Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2004-13.05.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.15/7(155) Հոդ.89
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32004036

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

18 դեկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 246-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ մասով, 51-րդ հոդվածի 1-ին կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

 

Գլխավոր
վարչության պետ`

Ս. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2003 թվականի դեկտեմբերի 18-ի
N 246-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգը (այսուհետև` Կանոնակարգ) սահմանում է քաղաքացիական աերոդրոմներում հատուկ ավտոտրանսպորտի և կառամատույցային մեխանիզացիայի միջոցների (այսուհետև` հատուկ տրանսպորտային միջոցներ) երթևեկության կազմակերպումը` օդանավերի կոմերցիոն և տեխնիկական սպասարկումների ժամանակ վնասումները բացառելու և ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով:

2. Սույն Կանոնակարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական աերոդրոմներում գործունեություն իրականացնող ընկերությունների (այսուհետ` Ընկերություն) վրա, որոնք քաղաքացիական աերոդրոմներում շահագործում կամ օգտագործում են հատուկ տրանսպորտային միջոցներ:

 

II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Անվտանգության եզրագոտի - վազքուղուն հարող թռիչքագոտու հատված, որը նախատեսված է, թռիչքների և վայրէջքների ժամանակ, ուղուց հնարավոր շեղումների դեպքում, անվտանգության ապահովման համար:

4. Թռիչքագոտի - թռիչքադաշտի հատված, որը նախատեսված է օդանավերի թռիչք-վայրէջքների համար, որի մեջ ներառված են վազքուղին, անվտանգության եզրագոտին ու արգելակման վերջնագոտին:

5. Թռիչքադաշտ - աերոդրոմի հատված, որի մեջ ներառված են թռիչքագոտին(ները), ղեկուղիները, կառամատույցը և հատուկ նշանակության հրապարակները:

6. Կառամատույց - ցամաքային աերոդրոմի որոշակի հատված, որը նախատեսված է օդանավերի տեղակայման համար, նրանց տեխնիկական կամ կոմերցիոն սպասարկման նպատակով:

7. Ղեկուղի - թռիչքադաշտի հատված, որը նախատեսված է օդանավերի գետնավարման համար:

8. Ռադիոփարոսային համակարգի կրիտիկական գոտի - տարածք, որտեղ տրանսպորտային միջոցների և օդանավերի երթևեկությունը կարող է առաջացնել խափանումներ ռադիոփարոսների աշխատանքում:

9. Վազքուղի - թռիչքագոտու հատված, որը հատուկ նախապատրաստված և սարքավորված է օդանավերի թռիչք-վայրէջքների համար:

10. Օդանավերի կայանատեղ - կառամատույցի հատկացված հատված, որը նախատեսված է օդանավերի կայանման համար:

 

III. ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

11. Յուրաքանչյուր աերոդրոմ շահագործող մշակում է օդանավերի և հատուկ տրանսպորտային միջոցների տեղակայման ու երթևեկման, ինչպես նաև օդանավերի տեխնիկական և կոմերցիոն սպասարկման գործընթացում հատուկ տրանսպորտային միջոցներն օդանավերին մոտենալու ու օդանավերից հեռանալու սխեմաներ` հիմք ընդունելով շահագործվող աերոդրոմի պայմանները և սույն Կանոնակարգի դրույթները:

Սխեմաների վրա նշվում են.

ա) կառամատույցում օդանավերի տեղաբաշխումը և գետնավարման երթուղիները,

բ) հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղերը և երթևեկման ուղիները,

գ) հատուկ տրանսպորտային միջոցների երթևեկման համար արգելված գոտիները,

դ) օդանավերի սպասարկման գոտում, յուրաքանչյուր տիպի օդանավի համար հատուկ տրանսպորտային միջոցների տեղաբաշխումը` հիմք ընդունելով տվյալ տիպի օդանավն արտադրողի սահմանած օդանավի տեխնիկական շահագործման հրահանգը,

ե) հատուկ տրանսպորտային միջոցներն օդանավին մոտենալու կամ օդանավից հեռանալու երթուղիները:

12. Աերոդրոմում, օդանավերի տեղակայման և երթևեկման, ինչպես նաև հատուկ տրանսպորտային միջոցների երթևեկման սխեմաների արտապատկերումն ու մականշումն իրականացվում է Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Աերոդրոմներ» N 14 Հավելվածի համաձայն:

13. Հատուկ տրանսպորտային միջոցների երթևեկումն աերոդրոմի տարածքում իրականացվում է աերոդրոմը շահագործողի մականշած երթուղիների համաձայն:

14. Հատուկ տրանսպորտային միջոցների երթուղիները չեն հատվում օդանավի գետնավարման երթուղիների հետ և գտնվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:

15. Հատուկ տրանսպորտային միջոցների երթուղիները լինում են միակողմ և երկկողմ, համապատասխանաբար 3.5 և 7 մետր լայնությամբ: Երկկողմ երթուղիներն անցնում են կայանված օդանավերի հետնամասով, իսկ միակողմ ուղիներն` առջևից:

16. Հատուկ տրանսպորտային միջոցների բոլոր երթուղիները միակցված են:

17. Օդանավերի կայանատեղերը և կառամատույցը լուսավորվում են Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Աերոդրոմներ» N 14 Հավելվածի համաձայն: Լուսարձակների տեղակայման անկյունը պետք է բացառի այնտեղ աշխատող հատուկ տրանսպորտային միջոցների վարորդների կուրացումը:

18. Հատուկ տրանսպորտային միջոցների տեղակայման, երթևեկման, օդանավերին մոտենալու կամ հեռանալու սխեմաները, երթևեկման կանոնները և վարորդների գործառույթները փակցվում են հատուկ տրանսպորտային միջոցների հիմնական կայանատեղերում ու վարորդների հերթապահության աշխատասենյակներում:

19. Հատուկ տրանսպորտային միջոցները երթևեկում են վազքուղով և ղեկուղիներով օդանավերի քարշակման կամ թռիչքադաշտի շահագործման-սպասարկման աշխատանքների կատարման ընթացքում:

Թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող և հատուկ տրանսպորտային միջոցներ օգտագործող աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կարող են երթևեկել վազքուղով և ղեկուղիներով Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի հավելվածներով և(կամ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

20. Հատուկ տրանսպորտային միջոցների համար առավելագույն արագություններն են.

ա) օդանավերի սպասարկման գոտում (կայանատեղերում)`

5 կմ/ժ

բ) կառամատույցում`

20 կմ/ժ

գ) աերոդրոմի այլ գոտիներում`

40 կմ/ժ

Նշված արագությունները չեն վերաբերում ծածկույթի վերանորոգում կատարող աերոդրոմային հատուկ մեքենաներին և շփման գործակիցը չափող միջոցներին, ինչպես նաև տագնապով կանչված հրշեջ, շտապ օգնության և օպերատիվ նպատակով հատկացված այլ հատուկ մեքենաներին:

21. Աերոդրոմի արհեստական ծածկույթի վրա չեն կարող երթևեկել աղտոտված անվադողերով, ինչպես նաև թրթուրավոր տրանսպորտային միջոցներով` առանց համապատասխան ռետինե կամ փայտե պահպանակների:

 

IV. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՔԱՐՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Օդանավի քարշակումն իրականացվում է տվյալ տիպի օդանավն արտադրողի սահմանած օդանավի տեխնիկական շահագործման հրահանգի համաձայն:

23. Քարշակման գործընթացը ղեկավարող աշխատակիցը կարգավորում է քարշակման գործընթացի մասնակից բոլոր աշխատակիցների գործողությունները և ապահովում է քարշակման անվտանգությունը:

Քարշակման ընթացքում, քարշակման գործընթացը ղեկավարող աշխատակիցը գտնվում է օդանավի հրամանատարի և քարշակի վարորդի տեսադաշտում:

24. Քարշակները սարքավորվում են ռադիոկապի, հրդեհի մարման միջոցներով և առկայծիչ լույսերով: Քարշակման ընթացքում` անկախ օրվա ժամից, հատուկ տրանսպորտային միջոցի առկայծիչ և եզրաչափային (գաբարիտային) լույսերը միացված են:

 

V. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

25. Օդանավերի տեխնիկական և կոմերցիոն սպասարկման ժամանակ հատուկ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմակերպումը (որն իր մեջ ներառում է հատուկ տրանսպորտային միջոցների մոտեցումն օդանավերին կամ հեռացումն օդանավերից ) ապահովում է տվյալ գործառույթներ իրականացնող կազմակերպությունը` դրա համար նշանակված աշխատակցի (այսուհետ` Ղեկավարող աշխատակից) միջոցով:

26. Օդանավերի սպասարկման գոտում աշխատող հատուկ տրանսպորտային միջոցները համալրվում են հրդեհի մարման միջոցներով և հենային կաղապարներով: Կոմերցիոն սպասարկման համար նախատեսված հատուկ տրանսպորտային միջոցները (օդանավասանդուղքներ, բեռնատար մեքենաներ, կոնտեյներների ինքնագնաց բեռնիչներ) համալրվում են նաև հարվածամեղմիչ միջոցներով:

27. Օդանավերի տեխնիկական և կոմերցիոն սպասարկման համար, հատուկ տրանսպորտային միջոցների մոտեցումը և հեռացումն իրականացվում են համաձայն սույն Կանոնակարգի 11-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի դրույթների:

28. Օդանավերի սպասարկման գոտում` օդանավերի վնասումները կանխելու նպատակով, սահմանվում են հատուկ տրանսպորտային միջոցների կանգառների հետևյալ հեռավորությունները.

ա) տեխնիկական սպասարկման ժամանակ. օդանավի եզրային կետերից 0.5 - 3 մետր`  բացառությամբ վառելիքայուղալցավորիչների, շարժական լցավորող ագրեգատների, շարժիչային տաքացուցիչների և ջերմափչող մեքենաների:

Վառելիքայուղալցավորիչները և շարժական լցավորող ագրեգատները կայանվում են օդանավի եզրային կետերից 5 մետրից ոչ մոտ, շարժիչային տաքացուցիչները` 3 մետրից ոչ մոտ, ջերմափչող մեքենաները` 3.5 մետրից ոչ մոտ;

բ) կոմերցիոն սպասարկման ժամանակ. օդանավի բեռնամուտքից 0.3 մետր` բացառությամբ ուղևորային օդանավասանդուղքներից, որոնք օդանավին են մոտենում նվազագույն արագությամբ, մինչև օդանավի հետ հպումը:

29. Օդանավերի սպասարկման գոտում աշխատող հատուկ տրանսպորտային միջոցների վարորդները.

ա) սպասարկման գոտուն մոտենալիս, տրանսպորտային միջոցը կանգնեցնում են  օդանավի եզրային կետերից մինչև 10 մետր հեռավորության վրա` «T» նշանի մոտ,

բ) սպասարկման գոտի մուտք են գործում միայն համապատասխան Ղեկավարող  աշխատակցի հրահանգով և նրա ղեկավարությամբ,

գ) սպասարկման գոտում երթևեկությունն իրականացնում են միայն մոտեցման  (հեռացման) սխեմաների համաձայն,

դ) ուշադիր հետևում և հստակ կատարում են Ղեկավարող աշխատակցի հրահանգները,

ե) ապահովում են տրանսպորտային միջոցի կայանումն օդանավից անվտանգ  հեռավորության վրա,

զ) տրանսպորտային միջոցի խափանման դեպքում անհապաղ տեղեկացնում են հատուկ տրանսպորտի ծառայության կարգավարին:

30. Օդանավին հատուկ տրանսպորտային միջոցների մոտեցման կամ օդանավից հեռացման ժամանակ Ղեկավարող աշխատակիցները.

ա) ղեկավարում են հատուկ տրանսպորտային միջոցի երթևեկությունն օդանավերի սպասարկման գոտում` սույն Կանոնակարգի Հավելված N 1-ում ներկայացված ազդանշաններով,

բ) ղեկավարում են հատուկ տրանսպորտային միջոցի մոտեցումը (հեռացումը), գտնվելով օդանավերի եզրակետերին մոտ դիրքում, պահպանելով տեսանելի կապ հատուկ տրանսպորտային միջոցի վարորդի հետ,

գ) հատուկ տրանսպորտային միջոցի վարորդին ազդանշան տալուց առաջ համոզվում են խոչընդոտների բացակայության մասին,

դ) հատուկ տրանսպորտային միջոցի մոտեցման ժամանակ ապահովում են դրա կանգառն օդանավից անվտանգ հեռավորության վրա,

ե)  հատուկ տրանսպորտային միջոցի վարորդին հեռացման ազդանշան տալուց առաջ համոզվում են թափքի կամ աշխատանքային հանգույցի հավաքված վիճակում լինելու մասին,

զ) օդանավի մոտ հատուկ տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո դրա հետևի անիվներից մեկի տակ` երկու կողմից, տեղադրում են հենային կաղապարներ` սկզբում տեղադրելով օդանավի կողմի կաղապարը: Տվյալ տիպի հատուկ տրանսպորտային միջոցն արտադրողի սահմանած տեխնիկական շահագործման հրահանգով նախատեսված դեպքերում  ապահովում են նաև հողակցում,

է) հատուկ տրանսպորտային միջոցի սխալ մանևրելու դեպքում ընդհատում են մանևրումը և ձեռնարկում են միջոցներ` օդանավի հետ բախումը կանխելու ուղղությամբ,

ը) աշխատանքների ավարտից հետո հանում են տեղադրված հենային կաղապարները` սկզբում օդանավի հակառակ կողմի կաղապարը: Երկրորդ կաղապարը հավաքվում է հատուկ տրանսպորտային միջոցն օդանավից հեռանալուց հետո` ոչ պակաս‚ քան 5 մետր հեռավորության ապահովման դեպքում,

թ) թողնում են օդանավի սպասարկման գոտին` մանևրի ավարտի և հենային կաղապարները հավաքելուց հետո:

 

VI. ԱԵՐՈԴՐՈՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

31. Աերոդրոմի շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող հատուկ տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության կազմակերպումը և աշխատանքների ղեկավարումն ապահովում է աերոդրոմ շահագործող կազմակերպությունը, դրա համար նշանակված աշխատակցի միջոցով (այսուհետ` Աշխատանքների ղեկավար):

32. Հատուկ տրանսպորտային միջոցների մուտքը թռիչքագոտի և ղեկուղիներ կատարվում է միայն մեկնարկի կարգավարական կետի կարգավարի թույլտվությամբ:

33. Աշխատանքների ղեկավարը մեկնարկի կարգավարական կետի կարգավարից ստացված հրահանգի համաձայն ձեռնարկում է միջոցներ թռիչքագոտին և/կամ ղեկուղին հատուկ տրանսպորտային միջոցներից ազատելու ուղղությամբ` հաշվի առնելով, որ թռիչքագոտին պետք է ազատ լինի հատուկ տրանսպորտային միջոցներից օդանավի վայրէջքի (թռիչքի) հաշվարկային (ճշտված) ժամանակից 5 րոպե առաջ:    

34. Աշխատանքների ղեկավարը պահպանում է հստակ ռադիոկապ մեկնարկի կարգավարական կետի կարգավարի հետ և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կատարում է կապի հսկիչ ստուգում:

Կապի խափանման կամ անկայունության դեպքում իրականացվող աշխատանքներն անհապաղ դադարեցվում և ձեռնարկվում են միջոցներ` թռիչքագոտին և/կամ ղեկուղին հատուկ տրանսպորտային միջոցներից և մարդկանցից ազատելու ուղղությամբ:

35. Անբավարար ռադիոկապի դեպքում, մեկնարկի կարգավարական կետի կարգավարը թռիչքադաշտն ազատելու համար օգտագործում է հետևյալ ազդանշանները. վազքուղու ազդանշանային լույսերի եռակի միացում-անջատում կամ դեպի աշխատանքների գոտի երկու կարմիր հրթիռների բաց թողնում:

36. Աշխատանք իրականացնող հատուկ տրանսպորտային միջոցի խափանման դեպքում Աշխատանքների ղեկավարն անմիջապես հաղորդում է մեկնարկի կարգավարական կետի կարգավարին և ձեռնարկում է միջոցներ անսարք տեխնիկան թռիչքագոտուց և (կամ ղեկուղուց և)կամ ռադիոփարոսային համակարգի կրիտիկական գոտուց անհապաղ դուրս հանելու ուղղությամբ:

37. Աշխատանքների ավարտից հետո Աշխատանքների ղեկավարը համոզվում է թռիչքների անվտանգությանը սպառնացող խոչընդոտների վերացման մասին, ինչպես նաև հաղորդում է մեկնարկի կարգավարական կետի կարգավարին աշխատանքների ավարտի և թռիչքագոտին և/կամ ղեկուղին ազատելու վերաբերյալ:

38. Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, թռիչքադաշտում աշխատող բոլոր հատուկ տրանսպորտային միջոցները համալրված են դեղին առկայծիչ լույսերով (որոնք միացվում են անկախ օրվա ժամերից), հրդեհի մարման և քարշակման միջոցներով, ինչպես նաև ներօդանավակայանային ռադիոկապով:

39. Առկայծիչ լույսերը տեղադրվում են հատուկ տրանսպորտային միջոցի վրա` ապահովելով առկայծիչ լույսերի շրջանային տեսանելիությունը: Առկայծվող լույսի ուժը 40-400 կանդել է, իսկ հաճախականությունը` 75±15 բռնկում մեկ րոպեում:

40. Աշխատանքների ղեկավարի մեքենայում տեղադրվում է լրացուցիչ ռադիոընդունիչ, որն աշխատում է վայրէջքի կարգավարի ռադիոհաճախությամբ:

41. Թռիչքադաշտում աշխատանքների կատարման ժամանակ հատուկ տրանսպորտային միջոցների եզրաչափային (գաբարիտային) և առկայծիչ լույսերն, ինչպես նաև ռադիոկապի միջոցները միացված են:

42. Ռադիոֆիկացված հատուկ տրանսպորտային միջոցների վարորդները տիրապետում են Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Աերոդրոմներ» թիվ 14-րդ Հավելվածի «Ա» լրացման 17-րդ կետի համաձայն օդանավակայանում (աերոդրոմում) օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունած ներօդանավակայանային ռադիոկապի վարման կանոններին: Աշխատանքների ղեկավարի և վարորդի ռադիոխոսակցությունը մեկնարկի կարգավարական կետի հետ ձայնագրվում է հատուկ ավտոմատ ձայնագրվող սարքի միջոցով:

43. Թռիչքադաշտում աշխատելու ընթացքում Աշխատանքների ղեկավարը և հատուկ տրանսպորտային միջոցների վարորդները հետևում են լուսային և ձայնային ազդանշաններին ու ռադիոկապի հրահանգներին:

 

VII. ԹՌԻՉՔԱԳՈՏՈՒ ՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

44. Հատուկ տրանսպորտային միջոցը հատում է թռիչքագոտին կամ ղեկուղին միայն մեկնարկի կարգավարական կետի կարգավարից թույլտվություն ստանալուց հետո:

45. Կարգավարը կարող է թույլատրել թռիչքագոտու կամ ղեկուղու հատումը, եթե մինչ օդանավի վայրէջքը կա առնվազն 5 րոպե կամ վայրէջքից հետո օդանավն արդեն վազուրդ է կատարել տվյալ հատման կետը:

46. Թռիչքագոտին կամ ղեկուղին հատելուց հետո հատուկ տրանսպորտային միջոցի վարորդը մեկնարկի կարգավարական կետի կարգավարին է հաղորդում թռիչքագոտին կամ ղեկուղին ազատելու մասին: Թռիչքագոտին կամ ղեկուղին համարվում է ազատ, եթե հատուկ տրանսպորտային միջոցը դուրս է եկել անվտանգության եզրագոտու սահմաններից:

 

VIII. ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԻՆ  ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՄ ՕԴԱՆԱՎԻՑ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

 

47. Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Աերոդրոմներ» թիվ 14-րդ Հավելվածի 8.8 և «Ա» լրացման 17-րդ կետերի համաձայն համաձայն հատուկ տրանսպորտային միջոցների վարորդներն ինքնուրույն աշխատանքի են անցնում տեսական դասընթացներ և գործնական ստաժավորում անցնելուց հետո:

48. Տեսական դասընթացների արդյունքում հատուկ տրանսպորտային միջոցների վարորդներն պետք է տիրապետեն.

ա) սույն Կանոնակարգի պահանջներին,

բ) համապատասխան հատուկ տրանսպորտային միջոցի և դրա վրա տեղադրված հատուկ սարքավորումների կառուցվածքին,

գ) հատուկ տրանսպորտային միջոցն արտադրողի ներկայացրած շահագործողական պահանջներին և յուրահատկություններին,

դ) թռիչքների իրականացումը և անվտանգությունն ապահովող ծառայությունների հետ        համագործակցման տեխնոլոգիաներին:

49. Գործնական ստաժավորումն իրականացվում է փորձառու վարորդների ղեկավարությամբ` ութ աշխատանքային հերթափոխի ծավալով: Գործնական ստաժավորման ընթացքում վարորդները ձեռք են բերում հատուկ տրանսպորտային միջոցների վարման և տեխնոլոգիական գործողությունների կատարման գործնական ունակություններ:

50. Աերոդրոմի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող Ընկերության գործադիր մարմնի կողմից վարորդին տրվում է հատուկ տրանսպորտային միջոցը վարելու վկայական, որտեղ ներառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) աերոդրոմի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող Ընկերության անվանումը,

բ) վարորդի անունը և ազգանունը,

գ) վարորդի կողմից շահագործվող հատուկ տրանսպորտային միջոցների մակնիշները,

դ) վարորդի կողմից սպասարկվող օդանավերի մակնիշները և տիպերը:

51. Վարորդի կողմից երթևեկության կանոնների կամ օդանավի սպասարկման տեխնոլոգիայի երեք խախտման գրանցման դեպքում, վերջինս անցնում է կրկնակի վերապատրաստում սույն Կանոնակարգի  48-րդ և 49-րդ կետերի համաձայն:

52. Տարին առնվազն երկու անգամ` աշուն-ձմեռ և գարուն-ամառ ժամանակաշրջաններին նախապատրաստվելու ընթացքում, հատուկ տրանսպորտային միջոցներ շահագործող ծառայություններում անցկացվում է վարորդների տեսական վերապատրաստում սույն Կանոնակարգի 48-րդ կետի համաձայն, հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի յուրահատկությունները:

53. Հատուկ տրանսպորտային միջոցի շահագործման ծառայություն չունեցող Ընկերությունների վարորդները տեսական դասընթացներ են անցնում աերոդրոմը շահագործողի հատուկ տրանսպորտային միջոցներ շահագործող ծառայությունում, որի կողմից էլ տրվում է հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:

54. Ղեկավարող աշխատակցներն ինքնուրույն աշխատանքի են անցնում տեսական դասընթացներ և գործնական ստաժավորում անցնելուց հետո: Տեսական դասընթացը ներառում է սույն Կանոնակարգի ուսումնասիրությունը: Գործնական ստաժավորումն իրականացվում է փորձառու Ղեկավարող աշխատակցի ղեկավարությամբ` ութ աշխատանքային հերթափոխի ծավալով:

55. Օդանավերի տեխնիկական և/կամ կոմերցիոն սպասարկում իրականացնող Ընկերության գործադիր մարմնի կողմից Ղեկավարող աշխատակիցներին տրվում է օդանավերի սպասարկման գոտում հատուկ տրանսպորտային միջոցների ղեկավարման իրավունքի վկայական, որտեղ ներառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) օդանավերի տեխնիկական և կոմերցիոն սպասարկում իրականացնող Ընկերության անվանումը,

բ) Ղեկավարող աշխատակցի անունը և ազգանունը,

գ) Ղեկավարող աշխատակցի կողմից ղեկավարման ենթակա հատուկ տարնսպորտային միջոցների մակնիշները,

դ)  Ղեկավարող աշխատակցի կողմից սպասարկվող օդանավերի մակնիշները և տիպերը:

56. Ղեկավարող աշխատակցի կողմից սույն Կանոնակարգի պահանջների երեք խախտում թույլ տալու դեպքում, վերջինս անցնում է կրկնակի վերապատրաստում սույն Կանոնակարգի 54-րդ կետի համաձայն:

 

IX. ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ

 

57. Աերոդրոմի տարածքում շահագործվող բոլոր ավտոմեքենաները գրանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության մարմիններում, ունեն պետական համարանիշեր կամ գույքային համարներ, ինչպես նաև ունեն տեխնիկական անձնագրեր ու ֆորմուլյարներ:

58. Տեխնիկապես անսարք հատուկ տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել  աերոդրոմի տարածք:

59. Աերոդրոմի տարածք մուտք գործելուց առաջ հատուկ տրանսպորտային միջոցի ուղեգրային թերթիկում գրառում է արվում դրա տեխնիկական վիճակի մասին:

60. Հատուկ տրանսպորտային միջոցները մուտք են գործում աերոդրոմի տարածք աերոդրոմը շահագործող ընկերության կողմից հատկացված անցագրի առկայության դեպքում:

 

X. ԱԵՐՈԴՐՈՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

61. Կողմնակի կազմակերպությունների մեքենաների մուտքն աերոդրոմի տարածք իրականացվում է աերոդրոմը շահագործողի հատկացրած միանգամյա անցագրերի առկայության դեպքում:

62. Կողմնակի կազմակերպությունների մեքենաների երթևեկությունն աերոդրոմի տարածքում կատարվում է աերոդրոմը շահագործողի կողմից հատկացված աշխատակցի ուղեկցությամբ: Կողմնակի կազմակերպության մեքենաների տվյալները գրանցվում են հսկիչ-անցագրային կետում:

63. Կողմնակի կազմակերպությունների ներկայացուցիչներն աերոդրոմի տարածք մուտք գործելուց առաջ անցնում են հրահանգավորում` աերոդրոմը շահագործողի կողմից:

 

XI. ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

 

64. Հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղերը տեղակայվում են կառամատույցին հնարավորին չափով մոտ` արհեստական ծածկույթով հարթ հրապարակների վրա:

65. Հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղերն ապահովում են`

ա) մեքենաների արագ և անվտանգ ելքը աշխատանքի վայր,

բ)  օդանավերի թռիչքների, վայրէջքների և գետնավարման անվտանգությունը,

գ)  հակահրդեհային անվտանգությունը:

 

 

Հավելված N 1

 

ՕԴԱՆԱՎԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՏԵՑՄԱՆ (ՀԵՌԱՑՄԱՆ) ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ

 

1.

Ներմուծեք նկարագրությունը_14509

«Վարեք դեպի ինձ» Ձեռքերը բարձրացված են վեր` ափերով հետ, և շարժվում են հետ ու առաջ
2.

Ներմուծեք նկարագրությունը_14510

«Ընդունեք աջ» Ձախ ձեռքը հորիզոնական վիճակում ուղղված է կողմ` ափով ներքև, աջ ձեռքը բարձրացված է վեր և ուղղաձիգ հարթությունում շարժվում է հետ ու առաջ
3.

Ներմուծեք նկարագրությունը_14511

«Ընդունեք ձախ» Աջ ձեռքը հորիզոնական վիճակում ուղղված է կողմ` ափով ներքև, ձախ ձեռքը բարձրացված է վեր և ուղղաձիգ հարթությունում շարժվում է հետ ու առաջ
4.

Ներմուծեք նկարագրությունը_14512

«Կանգնեք» Ձեռքերը բարձրացված են վեր և ուղղաձիգ հարթությունում` մի քանի անգամ, խաչվում են գլխի վերևում
5.

 Ներմուծեք նկարագրությունը_14513

«Հեռացեք` կրկին
մանևրելու համար»
Ձեռքերը իջեցված են ներքև և ուղղաձիգ հարթությունում` մի քանի անգամ, խաչվում են ոտքերի մոտ
6.

Ներմուծեք նկարագրությունը_14514

«Բարձրացրեք
աշխատանքային
հանգույցը»
Ձեռքերը հորիզոնական վիճակում ուղղված են կողմ` ափերով դեպի վեր, և ափերի ուղղությամբ` ուղղաձիգ հարթությունում, շարժվում են վեր ու վար`
7.

Ներմուծեք նկարագրությունը_14515

«Իջեցրեք
աշխատանքային
հանգույցը»
Ձեռքերը հորիզոնական վիճակում ուղղված են կողմ` ափերով ներքև, և ափերի ուղղությամբ` ուղղաձիգ հարթությունում, շարժվում են վեր ու վար
8.

Ներմուծեք նկարագրությունը_14516

«Դադարեցրեք
աշխատանքային
հանգույցի
բարձրացումը
(իջեցումը)»
Ձեռքերը հորիզոնական վիճակում ուղղված են կողմ` ափերով դեպի առաջ, և հորիզոնական հարթությունում տեղաշարժվում են առաջ և հետ
9.

Ներմուծեք նկարագրությունը_14517

«Ամեն ինչ կարգին է» Աջ ձեռքը բարձրացված է վեր և գտնվում է անշարժ վիճակում, իսկ ձախ ձեռքը իջեցված է ցած
10.

Ներմուծեք նկարագրությունը_14518

«Հեռացեք» Աջ ձեռքը բարձրացված է վեր` ափով առաջ, և  շարժվում է հետ ու առաջ, իսկ ձախ ձեռքը իջեցված է ցած