Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2005-11.09.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.01/3(180) Հոդ.34
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32805014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


27 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 97-Ն

                               

 
Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» N 975 որոշման 2-րդ կետի պահանջի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչության պետ Պ. Աղաբաբյանին՝ սույն հրամանով հաստատված կարգի դրույթներին համապատասխան իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման աշխատանքները:


Վարչության պետ՝

Գ. Եգանյան

     
 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
միգրացիայի և փախստականների
վարչության պետի
2004 թվականի դեկտեմբերի 27-ի
N 97-Ն հրամանի


Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 975-Ն որոշմամբ հաստատված «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի և դրանց հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգի» հիման վրա:

2. Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում (այսուհետ՝ Վարչություն) ապահովել վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում պարունակվող տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը։

3. Սույն կարգով սահմանվում է Վարչությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով Վարչության ընդունած վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը:

4. Սույն կարգով կազմվում և վարվում են վարչական վարույթի ներքոհիշյալ գործերը՝

- «Փախստականների մասին» և «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան սահմանված կարգերով օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ անձ) կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, ժամանակավոր պաշտպանված անձի կարգավիճակ կամ քաղաքական ապաստանի իրավունք ստանալու մասին ներկայացված դիմումների (այսուհետ՝ դիմում) հիման վրա հարուցված գործերը.

- Վարչության նախաձեռնությամբ հարուցված՝ սահմանված կարգով անձի փախստականի կարգավիճակը, ժամանակավոր ապաստանի իրավունքը, քաղաքական ապաստանի իրավունքը դադարեցնելու, ինչպես նաև փախստականի կարգավիճակից, ժամանակավոր ապաստանի իրավունքից զրկելու վերաբերյալ գործերի վրա:

5. Վարչական վարույթին առնչվող՝ սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում:

6. Վարչության անունից վարչական վարույթ իրականացնելու իրավունք ունեն վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչության աշխատակիցները:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ՝ գործեր) կազմվում և վարվում են օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ հարուցելու պահից։

8. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմվում և վարվում են առանձինառանձին՝ հետևյալ խմբերով՝

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված գործեր.

բ) Վարչության նախաձեռնությամբ հարուցված գործեր։

9. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ամփոփվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումները, միջնորդությունները և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները, ներառյալ՝ իրեղեն, այլ նյութերը, տվյալ գործով Վարչության վերադաս մարմնին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում՝ նաև դրա հետ կապված փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը։

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել Վարչության վերադաս մարմնին, ապա բողոքի վերաբերյալ նրա ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում՝ համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են վերադաս մարմնում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է Վարչություն:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրա հետ կապված փաստաթղթերի բնօրինակնները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ դրանց պատճենները։ Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով՝ կնքված Վարչության կնիքով։

10. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ։

11. Գործերի համարակալումները և դրանց վարման գործառույթներն իրականացվում են կենտրոնացված և միասնական համարակալման համակարգի կիրառմամբ։

Դրա անհնարինության դեպքում գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի՝ ենթախմբերի բաժանելով։ Այդ դեպքում սահմանվում է գործերի համարակալման թվային կամ այբբենական պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ։

12. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են՝

ա) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերը.

բ) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչություն» բառերը.

գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.

դ) գործի հերթական համարը՝ արաբական թվերով։

Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում՝ գծիկով անջատումով, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը)։

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը՝ «Վարչական վարույթ. գործ N-».

ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.

զ) եթե գործը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, ապա կատարվում է նշում՝ «Անձի դիմումի հիման վրա» կամ «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե Վարչությունն է վարույթ հարուցել, ապա՝ «Նախաձեռնության հիման վրա»։

Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում է տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը և ազգանունը՝ պաշտոնի նշումով։ Պաշտոնատար անձի վերաբերյալ տեղեկություններից բացի տեղ է հատկացվում վարույթը սկսելու և ավարտելու տարին, ամիսը և ամսաթիվը նշելու համար։

Վարույթը սկսելու տարին, ամիսը և ամսաթիվը նշվում է համապատասխան դիմումը Վարչությունում ստանալու օրվանից: Եթե վարչական վարույթը սկսվել է Վարչության նախաձեռնությամբ, ապա վարչական վարույթը սկսելու տարին, ամիսը և ամսաթիվը նշվում է վարչական վարույթ սկսելու Վարչության նախաձեռնության օրվանից:

Վարույթն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը նշվում է ըստ այն տարվա, ամսվա, ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը դադարեցվել է։

13. Տվյալ գործով Վարչության վերադաս մարմնին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում, Վարչությունը, ներառյալ Վարչության վերադաս մարմինը, եթե վերջինս այդ գործով վարչական բողոք է քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունել, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան՝ կազմում այդ գործի կրկնակը, որի շապիկի վրա, վերին աջ անկյունում, նշվում է՝ «Բողոքարկվել է»։

Գործի կրկնակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում վարչությանն ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը։

14. Եթե Վարչությունում բողոքարկման վարույթի կամ դատական վարույթների (երբ բողոքի վերաբերյալ Վարչության կամ Վարչության վերադաս մարմնի ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է) ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ օրենքով սահմանված կարգով վերադարձվում է Վարչությանը, ապա հիմնական գործը և դրա կրկնակը պահվում են միասին։

15. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև՝ բողոքարկման վարույթն ավարտելուց հետո։

16. Գործի վարույթը ավարտելուց հետո կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը՝ նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը։

Ցանկում նշվում են նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը։ Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է գործի վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը՝ նշելով իր անունը և ազգանունը, ցանկը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը։

17. Եթե գործերի համարակալումները կատարվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին՝ ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների)։

18. Հերթական տարին ավարտվելուց հետո, վարչական վարույթների վերաբերյալ գործերը սահմանված կարգով հանձնվում են Վարչության արխիվ։

19. Ավարտված գործերը կարվում և կնքվում են Վարչության կնիքով։

Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը և նշվի դրա տարին, ամիսը, ամսաթիվը։

20. Գործերի նյութերին, փաստաթղթերին ֆիզիկական և իրավաբանական անձանց ծանոթանալը, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում՝ լուսապատճեններ կատարելը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով։

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Վարչական վարույթի վերաբերյալ կազմվում և վարվում է գործերի հաշվառման գրանցամատյան։

Վարչությունը Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, ժամանակավոր ապաստան և քաղաքական ապաստանի իրավունք ստանալու վերաբերյալ դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով վարում է առանձին գրանցամատյաններ:

22. Վարչական մարմինը առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի և առանձին՝ Վարչության նախաձեռնության հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար։

23. Գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին։

24. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրառվում են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչություն» բառերը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի վերաբերյալ տեղեկություններն ընդգրկված են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը։ Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի, ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը)։

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը՝ «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»։

25. Գրանցամատյանը կազմվում և դրանում տեղեկությունները գրանցվում են համաձայն հավելվածի 1-ի (կցվում է):

Դիմումի հիման վրա հարուցված գործերի և Վարչության նախաձեռնությամբ հարուցված գործերի հաշվառումն իրականացվում են առանձին՝ ըստ գործերի հաշվառման համար սահմանված 3 աղյուսակների՝ հետևյալ սխեմայով՝

ա) N 1 աղյուսակում նշվում են Վարչությունում ստացված դիմումի կամ Վարչության նախաձեռնության հիման վրա հարուցված գործին ընթացք տալու վերաբերյալ տեղեկությունները.

բ) N 2 աղյուսակում նշվում են տվյալ գործով բերված բողոքը Վարչությունում կամ նրա վերադաս մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) N 3 աղյուսակում նշում են տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները։

26. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ) Վարչությունում անձի դիմումն ստանալու տարին, ամիսը և ամսաթիվը։

Եթե գործը հարուցվել է Վարչության նախաձեռնությամբ, ապա նշվում է նախաձեռնության տարին, ամիսը և ամսաթիվը.

գ) դիմողի անունը, ազգանունը, (անվանումը), նրա բնակության վայրը (հասցեն)։

Եթե գործը հարուցվել է Վարչության նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի վերաբերյալ տեղեկությունները, որի նկատմամբ Վարչությունը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումով հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե Վարչության նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել՝ դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի քննարկման կամ Վարչության նախաձեռնության արդյունքում Վարչության ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) վարչական ակտը դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարվա, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները։

27. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել և այն՝ օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել Վարչությունը կամ նրա վերադաս մարմինը։

28. N 2 աղյուսակը N 1 աղյուսակի շարունակությունն է և այն բովանդակում է հետևյալ տեղեկությունները՝

ա) բողոք բերելու տարին, ամիսը և ամսաթիվը.

բ) բողոք բերողի անունը, ազգանունը, (անվանումը), նրա բնակության վայրը (հասցեն).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկող վարչական մարմնի անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտը բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարվա, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները։

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել Վարչության վերադաս մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները լրացնում են Վարչությունը և նրա վերադաս մարմինը։

29. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում՝ նաև բողոք է ներկայացվել դատարան։ Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե վարչական կարգով բողոքը չի բերվել, ապա՝ Աղյուսակ 1-ի շարունակությունը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում, ուստի N 3 աղյուսակը բաժանվում է երեք հավասար մասերի՝ յուրաքանչյուրում նշելով՝

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարին, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարին, ամիսը, ամսաթիվը, այդ ակտի համառոտ շարադրանքը։

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում էլ նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում՝ դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի հետ կապված տեղեկությունները։

30. Հաշվառվող յուրաքանչյուր գործի վերաբերյալ ամբողջական և ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով, վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանի յուրաքանչյուր էջ կարող է պարունակել NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում էլ կարող են զետեղվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները՝ N 1 աղյուսակը պարտադիր, բողոքի դեպքում՝ նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքերում՝ նաև N 3 աղյուսակը լրացնելով։

Գրանցամատյանում գործերի վերաբերյալ տեղեկությունները լրացվում են տվյալ գործի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու օրվանից և գործի վարույթի ընթացքին զուգընթաց՝ ամբողջականացվում։

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչ այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել Վարչության վերադաս մարմնի կողմից, ապա NN 1, 2, և 3 աղյուսակները պետք է լրացնեն Վարչությունը և նրա վերադաս մարմինը։

31. Վարչական գործերի հաշվառման գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի վերաբերյալ, որի վերջին էջի վրա վարչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը նշում է՝ «Գրանցամատյանը լրացված է» և ստորագրում, նշելով ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը։ Գրանցամատյանը կարվում է և կնքվում վարչական մարմնի կնիքով։

32. Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում, համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում, նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է։

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

33. Վարչությունը վարում է նաև վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ՝ ակտերի հաշվառման գրանցամատյան)՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է)։

34. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրառվում են «Հայաստանի Հանապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն, Հայաստանի Հանապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչություն» բառերը, տարին, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը։

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը՝ «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»։

35. Ակտերի հաշվառման գրանցամատյանում տեղեկություններ են լրացվում Վարչության կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունած վարչական ակտերի վերաբերյալ, այդ թվում՝ եթե դրանք իրար հետ փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովման հետ։

Հաշվառման ենթակա են Վարչության ընդունած սույն կարգի 4-րդ կետով նախատեսված բոլոր վարչական ակտերը:

36. Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում, համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է։

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

37. Վարչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը, ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ։

38. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են Վարչության կողմից սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնվելու։

 

Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
միգրացիայի և փախստականների
վարչության պետի
2004 թվականի դեկտեմբերի 27-ի
N 97-Ն հրամանի

Էջ 1,  2


Ս Խ Ե Մ Ա

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
միգրացիայի և փախստականների
վարչության պետի
2004 թվականի դեկտեմբերի 27-ի
N 97-Ն հրամանի


Ս Խ Ե Մ Ա

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.08.2009, N 17-Ն 11.09.2009, N 97-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան