315.0085.10.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
10.07.1998 թ. |
N 85-ՄՎր |
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏՈՒՄ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 20, 28, 33, 34, 46, 55, 56 և 57 հոդվածների և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի
Հրամայում եմ
1. Հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում երկուղային համակարգի կիրառմամբ մաքսային հսկողության մասին» կարգը (կցվում է):
2. Հաստատել հիշեցման թերթիկների նմուշը (կցվում է):
3. Լրատվական բաժնի պետին. զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանել երկուղային համակարգի ուժի մեջ մտնելու և կիրառման մասին տեղեկատվությունները:
Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ Ա. Նազիկյանի վրա:
Մաքսային վարչության |
Հ. Գևորգյան |
Հաստատում եմ |
Կ Ա Ր Գ
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏՈՒՄ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ֆիզիկական անձանց (այսուհետև` քաղաքացիներ) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ մաքսային հսկողություն ապահովման և մաքսային ձևակերպման արդյունավետ իրականացման նպատակով Արարատյան տարածաշրջանային մաքսատան «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում կիրառվում է «կարմիր» և «կանաչ» ուղիների համակարգ (այսուհետև` երկուղային համակարգ):
1.2 Երկուղային համակարգը քաղաքացիների կողմից մաքսային ձևակերպման երկու տարբերակներից մեկի ինքնուրույն ընտրության համակարգ է:
Այդպիսի համակարգն ուղղված է.
● «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից մաքսային ձևակերպման և հսկողության արարողակարգի պարզեցմանը և արդյունավետ իրականացմանը:
● Առանց մաքսային կետի անձնակազմի թվաքանակի ավելացման ուղևորների աստիճանաբար ավելացող հոսքի բարձրակարգ սպասարկմանը և մաքսային հսկողության արդյունավետության պահպանմանը:
● «Զվարթնոց» օդանավակայանի անցումային կարողության մեծացմանը, ինչպես նաև մաքսային հսկողության գոտում ուղևորային հոսքի կարգավորմանը:
● ՀՀ մաքսային սահմանով առանձին ապրանքների և այլ առարկաների տեղափոխման կարգի պահպանմանը:
Երկուղային համակարգը բաղկացած է մաքսային ձևակերպման «կարմիր» և «կանաչ» ուղիներից:
1.3. Երկուղային համակարգի սկզբում տեղակայվում է տեղեկատվական գոտի, որն ընդգրկում է կարճ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիների կողմից ապրանքների և այլ առարկաների տեղափոխման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի, քաղաքացիների կողմից «կարմիր» և «կանաչ» ուղիներով մաքսային ձևակերպման և նրանցից օգտվելու առանձնահատկությունների վերաբերյալ: Տեղեկատվական նյութերը պետք է ընդգրկեն նաև հիշեցում այն մասին, որ ուղու ընտրության հարցում տատանվելու դեպքում քաղաքացին պետք է ընտրի ապրանքների մաքսային ձևակերպման «կարմիր» ուղին:
Տեղեկատվական գոտին պետք է ապահովված լինի հատուկ տեղեկատվական կրիչներով (ստենդներ, վահանակներ, բուկլետներ և այլ տեղեկատվական նյութեր): Տեղեկատվական գոտում պետք է տեղակայվեն սեղաններ` անհրաժեշտության դեպքում քաղաքացիների մաքսային հայտարարագրերի լրացման համար` մաքուր բլանկների առկայությամբ:
Երկուղային համակարգի կիրառմամբ քաղաքացիների կողմից տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ մաքսային հսկողության կանոնների և արարողակարգի մասին տեղեկատվությունը կարող է տարածվել նաև տրանսպորտային կազմակերպությունների, տուրիստական գործակալությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների միջոցով:
Տեղեկատվական նյութերը տպագրվում են հայերեն, իսկ անհրաժեշտության դեպքում` միջազգայնորեն ճանաչված որևէ լեզվով:
Քաղաքացիների կողմից «կարմիր» կամ «կանաչ» ուղի ընտրելիս հնարավոր օգնություն ցույց տալու և անհրաժեշտության դեպքում բացատրություն տալու նպատակով տեղեկատվական գոտում պետք է ներկա լինեն մաքսային մարմնի պաշտոնատար անձինք:
1.4. Երկուղային համակարգի աշխատանքի համար պետք է առանձնացվի մեկ ուղի` որպես «կանաչ» և մեկ ուղի` որպես «կարմիր»:
Բացառիկ դեպքերում մաքսային կետի պետն իրավունք ունի ժամանակավորապես փակելու «կանաչ» ուղին` ելնելով օպերատիվ իրավիճակից, ապրանքներ ներմուծող անձանց որոշակի կատեգորիաներից, կամ այն պետությունների յուրահատկություններից, որտեղից ներմուծվում են ապրանքները:
«Կանաչ» ուղու ժամանակավոր փակման դեպքում մաքսային կետի պետը պարտավոր է 12 ժամվա ընթացքում գրավոր զեկուցել վերադաս մաքսային մարմնին, ինչպես նաև ՀՀ մաքսային վարչության պետին` փակման պատճառների և արդյունքների մասին:
1.5. Ժամանման դեպքում ուղիները տեղակայվում են ուղեբեռի ստացման գոտուց դուրս` քաղաքացու կողմից ուղու ընտրության ժամանակ ամբողջ ուղեբեռը իր հետ ունենալու նպատակով:
1.6. Յուրաքանչյուր ուղու մուտքը պետք է հստակ նշվի և տարբերակվի` դրանք քաղաքացիների կողմից հեշտ ընկալման նպատակով:
1.7. «Կարմիր» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա կարմիր գույնի հատուկ գրաֆիկական նշանով (քառակուսի), ինչպես նաև «Կարմիր ուղի», և «Հայտարարագրման ենթակա ապրանքներ» գրառումներով, որը նշանակում է «կարմիր» ուղում մաքսային ձևակերպման սկիզբ: Գրառումները կարող են կատարվել հայերեն, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված այլ լեզուներով:
1.8. «Կանաչ» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա կանաչ գույնի հատուկ գրաֆիկական նշանով (ութանկյուն), ինչպես նաև «Կանաչ ուղի», և «Հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան» գրառումներով, որը նշանակում է «կանաչ» ուղում մաքսային ձևակերպման սկիզբ: Գրառումները կարող են կատարվել հայերեն, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված այլ լեզուներով:
«Կանաչ» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կանաչ գծով, որը մաքսային ձևակերպման ավարտ է նշանակում:
1.9. «Կանաչ» և «Կարմիր» ուղիներում մաքսային կետի պաշտոնատար անձանց աշխատատեղերը պետք է ապահովված լինեն մաքսային հսկողություն և ձևակերպում իրականացնելու համար նախատեսված սեղաններով: «Կարմիր» ուղում լրացուցիչ տեղադրվում են նաև ռենտգենյան սարքավորումներ: Երկուղային համակարգից անմիջապես հետո պետք է տեղակայված լինի անձի քննման համար անհրաժեշտ սենյակ (սենյակներ):
1.10. Երկուղային համակարգը բացառում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ ունեցող քաղաքացիների համար հատուկ անցումների կիրառումը: Այդպիսի քաղաքացիները կարող են անցնել ինչպես «Կանաչ», այնպես էլ «Կարմիր» ուղիներով` կախված նրանց կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների բնույթից: Այս դեպքում ապրանքները և այլ առարկաները ազատվում են զննումից:
Այս կետի պահանջները չեն տարածվում «Զվարթնոց» օդանավակայանում գործող պաշտոնատար անձանց և պատվիրակությունների բարձրակարգ սպասարկման սրահներում իրականացվող մաքսային ձևակերպումների արարողակարգի վրա: Այստեղ գործում է միայն «Կարմիր» ուղին:
2. «ԿԱՐՄԻՐ» ՈՒՂՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. «Կարմիր» ուղին նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք ՀՀ մաքսային սահմանով իրենց հետ և իրենց ուղեբեռում ունեն մաքսային ձևակերպման ենթակա այնպիսի ապրանքներ և այլ առարկաներ, որոնք մաքսային սահմանով տեղափոխվելիս ենթակա են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերի, մաքսատուրքերի և մաքսավճարների վճարման և որոնց նկատմամբ կիրառվում են որևէ արգելքներ ու սահմանափակումներ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց հետ են անչափահաս երեխաներ կամ անգործունակ քաղաքացիներ:
2.2. Հայտարարագիրը լրացվում է քաղաքացու կողմից, ՀՀ մաքսային սահմանի անցման ժամանակ: Ապրանքները և այլ առարկաները մինչև մաքսային հսկողության ներկայացնելը, հայտարարագիրը ստորագրվում է քաղաքացու կողմից, որից հետո հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար նա պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ:
Հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ ունեցող անչափահաս երեխաները և անգործունակ քաղաքացիներն անցնում են «կարմիր» ուղով` առանց հայտարարագրի լրացման: Նրանց պատկանող հայտարարագրման ենթակա ապրանքները և այլ առարկաները հայտարարագրվում են նրանց ուղեկցող անձի կողմից: Հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար ուղեկցող անձը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ:
2.3. Այն տեղեկությունները, որոնք չեն տեղավորվում հայտարարագրի մի օրինակի վրա, կարող են լրացուցիչ նշվել նոր օրինակների վրա, որոնցում կրկնվում են կետ 2.2-ի տեղեկությունները, իսկ չօգտագործված սյունակները և կետերը փակվում են:
2.4. «Կարմիր« ուղում մաքսային ձևակերպում իրականացնելիս մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է ստուգել, որ քաղաքացու ներկայացրած ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացված է սահմանված կարգով: Քաղաքացին ստորագրում է լրացված հայտարարագիրը, որից հետո հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար նա պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ:
Մաքսային հայտարարագիր «Կ.Տ.»` կնիքի տեղը դաշտերը կնքվում են մաքսային կետի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքով: Դրանից հետո հայտարարագիրը դառնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:
Մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է.
- մինչև մաքսային հայտարարագրում նշված տվյալների հավաստիության ստուգումն սկսելը, կատարել քաղաքացու բանավոր հարցում: Հարցման ժամանակ քաղաքացու կողմից չհայտարարագրված հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ հայտնաբերելիս, պահանջել դրանց հայտարարագրում,
- ստուգել մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները,
- մաքսային ձևակերպման և հսկողության նպատակով անհրաժեշտության դեպքում պահանջել այլ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում և ստուգել ներկայացված փաստաթղթերը,
- սահմանված կարգով անցկացնել ապրանքների և այլ առարկաների մաքսային զննում (անհրաժեշտության դեպքում նաև անձի քննում),
- որոշում ընդունել ապրանքների բացթողման մասին:
Մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է սահմանված կարգով կազմել մաքսային կանոնների խախտման արձանագրություն:
3. «ԿԱՆԱՉ» ՈՒՂՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. «Կանաչ» ուղին նախատեսվում է այն քաղաքացիների համար, որոնք իրենց հետ և իրենց ուղեբեռում չունեն մաքսային ձևակերպման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ, կամ ունեն միայն այնպիսի ապրանքներ և այլ առարկաներ, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային սահմանով տեղափոխվում են առանց հարկերի, մաքսատուրքերի և մաքսավճարների վճարման և որոնց նկատմամբ չեն կիրառվում որևէ արգելքներ ու սահմանափակումներ: «Կանաչ» ուղու ընտրությունը հանդիսանում է քաղաքացու կողմից բանավոր հայտարարագրում:
3.2. «Կանաչ» ուղում մաքսային հսկողությունը պետք է ապահովի ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրերի դրույթների իրականացման պաշտպանությունը:
«Կանաչ» ուղում հայտարարագիր չլրացնելը չի նշանակում, որ քաղաքացիներն ազատվում են ՀՀ մաքսային օրենսդրությամբ նախատեսված պարտավորություններից:
Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձինք կարող են օգտագործել մաքսային հսկողության բոլոր ձևերը` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
3.3. Քաղաքացու կողմից մաքսային հսկողության և ձևակերպման համար «կանաչ» ուղին ընտրելիս նա մաքսային հայտարարագիր չի լրացնում:
Սույն կարգի 1.8 կետի երկրորդ պարբերությունում նշված գծից անցումը վկայում է մաքսային ձևակերպման ավարտի և իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին:
3.4. Մաքսային հսկողության և ձևակերպման գործողություններ իրականացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են.
- «Կանաչ» ուղով անցնող քաղաքացիներին և նրանց ապրանքները մշտապես պահել տեսադաշտում,
- անհրաժեշտության դեպքում կատարել քաղաքացիների բանավոր հարցում` ունեցած ապրանքների վերաբերյալ,
- մաքսային հսկողության նպատակով կատարել փաստաթղթերի ստուգում,
- եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած քաղաքացիների մոտ առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ, մինչև քաղաքացիների «Կանաչ» ուղի մուտք գործելը կանգնեցնել նրանց: Այդպիսի քաղաքացիներին տեղափոխել «կարմիր» ուղի,
- ընտրանքային եղանակով անցկացնել ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող քաղաքացիների անձի քննում, ինչպես նաև նրանց պատկանող ապրանքների և այլ առարկաների զննում` ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով,
- հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ հայտնաբերելիս սահմանված կարգով կազմել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Արձանագրությունում պարտադիր նշել քաղաքացու «Կանաչ» ուղով անցնելու փաստը:
Հ Ի Շ Ե Ց Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
Հարգելի ուղևոր,
ՀՀ մաքսային սահմանով քաղաքացիների կողմից տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ մաքսային հսկողության ապահովման և մաքսային ձևակերպման արդյունավետ իրականացման նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում ս.թ. հուլիս ամսից կիրառվում է «կարմիր» և «կանաչ» ուղիների «երկուղային» համակարգ:
ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվելիս դուք ինքնուրույն եք կատարում այն ուղու ընտրությունը, որն առավել նպատակահարմար եք համարում:
Ուղու ընտրության հարցում տատանվելիս` ընտրեք «կարմիր» ուղին:
Դուք պետք է ընտրեք «կարմիր» ուղին.
- եթե Ձեզ հետ կամ Ձեր ուղեբեռում տեղափոխում եք մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ,
- եթե Ձեզ հետ են անչափահաս երեխաներ, անգործունակ անձինք. այդ դեպքում նրանց հայտարարագրման ենթակա ապրանքներն ու այլ առարկաները հայտարարագրում լրացվում են Ձեր կողմից: Հայտարարագիրը ստորագրելուց հետո նրանում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար Դուք պատասխանատվություն եք կրում ՀՀ օրենսդրությամբ:
«Կարմիր» ուղին ընտրելու դեպքում Դուք լրացնում եք քաղաքացիների մաքսային հայտարարագիր: Ժամանակավոր մեկնելիս (ժամանելիս) Ձեր ցանկությամբ, գրավոր կերպով կարող եք հայտարարագրել այն ապրանքները, որոնք հետադարձ ներմուծման (արտահանման) ժամանակ ենթակա են տարիֆային կամ ոչ տարիֆային կարգավորման: Հայտարարագիրը կորցնելու դեպքում այն չի վերականգնվում, և նրա տերը կորցնում է այնտեղ նշված ապրանքների և իրերի անարգել տեղափոխելու իրավունքը:
Պարտադիր հայտարարագրման ենթակա են համարվում հետևյալ ապրանքները և այլ առարկաները`
1. թանկարժեք մետաղները ցանկացած տեսքով և վիճակում (ոսկերչական և կենցաղային այլ իրերից բացի), ներմուծման դեպքում. այդ մետաղներից պատրաստված, անձնական օգտագործման իրեր* չհանդիսացող ոսկերչական և կենցաղային այլ իրերը` 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելիս, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնը,
2. բնական թանկարժեք քարերը անմշակ և մշակված տեսքով (ոսկերչական և կենցաղային այլ իրերից բացի), ներմուծման դեպքում. այդ քարերից պատրաստված, անձնական օգտագործման իրեր* չհանդիսացող ոսկերչական և կենցաղային այլ իրերը 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելիս, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնը,
3. համաշխարհային շուկայում գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերը և իրերը,
4. մշակութային նշանակության առարկաները,
5. զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերը և սարքերը, ռազմական հանդերձանքը,
6. կենդանիները, բույսերը, սերմերը,
7. թմրադեղերը, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերը, թմրանյութերը, քիմիական նյութերը, թույները,
8. դեղորայքը:
Դուք կարող եք առանց մաքսատուրքի վճարման ներմուծել ապրանքներ և այլ առարկաներ ընդհանուր արժողությամբ 500 ԱՄՆ դոլարին համարժեք, այդ թվում` սուրճ` ոչ ավելի, քան 1000 գրամ, սպիրտ և ալկոհոլային խմիչքներ` ոչ ավելի քան 2 լիտր, ծխախոտ և ծխախոտի արտադրանք` ոչ ավելի քան 20 տուփ:
Դուք իրավունք ունեք առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10.000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով, նշված գումարից ավելի դրամական միջոցների արտահանումը թույլատրվում է իրականացնել միայն բանկային փոխանցումների միջոցով: Առանց որևէ փաստաթղթի առկայության ՀՀ կարելի է ներմուծել կանխիկ արտարժույթ` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով և արտարժույթով արտահայտված արժեթղթեր:
Եթե Դուք չգիտեք թե ինչպես ճիշտ հայտարարագրեք Ձեր ապրանքներն ու առարկաները, ապա դիմեք մաքսային կետի պաշտոնատար անձանց:
Մաքսային հայտարարագիրը լրացնելուց և ստորագրելուց հետո, հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար Դուք պատասխանատվություն եք կրում ՀՀ օրենսդրությամբ:
Դուք կարող եք ընտրել «կանաչ» ուղին, եթե Ձեր հետ կամ Ձեր ուղեբեռում բացակայում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային սահմանով տեղափոխելիս հարկման ենթակա կամ արգելքներ ու սահմանափակումներ ունեցող ապրանքներ և այլ առարկաներ: «Կանաչ» ուղին ընտրելու դեպքում Դուք չեք լրացնում քաղաքացիների մաքսային հայտարարագիր:
«Կանաչ» ուղուց դուրս գալը վկայում է մաքսային ձևակերպման ավարտի և իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին:
_________
* Անձնական օգտագործման իրեր դիտվում են քաղաքացիների կողմից ներմուծվող այն ապրանքները և այլ առարկաները, որոնք`
չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում,
քաղաքացիները կրում են իրենց վրա ներմուծման պահին,
քաղաքացիների կողմից քաղաքացիների հայտարարագրով հայտարարագրվել են` նախկինում ՀՀ-ից արտահանելիս:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
21 հուլիսի 1998 թ.
պետական գրանցման թիվ 489800155
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.04.2014, թիվ 159-Ն | 15.05.2014, N 85-ՄՎր |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|