարային էվակուացման ընթացքում: Պայթյունի դեպքում ուղևորներին ցույց են տալիս բժշկական օգնություն, ինչպես նաև դիմում է բժիշկ ուղևորների օգնությանը: